Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. հունիսի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. մայիսի 2–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչո՞ւ են համեմատություններն ու փոխաբերությունները համարվում ուսուցման արժեքավոր մեթոդներ (Ծննդ. 22։17; Սաղ. 1։3; Յակ. 3։6)։ [1, be, էջ 240, պարբ. 2–4 և շրջանակ] Համեմատություններն ու փոխաբերությունները ընդամենը մի քանի խոսքերով երևակայության մեջ վառ պատկերներ են ստեղծում։ Ճիշտ օգտագործվելու դեպքում դրանք կարող են հասնել մեր ունկնդիրների սրտին։ Դրանց շնորհիվ մեր ասածները ավելի լավ կտպավորվեն նրանց մտքում, քան եթե պարզապես փաստեր ներկայացնեինք։
2. Որտե՞ղ կարելի է գտնել այնպիսի օրինակներ, որոնք հրաշալի դասեր են սովորեցնում, բայց այս առնչությամբ ինչի՞ց պետք է զգուշանանք։ [3, be, էջ 242, պարբ. 2, 3] Աստծու Խոսքը լի է կենդանի օրինակներով։ Հիսուսը հիշատակեց ‘Ղովտի կնոջ’ և «Նոյի օրեր[ի]» մասին (Ղուկ. 17։32; Մատթ. 24։37–39)։ Լավ ծանոթանալով Աստվածաշնչին՝ մենք կգտնենք այդպիսի օրինակներ։ Եթե ընտրում ենք ժամանակակից կյանքից վերցված օրինակ, պետք է հավաստիանանք, որ այն ծառայում է լավ նպատակի, և թույլ չտանք, որ դա շեղի ունկնդիրների ուշադրությունը ելույթի նպատակից։
3. Ի՞նչ պետք է հիշենք, երբ ընտրում ենք այնպիսի օրինակներ, որոնք առավելագույնս արդյունավետ կլինեն։ [5, be, էջ 244, պարբ. 1–2] Մեր բերած օրինակները պետք է համապատասխանեն մեր լսարանին։ Դրա համար հարկավոր է լինել դիտունակ և ուշադրությամբ մտածել մեր ունկնդիրների առօրյա գործերի ու նաև այն մասին, թե ինչ միջավայրում են նրանք մեծացել (Մարկ. 2։22; 4։2–9; Յովհ. 10։1–5)։
4. Ինչո՞ւ է հարկավոր սովորեցնելիս դիմել զննական միջոցների օգնությանը, և ինչպե՞ս է Եհովան դա արել։ [7, be, էջ 247, պարբ. 1–2 և շրջանակ] Զննական միջոցները կարող են ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացած պահել նյութի վրա։ Դրանց օգնությամբ մարդու մեջ ավելի լավ է տպավորվում իր տեսածը, քան լսածը։ Եհովան օգտագործել է բազմաթիվ զննական միջոցներ, ինչպես օրինակ՝ աստղերը, բրուտի արհեստանոցը, դդմենին, խորանը (Ծննդ. 15։5; Երեմ. 18։1–6; Յովն. 4։6–11; Եբր. 9։9, 23, 24)։
5. Ինչպե՞ս կարող ենք զննական միջոցներն օգտագործել ծառայության մեջ։ [9, be, էջ 248, պարբ. 1–ից մինչև էջ 249 պարբ. 2] Մենք կարող ենք օգտագործել արվեստի ստեղծագործություններ, քարտեզներ, ժամանակագրական աղյուսակներ և մաթեմատիկական հաշվարկներ, որոնք հանդիպում են մեր հրատարակություններում և հարցնել, թե ինչ է պատկերված այնտեղ (Ամովս 7։7, 8; 8։1, 2)։ Կարող ենք օգտագործել նաև մեր տեսաերիզները՝ կարևոր ճշմարտություններ սովորեցնելու համար։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Աստծու Խոսքում ի՞նչ է ասվում երեխաների կրթության վերաբերյալ։ [1, w03 15.03, էջ 12, պարբ. 2, էջ 14, պարբ. 4] Հիսուսը գրագետ էր. դա կարելի է եզրակացնել այն բանից, որ ընդամենը 12 տարեկան հասակում, երբ տաճարում էր, նա կարողացավ իմաստալից մտքեր արտահայտել կրթված մարդկանց հետ զրուցելիս (Ղուկ. 2։42, 46, 47)։ Նա նաև արհեստ էր սովորել իր երկրային հորից՝ Հովսեփից։ Ծնողները պատասխանատվություն ունեն իրենց երեխաներին դաստիարակել «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» և օգնել նրանց ‘գիտություն սիրել’ (Եփես. 6։4; Առակ. 12։1)։
7. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր հետաքրքրությունը երիտասարդ Դավիթի հանդեպ, իսկ Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց, որ հետաքրքրված է Եհովայով։ [2, w03 15.04, էջ 29, պարբ. 3; էջ 30, պարբ. 3] Եհովան Դավիթին՝ Հեսսեի կրտսեր որդուն, ընտրեց որպես Իսրայելի թագավոր, քանի որ նկատեց նրա ունակությունները (Ա Թագ. 16։7)։ Իսկ Դավիթը միշտ հիշում էր Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունների մասին ու վստահում նրա առաջնորդությունը (Սաղ. 25։4, 5)։
8. Ինչո՞ւ Եհովան հավանություն տվեց Աբելի զոհին, և սա մեզ ինչո՞ւմ է վստահեցնում (Ծննդ. 4։4)։ [3, w03 01.05, էջ 28, պարբ. 4–ից մինչև էջ 29, պարբ. 1] Թեև Աբելի ընծան կարող է համեմատաբար աննշան մի բան համարվել, բայց այն վերցված էր նրա հոտի լավագույն կենդանիներից։ Դա այն լավագույնն էր, որ նա կարող էր զոհաբերել։ Հավանաբար Աբելը լրջորեն խորհել էր այն մասին, թե ինչ զոհաբերեր, և դրանով դրսևորեց իր հավատը (Եբր. 11։4)։ Սա վստահեցնում է մեզ, որ Եհովան նկատում է մեր «օրհնության պատարագ[ները] («գովաբանության զոհերը, ՆԱ), երբ դրանք իսկապես կատարվում են հավատով, համոզվածությամբ և սրտանց (Եբր. 13։15)։
9. Ի՞նչ է «Տիրոջ խրատը», որը չպետք է մերժենք, ինչպես նախազգուշացվում է Առակաց 3։11–ում։ [6, w03 01.10, էջ 20, պարբ. 2–4] Այս խոսքերը վերաբերում են ոչ թե խրատին առհասարակ, այլ Աստծու վեհ սկզբունքների վրա հիմնված խրատին։ Այսպիսի խրատը տրվում է տարբեր առումներով. առաջնորդության, սովորեցնելու, դաստիարակելու, ուղղելու և նույնիսկ պատժելու համար։ Այն չպետք է մերժել, քանի որ տրվում է սիրուց մղված՝ մեզ սովորեցնելու, շտկելու և օգնելու նպատակով (Եբր. 12։11)։
10. Ի՞նչ է նշանակում բավարարվել ունեցածով, ինչպես նշված է Ա Տիմոթէոս 6։6–8 համարներում։ [8, w03 01.06 էջ 9, պարբ. 1, 2; էջ 10, պարբ. 1] Դա գոհ լինելն է՝ բավարարվել ամենաանհրաժեշտ բաներով, անկախ հանգամանքներից, քանի դեռ ապավինում ենք Եհովային ու ծառայում նրան։ Ունեցածով բավարարված լինելու արդյունքում գոհունակություն ենք ունենում, որը բխում է Աստծու ծառայությունը առաջին տեղում դնելուց՝ անկախ մեր նյութական վիճակից։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Հովնաթանի և Դավիթի միջև եղած անքակտելի սերը ինչի՞ նախապատկերն է (Բ Թագ. 1։26)։ [1, w89–U 01.06, էջ 21, պարբ. 13] Այն մեծ սերը, որ կար Հովնաթանի և Դավիթի միջև, նման է այն միասնությանը, որ գոյություն ունի ‘ուրիշ ոչխարների’ և օծյալ մնացորդի միջև՝ որպես ‘մի հոտի’՝ ‘մի հովվի’ առաջնորդության ներքո (Յովհ. 10։16)։
12. Ի՞նչ կարող ենք սովորել այն դեպքից, երբ Դավիթն առաջին անգամ փորձեց ուխտի տապանակը բերել Երուսաղեմ (Բ Թագ. 6։2–9)։ (1) Աստծու հրահանգները արհամարհելը դժբախտության է հանգեցնում։ (2) Նույնիսկ նրանք, ովքեր լավ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ, երբեմն ճիշտ չեն արձագանքում փորձություններին։ (3) Մենք միշտ պետք է մեր բեռը գցենք Եհովայի վրա և երբեք չմեղադրենք նրան մեր դժվարությունների համար, որ առաջացել են նրա հրահանգները մերժելու պատճառով [2, w05 15.05 «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Բ Թագաւորաց» գրքից»; w96–U 01.04, էջ 28, պարբ. 5–ից մինչև էջ 29, պարբ. 1]։
13. Դավիթի և Բերսաբեի կատարած մեղքի պատճառով ինչո՞ւ պետք է նրանց որդին մահանար. չէ՞ որ Բ Օրինաց 24։16 և Եզեկիէլ 18։20 համարներում նշվում է, որ որդին հոր փոխարեն չպետք է մեռնի (Բ Թագ. 12։14; 22։31)։ Եթե հարցը լուծվեր մարդկային դատավորների ձեռքով, ապա թե ծնողները և թե նրանց դեռ չծնված մանուկը կկորցնեին իրենց կյանքը (Բ Օրին. 22։22)։ Որդու մահը գուցե կօգներ Դավիթին հասկանալ, թե նա իր այդ քայլով ինչ մեծ տհաճություն էր պատճառել Եհովային։ Բացի այդ, մենք չգիտենք նորածնի առողջական վիճակի մասին։ Այնուհանդերձ, կարող ենք վստահ լինել, որ Եհովան արդարացիորեն է լուծել խնդիրը [3, w05 15.05, «Ընթերցողների հարցերը»; w86–U 15.08, էջ 23]։
14. Որտեղի՞ց գիտենք, որ Սիբան զրպարտեց Մեմփիբոսթեին (Բ Թագ. 16։1–4)։ Հազիվ թե Մեմփիբոսթեի պես երախտապարտ, խոնարհ մարդը նման հավակնոտ դիտավորություն ունենար։ Կասկած չկա, որ նա շատ լավ գիտեր, թե ինչպիսի՛ հավատարիմ մարդ էր եղել իր հայրը՝ Հովնաթանը։ Թեև վերջինս Սավուղ թագավորի որդին էր, բայց խոնարհաբար ընդունեց Դավիթին՝ որպես Իսրայելի համար Եհովայի կողմից ընտրված թագավորի (Ա Թագ. 20։12–17)։ Լինելով Դավիթի հավատարիմ ընկերը՝ Հովնաթանը չէր սովորեցնի իր երիտասարդ որդուն ձգտել արքայական իշխանության [5, w02 15.02, էջ 15; ծան.]։
15. Այն, թե Մեմփիբոսթեն ինչպես վերաբերվեց Սիբային, ի՞նչ հրաշալի օրինակ է մեզ համար (Բ Թագ. 19։24–30)։ Երբ պարզ դարձավ, որ Սիբան զրպարտել է Մեմփիբոսթեին, Դավիթը միայն մասամբ շտկեց իրավիճակը։ Սակայն Մեմփիբոսթեն չըմբոստացավ Դավիթի որոշման դեմ։ Նա կենտրոնացավ լավի վրա. ուրախացավ, որ Իսրայելի արդար թագավորն անվնաս ետ է դարձել։ Մեմփիբոսթեն իսկապես գերազանց օրինակ է թողել. նա անտրտունջ կրեց իր հաշմանդամությունը և տարավ բամբասանքն ու հիասթափությունը [6, w02 15.02, էջ 15 պարբ. 12]։