Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 8/15 էջ 11–15
  • Վարվիր որպես Աստծու Թագավորության քաղաքացի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վարվիր որպես Աստծու Թագավորության քաղաքացի
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ
  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստվածասեր մարդ և պատասխանատու քաղաքացի. ինչպե՞ս
    2012 Դիտարան
  • «Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Աստծո Թագավորության կառավարումը այսօր իրականություն է
    2004 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 8/15 էջ 11–15

Վարվիր որպես Աստծու Թագավորության քաղաքացի

«Բարի լուրին արժանի կերպով վարվեք» (ՓԻԼԻՊ. 1։27)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

Ովքե՞ր կարող են Թագավորության քաղաքացի լինել։

Թագավորության քաղաքացի դառնալու համար ի՞նչ պետք է սովորենք։

Թագավորության քաղաքացիներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ սիրում են Աստծու չափանիշները։

1, 2. Պողոսի խորհուրդն ինչո՞ւ հատուկ նշանակություն ուներ Փիլիպպեի ժողովի համար։

ՊՈՂՈՍ առաքյալը Փիլիպպեում գտնվող ժողովին քաջալերեց «բարի լուրին արժանի կերպով վարվել» (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։27)։ «Վարվել» թարգմանված հունարեն բառը կարող է թարգմանվել նաև «վարվել որպես քաղաքացի»։ Այս արտահայտությունը հատուկ նշանակություն ուներ Փիլիպպեի ժողովի համար։ Ինչո՞ւ։ Քանի որ Փիլիպպեն այն քաղաքներից էր, որոնց բնակիչներին հռոմեական քաղաքացիություն էր տրվում։ Հռոմեական քաղաքացիություն ունեցողները՝ լինեին Փիլիպպեի թե ընդհանրապես Հռոմեական կայսրության բնակիչներ, հռոմեական օրենքի պաշտպանության տակ էին և հպարտանում էին իրենց քաղաքացիությամբ։

2 Փիլիպպեի ժողովի անդամները հպարտանալու ավելի մեծ պատճառ ունեին։ Քանի որ օծյալ քրիստոնյաներ էին, Պողոսը հիշեցրեց, որ նրանց «քաղաքացիությունը երկնքում է» (Փիլիպ. 3։20)։ Նրանք ոչ թե պարզապես մարդկային կառավարության քաղաքացիներ էին, այլ Աստծու Թագավորության, ուստի այնպիսի պաշտպանություն և առավելություններ ունեին, որոնք ոչ մի ուրիշ կառավարություն չէր կարող տալ (Եփես. 2։19–22)։

3. ա) Ովքե՞ր հնարավորություն ունեն լինելու Աստծու Թագավորության քաղաքացիներ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Պողոսի հորդորը՝ «վարվել որպես քաղաքացիներ», սկզբունքորեն վերաբերում է նրանց, ովքեր պետք է Քրիստոսի հետ թագավորեն երկնքում (Փիլիպ. 3։20)։ Սակայն ավելի լայն իմաստով այն կարող է վերաբերել նաև նրանց, ովքեր Աստծու Թագավորության երկրային հպատակներն են լինելու։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլոր նվիրված քրիստոնյաները ծառայում են նույն Թագավորին՝ Եհովային, և պետք է ապրեն միևնույն չափանիշներով (Եփես. 4։4–6)։ Այսօր մարդիկ մեծ ջանքեր են թափում, որ համապատասխանեն զարգացած երկրների քաղաքացիություն ստանալու պահանջներին։ Որքա՜ն ավելի մենք պետք է գնահատենք Աստծու Թագավորության քաղաքացի լինելու հնարավորությունը։ Որպեսզի ավելի շատ գնահատենք այդ առանձնաշնորհումը, տեսնենք, թե ինչ նմանություններ կան մարդկային կառավարության և Աստծու Թագավորության քաղաքացի դառնալու պահանջների միջև։ Այնուհետև կիմանանք, թե ինչ երեք բան պետք է անենք, եթե ուզում ենք արժանանալ Թագավորության քաղաքացի լինելու պատվին։

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

4. Ո՞րն է մաքուր լեզուն, և ինչպե՞ս ենք «խոսում» այդ լեզվով։

4 Սովորել լեզուն։ Որոշ պետություններ պահանջում են, որ քաղաքացիության համար դիմողները խոսեն այդ երկրի պետական լեզվով։ Նույնիսկ քաղաքացիություն ստանալուց հետո մարդիկ գուցե մի քանի տարի դեռ շարունակեն սովորել այդ նոր լեզուն։ Հնարավոր է՝ նրանք արագ սովորեն քերականության կանոնները, բայց ավելի երկար ժամանակ պահանջվի բառերի ճիշտ արտասանությունը սովորելու համար։ Նմանապես Աստծու Թագավորությունը պահանջում է, որ իր քաղաքացիները սովորեն այն լեզուն, որն Աստվածաշունչը անվանում է «մաքուր լեզու» (կարդա՛ Սոփոնիա 3։9)։ Ո՞րն է այդ լեզուն։ Դա աստվածաշնչյան ճշմարտությունն է Աստծու և նրա նպատակների մասին։ Մենք «խոսում» ենք այդ լեզվով, երբ մեր վարքը համապատասխանեցնում ենք Աստծու օրենքներին և սկզբունքներին։ Աստծու Թագավորության քաղաքացիները գուցե արագ սովորեն Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և մկրտվեն։ Սակայն նույնիսկ մկրտությունից հետո նրանք պետք է շարունակեն ջանք թափել, որպեսզի ավելի ու ավելի լավ «խոսեն» մաքուր լեզվով։ Ինչպե՞ս։ Յուրաքանչյուրս պետք է ամեն կերպ ձգտի ապրել իր սովորած սուրբգրային սկզբունքների համաձայն։

5. Ինչո՞ւ պետք է հնարավորինս ամեն բան սովորենք Եհովայի կազմակերպության երկրային մասի պատմության վերաբերյալ։

5 Ուսումնասիրել պատմությունը։ Այն անհատը, ով ցանկանում է որևէ պետության քաղաքացի լինել, պետք է որոշ չափով իմանա նրա պատմությունը։ Նմանապես ովքեր ցանկանում են դառնալ Աստծու Թագավորության քաղաքացի, լավ կլինի, որ հնարավորինս ամեն ինչ սովորեն այդ կառավարության մասին։ Նկատի առ Կորխի որդիների օրինակը, որոնք ծառայում էին հին Իսրայելում։ Նրանք շատ էին սիրում Երուսաղեմն ու իրենց երկրպագության վայրը և հաճույքով պատմում էին քաղաքի պատմությունը։ Սակայն ամենից շատ նրանց տպավորում էին ոչ թե գեղեցիկ քարերն ու կրով ներկված պատերը, այլ այն, թե ինչ էին ներկայացնում քաղաքն ու երկրպագության վայրը։ Երուսաղեմը Եհովայի՝ «Մեծ Թագավորի քաղաքն» էր, քանի որ այն ճշմարիտ երկրպագության կենտրոնն էր։ Այնտեղ էր, որ սովորեցնում էին Եհովայի Օրենքը։ Եհովան իր սիրառատ բարությունը հայտնի էր դարձրել այն ժողովրդին, որի վրա ինքն էր իշխում՝ Երուսաղեմի Թագավորը (կարդա՛ Սաղմոս 48։1, 2, 9, 12, 13)։ Նրանց պես՝ դու է՞լ ես ցանկանում ուսումնասիրել ու պատմել Եհովայի կազմակերպության երկրային մասի պատմությունը։ Որքան շատ սովորես Աստծու կազմակերպության մասին և թե ինչպես է Նա աջակցում իր ժողովրդին, այնքան Աստծու Թագավորությունն ավելի իրական կլինի քեզ համար։ Եվ դու է՛լ ավելի մեծ ցանկություն կունենաս հռչակելու այդ Թագավորության մասին բարի լուրը (Երեմ. 9։24; Ղուկ. 4։43)։

6. Ինչո՞ւ է տրամաբանական, որ Եհովան մեզնից պահանջում է իմանալ ու հնազանդվել Թագավորության օրենքներին ու սկզբունքներին։

6 Իմանալ օրենքները։ Մարդկային կառավարությունները պահանջում են, որ իրենց հպատակները իմանան երկրի օրենքները և հնազանդվեն դրանց։ Շատ տրամաբանական է, որ Եհովան էլ է ակնկալում մեզնից իմանալ այն օրենքներն ու սկզբունքները, որոնցով առաջնորդվում են Թագավորության բոլոր քաղաքացիները, և հնազանդվել դրանց (Ես. 2։3; Հովհ. 15։10; 1 Հովհ. 5։3)։ Մարդկային օրենքները հաճախ թերի ու անարդար են։ Ի տարբերություն դրանց՝ «Եհովայի օրենքը կատարյալ է» (Սաղ. 19։7)։ Ուրախություն ստանո՞ւմ ենք Աստծու օրենքից, ամեն օր կարդո՞ւմ ենք նրա Խոսքը (Սաղ. 1։1, 2)։ Յուրաքանչյուրս պետք է ուսումնասիրի Աստծու օրենքը։ Ոչ ոք չի կարող դա անել մեր փոխարեն։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

7. Ի՞նչ բարձր չափանիշով են ապրում Թագավորության քաղաքացիները։

7 Թագավորության քաղաքացիներ մնալու համար մենք ոչ միայն պետք է իմանանք Աստծու չափանիշները, այլև սիրենք դրանք։ Մարդկային կառավարությունների շատ քաղաքացիներ ասում են, որ համաձայն են իրենց երկրի օրենքներին ու չափանիշներին։ Սակայն եթե նրանց դուր չի գալիս որևէ պահանջ, նրանք խախտում են օրենքը, երբ ոչ ոք չի տեսնում։ Այդպիսի մարդիկ հաճախ «մարդկանց հաճեցնողներ» են (Կող. 3։22)։ Թագավորության քաղաքացիները ավելի բարձր չափանիշով են ապրում։ Մենք ուրախությամբ հնազանդվում ենք Աստծու օրենքներին, նույնիսկ երբ ոչ մի մարդ չի տեսնում, քանի որ սիրում ենք Օրենսդրին (Ես. 33։22; կարդա՛ Ղուկաս 10։27)։

8, 9. Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ իսկապես սիրում ես Աստծու օրենքները, թե ոչ։

8 Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ իսկապես սիրում ես Աստծու օրենքները, թե ոչ։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես արձագանքում, երբ խորհուրդ ես ստանում այն հարցի վերաբերյալ, որն, ըստ քեզ, անձնական նախընտրության հարց է, օրինակ՝ հագուկապի ու հարդարանքի վերաբերյալ։ Թագավորության քաղաքացի դառնալուց առաջ գուցե թափթփված կամ ցանկահարույց զգեստ ես կրել։ Սակայն Աստծուն ավելի ու ավելի շատ սիրելով՝ դու սկսեցիր հագնվել այնպես, որ փառք բերես նրան (1 Տիմոթ. 2։9, 10; 1 Պետ. 3։3, 4)։ Թերևս մտածում ես, որ հիմա քո հագուստը համեստ է։ Բայց ի՞նչ կանես, եթե մի երեց ասի, որ քո հագուկապի պատճառով ժողովի որոշ քարոզիչներ վատ են զգում։ Ինչպե՞ս կարձագանքես։ Կսկսե՞ս պաշտպանվել, բարկանալ կամ համառորեն քոնը պնդել։ Աստծու Թագավորության հիմնարար օրենքներից մեկն այն է, որ բոլոր քաղաքացիները պետք է ընդօրինակեն Քրիստոսին (1 Պետ. 2։21)։ Հիսուսի օրինակի վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար։ Նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմ. 15։2, 3)։ Հասուն քրիստոնյան, առանց բարկանալու, պատրաստակամորեն կզիջի ու հաշվի կառնի ուրիշների խիղճը հանուն ժողովի խաղաղության (Հռոմ. 14։19–21)։

9 Նկատի առ ևս երկու կարևոր հարց՝ մեր տեսակետը սեքսի և ամուսնության վերաբերյալ։ Ովքեր դեռևս Աստծու Թագավորության քաղաքացիներ չեն, գուցե հանդուրժեն համասեռամոլությունը, պոռնկագրությունը համարեն անվնաս զվարճություն, իսկ շնությունն ու ամուսնալուծությունը՝ խիստ անձնական հարց։ Թագավորության քաղաքացիները հրաժարվել են այդպիսի անհեռատես ու եսակենտրոն մտածելակերպից։ Թեև շատ քրիստոնյաներ նախկինում անբարո կյանքով են ապրել, այժմ թանկ են գնահատում Եհովայի բարձր չափանիշները և սեքսն ու ամուսնությունը նրա կողմից պարգև են համարում։ Նրանք ամբողջ սրտով համաձայն են այն մտքին, որ ովքեր շարունակում են սեռային անբարոյությամբ զբաղվել, արժանի չեն Թագավորության քաղաքացիներ լինելու (1 Կորնթ. 6։9–11)։ Բայց նրանք նաև հասկանում են, որ սիրտը նենգավոր է (Երեմ. 17։9)։ Այդ պատճառով երախտագիտությամբ ընդունում են իրենց տրված նախազգուշացումները, որոնք օգնում են բարոյական բարձր չափանիշներ պահպանելու։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ

10, 11. Աստծու Թագավորությունը ի՞նչ ժամանակահարմար նախազգուշացումներ է տալիս, և ի՞նչ տեսակետ ունես դրանց վերաբերյալ։

10 Մարդկային կառավարությունները, հնարավոր է, առողջապահական նկատառումներով նախազգուշացումներ տան սննդամթերքի և դեղորայքի վերաբերյալ։ Պարզ է, որ ոչ բոլոր մթերքներն ու դեղերն են վատը։ Սակայն եթե որևէ կոնկրետ բան վտանգավոր է, կառավարությունը թերևս նախազգուշացումներ տա, որ պաշտպանի իր քաղաքացիներին։ Եթե այդպես չվարվի, մեղավոր կլինի անհոգ վերաբերմունք դրսևորելու մեջ։ Նմանապես Աստծու Թագավորությունը ժամանակահարմար նախազգուշացումներ է տալիս կոնկրետ վտանգների առնչությամբ, որոնք սպառնում են մեր բարոյականությանն ու հոգևորին։ Օրինակ՝ ինտերնետը հաղորդակցվելու, կրթություն ստանալու և զվարճանալու օգտակար միջոց է։ Աստծու կազմակերպությունն օգտվում է ինտերնետից և լավ արդյունքների հասնում։ Այդուհանդերձ, շատ կայքեր բարոյական ու հոգևոր առումով վտանգավոր են։ Պոռնկագրական կայքերը մեծ վտանգ են ներկայացնում Թագավորության քաղաքացիների համար։ Տասնամյակներ շարունակ հավատարիմ ծառա դասակարգը զգուշացումներ է տալիս այդ կայքերի մասին։ Որքա՜ն երախտագետ ենք, որ շնորհիվ այդ նախազգուշացումների կարող ենք պահպանել մեր հոգևոր առողջությունը։

11 Վերջին տարիներին մեծ տարածում են գտել կայքեր, որոնք կարող են օգտակար լինել, եթե շատ զգուշությամբ օգտվենք դրանցից։ Դրանք հայտնի են սոցիալական ցանցեր անունով։ Այդ կայքերը, սակայն, կարող են նաև կործանարար լինել։ Դրանց միջոցով անհատը կարող է վատ ընկերակցություններ ձեռք բերել (1 Կորնթ. 15։33)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստծու կազմակերպությունն այդ կայքերից օգտվելու մասին հավասարակշռված նախազգուշացումներ է տալիս։ Այդ հարցի վերաբերյալ կարդացե՞լ ես հավատարիմ ծառայի կողմից վերջերս հրատարակված բոլոր նյութերը։ Իմաստությամբ չենք վարվի, եթե, առանց կարդալու այդ տեղեկությունները, օգտվենք այդպիսի կայքերիցa։ Դա նման կլինի այն բանին, որ ուժեղ դեղ ընդունենք՝ առանց ցուցումները կարդալու։

12. Ինչո՞ւ է նախազգուշացումներն անտեսելը անմտություն։

12 Ովքեր արհամարհում են հավատարիմ ծառայի տված նախազգուշացումները, անխուսափելիորեն կվնասեն իրենց ու իրենց սիրելիներին։ Ոմանք պոռնկագրության գերին են դարձել կամ անբարոյություն են գործել և հետո խաբել իրենք իրենց՝ կարծելով, թե Եհովան չի տեսնում։ Ի՜նչ անմտություն է մտածել, թե մենք կարող ենք Եհովայից թաքցնել մեր արարքները (Առակ. 15։3; կարդա՛ Եբրայեցիներ 4։13)։ Աստված ցանկանում է օգնել այդպիսի մարդկանց և մղում է իր երկրային ներկայացուցիչներին, որ փորձեն օգնություն ցույց տալ (Գաղ. 6։1)։ Սակայն ինչպես որ մարդկային կառավարությունները կարող են անհատին զրկել քաղաքացիությունից, եթե վերջինս որոշակի հանցանքներ գործի, այնպես էլ Եհովան քաղաքացիությունից կզրկի նրանց, ովքեր կխախտեն իր չափանիշները ու չեն զղջաb (1 Կորնթ. 5։11–13)։ Բայցևայնպես, նա ողորմած է։ Ովքեր զղջում ու փոխում են իրենց վարքագիծը, կրկին կարող են լավ համբավ ունենալ Եհովայի մոտ և շարունակել Թագավորության քաղաքացի լինել (2 Կորնթ. 2։5–8)։ Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել այս սիրառատ Թագավորին։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

13. Թագավորության քաղաքացիներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ գնահատում են կրթությունը։

13 Շատ կառավարություններ մեծ ջանքեր են ներդնում, որ կրթեն իրենց քաղաքացիներին. հիմնում են դպրոցներ, որ նպաստեն գրագիտությանը, և սովորեցնում աշխատանքային հմտություններ։ Թագավորության քաղաքացիները գնահատում են այս դպրոցները, ջանադրաբար սովորում են և անհրաժեշտ կրթություն ձեռք բերում, որ ֆինանսապես ապահովեն իրենց։ Բայց ավելի շատ նրանք գնահատում են այն կրթությունը, որ ստանում են որպես Աստծու Թագավորության քաղաքացիներ։ Քրիստոնեական ժողովի միջոցով Եհովան հորդորում է գրագետ լինել։ Ծնողները քաջալերվում են կարդալ իրենց փոքրիկների համար։ Ամեն ամիս հավատարիմ ծառան հրատարակում է Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր «Դիտարանի» ու «Արթնացե՛ք»-ի տեսքով։ Եթե ամեն օր կարդաս մոտ մեկ-երկու էջ, համընթաց կընթանաս Թագավորության տված կրթության այս կենսական միջոցի հետ։

14. ա) Ի՞նչ կրթություն ենք մենք ստանում։ բ) Ընտանեկան երկրպագության վերաբերյալ ո՞ր առաջարկները կիրառելն է քեզ դուր եկել։

14 Թագավորության քաղաքացիներն ամեն շաբաթ կրթվում են ժողովի հանդիպումների ժամանակ։ Աստվածապետական ծառայության դպրոցը ավելի քան վեց տասնամյակ օգնում է լինելու Աստծու Խոսքի արդյունավետ ուսուցիչներ։ Ցուցակագրվա՞ծ ես այդ դպրոցում։ Վերջին տարիներին հավատարիմ ծառան հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամեն շաբաթ անցկացվող ընտանեկան երկրպագությանը։ Այս միջոցառումը ամրացնում է ընտանեկան կապը։ Կարողացե՞լ ես կիրառել այն առաջարկները, որ արվել են մեր գրականության մեջc։

15. Ո՞րն է մեր ունեցած ամենամեծ առանձնաշնորհումներից մեկը։

15 Մարդկային կառավարությունների շատ քաղաքացիներ հանրայնորեն աջակցում են որևէ քաղաքական կուսակցության և դա անելու համար նույնիսկ տնից տուն են գնում։ Աստծու Թագավորության քաղաքացիները շատ ավելի մեծ մասշտաբով եռանդորեն աջակցում են այդ Թագավորությանը՝ քարոզելով թե՛ փողոցներում, թե՛ տնից տուն։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, «Դիտարանը», որը հռչակում է Եհովայի Թագավորությունը, այժմ երկրի վրա ամենաշատ տարածված պարբերագիրն է։ Մեր ունեցած ամենամեծ առանձնաշնորհումներից մեկն այն է, որ մարդկանց պատմում ենք Աստծու Թագավորության մասին։ Իսկ դու նախանձախնդրորե՞ն ես մասնակցում քարոզչական գործին (Մատթ. 28։19, 20)։

16. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ Աստծու Թագավորության լավ քաղաքացի ես։

16 Շուտով Աստծու Թագավորությունը կլինի երկրի վրա իշխող միակ կառավարությունը։ Նրա վերահսկողության տակ կլինեն ոչ միայն հոգևոր, այլև բոլոր ոլորտները։ Այդ ժամանակ լավ քաղաքացի կլինե՞ս։ Հիմա՛ է դա ապացուցելու ժամանակը։ Ամեն օր քո կայացրած որոշումները թող ցույց տան, որ ամեն ինչ անում ես Եհովայի փառքի համար, ու այդպիսով փաստիր, որ վարվում ես որպես Աստծու Թագավորության լավ քաղաքացի (1 Կորնթ. 10։31)։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս, օրինակ, «Արթնացե՛ք», 2011​թ., հուլիս-սեպտեմբեր, էջ 24–31 և «Արթնացե՛ք», 2012​թ., փետրվար, էջ 3–9։

b Տե՛ս «Դիտարան», 2012​թ., մարտի 15, էջ 30, 31։

c Տե՛ս 2011​թ. օգոստոսի 15-ի «Դիտարանը», էջ 6, 7 և 2011​թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 3–6։

[մեջբերում 14-րդ էջի վրա]

Ուշադրություն դարձնո՞ւմ ես ինտերնետի վերաբերյալ աստվածաշնչյան հիմք ունեցող նախազգուշացումներին

[նկար 12-րդ էջի վրա]

Կորխի որդիների պես՝ սիրո՞ւմ ես մաքուր երկրպագությունն ու նրա պատմությունը

[նկար 15-րդ էջի վրա]

Ընտանեկան երկրպագությունը կարող է մեծապես նպաստել, որ դու և ընտանիքիդ անդամները Թագավորության լավ քաղաքացիներ լինեք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը