Ծնողնե՛ր, ձեր զավակների մեջ օգտակար սովորություններ ներարկեք
1 Երեխան օգտակար սովորություններով չի ծնվում, և պատահականորեն չի ստանում դրանք։ Երեխայի մեջ լավ սովորություններ ներարկելը ժամանակ է պահանջում։ Ըստ մի բառարանի՝ «ներարկել»՝ նշանակում է «աստիճանաբար տալ» կամ «ներս մտցնել կաթիլ–կաթիլ»։ Ծնողներից մշտական ջանքեր են պահանջվում ‘իրենց երեխաներին Տիրոջ խրատով եւ ուսումով մեծացնելու’ համար (Եփես. 6։4)։
2 Սկսեք մանուկ հասակից։ Շատ փոքր տարիքի երեխաները նոր բաներ սովորելու և անելու հրաշալի ընդունակություններ ունեն։ Մինչ չափահաս մարդու համար դժվար է նոր լեզու սովորելը, նախադպրոցական տարիքի երեխան կարող է միաժամանակ մի քանի լեզու սովորել։ Երբեք մի կարծեք, թե ձեր երեխան դեռ շատ փոքր է նրա մեջ լավ սովորություններ մշակելու համար։ Եթե երեխային վաղ հասակից սովորեցնեք Աստվածաշնչի ճշմարտությունը, ժամանակի ընթացքում մի քանի տարեկան երեխայի ուղեղը լցված կլինի այնպիսի գիտությամբ, որը նրան ‘իմաստուն կդարձնի փրկության համար’ (Բ Տիմոթ. 3։15)։
3 Քարոզելու սովորություն մշակեք։ Երեխայի կազմավորման շրջանում ներարկելու համար օգտակար սովորություն է կանոնավորաբար Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելը։ Շատ ծնողներ այս սովորությունը սկսում են մշակել երեխաների մեջ՝ դեռ մանուկ հասակից նրանց իրենց հետ տնից տուն ծառայության տանելով։ Ծնողների կանոնավոր մասնակցությունը վկայության գործում երեխայի մեջ ծառայության հանդեպ գնահատանք և եռանդ է առաջացնում։ Նրանք կարող են ցույց տալ երեխաներին, թե ծառայության որ մարզում ինչպես է հարկավոր քարոզել։
4 Աստվածապետական ծառայության դպրոցին ցուցակագրվելը նույնպես օգնում է երեխաներին։ Դպրոցում նրանք ուսումնասիրելու օգտակար սովորություններ են մշակում և հասկացողությամբ ընթերցել սովորում։ Սովորում են սուրբգրային թեմայով զրուցել, կրկնակի այցելություններ կատարել և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել։ Այդպիսի ուսուցումը կարող է նրանց ոգևորել՝ ռահվիրայություն սկսելու և ծառայության մեջ հատուկ առանձնաշնորհումների ձգտելու։ Շատ միսիոներներ և Բեթելի ծառայողներ հաճույքով են հիշում իրենց մանկությունը Դպրոցում և գտնում են, որ այն օգնել է իրենց օգտակար սովորություններ մշակել։
5 Մենք բոլորս կավի պես ենք Մեծ Բրուտի՝ Եհովայի ձեռքում (Ես. 64։8)։ Որքան խոնավ է կավը, այնքան ավելի հեշտ է նրանից որևէ բան ծեփելը։ Եվ որքան չոր է այն, այնքան դժվար է դա անելը։ Նույնպես էլ մարդկանց պարագայում է։ Երբ նրանք երիտասարդ են, ավելի դյուրաթեք են. ուստի, որքան մանուկ, այնքան լավ։ Նրանց կազմավորման տարիները այն տարիներն են, երբ նրանք հեշտորեն «ծեփվում են»՝ դառնալով կամ լավ, կամ վատ անձնավորություն։ Որպես հոգատար ծնող՝ հենց վաղ տարիներից սկսիր երեխայի մեջ քրիստոնեական ծառայության համար օգտակար սովորություններ ներարկել։