Ի՞նչ կասի ձեր երեխան
ԾՆՈՂՆԵՐԻՆ. 2010թ. հունվարի 15-ի (էջ 16–20) թողարկման մեջ նշել էինք այն մասին, որ կարող եք բեմականացումներ անել ձեր երեխաների հետ։ Այս հոդվածում խորհուրդներ կգտնեք, որոնց շնորհիվ կպատրաստեք ձեր երեխային՝ դիմագրավելու դպրոցում ունեցած դժվարություններին։ Դուք կարող եք բեմականացումներ անել ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ։
ԱՅՆ երեխաները, ովքեր Եհովայի վկա են, բազմաթիվ դժվարությունների են բախվում։ Դասընկերները հաճախ են նրանց հարցնում, թե ինչու չեն մասնակցում որոշ արարողությունների, օրինակ՝ դրոշին պատիվ տալուն, ծննդյան արարողություններին կամ այլ տոնակատարություններին։ Եթե ձեր տղային կամ աղջկան այդպիսի հարցեր տան, ինչպե՞ս նա կպատասխանի։
Որոշ քրիստոնյա երեխաներ պարզապես ասում են. «Ես դա չեմ կարող անել։ Դա իմ կրոնին դեմ է»։ Իհարկե, այսպիսի երեխաներին պետք է գովել իրենց հստակ դիրքորոշման համար։ Նրանց պատասխանը կարող է կանխել լրացուցիչ հարցուփորձը։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է մեզ «պատրաստ լինել պատասխան տալու ամեն մարդու, ով [մեզանից] բացատրություն կպահանջի» մեր հավատալիքների վերաբերյալ (1 Պետ. 3։15)։ Այս հորդորի համաձայն վարվելը չի նշանակում պարզապես ասել. «Ես դա չեմ կարող անել»։ Նույնիսկ եթե ոմանք համաձայն չեն մեզ հետ, ուրիշները գուցե ցանկանան իմանալ, թե ինչ պատճառով չենք մասնակցում այս կամ այն արարողությանը։
Եհովայի վկա շատ երեխաներ իրենց դասընկերներին աստվածաշնչյան պատմություններ են պատմում՝ օգտագործելով այնպիսի հրատարակություններ, ինչպիսին է՝ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Այս պատմությունները կարող են օգնել Վկա երեխաներին բացատրելու, թե ինչու են անում կամ ինչու չեն անում որոշ բաներ։ Աշակերտներից ոմանք ուշադրությամբ լսում են աստվածաշնչյան պատմությունները, ինչի շնորհիվ բազմաթիվ ուսումնասիրություններ են սկսվում։ Մյուսների համար թերևս դժվար լինի լսել աստվածաշնչյան մի ամբողջ պատմություն, իսկ ոմանց համար էլ հասկանալ դրանք՝ առանց մանրամասն բացատրության։ Երբ 11-ամյա Մինհիի ընկերուհին հրավիրեց նրան իր ծնունդին, նա ասաց. «Աստծու Խոսքը մեզ չի պատվիրում ծնունդ նշել։ Օրինակ՝ աստվածաշնչյան հերոսներից մեկը՝ Հովհաննես Մկրտիչը, մահապատժի ենթարկվեց այդպիսի տոնակատարության ժամանակ»։ Մինհին պատմում է, որ իր կարծիքով՝ ընկերուհին, այնուամենայնիվ, չհասկացավ իր տված բացատրությունը։
Երբեմն գուցե օգտակար լինի ցույց տալ մի նկար կամ պատմություն մեր գրքերից մեկում։ Իսկ եթե դպրոցի տնօրինությունը թույլ չտա, որ երեխաները կրոնական գրականություն բաժանեն աշակերտներին, կարո՞ղ են նրանք արդյունավետորեն վկայություն տալ՝ առանց գրականության։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին պաշտպանելու իրենց սկզբունքները։
Բեմականացումներ արեք
Տանը բեմականացումներ անելը օգտակար է։ Ծնողները կարող են խաղալ դասընկերների դերը։ Նրանք պետք է գովեն երեխաներին, երբ վերջիններս փորձում են պաշտպանել իրենց հավատը, և ցույց տան, թե ինչպես կարող են ավելի լավ տրամաբանել, և ինչու է այդպես վարվելը ցանկալի։ Օրինակ՝ կարող եք առաջարկել օգտագործել այնպիսի բառեր, որոնք հասկանալի կլինեն նրանց տարիքի աշակերտներին։ Իննամյա Ջոշուան ասում է, որ իր դասընկերները չէին հասկանում, օրինակ, «խիղճ» կամ «նվիրվածություն» բառերը։ Ուստի նրանց հետ տրամաբանելու համար նա ստիպված էր ավելի պարզ բառեր օգտագործել (1 Կորնթ. 14։9)։
Որոշ աշակերտներ, որոնք հարց են տալիս, գուցե կորցնեն հետաքրքրությունը, եթե պատասխանը երկար լինի։ Սակայն նրանց զրույցի մեջ ներքաշելով և նրանց հետ տրամաբանելով՝ Վկա երեխաները կարող են շարունակել զարգացնել հետաքրքրությունը։ Տասնամյա Հենյուլը ասում է. «Դասընկերներս սիրում են զրուցել և ոչ թե բացատրություններ լսել»։ Զրույց սկսելու համար հարցեր տուր և հետո ուշադրությամբ լսիր դիմացինիդ կարծիքը։
Ստորև բերվող երկխոսությունները ցույց են տալիս, թե քրիստոնյա երեխաները ինչպես կարող են տրամաբանել իրենց դասընկերների հետ։ Դրանք անգիր անելու կարիք չկա, քանի որ բոլոր երեխաները տարբերվում են իրարից, և տարբեր իրավիճակներում տարբեր պատասխաններ է հարկավոր տալ։ Այնուհանդերձ, Վկա երեխաները պետք է մտապահեն այդ մտքերը և իրենց բառերով արտահայտեն դրանք՝ կախված այն բանից, թե որ դասընկերոջ հետ են խոսում և թե ինչպիսի իրավիճակում են գտնվում։ Եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, փորձեք բեմականացնել նրանց հետ այս երկխոսությունները։
Երեխաներին կրթելը ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Քրիստոնյա ծնողները ցանկանում են Աստվածաշնչի սկզբունքները սերմանել իրենց երեխաների մեջ և հորդորել նրանց ապրել դրանց համաձայն (2 Օրենք 6։7; 2 Տիմոթ. 3։14)։
Հաջորդ ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ երեխաների հետ փորձեք բեմադրել այստեղ ներկայացվող երկխոսությունները։ Փորձեք տեսնել, թե որքանով են դրանք արդյունավետ։ Հիշե՛ք. նպատակը անգիր անելը չէ։ Կարող եք մի քանի անգամ փորձել նույն իրադրությունը՝ ամեն անգամ տալով տարբեր պատասխաններ, որ տեսնեք, թե երեխաները ինչպես են պատասխանում յուրաքանչյուր իրավիճակում։ Երբ նրանք փորձում են բացատրել, թե ինչի վրա են հիմնված իրենց հավատալիքները, օգնեք նրանց զարգացնելու խոհեմություն և նրբանկատություն։ Ժամանակի ընթացքում դուք կսովորեցնեք ձեր երեխաներին, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց հավատը դասընկերների, հարևանների և ուսուցիչների առաջ։
[շրջանակ/նկար 4-րդ և 5–րդ էջերի վրա]
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ
Մարիամ — Ողջո՛ւյն, Արթո՛ւր։ Ուզում եմ քեզ հրավիրել ծնունդիս։
Արթուր — Շնորհակալություն հրավերքի համար, Մարիա՛մ ջան։ Բայց հուսով եմ՝ չես նեղանա, որովհետև ես չեմ կարող գալ, քանի որ ծնունդներ չեմ նշում։
Մարիամ — Բայց ինչո՞ւ, մենք լավ քեֆ կանենք։
Արթուր — Ես սիրում եմ քեֆերի գնալ։ Բայց մենք՝ Եհովայի վկաներս, ուզում ենք հետևել Հիսուսին, իսկ նա իր ծնունդը չէր նշում։ Դրա համար ես էլ իմը չեմ նշում։
Մարիամ — Իսկ չի լինի՞, որ գաս, բայց չշնորհավորես ինձ ու նվեր չբերես։
Արթուր — Չէ՛, չեմ կարող։ Ինձ համար կարևոր է հետևել Աստվածաշնչին։ Իսկ այնտեղ գրված է, որ Հիսուսի հետևորդները չէին նշում իրենց ծնունդները և ոչ էլ գնում էին ծնունդի։
Մարիամ — Ուզում ես ասել, որ ես էլ իմ ծնունդը չանե՞մ։
Արթուր — Մարիա՛մ ջան, դա քո գործն է։ Ամեն դեպքում, մեր ընտանիքում որոշել ենք, որ չենք նշելու ոչ մի ծնունդ։
Մարիամ — Հիմա ի՞նչ, դու ոչ մի նվեր չես ստանո՞ւմ քո ծնողներից։
Արթուր — Ո՛նց չեմ ստանում։ Բայց ծնողներս չեն սպասում, որ ծնունդիս օրը գա, նոր տան։ Նրանք ինձ երբ ուզում են, նվերներ են անում։ Համ էլ, Մարիա՛մ ջան, չե՞ս ուզի իմանալ, թե երբ են մարդիկ սկսել ծնունդներ նշել։
Մարիամ — Կասե՞ս ինձ։
Արթուր — Լա՛վ, վաղը ես քեզ հետաքրքիր պատմություն կպատմեմ մի մարդու ծննդյան օրվա մասին, որը նշվել է շատ վաղուց։
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆ
Գայանե — Կարինե՞, ինչո՞ւ ոտքի չկանգնեցիր ու չերգեցիր հիմնը։
Կարինե — Ես կպատասխանեմ քեզ, բայց սկզբում դու ասա, թե ինչու ես դու երգում։
Գայանե — Որովհետև դա մեր պետության օրենքն է, ու բոլորը երգում են, ես էլ եմ երգում։
Կարինե — Գա՛յ ջան, ես համաձայն եմ, որ պիտի պահենք պետության օրենքները։ Աստծու Խոսքն էլ է դա ասում։ Բայց այն նաև ասում է, որ նախևառաջ պետք է հնազանդվենք Աստծու պատվերներին, համաձայն չե՞ս։
Գայանե — Ճիշտ ես, բայց դա ի՞նչ կապ ունի հիմնի հետ։
Կարինե — Շատ մարդիկ կարծում են, որ իրենց երկիրն ամենալավն է և պատրաստ են ամեն ինչ անելու իրենց երկրի համար, նույնիսկ մահանալու։ Բայց ես այդպես չեմ կարծում, քանի որ Աստված է ինձ կյանք տվել։ Նա իր Խոսքում ասում է, որ չի սիրում պատերազմները և ուզում է, որ մարդիկ խաղաղ ապրեն։ Վստահ եմ, որ դու էլ ես այդ կարծիքին։
Գայանե — Ճիշտ ես, բայց դա հնարավո՞ր բան է։
Կարինե — Այո՛, հնարավոր է։ Եվ եթե դու կուզես, մենք կարող ենք խոսել այդ մասին հաջորդ դասամիջոցին։
Գայանե — Լավ, կխոսենք։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն — Դավի՛թ, եթե քեզ թույլ տային ընտրության մասնակցել, ո՞ւմ կընտրեիր։
Դավիթ — Ոչ մեկին։
Արմեն — Ինչո՞ւ։
Դավիթ — Ես արդեն ընտրել եմ։
Արմեն — Բայց դու դեռ չես կարող ընտրել։
Դավիթ — Իմ պարագայում կարող եմ։ Ես ընտրել եմ ամենալավ կառավարությունը։
Արմեն — Ո՞ր կառավարությունը։
Դավիթ — Աստծու Թագավորությունը։ Միայն Աստված կարող է կատարելապես ղեկավարել մեզ։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու։
Արմեն — Չէ՛, ինձ դա չի հետաքրքրում։
Դավիթ — Դե լավ, եթե մի օր ուզես, կասեմ քեզ։
[նկար]
«Ողջո՛ւյն, Արթո՛ւր։ Ուզում եմ քեզ հրավիրել ծնունդիս»
[նկար 3-րդ էջի վրա]
«Ինչո՞ւ չես երգում հիմնը»