‘Ինչպե՞ս պիտի նրանք լսեն’
1 Հիսուսը հստակ ասաց. «Նախ պետք է, որ Ավետարանը քարոզվի բոլոր ազգերին» (Մարկ. 13։10, ԱՆԹ)։ Չնայած մեր եռանդուն ջանքերին՝ դեռևս հարյուր միլիոնավոր մարդիկ կան, որոնց անհատական վկայություն չի տրվել։ Մի շարք պետություններում սահմանափակումներ են դրված մեր գործունեության վրա։ Որոշ երկրներում էլ բնակչության թիվը խիստ մեծ է և դեռ շարունակում է արագորեն աճել։ Հետևաբար, ‘ինչպե՞ս պիտի նրանք լսեն’ (Հռովմ. 10։14)։
2 Վստահեք Եհովային։ Պետք է հիշենք, որ Եհովան գիտի ամեն մարդու սրտի վիճակը։ Անկախ անհատի հանգամանքներից, եթե նա անկեղծորեն փնտրում է Աստծո մասին ճշմարտությունը, կգտնի այն (Ա Մնաց. 28։9)։
3 Աբրահամն անհանգստանում էր Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների համար։ Բայց Աստված վստահեցրեց նրան, որ Սոդոմը չի կործանվի, եթե նույնիսկ տաս արդար մարդ գտնվի այնտեղ (Ծննդ. 18։20, 23, 25, 32)։ Եհովան երբեք չի կործանել արդարին անօրենի հետ։ Դա տեսնում ենք այն պատմության օրինակով, թե ինչպես Եհովան փրկեց Ղովտին և նրա աղջիկներին (Բ Պետ. 2։6–9)։
4 Մի անգամ Եղիան մտածեց, թե մենակ ինքն է մնացել, որ ծառայում է ճշմարիտ Աստծուն։ Սակայն Եհովան հավաստիացրեց, որ նա բոլորովին էլ մենակ չէ, և այն գործը, որ սկսել էր, պետք է մինչև վերջ կատարեր (Գ Թագ. 19։14–18)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերում տիրող իրավիճակի մասին։
5 Զբաղված մնացեք Աստծո ծառայության մեջ։ Դեռ որքան հարկավոր կլինի կատարել վկայության գործը՝ չգիտենք։ Եհովան ինքը այս գործունեության պատասխանատուն է և իր հրեշտակների օգնությամբ հսկում է այն (Յայտն. 14։6, 7)։ Նա է որոշում, թե ինչ չափով է հարկավոր վկայություն տալ բոլոր ազգերին։ Որպեսզի ավելի շատ մարդիկ «Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան», Եհովան կարող է Թագավորության լուրը տարածելու համար այնպիսի միջոցների դիմել, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել (Գործք 15։7)։ Ինչ էլ որ Եհովան անի, դա լիովին ներդաշնակ կլինի այն բանի հետ, թե ով է նա՝ սիրող, իմաստուն և արդար Աստված։
6 Մեզ համար պատիվ է՝ գործել Եհովայի կամքին համաձայն՝ անելով մեր լավագույնը, որ ամենքը հնարավորություն ունենան լսելու բարի լուրը (Ա Կորնթ. 9։16)։