Հնարավո՞ր է, որ աթեիստը սկսի հավատալ Արարչին
«ԵՐԲ մտածում եմ, որ կա Ստեղծիչ, և բավականաչափ զորություն ունի մարդկանց տառապանքը վերացնելու համար, բարկանում եմ, որ իր ուժը չի օգտագործել»։ Այս խոսքերն ասել է մի աթեիստ, որը հրեաների մասսայական ջարդի ժամանակ կորցրել էր իր ընտանիքի անդամներին։ Թերևս միայն այս անձնավորությունը չէ, որ այսպես է մտածում։
Երբ մարդիկ դառնում են նման դաժանությունների ականատես, կորցնում են հավատն Աստծու հանդեպ կամ էլ փորձում են իրենց մխիթարել՝ մտածելով, որ Աստված գոյություն չունի։ Ուրիշ ի՞նչ պատճառներով են մարդիկ կորցնում իրենց հավատը։ Արդյոք մարդկությունը առանց Աստծու կամ կրոնի ավելի լա՞վ կապրի, ինչպես կարծում են ոմանք։ Հնարավո՞ր է, որ աթեիստը սկսի հավատալ սիրառատ Ստեղծչի գոյությանը։
Կրոնի թերացումը
Որքան էլ անհավատալի թվա, գլխավոր պատճառը, որ շատերը աթեիզմի կողմնակից են, կրոնն է։ Պատմաբան Ալիստեր Մըկգրաթը նշում է. «Մարդիկ հիմնականում դառնում են աթեիստ այն պատճառով, որ տեսնում են կրոնի թերացումները և ծայրահեղությունները»։ Պատերազմների ու հանցագործությունների հետևում հաճախ կանգնած է կրոնը։ Աթեիստ փիլիսոփա Միշել Օնֆրան փորձում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ միևնույն կրոնական գրքից ոգեշնչված՝ ոմանք «ձգտեն սուրբ լինել», իսկ ոմանք էլ «կատարեն անմարդկային արարք»՝ ահաբեկչություն։
Շատերը դառնությամբ հիշում են այն ժամանակը, երբ ինչ–որ կրոնի մեջ են եղել։ Մի անգամ Բերտիլ անունով մի շվեդ երիտասարդ իր զինծառայության ընթացքում լսում է, թե ինչպես է բանակի քահանան արդարացնում բռնությունը և մեջբերում Հիսուսի այն նախազգուշացումը, ըստ որի, նա, ով սուր է վերցնում, սրով էլ կկորչի։ Քահանան տրամաբանում էր՝ ասելով, որ ինչ–որ մեկը պետք է բարձրացնի կործանող սուրը, հետևաբար զինվորը պետք է Աստծու ծառան լինի (Մատթեոս 26։52)a։
Բերնադիտը, որի հայրը զոհվել էր Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հիշում է, թե իր մորաքրոջ երեք տարեկան երեխայի թաղման օրը որքան էր զայրացել քահանայի խոսքերից։ Նա ասել էր. «Աստված այս երեխային երկինք տարավ, որ հրեշտակ դարձնի»։ Հետագայում Բերնադիտը հիվանդ երեխա ունեցավ, սակայն եկեղեցուց կրկին ոչ մի մխիթարություն չստացավ։
Իսկ Քիրանը, որը մեծացել էր Հյուսիսային Իռլանդիայի դաժան տարիներին, չէր ընդունում դժոխքի գաղափարը։ Նա միշտ ասում էր, որ ատում է այն Աստծուն, որը պատասխանատու է տեղի ունեցող չարության համար։ Նա ասես մարտահրավեր էր նետում Աստծուն՝ ասելով, որ եթե նա գոյություն ունի, թող պատժի։ Ինչ խոսք, միայն Քիրանը չէ, որ եկեղեցական ուսմունքների պատճառով ատելությամբ է լցված։ Եկեղեցական ուսմունքները անգամ հող են պատրաստել էվոլյուցիոն տեսության համար։ Ալիստեր Մըկգրաթը նշում է, որ Դարվինը «մեծ վիշտ է ապրել, երբ մահացել է իր աղջիկը»։ Մըկգրաթի խոսքերի համաձայն՝ իրականում դժոխքի ուսմունքի հանդեպ Դարվինի «ատելությունը» դրդեց նրան կասկածի ենթարկելու Աստծու գոյությունը, և ոչ թե էվոլյուցիայի հանդեպ հավատը։
Ոմանց կարծիքով՝ եթե անհատը որևէ կրոնի հետևորդ է, ուրեմն անմիտ է և մոլեռանդ։ Օրինակ՝ Իրինան, որը զզվում էր անիմաստ կրոնական քարոզներից ու կրկնվող աղոթքներից, պատմում է. «Ինձ թվում էր, թե հավատացյալ մարդիկ չեն մտածում»։ Իսկ Լուիսը խոր հիասթափություն էր ապրել՝ տեսնելով կրոնական մոլեռանդների բարբարոսությունները։ Այդ պատճառով էլ կտրուկ փոխել էր իր տեսակետը կրոնի նկատմամբ։ Նա ասում է. «Մի ժամանակ ինձ համար կրոնը պարզապես ձանձրալի մի բան էր, բայց հետո տեսա նրա իրական դեմքը։ Ատելությամբ լցված՝ սկսեցի հակառակվել բոլոր կրոններին»։
Ավելի լավ կյանք առանց Աստծո՞ւ
Զարմանալի չէ, որ շատերը կարծում են, թե կրոնը խանգարում է, որ մարդիկ խաղաղ ապրեն և առաջադիմեն։ Ոմանք նույնիսկ մտածել են, որ մարդկությունը առանց Աստծու և կրոնի ավելի լավ կապրի։ Սակայն արդյոք կրոնն առհասարակ մերժելը այլ խնդիրներ չի՞ հարուցի։
18–րդ դարի փիլիսոփա Վոլտերը դեմ էր եկեղեցուն նրա ապականված ու դաժան գործերի պատճառով։ Այդուհանդերձ, նա հասկանում էր, որ եթե մարդիկ չընդունեն գերբնական էակի գոյությունը, չեն ապրի բարոյական չափանիշներով։ Նույնը կարելի է ասել գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի մասին։ Թեև նա հայտարարել էր, որ Աստված մեռած է, սակայն մտավախություն էր հայտնել, որ նման աթեիստական գաղափարների պատճառով բարոյական չափանիշները անկում կապրեն, և հասարակությունը մեծ վնասներ կկրի։ Տեղի՞ն էին արդյոք նրանց մտահոգությունները։
Գրող Քեյթ Ուորդը նշում է, որ թեև մարդկության պատմությունը թևակոխեց մի նոր դարաշրջան, բարբարոսությունը չնվազեց, հակառակը՝ «հասավ գագաթնակետին»։ Եվ ոչ էլ աթեիզմը ազատեց մարդկանց ապականությունից, անհանդուրժողականությունից և այլ թերություններից, որ բնորոշ են մարդկանց։ Արդյունքում շատերը, նույնիսկ աթեիստները սկսեցին հասկանալ, որ բարոյական արժեքներով ապրելու համար պետք է հավատ ունենալ Աստծու հանդեպ։
Քեյթ Ուորդը նշեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Աստծու հանդեպ հավատը։ Նա ասաց. «Հավատը պահանջում է մշտապես հետևել բարոյական չափանիշներին և հոգ տանել երկրին, որ ստեղծել է Աստված»։ Վերջերս կատարված շատ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կրոնները մեծ շեշտ են դնում այլասիրության վրա։ Իսկ այլասիրությունը բավարարվածության զգացում է բերում։ Այս միտքն ընդգծում է Հիսուսի տված սկզբունքի ճշմարտացիությունը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
Սոցիալական ոլորտի մի աշխատողի, որը նախկինում աթեիստ է եղել, շատ էր տպավորել այն, թե ինչպես է Աստվածաշունչը ազդում մարդկանց կյանքի վրա։ Նա ասաց. «Երկար տարիներ փորձել եմ օգնել մարդկանց փոխելու իրենց կենսակերպը, որը վնասում է և՛ իրենց, և՛ ուրիշներին, բայց առանձնապես մեծ հաջողություններ չեմ ունեցել։ Ինձ զարմացրել է այն, թե ինչպես են մարդիկ կտրուկ դեպի լավը փոխվում, և այդ փոփոխությունները մնայուն են»։
Այդուհանդերձ, ինչպես նշել են որոշ աթեիստներ, հավատը ոչ թե բարություն և այլասիրություն է սերմանել, այլ հակառակը՝ դարձել է արյունահեղությունների և ընդհարումների պատճառ։ Նրանք թեև տեսնում են, որ ոմանց վրա այն լավ ազդեցություն է թողնում, սակայն կասկածանքով են վերաբերվում այդ փաստին։ Ո՞րն է պատճառը։
Անհավատության այլ պատճառներ
Շատերին սովորեցրել են, որ էվոլյուցիան հաստատված փաստ է։ Օրինակ՝ Անիլան, որն ուսում է ստացել Ալբանիայում, պատմում է. «Դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Աստծուն հավատում են միամիտ ու հետամնաց մարդիկ։ Մյուս կողմից, սակայն, ես հրաշալի բաներ էի սովորում բույսերի և կենդանական աշխարհի մասին։ Քանի որ ցանկանում էի մտածել գիտնականների նման, այդ ամենը ես վերագրում էի էվոլյուցիային»։ Այսօր Անիլան ընդունում է, որ «ներկայացված ապացույցներին կուրորեն է հավատացել»։
Ինչ խոսք, բարկության զգացումը կարող է խոչընդոտ լինել շատերի համար։ Եհովայի վկաները, երբ տնից տուն են գնում և փորձում են պատմել մարդկանց այն հույսի մասին, որ գրված է Աստվածաշնչում, հաճախ են հանդիպում կրոնից հիասթափված մարդկանց։ Վկաներից մեկը այցելեց նաև Բերտիլին, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում։ Ահա թե ինչ է հիշում Բերտիլը. «Ես մտածեցի. «Խե՜ղճ ֆանատիկ, սխալ հասցեով ես եկել»։ Նրան ներս հրավիրեցի և Աստծու, Աստվածաշնչի ու կրոնի հանդեպ ունեցած ողջ զայրույթս թափեցի նրա վրա»։
Իսկ Շոտլանդիայում ապրող Գաս անունով մի տղամարդ անհանգստացած էր տիրող անարդարության պատճառով։ Սկզբում նա շատ էր վիճում Եհովայի վկաների հետ և փորձում էր հակառակվել նրանց։ Նա տալիս էր այնպիսի հարցեր, որոնք հիշեցնում էին Ամբակում մարգարեի խոսքերը, որոնք ուղղված էին Աստծուն. «Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս» (Ամբակում 1։3)։
Դարեր շարունակ մարդիկ մտածել են, թե Աստված անտարբեր է չարության նկատմամբ, և դա անհանգստացրել է նրանց (Սաղմոս 73։2, 3)։ Ահա թե ինչ է ասել մի առիթով Ֆրանսիացի գրող Սիմոն դը Բովուարը. «Ինձ համար ավելի հեշտ էր մտածել մի աշխարհի մասին, որ չունի ստեղծող, քան մի ստեղծողի մասին, որի ուսերին է հակասություններով լի աշխարհը»։
Սակայն այն, որ շատ կրոններ չեն կարողանում բացատրել հակասությունների պատճառը, դեռևս չի նշանակում, որ բացատրություն չկա։ Գասը պատմում է, որ վերջապես գտավ իր հարցի «գոհացուցիչ պատասխանը. ինչու է ամենազոր Ստեղծիչը թույլ տվել, որ մարդիկ որոշ ժամանակ տառապեն»։ Նա ասաց. «Դա կարևոր բացահայտում էր ինձ համար»b։
Հետաքրքիր է, որ գուցե որոշ աթեիստներ կասկածներ ունենան էվոլյուցիոն տեսության վերաբերյալ և զգան, որ իրենց հոգևոր կարիքները չեն բավարարվում։ Հնարավոր է, որ նույնիսկ աղոթեն Աստծուն։ Եկեք տեսնենք, թե ինչն է մղել որոշ աթեիստների և ագնոստիկների ավելի խոր ուսումնասիրություններ անելու և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու իրենց Արարչի հետ։
Ի՞նչն օգնեց նրանց հավատալու Ստեղծչի գոյությանը
Բերտիլին այցելած երիտասարդ Վկան բացատրեց, որ մեծ տարբերություն կա ճշմարիտ քրիստոնեության և այն կրոնների միջև, որոնք միայն անունով են քրիստոնյա։ Բերտիլը պատմում է, որ իրեն տպավորել էին Ստեղծչի գոյության մասին համոզիչ ապացույցները։ Սակայն նա նշում է ևս մի բան. «Ինձ հիացրեց, թե ինչքան համբերատար էր այդ երիտասարդը ինձ նման համառի հետ։ ....Նա միշտ կարդալու ինչ–որ բան էր բերում, լավ պատրաստված էր գալիս և զրույցների ընթացքում շատ հանգիստ էր»c։
Սվետլանան, որի վրա մեծ ազդեցություն էին թողել էվոլյուցիոն տեսությունը և կոմունիստական գաղափարները, համոզված էր, որ ուժեղներն են գոյատևում։ Այնուհանդերձ, նրան անհանգստացնում էր կյանքի դաժան իրականությունը։ Իսկ այն, ինչ սովորում էր բժշկական ուսումնարանում, ավելի էր շփոթեցնում նրան։ Սվետլանան ասում է. «Աթեիզմը սովորեցնում էր, որ ուժեղներն են հաղթում գոյապայքարում։ Մինչդեռ բժշկական դասընթացների ժամանակ մեզ սովորեցնում էին օգնել թույլերին»։ Նա նաև զարմանում էր, թե ինչու էվոլյուցիայի արդյունքում կապիկներից առաջացած մարդիկ, որոնք կյանքի ավելի զարգացած տեսակ են համարվում, ունենում են էմոցիոնալ խնդիրներ, մինչդեռ կապիկները չեն ունենում։ Սվետլանան ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները. «Աստվածաշնչի օգնությամբ տատիկս բացատրեց ինձ, որ մեր բացասական էմոցիաների պատճառը անկատարությունն է»։ Սվետլանան հուզվեց, երբ Աստվածաշնչից իմացավ, թե ինչու են ազնիվ մարդիկ տառապում։
Լեյֆը, որը ծագումով սկանդինավիացի է, հավատում էր էվոլյուցիային և Աստվածաշունչը համարում էր հեքիաթների գիրք։ Սակայն մի անգամ նրա ընկերն ասաց նրան. «Դու իրականում միայն կրկնում ես այն, ինչ ասել են ուրիշները, առանց իմանալու, թե ինչ է գրված Աստվածաշնչում»։ Լեյֆի վրա այս խոսքերը մեծ ազդեցություն թողեցին։ Նա հիշում է. «Ես երբեք հարցականի տակ չեմ դրել էվոլյուցիոն գաղափարները, այլ անմիջապես ընդունել եմ դրանք որպես փաստ։ ....Ես կարծում եմ, որ Աստվածաշնչի մարգարեությունները, դրանց կատարումները և մի շարք այլ ապացույցներ կարող են մղել աթեիստներին խորհրդածելու» (Եսայիա 42։5, 9)։
Քիրանը, որի մասին արդեն խոսել ենք, հիասթափված էր քաղաքականությունից, որով զբաղվում էր երկար ժամանակ։ Նա հաճախ էր խորհրդածում կյանքի դժվարությունների մասին։ Քիրանը եկավ այն եզրահանգման, որ միայն զորեղ ու սիրառատ Աստվածը կարող է լուծել բոլոր խնդիրները և օգնել իրեն անձնական կյանքում։ Նա ինքն իրեն ասում էր. «Երանի գտնեմ այդպիսի մի Աստծու»։ Մի օր, երբ շատ վհատված էր, աղոթեց. «Աստվա՛ծ, եթե դու կաս ու լսում ես ինձ, մի նշան ցույց տուր և օգնիր, որ դուրս գամ այս վատ վիճակից, ազատիր մարդկությանը տառապանքներից»։ Մի քանի օր անց Եհովայի վկաներից մեկը թակեց նրա դուռը։ Վկան Աստվածաշնչի օգնությամբ բացատրեց, որ մարդկային կառավարությունների հետևում չար ուժեր են կանգնած (Եփեսացիներ 6։12)։ Այս բացատրությունը հաստատում էր այն կասկածները, որ ունեցել էր ինքը։ Նրա հետաքրքրությունը շարժվեց։ Այնուհետև նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Գիտելիքներ ստանալուն զուգընթաց սիրառատ Ստեղծչի հանդեպ նրա հավատը սկսեց աճել ու զորանալ։
Մարդկության Արարիչը և դու
Կրոնների կեղծավորության, էվոլյուցիայի ուսմունքների և իշխող չարության պատճառով շատերը կասկածի են ենթարկում կամ ժխտում են Արարչի գոյությունը։ Սակայն կարող եք վստահ լինել, Աստվածաշունչը կտա գոհացուցիչ պատասխաններ ձեր հարցերին, մնում է միայն, որ ցանկանաք իմանալ դրանք։ Այդ գիրքը նաև հայտնում է, որ Աստծու խորհուրդները «խաղաղութեան խորհուրդներ [են] եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տա ապագան եւ յոյսը» (Երեմիա 29։11)։ Այս հույսը դարմանեց Բերնադիտի ցավը, որը հիվանդ երեխա էր ունեցել և կորցրել էր Ստեղծչի հանդեպ հավատը։
Աստվածաշնչի բացատրությունը, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, հասել է այն մարդկանց սրտերին, ովքեր աթեիստներ են եղել։ Եթե դուք էլ ժամանակ հատկացնեք Աստվածաշնչից կարևոր հարցերի պատասխաններն իմանալու համար, կհամոզվեք, որ գոյություն ունի Ստեղծիչ։ Իրականում նա «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։
[ծանոթագրություններ]
a Տեղի՞ն է արդյոք, որ քրիստոնյաները մասնակցեն պատերազմի։ Տե՛ս «Պատերազմը և քրիստոնեությունը» հոդվածը, էջ 29–31։
b Թե ինչու է Աստված թույլ տվել տառապանքը, մանրամասնորեն քննարկվում է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 106–114 էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Արարչագործությանը թիկունք կանգնող ապացույցներ կարող ես գտնել 2006 թ. սեպտեմբերի «Արթնացե՛ք» պարբերագրում, որի վերնագիրն է՝ «Գոյություն ունի՞ Ստեղծիչ»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
Հարցեր, որոնց էվոլյուցիան չի պատասխանում
• Ինչպե՞ս կարող էր անկենդան բանից կյանք առաջանալ (ՍԱՂՄՈՍ 36։9)։
• Ինչո՞ւ են կենդանիներն ու բույսերը բազմանում ըստ իրենց տեսակի (ԾՆՆԴՈՑ 1։11, 21, 24–28)։
• Եթե մարդը առաջացել է կապիկից, ապա ինչո՞ւ չկա կապիկների զարգացած տեսակ համարվող կապկամարդը (ՍԱՂՄՈՍ 8։5, 6)։
• Ինչպե՞ս հասկանալ այլասիրությունը, եթե համաձայն բնական ընտրության՝ ուժեղագույնն է գոյատևում (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 2։14, 15)։
• Մարդկությունը ունի՞ ապագայի իրական հույս (ՍԱՂՄՈՍ 37։29)։
[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Ինչպե՞ս կարող էր սիրառատ Աստվածը ստեղծել մի աշխարհ, որտեղ երեխաները տառապում են
Կրոնների կեղծավորության պատճառով շատերն են հեռացել Աստծուց