Եհովայի անունը ‘իմացնենք բոլոր երկրում’
1 Երբ Հիսուսն իր աշակերտներին հանձնարարեց երկրագնդի հեռավոր մասերում վկայություն տալու գործը, նա արդեն օրինակ էր թողել, որպեսզի իրեն հետևեին (Գործք 1։8)։ Ամենուրեք և ամեն ժամի մարդկանց հանդիպելիս՝ նա պատմում էր մարդկության հետ կապված Աստծո նպատակի մասին։ Այսօր ևս, Հիսուսի օրինակին հետևելով, հավատարիմ ծառա դասակարգը զանազան միջոցներ է օգտագործում՝ Եհովայի անունը ‘բոլոր երկրում իմացնելու’ նպատակով (Ես. 12։4, 5)։
2 Ի՞նչ է արվել անցյալ տարիներին։ Թերթերում տպագրվել են քարոզներ, ստեղծվել և միլիոնավոր անհատների համար ցուցադրվել է «Արարչության լուսադրամա» տեսաժապավենը, գործածվել են ձայնափողով ավտոմեքենաներ, լայնորեն կիրառվել են ձայնափողով նվագարկիչները և ինչ–որ ժամանակ՝ նաև ռադիոն. բոլոր այս միջոցները ծառայել են բարի լուրը քարոզելու նպատակին։ Իհարկե, հիմնական շեշտը գլխավորաբար դրվում էր մարդկանց հետ անհատապես զրուցելու վրա, որպեսզի հետաքրքրություն նկատելիս կարողանային զարգացնել այն։ Հետևաբար, տնից տուն ծառայությունը շատ արդյունավետ միջոց է եղել Եհովայի անունը ամենուրեք հայտնի դարձնելու համար (Գործք 5։42)։
3 Ինչ է արվում մեր օրերում։ Ժամանակները փոխվում են, կյանքը գնալով ավելի ու ավելի անհանգիստ է դառնում, և շատ վայրերում մարդիկ հազվադեպ են տանը լինում։ Քչերին է հետաքրքրում հոգևոր թեմաներով ընթերցելն ու դրանց շուրջը խորհելը։ Այս փոփոխությունները մեզ թելադրում են, որ մենք էլ պետք է փոփոխություններ մտցնենք մեր ծառայության մեջ։ Մեր տարածքում տնետուն ծառայության հետ մեկտեղ խորհուրդ է տրվում գնալ մարդաշատ վայրեր, և միշտ ‘պատրաստ լինել’ մեր ունեցած հույսը պաշտպանելու (Ա Պետ. 3։15)։ Դա նշանակում է, որ չպետք է առիթը բաց թողնենք՝ քարոզելու մեր աշխատակիցներին, համադասարանցիներին, ինչպես նաև փողոցներում, խանութներում, զբոսայգիներում, ավտոկայաններում և այլ վայրերում հանդիպած մարդկանց։ Եհովան թիկունք է կանգնում մեզ ծառայության մեջ, իսկ արդյունքում՝ մեծ հաջողությունների ենք հասնում։ Դու էլ քո բաժինը բերո՞ւմ ես այդ գործում՝ զրուցելով մարդկանց հետ՝ անկախ այն բանից, թե որտեղ ես հանդիպում նրանց։
4 Անհատապես օգտվո՞ւմ ենք արդյոք ստեղծված հնարավորությունից, որպեսզի Եհովայի անունը մեր տարածքում ‘իմացնենք’։ Ծառայության մեջ լրիվ մասնակցություն բերելը մեզ մեծ բավականություն կպատճառի, քանի որ հույս ունենք, որ Եհովան դեպի իրեն ‘կձգի’ անկեղծ անհատներին (Յովհ. 6։44)։