Կանոնավորապես հանդիպումներին հաճախելը՝ առաջնահերթություն
1 Քրիստոնյա ընտանիքների համար ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելը առաջնային հարց է։ Բայց մեր պարտականությունները կարող են խոչընդոտ լինել այս հարցում։ Արդյոք տնային գործերը, աշխատանքդ կամ դպրոցական առաջադրանքներդ սկսո՞ւմ են աստիճանաբար խլել այն ժամանակը, որը հատկացված է Եհովայի երկրպագության համար։ Իրերին Եհովայի տեսանկյունից նայելը կօգնի մեզ հավատարիմ մնալ առաջնային գործերին (Ա Թագ. 24։7; 26։11, ՆԱ)։
2 Շաբաթ օրը փայտ հավաքելով՝ մի իսրայելացի գիտակցաբար անտեսեց Եհովայի տեսակետը։ Գուցե նա կարծում էր, թե իր ընտանիքի մասին է հոգ տանում, կամ թե իր արարքը աննշան բան է։ Սակայն այդ իսրայելացուն պատժելով՝ Եհովան ցույց տվեց, որ երկրպագության համար նախատեսված ժամանակ ոչ հոգևոր գործերով զբաղվելը լուրջ հարց է (Թուոց 15։32–36)։
3 Դիմագրավել խնդիրը։ Շատերը պայքարում են, որպեսզի աշխատանքը չխոչընդոտի իրենց ներկա գտնվելու ժողովի հանդիպումներին։ Ոմանք այդ խնդիրը լուծել են՝ իրենց գործատիրոջ հետ զրուցելով, փոխելով աշխատանքային գրաֆիկը՝ աշխատակիցների հետ պայմանավորվելով, ավելի հարմար աշխատանք փնտրելով կամ կյանքը պարզեցնելով։ Անշուշտ, այսպիսի զոհողությունները, որ արվում են հանուն ճշմարիտ երկրպագության, հաճելի են Աստծուն (Եբր. 13։16)։
4 Դպրոցական առաջադրանքները նույնպես կարող են խոչընդոտ հանդիսանալ։ «Ես իմ տնային առաջադրանքների որոշ մասը կատարում եմ հանդիպումներից առաջ, մնացածը՝ տուն վերադառնալուց հետո»,— նշում է մի դպրոցահասակ աղջիկ։ Եթե երեխան ի վիճակի չի եղել ժողովի հանդիպումների օրերին կատարել տնային բոլոր առաջադրանքները, ծնողներից ոմանք բացատրել են ուսուցիչներին, որ հանդիպումներին ներկա լինելը իրենց ընտանիքի համար առաջնային հարց է։
5 Համագործակցությունը և լավ պլանավորումը կարևոր պայման են տնային գործերը կատարելու հարցում, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան պատրաստվել և բոլորը միասին ժամանակին ներկա գտնվել հանդիպումներին (Առակ. 20։18)։ Նույնիսկ փոքրիկներին կարելի է սովորեցնել, որ որոշակի ժամի հագնվեն ու պատրաստվեն հանդիպման գնալու։ Իրենց օրինակով ծնողները կարող են երեխաների մտքում դրոշմել հանդիպումներին հաճախելու կարևորությունը (Առակ. 20։7)։
6 Քանի որ ներկա համակարգի ճնշումը գնալով ավելանում է, մեզ համար անչափ կարևոր է կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Եկեք շարունակենք իրերին Եհովայի տեսանկյունից նայել և ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելը մեզ համար առաջնահերթություն դարձնել (Եբր. 10։24, 25)։