Հոգևոր նվաճում
Լույս է ընծայվել Աստվածաշնչի հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը
ՏԵՂԻ ունեցավ այն, ինչին անհամբերությամբ սպասում էինք։ 2010թ.-ի հունիսի 18-ին հայտարարվեց Աստվածաշնչի հայերեն «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։
Բացի Աստվածաշնչի այն թարգմանություններից, որոնք երկար ժամանակ օգտագործվել են Հայաստանի աստվածավախ մարդկանց կողմից, այժմ առկա է նաև «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Աստվածաշնչի նոր թարգմանություն լույս տեսներ։ Ո՞վ է կատարել այդ հսկայական աշխատանքը։ Եվ ինչո՞ւ կարելի է վստահել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությանը։
Ինչու այսքան շատ թարգմանություններ կան
Վերջին տարիներին տարբեր լեզուներով Աստվածաշնչի բազում թարգմանություններ են լույս տեսել։ Դրանցից մի քանիսը աննախադեպ են, որովհետև այդ լեզուներով Աստվածաշունչ ընդհանրապես չի եղել։ Աստվածաշնչի նոր թարգմանություններ են լույս տեսել նաև այնպիսի լեզուներով, որոնցով արդեն թարգմանված է եղել Աստվածաշունչը։ Ինչո՞ւ է նման թարգմանությունների անհրաժեշտություն առաջացել։ Սակա Կուբոյի և Ուոլտեր Սպեկտի կողմից հրատարակված «Ինչո՞ւ են թարգմանություններն այսքան շատ» (անգլ.) գրքում կարդում ենք. «Աստվածաշնչի ոչ մի թարգմանություն չի կարելի համարել վերջնական տարբերակ, քանի որ ժամանակի ընթացքում աստվածաշնչագետները նոր բաներ են հայտնաբերում և լեզուն փոփոխության է ենթարկվում»։
Եվ իրոք, քսաներորդ դարում զգալի առաջընթաց է եղել եբրայերեն, արամերեն և հունարեն լեզուների հասկացողության մեջ, այն լեզուների, որոնցով գրվել է Աստվածաշունչը։ Բացի այդ, հայտնաբերվել են աստվածաշնչյան ձեռագրեր, որոնք ավելի հին ու ճշգրիտ են, քան այն ձեռագրերը, որոնք անցյալում օգտագործվել են Աստվածաշունչը թարգմանելու համար։ Ուստի Աստծու Խոսքն այսօր կարելի է թարգմանել առավելագույնս ճշգրիտ։
Սակայն ցավալին այն է, որ ոմանց համար ճշգրտությունը այդքան էլ կարևոր չէ։ Խոսելով այն մասին, թե Աստվածաշունչ հրատարակելը ինչ տեղ ունի առևտրի բնագավառում՝ մի ամսագիր հետևյալ ակնարկն է արել. «Աստվածաշունչ հրատարակելը շահութաբեր, շա՜տ շահութաբեր գործ է» (The Atlantic Monthly)։ Երբեմն բեսթսելլեր, կամ՝ մեծ պահանջարկ ունեցող հրատարակություն թողարկելու ցանկությունը ավելի մեծ է լինում, քան ճշգրտությունը պահպանելու ցանկությունը։ Վերջերս լույս տեսած մի Աստվածաշնչում պարզապես հանվել են այն հատվածները, որոնք, ըստ հրատարակիչների, «ձանձրացնող են»։ Մեկ այլ Աստվածաշնչում փոփոխվել են բառեր կամ արտահայտություններ, որոնք գուցե վիրավորական լինեն այսօրվա ընթերցողների համար։ Օրինակ՝ ֆեմինիստներին հաճեցնելու համար այդ թարգմանությունը Աստծուն կոչում է «Հայր-Մայր»։
Աստծու անունը անարգել են
Թերևս ամենամտահոգիչը թարգմանիչների վերաբերմունքն է «Եհովա» անվան վերաբերյալ (որոշ աստվածաշնչագետներ այն թարգմանում են «Յահվե»)։ Աստվածաշնչի հին ձեռագրերում Աստծու անունը գրվել է չորս եբրայերեն բաղաձայններով, որոնք կարելի է տառադարձել ՅՀՎՀ։ Միայն Եբրայերեն Գրություններում կամ, ինչպես ընդունված է անվանել, Հին Կտակարանում, Աստծու անձնանունը հանդիպում է մոտ 7000 անգամ (Ելք 3։15; Սաղմոս 83։18)։ Պարզ է, ուրեմն, որ մեր Արարիչը ցանկանում է, որ իր երկրպագուները ոչ միայն իմանան, այլև գործածեն այդ անունը։
Սակայն ժամանակի ընթացքում հրեաները, սնոտիապաշտությունից դրդված, դադարեցին արտասանել Աստծու անունը։ Հետագայում այսպիսի սնոտիապաշտական հայացքներով վարակվեց նաև քրիստոնեությունը (համեմատի՛ր Գործեր 20։29, 30; 1 Տիմոթեոս 4։1)։ Աստվածաշնչի թարգմանիչների համար սովորական բան դարձավ Աստծու անունը «Տեր» տիտղոսով փոխարինելը։ Իսկ այսօր Աստվածաշնչերի մեծ մասում Աստծու անունն ընդհանրապես բացակայում է։ Անգլերեն որոշ ժամանակակից թարգմանություններ անգամ «անուն» բառն են հանում Հովհաննես 17։6-ից, որտեղ Հիսուսն ասաց. «Ես քո անունը հայտնի դարձրի»։ Օրինակ՝ «Ժամանակակից անգլերեն թարգմանությունում» այս համարը հնչում է այսպես. «Ես քեզ հայտնի դարձրի»։
Ինչո՞ւ է Աստծու անունը այսպիսի հակակրանքի արժանացել։ Նկատի առնենք, թե ինչ է գրվել մի պարբերականում, որը կոչվում է «Օգտակար փաստաթղթեր Աստվածաշունչ թարգմանողի համար» (1992թ., հատոր 43, համար 4, անգլերեն. հրատարակվել է Միացյալ աստվածաշնչային ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամբողջ աշխարհում Աստվածաշնչի թարգմանչական գործի զգալի մասը)։ Այդ պարբերականի մի հոդվածում գրվել է. «Կասկած չկա, որ ՅՀՎՀ-ն հատուկ անուն է, ուստի թարգմանության համար ամենատրամաբանական մոտեցումը, որպես կանոն, պետք է լինի տառադարձությունը»։ Բայց այդ հոդվածը նաև զգուշացնում է. «Սակայն կան որոշ իրողություններ, որոնք հարկավոր է հաշվի առնել»։
Ի՞նչ իրողությունների մասին է խոսքը։ Ըստ այդ պարբերականի՝ որոշ աստվածաշնչագետներ այսպես են պատճառաբանում. «Եթե թարգմանության մեջ գրվի «Յահվե» անունը, դա [ոչ քրիստոնյաներին] շփոթության մեջ կգցի.... Նրանք կմտածեն, թե Յահվեն օտար Աստված է, մի նոր և անծանոթ Աստված, որը տարբերվում է իրենց ճանաչած Աստծուց»։ Սակայն նրանց պատճառաբանությունները հիմնավոր չեն, քանի որ հենց Աստվածաշունչն է ընդգծում այն միտքը, որ Եհովա Աստված իրոք տարբերվում է մյուս աստվածներից, որոնց երկրպագում են ոչ քրիստոնյաները (Եսայիա 43։10–12; 44։8, 9)։
Որոշ աստվածաշնչագետներ էլ պնդում են, որ երբ Աստծու անունը «ՏԵՐ» տիտղոսով են փոխարինում, նրանք պարզապես հետևում են ավանդույթին։ Մինչդեռ Հիսուսը դատապարտեց Աստծուն անարգող ավանդույթներին հետևելը (Մատթեոս 15։6)։ Ավելին, Սուրբ Գրքում այդպիսի գաղափար անգամ չկա, որ Աստծու անունը պետք է փոխարինվի որևէ տիտղոսով։ Հիսուս Քրիստոսն էլ բազում տիտղոսներ ունի, ինչպիսիք են՝ «Աստծու Խոսք» և «թագավորների Թագավոր» (Հայտնություն 19։11–16)։ Ճիշտ կլինի՞ արդյոք «Հիսուս» անունը փոխարինել այս տիտղոսներով։
Վերոնշյալ պարբերականի մեկ այլ հոդվածում հետևյալն էր ասվում. «Հիմնականում «Եհովա» անունը գրելուց պետք է խուսափել»։ Ինչո՞ւ։ «Ընդհանուր առմամբ գիտնականները կարծում են, որ «Յահվե» տարբերակը ավելի մոտիկ է այդ անվան սկզբնական արտասանությանը»։ Սակայն ուշագրավ է այն փաստը, որ Աստվածաշնչից մեզ քաջ ծանոթ Երեմիա, Եսայիա և Հիսուս անունները նույնպես շատ քիչ ընդհանրություն ունեն դրանց եբրայերեն արտասանության հետ (Յիրմեյահ, Յեշայահու և Յեհոշուա)։ Ուստի քանի որ «Եհովա»-ն Աստծու անվան ընդունված տարբերակներից մեկն է և շատերին է հայտնի, այն չօգտագործելու պատճառաբանությունները պարզապես անհիմն են։ Պարզ է, ուրեմն, որ երբ թարգմանիչները հրաժարվում են Աստծու անունն օգտագործելուց, նրանք առաջնորդվում են զգացմունքներով ու նախապաշարումներով, ոչ թե գիտական փաստերով։
Սակայն գիտական փաստերից բացի, այլ հանգամանքներ էլ պետք է հաշվի առնել։ Օրինակ՝ Հնդկաստանից Միացյալ աստվածաշնչային ընկերությունների մի խորհրդատու գրել է, թե ինչպիսին են լինում հետևանքները, երբ Աստծու անունը հանվում է այն հրատարակություններից, որոնցում նախկինում եղել է։ Նա գրում է. «Հնդուականներին չի հետաքրքրում, թե ինչ տիտղոս է կրում Աստված։ Նրանք ուզում են իմանալ Աստծու անձնանունը և մինչև չիմանան, չեն կարող ընդունել այդ Աստծուն»։ Ինչ խոսք, նույնը կարելի է ասել Աստծուն փնտրող բոլոր մարդկանց մասին։ Աստծու անունն իմանալը չափազանց կարևոր է, որպեսզի նրան ընդունեն ոչ թե իբրև անդեմ ուժ, այլ իբրև իրական անձ՝ մեկը, ում կարող են ճանաչել (Ելք 34։6, 7)։ Դրա համար Աստվածաշունչը կոչ է անում. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմեացիներ 10։13)։ Այո՛, Աստծուն երկրպագողները պարտավոր են օգտագործել նրա անունը։
Աստծու անվանը փառք բերող թարգմանություն
1950թ.-ին տեղի ունեցավ մի նշանակալից իրադարձություն. լույս ընծայվեց անգլերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Հաջորդ տասնամյակի ընթացքում առանձին հատվածներով լույս տեսավ նաև Հին Կտակարանը, կամ՝ Եբրայերեն Գրությունները։ Իսկ 1961թ.-ին լույս ընծայվեց ամբողջ Աստվածաշունչը մեկ հատորով։ Ուշագրավ է այն փաստը, որ «Նոր աշխարհ» թարգմանությունը Եբրայերեն Գրություններում պահպանել է «Եհովա» անունը բոլոր տեղերում՝ մոտ 7000 անգամ։ Առանձնապես ուշագրավ է այն, որ Նոր Կտակարանում, կամ՝ Քրիստոնեական Հունարեն Գրություններում, Աստծու անունը վերականգնվել է և հանդիպում է 237 անգամ։ Այս թարգմանությունը, իրոք որ, հոգևոր մեծ նվաճում էր։
Աստծու անունը վերականգնելը ոչ միայն պատիվ է բերում նրան, այլև ընդլայնում է մեր հասկացողությունը։ Օրինակ՝ շատ թարգմանություններ Մատթեոս 22։44-ը թարգմանում են այսպես. «Տերն իմ Տիրոջն ասաց»։ Բայց հարց է ծագում՝ ով ում ասաց։ Իսկ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այս համարը հնչում է այսպես. «Եհովան ասաց իմ Տիրոջը»։ Այստեղ ճշգրտորեն մեջ է բերվում Սաղմոս 110։1-ը։ Եվ այսպես՝ ընթերցողը կարող է հեշտությամբ տարբերել Եհովա Աստծուն նրա Որդուց, ինչը շատ կարևոր է։
Ովքե՞ր են աշխատել այդ թարգմանության վրա
Անգլերեն «Աստվածաշնչի Նոր աշխարհ թարգմանությունը» հրատարակվել է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» կողմից՝ իրավաբանական անձ, որը ներկայացնում է Եհովայի վկաներին։ Արդեն հարյուր տարուց ավել է, ինչ այս ընկերությունը Աստվածաշունչ է տպագրում և աշխարհով մեկ տարածում։ Այս թարգմանությունը արվել է մի խումբ քրիստոնյաների կողմից, որոնք հայտնի էին «Աստվածաշնչի Նոր աշխարհ թարգմանության կոմիտե» անվամբ։ Այդ կոմիտեի անդամները չէին ձգտում ճանաչում ստանալ, ուստի նրանք խնդրեցին, որ իրենց անունները անհայտ մնան անգամ իրենց մահից հետո (համեմատի՛ր 1 Կորնթացիներ 10։31)։
Բայց ինչո՞ւ է այս աշխատությունը կոչվել «Նոր աշխարհ թարգմանություն»։ Որովհետև այդ կոմիտեն համոզված էր, որ մարդկությունը գտնվում է «նոր աշխարհի շեմին», ինչի մասին խոսվում է 2 Պետրոս 3։13-ում։ Կոմիտեի անդամների խոսքերով՝ «հին աշխարհից դեպի նոր աշխարհ անցման այս ժամանակահատվածում» շատ կարևոր է, որ Աստվածաշնչի թարգմանությունները «Աստծու Խոսքի մաքուր ճշմարտության» լույսը տարածեն (տե՛ս 1950թ. հրատարակության նախաբանը, անգլ.)։
Ճշգրիտ թարգմանություն
Այս թարգմանության մեջ առաջնահերթությունը տրվել է ճշգրտությանը։ Անգլերեն հրատարակության թարգմանիչները գործ են ունեցել անմիջապես եբրայերեն, արամերեն և հունարեն բնագրերի հետ՝ օգտվելով լավագույն տեքստերիցa։ Ամեն ինչ արվել է, որպեսզի հին տեքստը թարգմանվի հնարավորինս բառացի և միևնույն ժամանակ օգտագործվի այնպիսի լեզու, որ պարզ ու հասկանալի լինի ժամանակակից ընթերցողին։
Զարմանալի չէ, որ որոշ աստվածաշնչագետներ գովում են «Նոր աշխարհ թարգմանությունը», քանի որ այն հավատարիմ է բնագիր տեքստին և ճշգրիտ է։ Իսրայելից մի եբրայագետ՝ պրոֆեսոր Բենջամին Կեդարը, 1989թ.-ին ասել է. «Երբ լեզվաբանական հետազոտություններ եմ անում՝ կապված Աստվածաշնչի եբրայերեն բնագիր տեքստերի և դրանց թարգմանությունների հետ, հաճախ եմ դիմում անգլերեն մի հրատարակության, որը հայտնի է «Նոր աշխարհ թարգմանություն» անվամբ։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ այս աշխատությունը արտացոլում է թարգմանիչների անկեղծ ձգտումը՝ հնարավորինս ճիշտ հասկանալու բնագիր տեքստը»։
Մատչելի այլ լեզուներով
Որքա՜ն ուրախալի է, որ «Դիտարան» ընկերությունը «Նոր աշխարհ» թարգմանությունը մատչելի է դարձրել նաև այլ լեզուներով։ Ներկայումս այն ամբողջությամբ կամ մասամբ լույս է տեսել 70-ից ավելի լեզուներով։ Այդ գործը կատարելու համար մշակվել է Աստվածաշնչի թարգմանության և նրանում օգտագործված բառերի ուսումնասիրության մի մեթոդ, որը կատարվում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով։ Բացի դրանից, ստեղծվել է թարգմանչական խմբերի սպասարկման բաժին՝ թարգմանիչներին աջակցելու նպատակով։ Կառավարիչ մարմինը մեծ ուշադրությամբ վերահսկում է Աստվածաշնչի թարգմանչական գործը իր Գրական կոմիտեի օգնությամբ։ Իսկ ինչպե՞ս է արվում այդ աշխատանքը։
Սկզբում կազմվում է թարգմանչական խումբ՝ բաղկացած Աստծուն նվիրված քրիստոնյաներից։ Փորձը ցույց է տվել, որ երբ թարգմանիչներն աշխատում են միասին, ոչ թե առանձին, թարգմանության որակը ավելի բարձր է լինում (համեմատի՛ր Առակներ 11։14)։ Սովորաբար ընտրվում են այնպիսի անհատներ, ովքեր արդեն փորձ ունեն Եհովայի վկաների գրականությունը թարգմանելու մեջ։ Այնուհետև խմբի անդամներին սովորեցնում են Աստվածաշնչի թարգմանության գլխավոր սկզբունքները և համակարգչային հատուկ ծրագրից օգտվելու ձևը։
Թարգմանչական խմբին սովորեցնում են Աստվածաշունչը թարգմանել այնպես, որ այն լինի 1) ճշգրիտ, 2) հետևողական, 3) բառացի այնքան, որքան լեզուն է թույլ տալիս, և 4) միևնույն ժամանակ պարզ ու հասկանալի հասարակ մարդկանց համար։ Իսկ ինչպե՞ս է այդ աշխատանքն արվել։ Սկզբում թարգմանչական խումբը անգլերեն «Նոր աշխարհ թարգմանությունում» հանդիպող բոլոր գլխավոր բառերի համար ընտրել է հայերեն համարժեք բառերը։ Համակարգչային ծրագրի օգնությամբ հնարավոր էր տեսնել այդ գլխավոր բառերի հոմանիշները և իմաստով մոտ բառերը։ Այդ ծրագրի շնորհիվ նաև կարելի էր տեսնել անգլերեն թարգմանված բառերի հունարեն կամ եբրայերեն համարժեքները, ինչը հնարավորություն է տվել թարգմանիչներին հետազոտելու և տեսնելու, թե ինչպես են այդ նույն հունարեն կամ եբրայերեն բառերը թարգմանվել այլ հատվածներում։ Այս մեթոդը շատ է օգնել նրանց՝ ընտրելու հայերեն համարժեք բառերը։ Այս գործն ավարտելուց հետո թարգմանչական խումբը սկսել է համար առ համար թարգմանել Աստվածաշունչը, որի ընթացքում համակարգիչը ցույց է տվել արդեն ընտրված հայերեն համարժեքները։
Բայցևայնպես, պետք է նշել, որ թարգմանել չի նշանակում մի խումբ բառերը մյուսով փոխարինել։ Մեծ աշխատանք է արվել համոզվելու համար, որ ընտրված հայերեն բառերը սուրբգրային ճիշտ միտքն են հաղորդում յուրաքանչյուր համատեքստում։ Ջանք է թափվել նաև, որ քերականորեն ու շարահյուսորեն տեքստը լինի բնական և սահուն ընթերցվի։ Ակնհայտ է, որ այս նախագիծն իրագործելու համար հսկայական ջանքեր են թափվել։ Աստվածաշնչի հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը Աստծու Խոսքը փոխանցում է ընթեռնելի, պարզ ու հասկանալի կերպով՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով բնագիր տեքստին։
Խրախուսում ենք ձեզ խորությամբ ուսումնասիրել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Կարող եք այն ձեռք բերել՝ դիմելով «Դիտարան» պարբերագրի հրատարակչությանը կամ Եհովայի վկաների մոտակա որևէ ժողովի։ Վստահ եղեք, որ այն ճշգրտորեն է փոխանցում Աստծու Խոսքը ձեր մայրենի լեզվով։ Անկասկած շուտով դուք էլ կհամոզվեք, որ Աստվածաշնչի հայերեն «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումը իսկապես հոգևոր նվաճում է։
[Ծանոթագրություն]
a Հունարեն Գրությունների համար հիմնականում օգտագործվել է Վեստկոտի և Հորտի «Նոր Կտակարանը բնագիր հունարենով» աշխատությունը, իսկ Եբրայերեն Գրությունների համար՝ Ռ. Կիթելի «Եբրայերեն Աստվածաշունչը»։
[Նկար 16–րդ էջի վրա]
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
[Նկար 19–րդ էջի վրա]
«Նոր աշխարհ» թարգմանության
առանձնահատկություններից մի քանիսը
[Նկար 19–րդ էջի վրա]
Պարզ և ընթեռնելի տառատեսակ։
Տեքստի բաշխումը։ Աստվածաշնչյան խոսքերը համախմբված են պարբերությունների մեջ։ Դա օգնում է ընթերցողին հետևելու մտքի զարգացմանը։
Էջախորագրեր։ Գրեթե բոլոր էջերի վերևում կարող եք տեսնել էջախորագրեր։ Դրանք օգնում են ընթերցողին արագ գտնելու աստվածաշնչյան պատմությունները։
Զուգահեռ հղումներ։ Բոլոր էջերում կան զուգահեռ հղումներ, որոնք օգնում են գտնելու Աստվածաշնչի այլ համապատասխան հատվածներ։
[Նկար 19–րդ էջի վրա]
Համաբարբառ։ Գրքի վերջում կարող եք գտնել «Աստվածաշնչի բառացանկ» վերնագրով մի համաբարբառ։ Ցանկում տեղ գտած բառերի մոտ նշվում է, թե տվյալ բառը Աստվածաշնչի որ համարներում է գործածվում, և սովորաբար բերվում է համատեքստից համառոտ քաղվածք։
[Նկար 19–րդ էջի վրա]
Հավելված։ Բաղկացած է Աստվածաշնչյան որոշ ուսմունքների և դրանց առնչվող հարցերի վերաբերյալ կարճ հոդվածներից։