Մեր ընթերցողները հարցնում են
Արդյոք Եհովայի վկաները ընդունո՞ւմ են Հին Կտակարանը
Եհովայի վկաները Աստվածաշունչը Աստծու Խոսքն են համարում և ընդունում են թե՛ Հին Կտակարանը, թե՛ Նոր Կտակարանը։ Սակայն նրանք նախընտրում են Հին Կտակարանը անվանել Եբրայերեն Գրություններ, իսկ Նոր Կտակարանը՝ Քրիստոնեական Հունարեն Գրություններ, քանի որ դրանք սկզբնապես գրվել են եբրայերեն և հունարեն լեզուներով։
Հետաքրքիր է, որ ոմանք, ովքեր քրիստոնեություն են դավանում, չեն ընդունում Հին Կտակարանը։ Նրանք կարծում են, թե այնտեղ ներկայացված Աստվածը դաժան աստված է, որը հավանություն է տվել պատերազմների, սպանությունների և այնպիսի գործերի, որոնք ամենևին էլ բնորոշ չեն այն սիրառատ Աստծուն, որի մասին խոսվում է Նոր Կտակարանում։ Այդ մարդիկ նաև կարծում են, թե Հին Կտակարանը գլխավորապես հրեաների կրոնի մասին է և կարևոր չէ քրիստոնյաների համար։ Սակայն արդյո՞ք սրանք հիմնավոր պատճառներ են՝ մերժելու Աստվածաշնչի երեք քառորդ մասը, եթե ուշադրություն դարձնենք Աստծու պատվերին՝ գրված Բ Օրինաց 12։32–ում։
Մ.թ. մոտ 50 թ.–ին, երբ Պողոս առաքյալը այցելեց թեսաղոնիկեցիներին (Հունաստան), «Գրությունների հիման վրա տրամաբանեց նրանց հետ. նա բացատրեց և վկայակոչումներ անելով՝ ապացուցեց, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր և մահացածների միջից հարություն առներ» (Գործեր 17։1–3)։ Նրա ունկնդիրներից ոմանք դարձան քրիստոնյա։ Հետագայում Պողոսը գովասանքի խոսքեր ասաց նրանց. «Երբ ստացաք Աստծու խոսքը, որը մեզանից լսեցիք, դուք ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Այդ ժամանակ Քրիստոնեական Հունարեն Գրությունների 27 գրքերից, ակներևաբար, միայն Մատթեոսի Ավետարանն էր գրված։ Ուստի «Գրությունները», որոնց հիման վրա Պողոսը «վկայակոչումներ» անելով ապացուցում էր, անկասկած, Եբրայերեն Գրություններն էին։
Փաստ է, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները ուղղակիորեն մեջբերել են Եբրայերեն Գրություններից մոտ 320 անգամ, իսկ անուղղակիորեն՝ մի քանի հարյուր անգամ։ Ինչո՞ւ։ «Քանզի բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար, որպեսզի մեր տոկունությամբ և Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ընդունում են Աստվածաշունչը ամբողջությամբ, մեծ օգուտներ են ստանում։
Եբրայերեն Գրությունները հիմք են ստեղծել Քրիստոնեական Հունարեն Գրությունների համար։ Ուստի Հունարեն Գրությունները Աստծու Խոսքի տրամաբանական շարունակությունն են, որում աստիճանաբար բացահայտվում են Աստծու նպատակները։ Հունարեն Գրությունները չեն արժեզրկում Եբրայերեն Գրությունները։ Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հերբերտ Ֆարմերը նշում է, որ Ավետարանները «հասկանալու համար, պետք է նաև ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել Օրենքի ուխտի տակ գտնվող մարդկանց հետ, ինչի մասին արձանագրված է Հին Կտակարանում»։
Քրիստոնեական Հունարեն Գրությունների միջոցով Աստված աստիճանաբար բացահայտեց, թե ինչպես է իրականացնելու իր նպատակները։ Սա համահունչ է Առակաց 4։18–ին, որտեղ ասվում է. «Արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում»։ Աստծու Խոսքը փոփոխության ենթակա չէ։ Ուստի և՛ Քրիստոնեական Հունարեն Գրությունները, և՛ Եբրայերեն Գրությունները Եհովայի Խոսքն են, իսկ «Եհովայի խոսքը մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։24, 25)։