Մի՛ դարձեք նրանց զոհը
«Չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին»,— զգուշացնում է Աստվածաշունչը (Բ Տիմոթ. 3։13)։ Խոսքը ոչ միայն այն խաբեբաների մասին է, ովքեր փորձում են մոլորեցնել դավանանքի հետ կապված հարցերում, այլ նաև նրանց, ովքեր չարաշահում են եղբայրների վստահությունն ու մեծահոգությունը՝ նյութական առումով։ Ժամանակ առ ժամանակ «Մեր Թագավորական ծառայության» մեջ նման մարդկանց առնչությամբ նախազգուշացումներ են տրվել, բայց Ընկերությունը շարունակում է տեղեկություններ ստանալ այն եղբայրների մասին, որոնք, հավատալով շրջմոլիկ խաբեբաների՝ նրանց «ծանր կացության» վերաբերյալ պատմություններին, նրանց տվել են դրամ և իրեր։ Այդ մարդիկ հաճախ իրենց պատմություններում նշում են, որ մնացել են առանց մի կոպեկի, ու վերադարձի ճանապարհի համար փողի և ուտելիքի կարիք ունեն։ Նրանց մեծամասնությունը ամենևին էլ Եհովայի վկա չէ, թեև իրենց այդպես են ներկայացնում։
Եթե որևէ անծանոթ գալիս է քեզ մոտ ու ասում, որ իրեն ինչ–ինչ բաներ են հարկավոր, ապա խելացի կլիներ նրա մասին ինչ–որ տեղեկություններ իմանալ. սովորաբար ամենալավ ելքը երեցներին դիմելն է։ Նրա անկեղծությունը հաճախ կարելի է ստուգել՝ նրան հարցնելով, թե որքան ժամանակ է, որ ճշմարտության մեջ է, եղել է վերջին համաժողովում, որքանով է տեղյակ մեր վերջին հրատարակություններին և այլն։ Նման դեպքերում միշտ էլ արժե հարցնել այդ անհատից իրենց ժողովի երեցներից մեկի անունը, և այդ դեպքում հնարավոր կլինի հեռախոսով տեղեկանալ երեցից տվյալ անհատի մասին։ Բարեխիղճ եղբայրներն ու քույրերը, ովքեր անսպասելիորեն հայտնվել են նման իրավիճակում, չեն առարկի այդպիսի հարցում կատարելու առնչությամբ։ Եվ այսպես, հարկավոր է զանգահարել, և եթե մարդը խաբեբա է, ապա դա կբացահայտվի։
Սովորաբար չպետք է բավարարվել նրանով, որ անհատը գիտի ինչ–որ մի քաղաքում ապրող ինչ–որ մի վերակացուի անունը։ Ճամփորդելով՝ խաբեբաները երբեմն տեղեկանում են եղբայրների անուններին ու այն ժողովներին, որտեղ վերջիններս ծառայում են։ Թեև նրանց պատմությունները կարող են շատ անկեղծ հնչել, նախևառաջ ստուգեք դրանք։ Մի՛ դարձեք նրանց զոհը։