Շարունակե՛ք նախ Թագավորությունը փնտրել
1 Երբ բախվում ենք տնտեսական դժվարությունների և այլ խնդիրների հետ, հեշտ չէ նախապատվությունը Աստծո Թագավորության շահերին տալը։ Ինչպե՞ս շարունակենք նախ Թագավորությունը փնտրել, երբ նման դժվարություններ են ծագում։ Ինչպե՞ս վարվենք, եթե մեզ այնպիսի աշխատանք են առաջարկում, որի պատճառով թերևս բաց թողնենք ժողովի հանդիպումները կամ չկարողանանք մասնակցել քարոզչական ծառայությանը։ Արդյոք թույլ կտա՞նք, որ Թագավորության շահերը կյանքում երկրորդ տեղը գրավեն։
2 Ամուր հավատ է հարկավոր։ Երբ մեր հավատը փորձվում է այդպիսի հանգամանքների ներքո, չպիտի մոռանանք, որ, ինչպես Հիսուսը հավաստիացրեց, Եհովան խոստանում է հոգալ մեր կարիքները, եթե նախևառաջ Թագավորության շահերն ենք փնտրում (Սաղ. 37։25; Մատթ. 6։31–34)։ Աշխարհի ազդեցությունն ու հոգսերը կարող են մթագնել մեր հայացքը և խոչընդոտ հանդիսանալ՝ առաջնահերթությունը Թագավորությանը տալուն։ Ոմանց համար կարիերա ձեռք բերելը կամ ֆինանսական հաջողությունների հասնելը կյանքում ամենակարևոր տեղն է գրավում։ Սակայն Պողոս առաքյալի նման մեզ հարկավոր է ճիշտ արժեքավորել, թե ի՛նչն է իրոք կարևոր կյանքում (Փիլիպ. 3։7, 8)։
3 Փոփոխություննե՞ր են անհրաժեշտ։ Մի քույր պատմեց. «Ես ամբողջությամբ տարված էի իմ աշխատանքով, շատ էի սիրում այն։ Կարծում էի, որ չնայած շատ ժամանակ եմ նվիրում աշխատանքիս, սակայն դա ինձ չի խանգարում Վկա լինել»։ Սակայն քույրը մշտապես զգում էր, որ Եհովայի ծառայության մեջ կարող է ավելին անել։ Ժամանակի ընթացքում նա թողեց իր աշխատանքը, որը խոչընդոտում էր իր հոգևոր աճին։ Ամբողջությամբ նվիրվելով Թագավորության գործին՝ նա արդյունքում ասաց. «Այժմ զգում եմ, որ Եհովան գոհ է ինձանից՝ տեսնելով, թե ինչպես եմ ապրում։ Իսկ դա իրոք կարևոր է»։
4 Գովելի է, որ շատերը հրաժարվել են իրենց կարիերայից ու ֆինանսական շահերից, սկսել են պարզ կյանք վարել ու դարձել են լիաժամ ծառայողներ։ Օրինակ՝ այդպես են վարվել երիտասարդ և ամուրի ծառայողական օգնականներն ու երեցները, ովքեր հաճախել են Ծառայության կատարելագործման դպրոցը։ Այժմ նրանց առջև ծառայության հիանալի հեռանկարներ են բացվել։ Ինչ վերաբերում է նյութականին, ապա նրանք՝ հետևելով Պողոս առաքյալի հիանալի օրինակին, իրոք բավարարվում են ամենաանհրաժեշտով (Ա Կորնթ. 11։1; Ա Տիմոթ. 6։6–8; Եբր. 13։5)։
5 Թեև կյանքի հանդեպ մեր վերաբերմունքը աշխարհը կարող է ծաղրել, Եհովան օրհնում է մեզ (Ա Կորնթ. 1։26–31)։ Մի՞թե ուրախալի չէ գիտակցել, որ նա առավելագույնս է օգտագործելու մեր ունակությունները և օգնելու է, որ ավարտենք նրա գործը։ Եհովայի հաստատած Թագավորության հռչակման գործը երբեք չի կրկնվի։ Ուրեմն՝ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի շարունակենք նախ Թագավորությունը փնտրել։