Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչն ուսումնասիրող անհատներին պատրաստվել մկրտությանը՝ Հիսուս Քրիստոսի աշակերտները դառնալու համար։
Նրանց արդյունավետ օգնություն ցույց կտանք, եթե՝ 1) կանոնավոր և առաջընթաց ունեցող տնային ուսումնասիրություն անցկացնենք, 2) հորդորենք նրանց կանոնավորաբար հաճախել և մասնակցել շաբաթական հինգ հանդիպումներին և 3) երբ տեսնենք, որ նրանք իրենց ապրելակերպով համապատասխանում են սուրբգրային պահանջներին, օգնենք և սովորեցնենք նրանց մասնակցել քարոզչական ծառայությանը։
Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին հանձնարարություն տվեց՝ աշակերտներ դարձնել, մկրտել և սովորեցնել նրանց պահել իր պատվերները։ Այդ հանձնարարությունը գործում է մինչև օրս, քանի որ Հիսուս Քրիստոսը հետևյալ խոսքերն ասաց. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։
Աշակերտը նա է, ով ընդունում է ինչ–որ մեկի ուսուցումները և ակտիվորեն հետևում դրանց։ Հետևաբար, մկրտված անհատները պետք է ոչ միայն Աստվածաշնչի ճշմարտության մասին հիմնական գիտելիքներ ունենան, այլև իրենց ապրելակերպով արդեն ցույց տված լինեն, որ ըմբռնում են Եհովայի արդար չափանիշները և հետևում դրանց։ Բացի այդ, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ նրանք ընդունում են Եհովայի տեսանելի կազմակերպությունը և Հիսուս Քրիստոսի գլխավորությունը, որը գործադրվում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45–47; Գործք 1։8)։ Գիտակցելով մեր օրերի հրատապությունը՝ նրանք համաքայլ ընթացել են Եհովայի ժողովրդի հետ այն գործում, որն անձամբ Հիսուսը կատարեց և իր հետևորդներին էլ հանձնարարեց (Ղուկ. 8։1; Մատթ. 24։14)։ Այդ աշակերտների համար ջրի մկրտությունը ամբողջ հոգով Եհովա Աստծուն նվիրվելու տեսանելի խորհրդանիշ է (համեմատեք Սաղմոս 40։8)։
Հիշենք, որ մենք օգնում ենք Աստվածաշունչն ուսումնասիրողներին դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, և ոչ թե մեր հետևորդները։ Եթե տեսնում ենք, որ անձնական հանգամանքների ու ժամանակի սղության պատճառով, մեր կարողությունների կամ էլ ուրիշ կարևոր պատճառներով ի վիճակի չենք օգնել Աստվածաշնչի աշակերտին առաջադիմելու, պետք է այդ մասին տեղյակ պահենք երեցներին։ Գուցե նրանք գործնական խորհուրդներ տան աշակերտի հոգևոր աճի հետ կապված՝ համաձայն Պողոս առաքյալի խոսքերին, որոնք կարելի է գտնել Ա Կորնթացիս 3։5–9-ում։