Ուրախությամբ կատարող եղիր
1 Հիսուսն ասել է, որ իր ներկայության ժամանակ մարդկանց մեծամասնությունը ‘ուշադրություն չի դարձնի’ Աստծո պատգամին, ինչպես Նոյի օրերում էր (Մատթ. 24։37–39, ՆԱ)։ Հետևաբար, ակնկալվում է, որ շատերը չեն լսի Թագավորության բարի լուրը։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ ուրախ լինել մեր ծառայության մեջ (Սաղ. 100։2)։
2 Առաջին՝ հարկավոր է հիշել, որ և՛ մեր պատգամը, և՛ քարոզելու մեր առաջադրանքը Աստծուց է։ Երբ մարդիկ չեն արձագանքում մեր հաղորդած լուրին, չնայած մեր գործադրած մեծ ջանքերին, դրանով նրանք իրականում Եհովային են հակառակվում։ Եթե հիշենք, որ հավատարմորեն քարոզելով արժանանում ենք Աստծո հաճությանը, դա կօգնի մեզ նրա խոսքը կատարելիս պահպանել մեր ուրախությունը և ներքին երջանկությունը (Յակ. 1։25)։
3 Երկրորդ՝ դեռևս կան մարդիկ, որոնք կընդունեն Եհովայի առաջարկած փրկությունը։ Թեև մեծամասնությունը կարող է անտարբեր լինել, բայցևայնպես, նույնիսկ այսօր՝ վերջին օրերում, կան ոչխարանման անհատներ, որոնց հարկավոր է գտնել։ Անհրաժեշտ է շարունակել քարոզչական գործը, որպեսզի, ինչ «քաղաք կամ գյուղ» որ գնանք, փնտրենք, «թե ո՛վ է այնտեղ արժանաւորը» (Մատթ. 10։11–13)։
4 Դրական տրամադրվածություն պահպանիր։ Կեղծ կրոնի պիղծ գործերի մասին տեղեկանալով՝ ոմանք հիասթափություն են ապրել։ Ոմանք էլ «յոգնած.... եւ ցրուած» վիճակի մեջ են ընկել այս համակարգի պատճառով (Մատթ. 9։36)։ Շատերը մտահոգված են գործազրկությունով, առողջական խնդիրներով և անհուսալիության զգացումով։ Այս ամենը հասկանալը կօգնի մեզ հարատևել մեր գործում։ Աշխատիր զրույց սկսելիս շոշափել այնպիսի հարցեր, որոնք առավելագույնս կհետաքրքրեն քո տարածքի մարդկանց։ Օգնիր նրանց տեսնել, որ Աստծո Թագավորությունը խնդիրների միակ լուծումն է։ Գործածիր Գրությունները և գրականությունից որոշակի մտքեր՝ բարի լուրը նրանց սրտին հասցնելու համար (Եբր. 4։12)։
5 Աստծո խոսքը ուրախությամբ կատարողները միշտ հիշում են. «Տիրոջ ուրախութիւնը [մեր] զօրութիւնն է» (Նէեմ. 8։10)։ Մենք չպետք է կորցնենք մեր ուրախությունը։ «Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ» (Մատթ. 10։13)։ Եհովան ավելացնում է մեր ուրախությունը և զորացնում մեզ, երբ համբերատարությամբ հարատևում ենք սուրբ ծառայության մեջ՝ օրհնելով մեզ հավատարմության համար։