Նավարկություններ Ատլանտյան օվկիանոսով. ինչ է ասում պատմությունը
Այսօր ոչ ոքի չի զարմանում, որ մարդիկ ինքնաթիռով մի մայրցամաքից մյուսն են մեկնում։ Սակայն զարմանալին այն է, որ աստվածաշնչյան ժամանակներում են մարդիկ հսկայական տարածություններ անցել։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ նշվում է, որ Իսրայելի Սողոմոն թագավորը, որն ապրել է Քրիստոսի ծնունդից մոտ 1 000 տարի առաջ, մի նավատորմ էր կառուցել։ Նրա նավերը Տյուրոսի թագավորի նավերի հետ հեռավոր վայրերից թանկարժեք ապրանքներ էին բերում Իսրայել (Գ Թագաւորաց 9։26–28; 10։22)։ Իսկ Հովնան մարգարեի մասին, որն ապրել է մ.թ.ա. 9–րդ դարում, կարդում ենք, որ նա Միջերկրականի ափին գտնվող Իսրայելի Հոպպե նավահանգստից նավ է նստել և ուղևորվել է Թարսիսa (Յովնան 1։3)։ Մ.թ. առաջին դարում Պողոս առաքյալը Իսրայելի Կեսարիա նավահանգստից մեկնել է Իտալիայի Պատիողոս նավահանգիստ (այժմ՝ Պոցուոլի), որը գտնվում է Նեապոլ քաղաքի մոտ (Գործեր 27։1; 28։13)։
Պատմաբաններին հայտնի է, որ Պողոսի ժամանակներից շատ առաջ առևտրական նավերը, Միջերկրական ծովից անցնելով Կարմիր ծով, հասել են Հնդկաստան։ Իսկ արդեն մ.թ. 2–րդ դարի կեսերին որոշ նավեր հասել են մինչև Չինաստանb։ Սակայն ի՞նչ է մեզ հայտնի անցյալում Միջերկրական ծովից արևմուտք կատարված ծովային ճանապարհորդությունների մասին։ Ի՞նչ տարածություններ են կտրել–անցել նավերը։
Փյունիկեցիների ճանապարհորդությունները
Պողոս առաքյալի ժամանակներից դարեր առաջ նավաստիները առևտուր անելու նպատակով շատ բնակավայրեր էին հիմնել արևմուտքում։ Որոշ կարծիքների համաձայն՝ մ.թ.ա. 1200–ականներին ժամանակակից Լիբանանի տարածքում ապրող փյունիկեցիների նավերն արդեն լողում էին Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։ Իսկ դրանից մոտ մեկ դար անց փյունիկեցիները, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, հիմնեցին ներկայիս Իսպանիայի արևմուտքում գտնվող Կադիս նավահանգիստ–քաղաքը, որը հայտնի էր Գադիր անունով։ Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդող առևտրականներն այստեղից տանում էին տարբեր ապրանքներ, ինչպես նաև արծաթ ու անագ, որ հանում էին տեղի հանքերից։
Փյունիկեցիները դարեր շարունակ նավարկել են Աֆրիկայի ափամերձ ջրերով և ուսումնասիրել են անծանոթ վայրերը։ Սակայն հավանաբար դժվար էր անբարենպաստ քամիների և հոսանքների պատճառով Ատլանտյան օվկիանոսով դեպի հարավ նավարկելը, ուստի նրանք շատ հեռու չեն գնացել։
Հույն պատմաբան Հերոդոտոսը գրում է, որ մ.թ.ա. 7–րդ դարում Եգիպտոսի Նեքաո փարավոնը Կարմիր ծովում փյունիկյան նավերից բաղկացած մի նավատորմ կազմեց, որի նավաստիները փյունիկեցիներն էին։ Փարավոնը ցանկանում էր, որ նավերը պտտվեն Աֆրիկա մայրցամաքի շուրջը՝ արևելքից արևմուտք։ Այս ճանապարհորդությունը սկիզբ առավ Կարմիր ծովից։ Նավաստիները Աֆրիկայի արևելյան ափերով նավարկեցին դեպի հարավ և մտան Հնդկական օվկիանոս։ Կես տարի հետո նրանք ափ դուրս եկան, սերմ ցանեցին և այդ վայրում մնացին մինչև բերքահավաք, որից հետո նորից շարունակեցին իրենց ճամփորդությունը։ Երեք տարի անց փյունիկյան նավերը իրենց շրջապտույտը ավարտելուց հետո Միջերկրական ծովով վերադարձան Եգիպտոս։
Հերոդոտոսը այս պատմության վերջում նշում է, որ փյունիկեցիների պատմածներն անհավատալի են եղել։ Օրինակ՝ նավաստիներն ասում էին, որ երբ անցել են մայրցամաքի հարավային ափերով՝ նավարկելով դեպի արևմուտք, արևը նրանց աջ կողմում է եղել։ Հին Հունաստանում ապրող մարդկանց համար դժվար էր հավատալ դրան, քանի որ ապրելով հասարակածից հյուսիս՝ նրանք ողջ կյանքում տեսել են, որ արևը հարավում է։ Ու երբ նավարկել են դեպի արևմուտք, արևը նրանց ձախ կողմում է եղել։ Սակայն այսօր մեզ համար պարզ է, որ հասարակածից հարավ գտնվող Բարեհուսո հրվանդանով նավարկելիս արևը երևում է հյուսիսում՝ դեպի արևմուտք գնացող նավաստիների աջ կողմում։
Դարեր շարունակ Հերոդոտոսի այս արձանագրության վերաբերյալ պատմաբանների միջև վիճաբանություններ են եղել։ Շատերին անհավատալի էր թվում, որ դեռևս այդքան հին ժամանակներում նավաստիները կարողացել են պտտվել Աֆրիկայի շուրջ։ Սակայն պատմաբաններն ընդունում են, որ Նեքաո փարավոնը կազմակերպել է այսպիսի նավագնացություն, և որ հնարավոր էր նման բան իրականացնել՝ այն հմտությունների և գիտելիքների շնորհիվ, որ ունեցել են նավաստիները հնում։ Պատմաբան Լիոնել Կասոն նշում է. «Այսպիսի ճամփորդություն լիովին հնարավոր էր կատարել։ Ոչ մի պատճառ չունենք մտածելու, թե փյունիկեցիները չէին կարող իրականացնել այդ շրջագայությունը՝ հաշվի առնելով, որ Հերոդոտոսը նկարագրում այդ ժամանակներում նավաստիների կիրառած մեթոդները»։ Թեև հնարավոր չէ ասել, թե որքանով է ճշմարտացի Հերոդոտոսի արձանագրությունը, սակայն այն ցույց է տալիս, թե ինչպիսի ջանքեր են գործադրել մարդիկ՝ իրենց համար անծանոթ վայրերը բացահայտելու համար։
Նավարկություններ դեպի հյուսիս
Միջերկրականի ափերին ապրող ժողովուրդներից միայն փյունիկեցիները չէին, որ նավարկել են Ատլանտյան օվկիանոսով։ Հույն նավաստիները նույնպես տարբեր բնակավայրեր են հիմնել Միջերկրական ծովի ափերին, դրանցից է, օրինակ, Մասալիան (այժմ՝ Մարսել, Ֆրանսիա)։ Ծովային ու ցամաքային առևտրի շնորհիվ այս քաղաքը սկսել է ծաղկել։ Այստեղից դեպի հյուսիս արտահանվում էին բրոնզից պատրաստված իրեր, գինի և ձեթ, իսկ հյուսիսից ներմուծվում էին չմշակված մետաղներ և սաթ։ Անշուշտ, Մասալիայի բնակիչները ցանկանում էին իմանալ, թե որտեղից էր բերվում այս հումքը։ Ուստի մ.թ.ա. 320–ականներին այս նպատակով Պիտեաս մասալիացին նավով ճանապարհ ընկավ դեպի հյուսիսային հեռավոր վայրեր։
Վերադառնալուց հետո Պիտեասը գրեց «Օվկիանոսի վրա» հուշագիրը։ Թեև հունարեն տեքստը չի պահպանվել, սակայն առնվազն 18 հին գրողներ մեջբերումներ են արել այդ գրքից։ Այս հատվածներից երևում է, որ Պիտեասը մանրամասնորեն նկարագրել է ծովը, ալիքները, իր տեսած վայրերն ու դրանց բնակիչներին։ Արևային ժամացույցի ստվերի երկարությունը չափելով՝ նա որոշել է կեսօրվա կոնկրետ ժամին արևի բարձրությունը հասարակածից, ուստիև կարողացել է իմանալ, թե ինչքան հեռու է ճամփորդել դեպի հյուսիս։
Անձամբ Պիտեասը սիրում էր հետազոտություններ անել։ Սակայն դա չէր ճանապարհորդության գլխավոր նպատակը։ Պատմաբանների կարծիքով՝ Մասալիայի առևտրականները կազմակերպել և ֆինանսավորել էին այդ շրջագայությունը, որպեսզի Պիտեասը ծովային նոր ճանապարհներ գտնի դեպի հեռավոր ափեր, որտեղից նրանք կարող էին սաթ և անագ ձեռք բերել։ Իսկ մինչև ո՞ւր տարան օվկիանոսի ալիքները Պիտեասին։
Դեպի Բրետան, Բրիտանիա ու ավելի հեռու
Ակներևաբար, Պիտեասը անցել է Իբերիան (այժմ՝ Իսպանիա) և հասել է մինչև Գալիայի (այժմ՝ Ֆրանսիա) հյուսիսային ափեր՝ Բրետան, որտեղ էլ ափ է դուրս եկել։ Այս տեղեկությունը մեզ հայտնի է նրա կատարած գրառումներից, որոնց համաձայն՝ հորիզոնից արևի թեքության անկյան չափումներից առաջինը, որ նա կատարել է ցամաքի վրա, մատնանշում է Բրետանի հյուսիսային ափերըc։
Բրետանում ապրող մարդիկ հմուտ նավաշինարարներ և նավաստիներ էին, որոնք առևտրական կապեր ունեին Բրիտանիայի հետ։ Հետախույզի հաջորդ կանգառը Քոռնուոլ թերակղզին էր, որ գտնվում է Բրիտանիայի հարավ–արևմտյան մասում։ Այն հարուստ էր անագով, ինչը բրոնզի հիմնական բաղադրիչն է։ Պիտեասը, նկարագրելով Բրիտանիայի չափերը, նշում է, որ այն նման է եռանկյունու։ Վերջինիս գրառումներից երևում է, որ նա հավանաբար նավով պտտվել է Մեծ Բրիտանիա կղզու շուրջը։
Թեև հնարավոր չէ ստույգ որոշել Պիտեասի նավարկության ուղին, սակայն իր կատարած չափումների մասին արված հաջորդ հիշատակումից կարելի է ենթադրել, որ նա անցել է Մեծ Բրիտանիա և Իռլանդիա կղզիների միջով և ափ է իջել Մեն կղզում։ Երրորդ անգամ նա հավանաբար չափումներ է արել Հեբրիդյան կղզիներից մեկում՝ Լուիսում, որ գտնվում է Շոտլանդիայի արևմտյան ափերի մոտ։ Այստեղից էլ նա հավանաբար շարունակել է նավարկությունը դեպի հյուսիս՝ Օրկնեյան կղզիներ, քանի որ Պլինիոս Ավագի արած մեջբերումներից երևում է, որ հետախույզը տեսել է 40 կղզիներից բաղկացած մի կղզեխումբ։
Պիտեասը գրում է, որ Բրիտանիայից 6 օր նավարկելուց հետո նրանք տեսել են մի երկիր, որ կոչվում էր Թուլի։ Որոշ անտիկ գրողներ նրա նկարագրած երկրամասը կոչում էին սպիտակ գիշերների երկիր։ Պիտեասը գրում է, որ այդտեղից էլ մեկ օր նավարկելուց հետո հասել են մի վայր, ուր ծովը «սառած» էր։ Տարբեր կարծիքներ կան այն մասին, թե կոնկրետ որտեղ էր գտնվում Թուլի երկիրը։ Ոմանք ասում են, թե նա տեսել է Ֆարերյան կղզիները, մյուսները թե՝ Նորվեգիան, իսկ ուրիշներն էլ Իսլանդիան։ Որտեղ էլ որ լիներ այն, ամեն դեպքում հնագույն աղբյուրների մեջ նշվում է, որ Թուլի անունով կոչվել է «ծայր հյուսիսում գտնվող մարդկությանը հայտնի երկիրը»։
Հավանաբար Պիտեասը նույն ճանապարհով հետ է եկել Բրիտանիա և շարունակել իր պտույտը այս կղզու շուրջը։ Մեզ հայտնի չէ՝ արդյոք Միջերկրական ծով վերադառնալուց առաջ նա հասել է հյուսիսային Եվրոպայի մյուս ափերը, թե ոչ։ Ամեն դեպքում, Պլինիոս Ավագը Պիտեասի մասին նշում է, որ նա հեղինակավոր անձնավորություն է եղել անագ արտահանող շրջաններում։ Այս տեղեկությունները պարունակող գրավոր աղբյուրները հայտնաբերվել են Յուտլանդիա թերակղզում (Դանիա) և Բալթիկ ծովի հարավային ափերին։ Իհարկե, Պիտեասը կարող էր այս տարածքների մասին իմանալ, երբ գտնվում էր Բրիտանիայի արևելյան ափերին, և որքանով մեզ հայտնի է, նա չի նշել, որ անձամբ է եղել այդ վայրերում։
Մեզ հայտնի հաջորդ «եկվորը», ով Միջերկրական ծովից նավարկել է դեպի Բրիտանիա և գրել է իր այցելության մասին, եղել է Հուլիոս Կեսարը։ Նա այս կղզի ոտք է դրել մ.թ.ա. 55–ին։ Իսկ մ.թ. 6–ին Հռոմի զորքերը արդեն Յուտլանդիայի հյուսիս էին հասել։
Լայն հորիզոններ
Փյունիկեցիների և հույների շնորհիվ հին աշխարհն իմացավ Միջերկրական ծովից այն կողմ՝ Ատլանտյան օվկիանոսի երկայնքով ձգվող ափերի մասին՝ Աֆրիկայի հարավից մինչև ծայր հյուսիս՝ Արկտիկա։ Մարդիկ հետազոտություններ էին անում, զբաղվում էին առևտրով, հսկայական հեռավորություններ անցնելով՝ նվաճում էին նոր հորիզոններ։ Այսպես քաղաքակրթությունը զարգանում էր, ծնվում էին նոր գաղափարներ, բացահայտվում նոր բաներ։
Հին ժամանակներից մեզ հասած գրավոր աղբյուրները շատ քիչ տեղեկություններ են հայտնում հնում ապրած անվեհեր նավաստիների կատարած ճամփորդությունների մասին։ Սակայն որքա՜ն շատ են այն նավաստիները, որոնք վերադառնալով հարազատ ափեր՝ երբևէ չեն գրել իրենց տեսած վայրերի մասին։ Քանի–քանիսներն էլ երբեք չեն վերադարձել տուն։ Այո՛, մեզ շատ բան հայտնի չէ նավարկությունների մասին, բայց կարող ենք պատկերացնել, թե որքան հեռու մարդիկ կարող էին տանել բարի լուրը հնում (տե՛ս շրջանակը)։
[Ծանոթագրություններ]
a Կարծիք կա, որ սա Իսպանիայի հարավային մասում գտնվող այն հնագույն պետությունն է, որը հույն և հռոմեացի գրողները անվանել են Տարտես։
b Միջերկրական ծովից դեպի արևելք նավարկությունների մասին տե՛ս «Ինչպե՞ս կարող էին միսիոներները հասնել Հեռավոր Արևելք» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. հունվարի 1–ի համարում։
c Նա գտնվում էր հյուսիսային լայնության 48°42՛ զուգահեռականի վրա։
[Շրջանակ 29–րդ էջի վրա]
Բարի լուրը «քարոզվեց.... ամբողջ ստեղծագործությանը»
Մ.թ. մոտ 61–ին Պողոս առաքյալը գրեց, որ բարի լուրը «քարոզվեց երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» (Կողոսացիներ 1։23)։ Արդյո՞ք նա ուզում էր ասել, որ քրիստոնեությունը հասել էր Հնդկաստան, Հեռավոր Արևելք, Իսպանիա, Գալիա (Ֆրանսիա), Բրիտանիա և Թուլի կոչված վայրը։ Շատ հավանաբար ոչ, սակայն չենք կարող համոզված լինել։
Այնուհանդերձ, բարի լուրը, անկասկած, լայնորեն տարածվել էր։ Մ.թ. 33–ին քրիստոնեությունն ընդունած հրեաները և պրոզելիտները իրենց նոր հավատը տարան Պարթևք, Ելամ, Մարաստան, Միջագետք, Արաբիա, Փոքր Ասիա, Լիբիայի որոշ բնակավայրեր մինչև Կյուրենիա և Հռոմ, այսինքն՝ այն բոլոր երկրները, որոնք ծանոթ էին Պողոսի ընթերցողներին (Գործեր 2։5–11)։
[Գծագիր/Քարտեզ 26–րդ և 27–րդ էջերի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Հերոդոտոսը նշում է, որ Աֆրիկայի հարավային ափերով անցնելիս արևը նավաստիների աջ կողմում է եղել
[Քարտեզ]
ԱՖՐԻԿԱ
ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
[Գծագիր/Քարտեզ 28–րդ և 29–րդ էջերի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Հույն ծովագնաց Պիտեասի կատարած ճամփորդությունը
[Քարտեզ]
ԻՍԼԱՆԴԻԱ
ՆՈՐՎԵԳԻԱ
ԻՌԼԱՆԴԻԱ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԲՐԵՏԱՆ
ԻԲԵՐԻԱ ԹԵՐԱԿՂԶԻ
ԱՖՐԻԿԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՓ
Հյուսիսային ծով
Մարսել
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ