Սովորիր հիմնական ճշմարտություններից
«[Դուք] ունեք Օրենքի հիմնական գիտելիքները և հասկանում եք ճշմարտությունը» (ՀՌՈՄ. 2։20)։
1. Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մովսիսական օրենքի նշանակությունը։
ԵԹԵ չլինեին Պողոս առաքյալի ներշնչված գրությունները, մենք դժվարությամբ կհասկանայինք Մովսիսական օրենքի երեսակներից շատերի նշանակությունը։ Եբրայեցիներին ուղղած իր նամակում, օրինակ, նա պարզաբանում է, թե ինչպես Հիսուսը՝ որպես «հավատարիմ քահանայապետ», կարողացավ մեկընդմիշտ «հաշտության զոհ» մատուցել՝ այդպիսով հնարավորություն տալով հավատ դրսևորող մարդկանց «հավիտյան ազատագրում» ստանալ (Եբր. 2։17; 9։11, 12)։ Պողոսը բացատրեց, որ խորանը «ընդամենը երկնային բաների.... ստվերն էր» և որ Հիսուսը դարձավ ուխտի Միջնորդ, որն «ավելի լավն» էր, քան այն ուխտը, որի միջնորդը Մովսեսն էր (Եբր. 7։22; 8։1–5)։ Պողոսի օրերում քրիստոնյաների համար Օրենքի այս բացատրությունը անգնահատելի էր, և այն մեծ արժեք ունի նաև մեր օրերում։ Այդ բացատրությունը օգնում է մեզ լիարժեք կերպով հասկանալու այն ամենի արժեքը, ինչ Աստված արել է մեզ համար։
2. Ի՞նչ առավելություն ունեին հրեա քրիստոնյաները։
2 Երբ Պողոսը գրեց Հռոմում գտնվող քրիստոնյաներին, իր խոսքերի որոշ մասը ուղղեց ժողովի այն անդամներին, ովքեր հրեական ծագում ունեին ու սովորել էին Մովսիսական օրենքը։ Առաքյալն ընդունեց, որ այդ մարդիկ, լավատեղյակ լինելով Աստծու տված Օրենքին, առավելություն ունեին. նրանք հասկանում էին Եհովայի ու նրա արդար չափանիշների մասին ճշմարտությունը և ունեին «հիմնական գիտելիքները»։ Այդ «հիմնական.... ճշմարտության» մասին հասկացողությունը ու դրա հանդեպ ունեցած խոր հարգանքը օգնեցին հրեա քրիստոնյաներին, ինչպեսև նրանցից առաջ ապրած հավատարիմ հրեաներին առաջնորդելու, ուսուցանելու և լուսավորելու նրանց, ովքեր անտեղյակ էին իր ժողովրդին տված Եհովայի Օրենքին (կարդա՛ Հռոմեացիներ 2։17–20)։
ՀԻՍՈՒՍԻ ԶՈՀԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
3. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ քննելով զոհաբերությունների մասին պահանջները։
3 Որպեսզի հասկանանք Եհովայի նպատակները, մեզ համար նույնպես կարևոր է հասկանալ այն հիմնական ճշմարտությունը, որի մասին խոսեց Պողոսը։ Մովսիսական օրենքի սկզբունքները չեն կորցրել իրենց նշանակությունն ու արժեքը։ Դա հիշելով՝ քննենք Օրենքի երեսակներից ընդամենը մեկը՝ թե ինչպես տարբեր զոհերն ու ընծաները առաջնորդեցին խոնարհ հրեաներին դեպի Քրիստոսը և օգնեցին նրանց հասկանալու Աստծու պահանջները։ Եվ քանի որ Եհովայի հիմնական պահանջները երբեք չեն փոխվում, մենք նաև կտեսնենք, որ զոհերի ու ընծաների վերաբերյալ իսրայելացիներին տված Աստծու օրենքները կարող են օգնել մեզ տեսնելու, թե ինչպիսին է մեր մատուցած սուրբ ծառայության որակը (Մաղ. 3։6)։
4, 5. ա) Ինչի՞ մասին էր Մովսիսական օրենքը հիշեցնում Աստծու ժողովրդին։ բ) Զոհերի վերաբերյալ օրենքը ինչի՞ն էր մատնացույց անում։
4 Դժվար թե հնում ապրած հրեաները չհասկանային, որ Մովսիսական օրենքի երեսակներից շատերն ընդգծում էին իրենց մեղավոր վիճակը։ Օրինակ՝ նա, ով դիպչեր դիակի, պետք է մաքրվեր։ Դրա համար անարատ կարմիր կով էին մորթում և այրում։ Կովի մոխիրը պահվում էր «մաքրման ջուր» պատրաստելու համար, որը շաղ էին տալիս մաքրվող մարդու վրա անմաքուր դառնալուց հետո երրորդ ու յոթերորդ օրը (Թվեր 19։1–13)։ Իսկ որպես հիշեցում այն մասին, որ մարդն իր երեխաներին անկատարություն ու մեղք է փոխանցում, ծննդաբերությունից հետո կինը որոշ ժամանակ անմաքուր էր համարվում, ինչից հետո պետք է քավություն աներ՝ զոհ մատուցելով (Ղևտ. 12։1–8)։
5 Առօրյա կյանքի բազում այլ իրավիճակներում էլ էին կենդանական զոհեր պահանջվում մեղքերը քավելու համար։ Անկախ նրանից՝ իսրայելացին գիտակցում էր, թե ոչ, այդ զոհերը, ինչպես նաև այն զոհերը, որոնք հետագայում մատուցվում էին Եհովայի տաճարում, Հիսուսի կատարյալ զոհի «ստվերն» էին (Եբր. 10։1–10)։
ԻՆՉ ՈԳՈՎ ԷԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԶՈՀԵՐԸ
6, 7. ա) Զոհի համար կենդանի ընտրելիս իսրայելացիները ի՞նչ պետք է հիշեին, և ի՞նչ էր այն նախապատկերում։ բ) Ի՞նչ հարցեր լավ կլինի՝ տանք մեզ։
6 Շատ կարևոր էր, որ Եհովային մատուցվող ցանկացած կենդանի «անարատ» լիներ բոլոր առումներով. այն չպետք է լիներ կույր, վնասված, խեղանդամ ու հիվանդ (Ղևտ. 22։20–22)։ Եթե իսրայելացիները պտուղներ կամ հացահատիկ էին մատուցում Եհովային, դրանք պետք է լինեին իրենց բերքահավաքի «առաջին պտուղները», «լավագույնները» (Թվեր 18։12, 29)։ Եհովային ընդունելի չէին երկրորդ սորտի ընծաներ։ Կենդանական զոհերի վերաբերյալ այս կարևոր պահանջը նախապատկերում էր այն, որ Հիսուսի զոհը անարատ ու անբիծ էր լինելու և որ մարդկանց փրկագնելու համար Եհովան զոհելու էր իր համար ամենալավն ու ամենասիրելին (1 Պետ. 1։18, 19)։
7 Եթե զոհ մատուցող անհատը իսկապես երախտապարտ էր Եհովային նրա ողջ բարության համար, մի՞թե նա ուրախ չէր լինի ընտրելու իր ունեցածներից լավագույնը։ Ընծայի որակը թողնված էր անհատի հայեցողությանը։ Սակայն նա գիտեր, որ Աստծուն հաճելի չէր լինի արատավոր ընծան, քանի որ դա ցույց կտար, որ այդ մարդը զոհը պարզապես ձևական մի բան էր համարում, նույնիսկ բեռ (կարդա՛ Մաղաքիա 1։6–8, 13)։ Ուստի մենք պետք է խորհենք Աստծուն մատուցվող մեր ծառայության շուրջ և հետևյալ հարցերը տանք մեզ. «Ի՞նչ ոգով եմ ծառայում Եհովային։ Կարիք ունե՞մ բարելավելու իմ ծառայության որակը ու վերանայելու մղումներս»։
8, 9. Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք այն, թե ինչ ոգով էին իսրայելացիները զոհեր մատուցում։
8 Եթե իսրայելացին կամավոր զոհ էր մատուցում իր անկեղծ երախտագիտությունը Եհովային հայտնելու կամ, ինչպես որ ողջակեզի դեպքում էր, նրա բարեհաճությունը ստանալու համար, ապա ճիշտ կենդանի ընտրելը հավանաբար դժվար չէր լինի։ Նա ուրախ կլիներ Եհովային տալու իր լավագույնը։ Այսօր քրիստոնյաները բառացի զոհեր չեն մատուցում, որոնք պահանջվում էին Մովսիսական օրենքով, սակայն նրանք զոհեր են մատուցում այն իմաստով, որ իրենց ժամանակը, ուժն ու միջոցները օգտագործում են Եհովային ծառայելու համար։ Պողոս առաքյալը քրիստոնեական հույսի մասին «հրապարակորեն հռչակելը», «բարին գործելը և.... ունեցածով.... ուրիշներին» օգնելը վերագրեց այն զոհերին, որոնք հաճելի են Աստծուն (Եբր. 13։15, 16)։ Այն ոգին, որով Եհովայի ծառաները մասնակցում են այդպիսի գործերին, ցույց է տալիս, թե որքան երախտապարտ են ու որքան են գնահատում այն ամենը, ինչ Աստված տվել է իրենց։ Փաստորեն, կարող ենք զուգահեռ տանել այսօր քրիստոնեական ծառայությանը մասնակցողների վերաբերմունքի ու մղումների և հին ժամանակներում կամավոր զոհեր մատուցողների վերաբերմունքի ու մղումների միջև։
9 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն իրավիճակի մասին, երբ Մովսիսական օրենքը պահանջում էր, որ անհատը իր գործած սխալի համար մեղքի կամ հանցանքի ընծա մատուցի։ Քո կարծիքով՝ պարտադիր զոհ մատուցելու պահանջը խոչընդոտո՞ւմ էր անհատին ճիշտ տրամադրվածությամբ ու հոժարակամորեն մատուցել այն։ Այդ զոհերը նա դժկամությա՞մբ կմատուցեր (Ղևտ. 4։27, 28)։ Այդպես չէր լինի, եթե անհատը անկեղծորեն ցանկանար լավ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ։
10. Ի՞նչ զոհեր գուցե քրիստոնյաներն անեն վնասված փոխհարաբերությունները վերականգնելու համար։
10 Նմանապես այսօր, գուցե գիտակցես, որ անզգուշորեն, անմտածված ու ոչ միտումնավոր կերպով վիրավորել ես եղբորդ։ Խիղճդ գուցե ասի քեզ, որ սխալ ես վարվել։ Անշուշտ, նա, ով լուրջ է վերաբերվում Եհովային ծառայելուն, իր ուժերից եկածը կանի, որ ուղղի սխալը։ Նա սրտանց ներողություն կխնդրի այն անհատից, որին վիրավորել է, կամ լուրջ սխալի դեպքում հոգևոր օգնություն ստանալու համար կդիմի սիրառատ քրիստոնյա վերակացուներին (Մատթ. 5։23, 24; Հակ. 5։14, 15)։ Փաստորեն, մերձավորի կամ Աստծու դեմ գործած մեղքը շտկելու համար մենք պետք է ինչ-որ բան անենք։ Երբ այդպիսի զոհեր ենք մատուցում, վերականգնում ենք Եհովայի ու մեր եղբոր հետ փոխհարաբերությունները և մաքուր խիղճ ենք ձեռք բերում։ Դա իր հերթին վստահեցնում է մեզ, որ Եհովայի ասածներով առաջնորդվելը լավագույն ուղին է։
11, 12. ա) Ի՞նչ էին խաղաղության զոհերը։ բ) Ի՞նչ առնչություն ունեն խաղաղության զոհերը մեր օրերում մատուցվող մաքուր երկրպագության հետ։
11 Ըստ Մովսիսական օրենքի՝ պետք է մատուցվեին նաև խաղաղության զոհեր։ Դրանք ցույց էին տալիս, որ անհատը խաղաղ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։ Այդպիսի զոհեր անող մարդն ու իր ընտանիքը հավանաբար կենդանու միսն ուտում էին տաճարի ճաշասենյակներից մեկում։ Զոհը մատուցող քահանան, ինչպես նաև տաճարում ծառայող քահանաները մսից բաժին էին ստանում (Ղևտ. 3։1; 7։31–33)։ Այդ զոհը մատուցվում էր՝ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունից մղված։ Ասես երկրպագություն մատուցողը, իր ընտանիքը, քահանաներն ու Եհովան, խաղաղ փոխհարաբերություններ ունենալով, ուրախությամբ միասին ճաշում էին։
12 Մի՞թե Եհովային այդպիսի ճաշի հրավիրելուց ավելի մեծ առանձնաշնորհում կարող էր լինել։ Եվ ի՜նչ մեծ պատիվ էր, երբ Եհովան ընդունում էր այդ հրավերը։ Հյուրընկալը իր լավագույնը կաներ նման պատվավոր հյուրի համար։ Խաղաղության զոհերը Օրենքի հիմնական ճշմարտության մասն էին, որոնք մատնանշում էին այն փաստը, որ Հիսուսի մեծագույն զոհաբերության շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են մտերիմ ու խաղաղ փոխհարաբերություններ ունենալ իրենց Արարչի հետ։ Այսօր մենք կարող ենք ունենալ Եհովայի ընկերակցությունը և վայելել նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ, քանի որ մեր միջոցներն ու եռանդը կամավոր կերպով զոհաբերում ենք նրան ծառայելու համար։
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԶՈՀԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
13, 14. Ինչո՞ւ Եհովան չընդունեց այն, ինչ Սավուղ թագավորը ցանկանում էր զոհաբերել։
13 Ինչ խոսք, Եհովայի կողմից ընդունված լինելու համար Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը պետք է մատուցվեին ճիշտ մղումներով ու սրտի ճիշտ տրամադրվածությամբ։ Աստվածաշունչը պարունակում է նախազգուշական օրինակներ, որոնց մատուցած զոհերը ընդունելի չեն եղել Աստծուն։ Ինչո՞ւ է նա մերժել դրանք։ Քննենք երկու դեպք։
14 Սամուել մարգարեն Սավուղ թագավորին ասաց, որ եկել է ժամանակը, երբ Եհովան պետք է կործանի ամաղեկացիներին։ Ուստի Սավուղը պետք է բնաջինջ աներ այդ թշնամի ազգին ու նրա հոտերը։ Սակայն հաղթանակից հետո թագավորը թույլ տվեց, որ իր զինվորները կենդանի թողնեն ամաղեկացիների թագավոր Ագագին։ Նա նաև խնայեց լավագույն ընտանի կենդանիներին, որ մատուցեին Եհովային (1 Սամ. 15։2, 3, 21)։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա մերժեց Սավուղին անհնազանդության համար (կարդա՛ 1 Սամուել 15։22, 23)։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Որպեսզի Աստված ընդունի զոհը, հարկավոր է հնազանդվել նրա պատվիրաններին։
15. Եսայիայի օրերում զոհեր մատուցող որոշ իսրայելացիների վատ վարքը ի՞նչ էր ցույց տալիս։
15 Նմանատիպ օրինակ կարող ենք գտնել «Եսայիա» գրքում։ Եսայիայի օրերում իսրայելացիները զոհեր էին մատուցում Եհովային՝ նրա ներողամտությունը հայցելու համար։ Սակայն նրանց վատ վարքի պատճառով իրենց զոհերը անընդունելի էին դառնում։ «Ինձ ի՞նչ օգուտ ձեր զոհերի շատությունից,— ասում է Եհովան։— Ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից, ձեր պարարտ կենդանիների ճարպից, ինձ հաճելի չէ ձեր մատղաշ ցլերի, արու գառների և նոխազների արյունը.... Այլևս հացի անարժեք ընծաներ մի՛ բերեք։ Խունկը գարշելի է ինձ համար»։ Ո՞րն էր խնդիրը։ Աստված ասաց նրանց. «Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արյունով։ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, ձեր չար գործերը հեռացրե՛ք իմ աչքերի առաջից, դադարե՛ք չարիք գործելուց» (Ես. 1։11–16)։
16. Ի՞նչն է զոհը Աստծուն ընդունելի դարձնում։
16 Եհովային հաճելի չէին չզղջացող մեղավորների մատուցած զոհերը։ Սակայն նա ընդունում էր այն մարդկանց աղոթքներն ու ընծաները, ովքեր սրտանց ձգտում էին ապրել իր պատվիրանների համաձայն։ Հիմնական ճշմարտությունը, որը պարփակված էր Օրենքի մեջ, սովորեցնում էր այդ անհատներին, որ նրանք մեղավոր էին ու ներման կարիք ունեին (Գաղ. 3։19)։ Երբ իսրայելացին գիտակցում էր դա, իր սրտում զղջում էր կատարած մեղքերի համար ու ցանկանում, որ Եհովան ների իրեն։ Մենք ևս պետք է ընդունենք, որ Քրիստոսի զոհի կարիքն ունենք, ինչն իսկապես կարող է քավել մեր մեղքերը։ Եթե հասկանանք դա ու երախտապարտ լինենք դրա համար, Եհովային «հաճելի կլինի» այն ամենը, ինչ ընծայում ենք իրեն մեր ծառայության ժամանակ (կարդա՛ Սաղմոս 51։17, 19)։
ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՀԻՍՈՒՍԻ ԶՈՀԻ ՀԱՆԴԵՊ
17-19. ա) Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն դրսևորել Եհովայի հանդեպ Հիսուսի քավիչ զոհի համար։ բ) Ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ հոդվածում։
17 Մենք ունենք առավելություն, որ չունեին նախաքրիստոնեական ժամանակներում ապրած մարդիկ։ Մենք ստիպված չենք նրանց պես բավարարվել՝ պարզապես տեսնելով Աստծու նպատակների «ստվերը» (Եբր. 10։1)։ Զոհաբերությունների վերաբերյալ օրենքները օգնում էին հրեաներին հասկանալու, թե ինչ պետք է անեին Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար. քաջալերում էին անկեղծ երախտագիտություն զարգացնել Եհովայի հանդեպ, նրան լավագույնը տալու ցանկություն էին առաջ բերում և օգնում էին գիտակցելու, որ փրկանքի կարիք ունեն։ Շնորհիվ Քրիստոնեական Հունարեն Գրություններում եղած բացատրության մենք հասկանում ենք, որ փրկանքի միջոցով Եհովան ընդմիշտ կվերացնի մեղքի հետևանքները և որ նույնիսկ հիմա նա թույլ է տալիս մեզ մաքուր խիղճ ունենալ իր առաջ։ Իսկապես, Հիսուսի քավիչ զոհը հրաշալի նվեր է (Գաղ. 3։13; Եբր. 9։9, 14)։
18 Իհարկե, քավիչ զոհից օգուտներ քաղելու համար ավելին է հարկավոր, քան պարզապես այն հասկանալը։ «Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը, որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք»,— գրեց Պողոս առաքյալը (Գաղ. 3։24)։ Մեր հավատը պետք է գործերով ցույց տանք (Հակ. 2։26)։ Այսպիսով՝ առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր ունեին Մովսիսական օրենքի հիմնական գիտելիքները, Պողոսը քաջալերեց կիրառել դրանք։ Եթե այդպես վարվեին, նրանց վարքը կհամապատասխաներ իրենց սովորեցրած աստվածային սկզբունքներին (կարդա՛ Հռոմեացիներ 2։21–23)։
19 Թեև այսօր քրիստոնյաներից չի պահանջվում պահել Մովսիսական օրենքը, այդուհանդերձ, նրանք պետք է Եհովային ընդունելի զոհեր մատուցեն։ Իսկ թե ինչպես կարող ենք անել դա, կխոսենք հաջորդ հոդվածում։
[մեջբերում 17-րդ էջի վրա]
Եհովայի հիմնական պահանջները երբեք չեն փոխվում
[նկար 18-րդ էջի վրա]
Ո՞ր կենդանին կմատուցեիր Եհովային
[նկար 19-րդ էջի վրա]
Եհովային ընդունելի զոհեր մատուցողները ունեն նրա հավանությունը