Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 8/1 էջ 11–14
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 8/1 էջ 11–14

Աստվածաշունչը փոխում է կյանքերը

ԻՆՉՈ՞Ւ մի մարդ, որը մեծացել է մոլեռանդ կաթոլիկների ընտանիքում և դատավորի փայլուն կարիերա է ստեղծել, որոշեց դառնալ Եհովայի վկա։ Ի՞նչը մղեց մի ահաբեկչի հրաժարվելու բռնությունից և դառնալու Աստծու Խոսքի քարոզիչ։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Ավելի լավ հասկացա ճիշտն ու սխալը» (ՍԵԲԱՍՏԻԱՆ ԱԼՎԻՍ ՋՈՒՆԿԵՐԱ)

ԾՆՎԵԼ Է՝ 1946​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄՈԼԻ ԿԱԹՈԼԻԿ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ընտանիքս ապրում էր Պիկետի քաղաքից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գյուղում։ Ծնողներս փոքրիկ ֆերմա ունեին, որի շնորհիվ կարողանում էին հոգալ մեր հիմնական կարիքները։ Դպրոցս Պիկետի քաղաքում էր, այդ պատճառով մի հին հեծանիվ գնեցի, որ կարողանամ հեշտությամբ հասնել այնտեղ։ Թեպետ գյուղում ապրող մարդիկ աղքատ էին, բայց հանցագործությունը համեմատաբար քիչ էր, և տարածքը՝ մաքուր։ Տղամարդկանցից շատերն աշխատում էին զենք արտադրող գործարանում։

Ես ջանասեր էի և կարողացա ընդունվել Օդային ուժերի ռազմական դպրոց, իսկ 1966​թ.-ին դպրոցն ավարտելուն պես սերժանտի կոչում ստացա։ Դրանից հետո սովորեցի և ձեռք բերեցի իրավաբանի մասնագիտություն։ 1976​թ.-ին հատուկ քննություն հանձնեցի և ոստիկանապետի պաշտոն ստացա։ Ժամանակ առ ժամանակ բանտի վարչությունում էի աշխատում։ Այդ ընթացքում Եհովայի վկաները հաճախ էին գալիս կալանավորներին քարոզելու թույլտվություն ստանալու համար։ Նրանք ինձ հետ էլ էին Աստվածաշնչից խոսում։ Ես հարգանք ունեի Աստծու նկատմամբ և շատ տպավորվեցի, երբ իմացա, որ Աստված անուն ունի և որ մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։

Հետագայում ավելի բարձր պաշտոն ստանձնեցի։ 1981​թ.-ին ևս մեկ քննություն հանձնելով՝ դարձա դատավոր։ Իսկ 2005​թ.-ին նշանակվեցի Սան Պաուլուի Վճռաբեկ դատարանի դատավոր։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո սկսեցի Աստվածաշունչ կարդալ, ինչը ամբողջությամբ փոխեց իմ մտածելակերպը։ Ես մոլի կաթոլիկ էի։ Իմ ազգականներից ոմանք քահանաներ էին, իսկ մեկը՝ եպիսկոպոս, ուստի շատ անգամ պատարագի ժամանակ օգնում էի քահանային։ Նախքան նրա քարոզ կարդալը ես աղոթագրքից որոշ հատվածներ էի ընթերցում։ Կաթոլիկ ընտանիքներում ընդունված չէր Աստվածաշունչ կարդալը, և երբ մայրս իմացավ, որ Աստվածաշունչ եմ կարդում, վրդովվեց։ Նա փորձեց ինձ հետ պահել՝ ասելով, թե մի օր կխելագարվեմ։ Չնայած դրան՝ ես շարունակեցի ընթերցել Աստվածաշունչը, քանի որ վտանգ չէի տեսնում դրա մեջ։

Կարծում եմ՝ հետաքրքրասիրությունն էր պատճառը, որ մղեց ինձ շարունակելու կարդալ Աստվածաշունչը։ Ուզում էի ավելի շատ բան իմանալ քահանաների և եկեղեցում նրանց ունեցած դերի մասին։ Նաև սկսեցի կարդալ «ազատագրության աստվածաբանություն» շարժման մասին, սակայն դրա կողմնակիցների բերած հիմքերն ու տրամաբանությունը այնքան աղավաղված էին, որ գլուխ չհանեցի դրանից։

Իմ ատամնաբույժին, որը բուդդայական էր, մի գիրք էին նվիրել, և նա այն առաջարկեց ինձ կարդալու։ Գիրքը կոչվում էր «Մարդը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ արարչագործության»a։ Ես վերցրի այն՝ մտածելով, որ հետաքրքիր կլինի այդ գիրքը Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքի հետ զուգահեռ կարդալ։ Տեսա, որ ատամնաբույժի տված գրքում բերվող փաստարկները հիմնավոր էին, տրամաբանական և համոզիչ։ Կասկած չունեի, որ էվոլյուցիոն տեսությունը անհիմն է։

Արարչագործության մասին ընթերցանությունը խորացրեց իմ հետաքրքրասիրությունը։ Ցանկացա Եհովայի վկաների գրքերից ավելի շատ ունենալ։ Ծանոթացա մի Վկայի հետ, որն ինձ մի քանի գիրք տվեց ընթերցելու և առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Սակայն այդ ժամանակ մերժեցի առաջարկը՝ մտածելով, որ ինքս կարող եմ դա անել։

Երբ սկսեցի ընթերցել Աստվածաշունչը, ամուսնացած էի, ուստի մտածեցի՝ լավ կլինի նաև ընտանիքիս հետ կարդամ այն։ Ամեն շաբաթ ընտանիքով կարդում և ուսումնասիրում էինք Աստվածաշունչը։ Մեր ընտանիքում քահանաներին ու եպիսկոպոսներին մեծ տեղ էր տրվում։ Մեզ սովորեցրել էին, թե փրկությունը քահանաներից է։ Բայց Աստվածաշունչն ընթերցելիս իմ ուշադրությունը գրավեց Հովհաննես 14։6-րդ համարը. «Հիսուսը պատասխանեց [Թովմաս աշակերտին]. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»»։ Այս խոսքերը խորությամբ ուսումնասիրելուց հետո համոզվեցի, որ մեր փրկությունը Եհովայից է՝ Հիսուսի միջոցով։

Կաթոլիկ եկեղեցու և նրա ուսմունքների մասին իմ տեսակետը փոխվեց նաև երկու այլ աստվածաշնչյան համարների շնորհիվ։ Առաջինը Առակներ 1։7-ն է, որտեղ ասվում է. «Եհովայի հանդեպ վախը գիտելիքների սկիզբն է։ Իմաստությունն ու խրատը հիմարներն են արհամարհում»։ Երկրորդ համարը Հակոբոս 1։5-ն է։ Այնտեղ գրված է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան»։ Քանի որ իմաստության և գիտելիքների հանդեպ ծարավը չէի կարողանում հագեցնել եկեղեցի գնալով, դադարեցի այնտեղ գնալուց։

1980​թ.-ին կինս սկսեց Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ տանն էի լինում, ես էլ էի մասնակցում ուսումնասիրությանը։ Ժամանակի ընթացքում համաձայնվեցի, որ ինձ հետ էլ ուսումնասիրեն։ Սակայն միայն երկար ժամանակ հետո որոշեցինք մկրտվել։ Կինս մկրտվեց 1994​թ.-ին, ես՝ 1998-ին։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Չորս երեխաներիս դաստիարակել ենք Եհովայի չափանիշներով (Եփեսացիներ 6։4)։ Երկու որդիներս առանձնաշնորհում ունեն հոգևորապես օգնելու ժողովում իրենց հավատակիցներին։ Աղջիկներս նախանձախնդիր են քարոզչական գործում։ Կինս ամեն ամիս շատ ժամեր է անցկացնում՝ օգնելով մարդկանց սովորելու Աստծու մասին, իսկ ես ուրախությամբ ծառայում եմ ժողովում որպես երեց։

Եհովայի վկա դառնալուց հետո ավելի լավ հասկացա ճիշտն ու սխալը։ Տարբեր դատական գործեր վարելիս փորձում եմ ընդօրինակել Եհովային. հաշվի եմ առնում բոլոր մանրամասները, ողջամիտ եմ և, երբ մեղմացնող հանգամանքներ են լինում, կարեկցանք եմ դրսևորում։

Շատ դատավարություններ եմ վարել, որոնք կապված են եղել բռնության, անօրենության, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի և այլ տեսակի հանցագործությունների հետ։ Չնայած այս ամենին՝ սառնասիրտ չեմ դարձել։ Երբ նայում եմ լուրերը, ցավ եմ զգում՝ տեսնելով, թե աշխարհն ինչպես է բարոյական անկում ապրում։ Շնորհակալ եմ Եհովային, որ այժմ հասկանում եմ, թե որն է հանցագործության աճի պատճառը, և անչափ երախտապարտ եմ ապագայի հրաշալի հույսի համար։

«Բանտը չփոխեց ինձ» (ՔԻԹ ՎՈՒԴԶ)

ԾՆՎԵԼ Է՝ 1961​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՀԱԲԵԿԻՉ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ 1961​թ.-ին Պորտադաուն քաղաքում (Հյուսիսային Իռլանդիա)։ Մեծացել եմ բողոքականների ընտանիքում։ Ապրում էինք աղքատ թաղամասում, որտեղ ունեինք և՛ կաթոլիկ, և՛ բողոքական հարևաններ։ Չնայած աղքատությանը՝ բոլորն իրար հետ լավ հարևանություն էին անում։

Այնպիսի կյանքով եմ ապրել, որի համար երբեք չես պարծենա։ 1974​թ.-ին ներքաշվեցի կրոնական ու քաղաքական հակամարտության մեջ, որն այդ ժամանակ տեղի էր ունենում Հյուսիսային Իռլանդիայում։ Մեր թաղամասում իրավիճակը վատացավ։ Մի գիշեր, երբ հայրս (այդ ժամանակ Օլստերի գորգագործության գործարանի մենեջերն էր) իր աշխատավայրում սովորեցնում էր մեր հարևանությամբ ապրող երկու կաթոլիկ տղաների, ինչ-որ մեկը նրանց տուն պատուհանից ռումբ գցեց։ Տղաների հայրը, մայրը և եղբայրը մահացան։

Կրքերը բորբոքվեցին, պատերազմ սկսվեց։ Բողոքականների տները վառելով՝ նրանց քշում էին կաթոլիկների թաղամասից, բողոքականների տարածքում էլ կաթոլիկների վրա էին հարձակվում։ Մեր թաղամասում միայն բողոքականներ մնացին։ Շատ չանցած՝ ինձ ձերբակալեցին ու դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, քանի որ մասնակցում էի խռովություններին։

Բանտում ընկերացա մի անձնավորության հետ, որը ճանաչված դեմք էր լոյալիստների (քաղաքական շարժում) շրջանում։ Մենք եղբայրների պես էինք, և երբ նա ամուսնացավ, հարսանիքին նրա փեսեղբայրը եղա։ Բանտը չփոխեց ինձ, չփոխեց նաև ընկերոջս։ Երբ դուրս եկանք, ավելի շատ մխրճվեցինք քաղաքական գործերի մեջ։ Ընկերս նորից բանտում հայտնվեց, որտեղ էլ նրան սպանեցին։

Ես նույնպես դարձա հակառակորդների թիրախը։ Մի անգամ պայթեցրին իմ մեքենան։ Սակայն դա միայն ավելացրեց իմ վճռականությունը ավելի ակտիվորեն գործելու «Հանուն Աստծու և Օլստերի» նշանաբանի համաձայն։

Այդ ժամանակ ես մասնակցեցի հակամարտությունների վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանմանը, որը հեռարձակվեց բրիտանական հեռուստատեսությամբ։ Դա լրացուցիչ խնդիրներ ստեղծեց։ Մի երեկո, երբ տուն եկա, տեսա, որ կինս լքել է ինձ։ Կարճ ժամանակ անց խլեցին որդուս՝ զրկելով ինձ ծնողական իրավունքներից։ Հիշում եմ, որ մի օր, նայելով հայելու մեջ, ասացի. «Աստվա՛ծ, եթե կաս, օգնիր ինձ»։

Հաջորդ շաբաթ օրը հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, որի անունը Փոլ էր։ Նա Եհովայի վկա էր դարձել։ Փոլը սկսեց խոսել ինձ հետ Աստվածաշնչի մասին։ Երկու օր հետո նա ուղարկեց «Դիտարան» ամսագրի մի օրինակ։ Ամսագրի հոդվածներից մեկում մեջբերված էին Հիսուսի խոսքերը. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։ Հիսուսի այս խոսքերը շատ տպավորեցին ինձ։ Այդ օրվանից իմ կյանքը սկսեց փոխվել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Փոլի օգնությամբ ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետո Բիլ անունով մի Վկա շարունակեց ուսումնասիրությունը։ Գիտեմ, որ ինձ հետ հեշտ չէր. ես այնքան շատ հարցեր ունեի։ Երբեմն տարբեր կրոնականների էի հրավիրում ուսումնասիրությանը՝ ապացուցելու համար, որ Բիլը սխալ է։ Սակայն ամեն անգամ համոզվում էի, որ Աստծու Խոսքը ճշմարտություն է։

Հիշում եմ՝ մի անգամ ասացի Բիլին, որ մեր պայմանավորված օրը չգա իմ տուն, քանի որ փողոցները արգելափակված էին։ Նրա մեքենան կարող էին ձեռքից վերցնել ու այրել։ Սակայն Բիլը սովորականի պես եկավ ուսումնասիրության։ Մեքենայի փոխարեն՝ նա հեծանվով էր եկել։ Դժվար թե մեկը ուզենար հեծանիվը վերցնել։ Մի անգամ էլ, երբ ես ու Բիլը տանը նստած Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, զինված ոստիկաններ եկան ինձ ձերբակալելու։ Երբ ինձ տանում էին, Բիլը բացականչելով ասաց, որ Եհովային ապավինեմ։ Այդ դեպքերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։

Առաջին անգամ, երբ Եհովայի վկաների Թագավորության սրահ գնացի, պետք է որ շատերը զարմացած լինեին։ Ես երկար մազեր ունեի, ականջօղ էի կրում և հագիս կաշվից բաճկոն կար, որը ցույց էր տալիս, թե ինչ քաղաքական շարժման եմ պատկանում։ Վկաները լավ վերաբերվեցին ինձ։ Նրանց ջերմությունը ինձ անչափ տպավորեց։

Թեև Աստվածաշունչ էի ուսումնասիրում, սակայն դեռևս շփում ունեի իմ հին ընկերների հետ։ Ի վերջո, աստվածաշնչյան ճշմարտությունը սկսեց խոր արմատներ գցել իմ սրտում։ Հասկացա, որ եթե ուզում եմ ծառայել Եհովային, պետք է փոխեմ իմ քաղաքական հայացքներն ու ընկերներիս։ Դա հեշտ չէր։ Բայց երբ ավելի շատ բան սովորեցի Եհովայի մասին և ուժ ստացա նրանից, կարողացա կատարել այդ փոփոխությունները։ Կտրեցի մազերս, հանեցի ականջօղս և կոստյում գնեցի։ Այն, ինչ սովորում էի, նաև օգնում էր ինձ փոխելու մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքը։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Հանցագործությունն ու ահաբեկչությունը կյանքիս անբաժանելի ուղեկիցներն էին դարձել։ Ինձ դեմքով ճանաչում էին տարածքի բոլոր օրինապահ մարմինները։ Սակայն այսօր ամեն ինչ փոխվել է։ Երբ առաջին անգամ գնացի Եհովայի վկաների համաժողով, որը տեղի էր ունենում Նավան քաղաքում, օրինապահ մարմինները հետևում էին ինձ ողջ ճանապարհի ընթացքում՝ Իռլանդիայից մինչև Հյուսիսային Իռլանդիա։ Սակայն այսօր ես համաժողով եմ գնում առանց «թիկնապահների»։ Նաև ազատորեն մասնակցում եմ ծառայությանը Փոլի ու Բիլի, ինչպես նաև մեր ժողովի մյուս հավատակիցների հետ։

Անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո դարձա Եհովայի վկաների ժողովի լիարժեք անդամ։ Այնտեղ տեսա Լուիզ անունով մի Վկայի, որի հետ հետագայում ամուսնացա։ Բացի այդ, որդուս կրկին ինձ տվեցին։

Երբ հետադարձ հայացք եմ նետում, ափսոսում եմ, որ մարդկանց այդքան ցավ եմ պատճառել։ Սակայն կարող եմ վստահությամբ ասել, որ Աստվածաշունչը իրոք կարող է ինձ նման մարդկանց օգնել թողնելու կյանքի սխալ ուղին և լցնելու այն իմաստով ու հույսով։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, սակայն այժմ չի տպագրվում։

[մեջբերում 12-րդ էջի վրա]

Երբ մայրս իմացավ, որ Աստվածաշունչ եմ կարդում, վրդովվեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը