Մաս 6—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Երբ ուսումնասիրողը որևէ հարց է տալիս
1 Երբ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կանոնավորաբար է անցկացվում, սովորաբար լավ կլինի աստվածաշնչյան ուսմունքները քննարկել հերթականությամբ և ոչ թե ընտրողաբար։ Դա ուսումնասիրողին կօգնի ճշգրիտ գիտության հիմք դնել և հոգևորապես աճել (Կող. 1։9, 10)։ Սակայն ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրողները հաճախ հարցեր են տալիս տարբեր թեմաների վերաբերյալ։ Ինչպե՞ս վարվել այդ դեպքերում։
2 Եղիր խորաթափանց։ Քննարկվող թեմայի հետ կապված հարցերին սովորաբար կարելի է անմիջապես պատասխանել։ Իսկ եթե հարցի պատասխանը տրվում է ուսումնասիրվող հրատարակության մյուս դասերից կամ գլուխներից մեկում, բավական է պարզապես նշել այդ մասին։ Սակայն եթե հարցը կապված չէ քննարկվող թեմայի հետ, կամ այդ հարցին հիմնովին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ փնտրտուքներ, թերևս լավ կլինի այն քննարկել ուսումնասիրությունից հետո կամ էլ մեկ ուրիշ անգամ։ Որոշ քարոզիչներ նկատել են, որ ուսումնասիրողի հարցը գրի առնելը հավաստիացնում է նրան, որ իր հարցին լրջորեն են մոտենում։ Դա նաև օգնում է չշեղվել թեմայից։
3 Ուսումնասիրության համար նախատեսված մեր հիմնական հրատարակություններում աստվածաշնչյան շատ ուսմունքներ համառոտակի են քննարկվում։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրողը դժվարանում է ընդունել որոշակի ուսմունք կամ շարունակում է կառչած մնալ որևէ կեղծ հավատալիքից։ Գուցե օգտակար լինի օգտվել լրացուցիչ նյութից, որում մանրամասնորեն քննարկվում է, թե ինչ է Աստվածաշնչում ասվում այդ թեմայի վերաբերյալ։ Եթե անհատը չի փոխում իր տեսակետը, որոշ ժամանակով հետաձգիր այդ հարցի քննարկումը և շարունակիր ուսումնասիրել հաջորդ գլուխները (Յովհ. 16։12)։ Աստվածաշնչից ավելի շատ գիտելիքներ ստանալով և հոգևորապես աճելով՝ ուսումնասիրողը ժամանակի ընթացքում գուցե ըմբռնի աստվածաշնչյան այդ ուսմունքը։
4 Եղիր համեստ։ Եթե վստահ չես, որ գիտես հարցի պատասխանը, խուսափիր քո անձնական կարծիքը հայտնելուց (Բ Տիմոթ. 2։15; Ա Պետ. 4։11)։ Ասա, որ կհետազոտես տվյալ հարցը և մյուս անգամ կպատասխանես։ Դու նույնիսկ կարող ես առիթն օգտագործել՝ սովորեցնելու ուսումնասիրողին փնտրտուքներ կատարել։ Քայլ առ քայլ ցույց տուր նրան, թե ինչպես նա կարող է գործածել փնտրտուքներ կատարելու համար նախատեսված տարբեր գործիքները, որոնք տրվում են Եհովայի կազմակերպության կողմից։ Այդպես նա աստիճանաբար կսովորի գտնել իր հարցերի պատասխանները (Գործք 17։11)։