Մեր ընթերցողները հարցնում են
Ի՞նչ տեսակետ ունի Աստված ծխախոտի գործածության վերաբերյալ
▪ Անհատը թերևս անկեղծորեն այս հարցը տա, քանի որ Աստվածաշնչում օրենք չկա, որում կոնկրետ նշվի ծխախոտի գործածության մասին։ Սակայն արդյո՞ք դժվար է իմանալ Աստծու տեսակետը այս հարցի շուրջ։ Ամենևի՛ն։
Աստվածաշունչն ասում է, որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Այնտեղ գրված են պարզ սկզբունքներ և խոսքեր, որոնք ցույց են տալիս, որ Աստված հետաքրքրված է մեր առողջությամբ։ Սակայն նախ տեսնենք, թե մասնագետների կարծիքով՝ ինչ ազդեցություն է թողնում ծխախոտը առողջության վրա։ Այնուհետև կքննենք այս հարցին առնչվող աստվածաշնչյան սկզբունքներ։
Ծխախոտը վնասում է առողջությունը և մահվան պատճառ է դառնում։ Միացյալ Նահանգներում հինգ մարդուց մեկը մահանում է ծխախոտի պատճառով։ Ըստ Թմրանյութերի չարաշահման ազգային ինստիտուտի տվյալների՝ այդ երկրում ամեն տարի ծխախոտի գործածության հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան «ալկոհոլի չարաշահման, թմրադեղերի, սպանության, ինքնասպանության, ավտովթարների և ՁԻԱՀ-ի» պատճառով։
Ծխողները վնասում են ուրիշներին։ Ծխախոտի մի փոքր ծուխն անգամ վտանգավոր է։ Պասիվ ծխողների մոտ թոքերի քաղցկեղ և սրտի հիվանդություններ ձեռք բերելու վտանգը 30 տոկոսով մեծ է։ Վերջին տարիներին բժիշկները մեկ այլ վտանգ են հայտնաբերել. ծխից քիմիական թունավոր նյութեր են մնում հագուստի, գորգերի և այլ իրերի մակերեսների վրա, որոնք երկար ժամանակ պահպանվում են։ Այդ նյութերը հատկապես վտանգավոր են երեխաների առողջության համար և կարող են դանդաղեցնել նրանց մտավոր զարգացումը։
Ծխախոտը կախվածություն է առաջացնում։ Ծխախոտը մարդուն իր գերին է դարձնում։ Մասնագետների կարծիքով՝ նիկոտինը այնպիսի կախվածություն է առաջացնում, որից չափազանց դժվար է ազատվել։
Այժմ տեսնենք, թե աստվածաշնչյան ինչ սկզբունքներ կան այս փաստերի առնչությամբ։
Աստված ուզում է, որ հարգանք ունենանք կյանքի նկատմամբ։ Իսրայել ազգին տրված Օրենքում Աստված նշեց, որ նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել իրեն, պետք է հարգանք դրսևորեն կյանքի հանդեպ (2 Օրենք 5։17)։ Օրինակ՝ քանի որ իսրայելացիների տների տանիքները հարթ էին և մարդիկ օրվա մի մասը այնտեղ էին անցկացնում, նրանց պատվեր տրվեց, որ տուն կառուցելիս տանիքին եզրապատ շինեն, որպեսզի ոչ ոք այնտեղից չընկնի և չվնասվի կամ մահանա (2 Օրենք 22։8)։ Իսրայելացիները նաև պետք է հետևեին, որ իրենց կենդանիները չվնասեն ուրիշներին (Ելք 21։28, 29)։ Ծխող անհատը խախտում է այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են այս օրենքները։ Նա գիտակցաբար վնասում է ոչ միայն իր առողջությունը, այլև ուրիշների։
Աստված ուզում է, որ սիրենք թե՛ իրեն, թե՛ մեր մերձավորին։ Հիսուս Քրիստոսն ասաց, որ իր հետևորդները պետք է պահեն երկու կարևոր պատվիրան՝ սիրեն Աստծուն իրենց ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով ու սիրեն մերձավորին իրենց անձի պես (Մարկոս 12։28–31)։ Քանի որ կյանքը Աստծու պարգևն է, անհատը, ծխախոտ օգտագործելով, անհարգալից վերաբերմունք է դրսևորում այդ պարգևի հանդեպ, ուստիև ցույց է տալիս, որ չի սիրում Աստծուն (Գործեր 17։26–28)։ Եվ քանի որ այդ սովորությամբ նա կարող է լուրջ վնաս հասցնել ուրիշներին, նաև ցույց է տալիս, որ չի սիրում իր մերձավորին։
Աստված ուզում է, որ անմաքուր սովորություն չունենանք։ Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին, որ իրենց մաքրեն «մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ Անկասկած, ծխախոտը պղծում է մարդուն։ Ինչ խոսք, հեշտ չէ թողնել ծխելը, սակայն նրանք, ովքեր ուզում են դա անել Աստծուն հաճեցնելու համար, նրա օգնությամբ կկարողանան ձերբազատվել այս կախվածությունից։