Նոր ծնունդ. ինչպե՞ս է անհատը նորից ծնվում
ՀԻՍՈՒՍԸ Նիկոդեմոսին ասաց նաև, թե ինչպես է անհատը նորից ծնվում. «Մինչև որ մարդ ջրից և ոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու թագավորությունը» (Հովհաննես 3։5)։ Ուրեմն անհատը ջրի և ոգու միջոցով է նորից ծնվում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։
«Ջուր և ոգի»
Նիկոդեմոսն, անկասկած, գիտեր թե ինչ է «Աստծու ոգին», քանի որ Եբրայերեն Գրություններում բազում արձանագրություններ կան այն մասին, թե ինչպես է սուրբ ոգին զորացրել մարդկանց առանձնահատուկ հանձնարարություններ կատարելու համար (Ծննդոց 41։38; Ելից 31։3; Ա Թագաւորաց 10։6)։ Ուստի երբ Հիսուսը օգտագործեց «ոգի» բառը, Նիկոդեմոսը հասկացավ, որ խոսքը սուրբ ոգու՝ Աստծու գործուն ուժի մասին է։
Իսկ ի՞նչ է ջուրը։ Աստվածաշնչի հաղորդագրությունները պարզ ցույց են տալիս, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսի աշակերտները մարդկանց մկրտում էին ջրում (Հովհաննես 1։19, 31; 3։22; 4։1–3)։ Երուսաղեմում բոլորը գիտեին այս մասին։ Ուստի Նիկոդեմոսը հասկացավ, որ Հիսուսը ջրի մկրտության մասին է խոսում և ոչ թե ջրի մասին՝ առհասարակa։
Մկրտություն «սուրբ ոգով»
Փաստորեն, «ջրից ծնվել» նշանակում է մկրտվել ջրում։ Իսկ ի՞նչ է նշանակում «ծնվել սուրբ ոգուց» արտահայտությունը։ Հովհաննես Մկրտիչը հայտարարել էր, որ մկրտվելու համար կարևոր է ոչ միայն ջուրը, այլև ոգին։ Նա ասել էր. «Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա [Հիսուսը] սուրբ ոգով կմկրտի ձեզ» (Մարկոս 1։7, 8)։ Մարկոս ավետարանիչը նկարագրում է, թե ինչպես առաջին անգամ կատարվեց այսպիսի մկրտություն։ Նա գրում է. «Այն օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ Ջրից դուրս գալուց անմիջապես հետո նա տեսավ երկինքը բացվելիս, և ոգին, աղավնու նման, իր վրա իջնելիս» (Մարկոս 1։9, 10)։ Երբ Հիսուսը մտավ Հորդանան գետ, նա մկրտվեց ջրում, իսկ այն պահին, երբ երկնքից նրա վրա իջավ ոգին, նա մկրտվեց սուրբ ոգով։
Իր մկրտությունից մոտավորապես երեք տարի անց Հիսուսը ասաց իր աշակերտներին. «Դուք, շատ օրեր չանցած, սուրբ ոգով պիտի մկրտվեք» (Գործեր 1։5)։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին մոտ 120 աշակերտ հավաքվել էր մեկտեղ։ Գործեր 2։1–4-ում կարդում ենք. «Հանկարծ երկնքից աղմուկ լսվեց, սաստիկ հողմից եկող ձայնի նման, և լցրեց ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին։ Եվ նրանց ասես կրակե լեզուներ երևացին.... և բոլորը սուրբ ոգով լցվեցին»։ Նույն օրը Երուսաղեմում բնակվողներին Պետրոս առաքյալը հորդորեց մկրտվել ջրում՝ ասելով. «Զղջացե՛ք, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ ձեր մեղքերի ներման համար, և դուք սուրբ ոգու ձրի պարգևը կստանաք»։ Արդյո՞ւնքը։ «Նրանք, ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին, և այդ օրը մոտ երեք հազար հոգի ավելացավ» (Գործեր 2։38, 41)։
Երկու մկրտություն
Փաստորեն, որպեսզի անհատը դարձյալ ծնվի, նա պետք է մկրտվի ջրով և ոգով։ Հիշենք, որ Հիսուսը սկզբում մկրտվեց ջրում։ Այնուհետև նա սուրբ ոգի ստացավ։ Նմանապես, առաջին դարի աշակերտները նախ մկրտվեցին ջրում (ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից), ապա սուրբ ոգի ստացան (Հովհաննես 1։26–36)։ 3 000 նորահավատ աշակերտները նույնպես մկրտվեցին ջրում, իսկ հետո օծվեցին սուրբ ոգով։
Իսկ ինչպե՞ս է այսօր անհատը դարձյալ ծնվում։ Նույն ձևով։ Նախ անհատը զղջում է իր կատարած մեղքերի համար, թողնում է իր սխալ ապրելակերպը, իր կյանքը նվիրում է Եհովային՝ նրան երկրպագելու և ծառայելու համար, ու իր նվիրումը խորհրդանշում է ջրի մկրտությամբ։ Այնուհետև եթե Աստված ընտրում է նրան Իր Թագավորության մեջ իշխելու համար, նա օծվում է սուրբ ոգով։ Անհատն ինքն է կայացնում ջրում մկրտվելու որոշումը, մինչդեռ սուրբ ոգով մկրտվում է Աստծու որոշմամբ։ Երբ անհատը մկրտվում է ջրով և ոգով, նա նոր ծնունդ է ստանում։
Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ անհատը պետք է ծնվի ջրից և ոգուց։ Նա ուզում էր ընդգծել, որ մկրտվող անհատի հետ մեծ փոփոխություն է լինելու։ Հաջորդ հոդվածը կլուսաբանի այս հարցը։
[ծանոթագրություն]
a Մի առիթով Պետրոս առաքյալը խոսեց մկրտության մասին՝ ասելով. «Կարո՞ղ է որևէ մեկը ջուրը արգելել» (Գործեր 10։47)։
[նկար 9–րդ էջի վրա]
Հովհաննեսը զղջացող իսրայելացիներին մկրտում էր ջրում