Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. ապրիլի 24–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. մարտի 6–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 24–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ուսուցանելիս ինչո՞ւ պետք է դադար տանք նախքան մեկ այլ մտքի անցնելը, սակայն ի՞նչը կարող է խանգարել մեզ դա անելու։ [2, be, էջ 98, պարբ. 2, 3] Դադարը հնարավորություն է տալիս ունկնդիրներին խորհել, ինքնաքննություն կատարել, հասկանալ մեր խոսքում տեղի ունեցող մտքի փոփոխությունը և ավելի պարզ կերպով ընկալել հաջորդ միտքը։ Դադարի օգնությամբ գլխավոր մտքերն ընդգծվում են, տպավորվում ունկնդիրների մտքում և հիշվում։ Հռետորներից ոմանք արագ, առանց դադար տալու մեկ մտքից անցնում են մյուսին։ Պատճառն այն է, որ նրանք ձգտում են ելույթում չափից դուրս շատ նյութ ընդգրկել։
2. Ինչո՞ւ է անհրաժեշտ մարդկանց քարոզելիս դադարներ տալ։ [be, էջ 99, պարբ. 3–էջ 100, պարբ. 4] Դադար տալու շնորհիվ ավելի լավ ենք հաղորդակցվում մարդկանց հետ, ինչպես նաև բարձրանում է մեր ծառայության որակը։ Այն հնարավորություն է տալիս տանտիրոջը արտահայտելու իր մտքերը, ինչն էլ իր հերթին քաջալերում է նրան մտածել։ Տեղին տրված դադարների արդյունքը կարող է լինել այն, որ անհատը հայտնի իր սրտում եղածը։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ավելի լավ օգնել նրան (Առակ. 20։5)։
3. Ելույթ ունենալիս ինչո՞ւ է կարևոր տրամաբանական շեշտ գործածել, և ինչպե՞ս կարելի է դա անել։ [be, էջ 101, պարբ. 1–5, շրջանակ] Երբ մենք ճիշտ ենք ընդգծում գլխավոր բառերն ու արտահայտությունները, կարողանում ենք գրավել ու պահել ունկնդիրների ուշադրությունը, համոզել նրանց, ինչպես նաև մղել համապատասխան գործերի։ Մենք կարող ենք շեշտել բառերը՝ մեր ձայնը բարձրացնելով, ավելի ոգևորված արտահայտվելով, խոսքը դանդաղեցնելով, դադարներ տալով, ժեստերով, դեմքի արտահայտությամբ, ինչպես նաև մեր ձայնի տոնը փոխելով։ Որպեսզի տրամաբանական շեշտը ճիշտ դնենք, պետք է լավ հասկանանք նյութը և անկեղծ ցանկություն ունենանք օգնելու մեզ լսողներին ընկալել ասվածը և կիրառել այն (Նէեմ. 8։8)։
4. Ունկնդիրների առջև ընթերցելիս ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր նյութի գլխավոր մտքերն ընդգծված են։ [be, էջ 105, պարբ. 1–6] Մենք պետք է մտքում պահենք ներկայացվող ամբողջ նյութի կարևոր մտքերը։ Դա մեզ կօգնի որոշել, թե որ մտքերը պետք է ընդգծել։ Երբ Աստվածաշնչի տնային ուսումնասիրության կամ ժողովի հանդիպման ժամանակ որևէ հրատարակություն ենք ընթերցում, պետք է շեշտենք տպագրված հարցերի պատասխանները, նաև այն մտքերը, որոնք սերտորեն կապված են ենթավերնագրերի հետ։
5. Ուսուցանելիս ինչո՞ւ է ձայնի հնչեղությունը կարևոր, և ինչպե՞ս կարող ենք որոշել, թե որքան բարձր պետք է խոսենք։ [be, էջ 107, 108] Եթե մարդիկ դժվարությամբ լսեն մեր ձայնը, նրանց մտքերը կսկսեն թափառել, և ներկայացվող նյութը կկորցնի իր արժեքը։ Նաև մենք չենք կարողանա մղել մեր ունկնդիրներին գործելու իրենց լսածի համաձայն։ Ունկնդիրների արձագանքը լավ միջոց է որոշելու համար, թե արդյոք մեր ձայնը բավական բարձր է, թե՝ ոչ։ Եթե նկատում ենք, որ ոմանք մեծ ջանքեր են գործադրում մեզ լսելու համար, ապա պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Ունկնդիրների կազմը, նրանց թիվը, ինչպես նաև աղմուկը նույնպես որոշիչ դեր ունեն այն հարցում, թե որքան բարձր պետք է խոսենք։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչո՞վ է քրիստոնյաների իրավիճակը նման Եսթերի և Մուրթքեի իրավիճակին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։ [bsi01, էջ 17, պարբ. 17] Եսթերի ու Մուրթքեի նման՝ այսօր քրիստոնյաները Աստծուց օտարացած այս աշխարհում գտնվում են «բարձր իշխանությունների» ղեկավարության ներքո և ցանկանում են օրինապահ քաղաքացիներ լինել, տալ «կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Հռովմ. 13։1; Ղուկ. 20։25; Եսթ. 1։1; 2։5, 7, 8, 21–23)։ Սակայն քրիստոնյաները պետք է գիտակցեն, որ ի տարբերություն Աստծու կամքին հնազանդվելուն՝ աշխարհիկ իշխանություններին հնազանդվելը հարաբերական բնույթ է կրում, ինչպես երևում է Մուրթքեի օրինակից, որը չհնազանդվեց թագավորական հրամանին և չխոնարհվեց ագագացի Համանի առջև (Եսթ. 3։1–4; 5։9)։ Նաև անհրաժեշտության դեպքում քրիստոնյաները կարող են օրենքի օգնությանը դիմել (Եսթ. 4։6–8; Գործք 25։11)։
7. Երբ Սողոմոնն ասաց, որ «բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք», ի՞նչ ի նկատի ուներ (Ժող. 2։11)։ [ w04 15.10, էջ 4, պարբ. 3, 4] Այդ խոսքերի համատեքստում Սողոմոնը նկարագրում է այնպիսի կյանք, որում կենտրոնական տեղ են գրավում հաճույքները և նյութական ու մարմնական այն բոլոր բաները ձեռք բերելը, որոնք առաջարկում է այս աշխարհը։ Սողոմոնը կառուցել էր տներ, ուներ պարտեզներ, պտղատու այգիներ, ծառաներ, անասուններ, սեփականություն և հարստություն։ Նա նաև արվեստի գործերով էր զբաղվում։ Սակայն այս բոլորը ոչ մի մնայուն արժեք չունեին և Սողոմոնին բավականության երկարատև զգացում չպարգևեցին (Ժող. 2։1–10)։ Նա եկավ այն եզրակացության, որ բավականության մնայուն զգացում մարդ ունենում է հոգևոր արժեքներ ձեռք բերելուց (Ժող. 12։13)։
8. Ինչպե՞ս կարող ենք սեր զարգացնել Աստծու հանդեպ (Մարկ. 12։30)։ [w04 01.03, էջ 19–21] Մենք կարող ենք սեր զարգացնել Աստծու հանդեպ, եթե ավելացնենք նրա ու նրա նպատակների մասին ունեցած մեր գիտելիքները՝ խորությամբ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նաև կարող ենք խորհել նրա գործերի շուրջ և մտածել, թե ինչպես կարող ենք կիրառել մեր սովորածը (Սաղ. 77։6, 11, 12)։ Մեր սերը Եհովայի հանդեպ կարող է խորանալ նաև այն դեպքում, եթե հիշենք, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել անձամբ մեզ հետ նրան ծառայելիս, և թե ինչ օգուտներ ենք ստացել՝ վարվելով Աստծուն հաճելի կերպով (Առակ. 3։5, 6)։
9. Ի՞նչ հակադրություն գոյություն ունի հոգևոր և նյութական արժեքների միջև։ [w04 15.10, էջ 5–7] Հոգևոր արժեքներ ձեռք բերելը հավիտենական երջանկություն և վարձատրություն է բերում, իսկ նյութապաշտությունը գոհունակության միայն ժամանակավոր զգացում է պատճառում և ի վերջո հանգեցնում է մահվան (Առակ. 11։4; Մատթ. 5։3; Բ Կորնթ. 4։18)։ Նյութապաշտությունը հաճախ դրդում է, որ մարդիկ խաբեությամբ և անազնիվ միջոցներով հարստություն ձեռք բերեն, դիրքի և իշխանության ձգտեն, մինչդեռ հոգևոր արժեքները անհատին քաջալերում են մտածել ոչ թե ստանալու, այլ տալու մասին (Ես. 48։18; Ա Տիմոթ. 6։9, 10)։
10. Ի՞նչը կօգնի մեզ առանց շեղվելու լսել համաժողովների ժամանակ։ [be, էջ 15, 16] Շատ կարևոր է համաժողովի նախորդ գիշերը լավ հանգստանալ, որպեսզի կարողանանք ուշադրությամբ լսել։ Կարող ենք մեր մտքում պահել օրվա խորագիրը, ծանոթանալ յուրաքանչյուր ելույթի վերնագրին և փորձել կռահել, թե ինչի մասին է խոսվելու։ Նշումներ անելը նույնպես կարող է օգնել մեզ հետևելու այն բանին, թե ինչպես է զարգանում ելույթը, և մեր ուշադրությունը կենտրոնացնելու ծրագրի վրա։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչո՞ւ պալատականները ծածկեցին Համանի երեսը (Եսթ. 7։8)։ Համանը իր երեսը չծածկեց ամոթի կամ խղճի խայթի պատճառով։ Դա հավանաբար նշանակում էր խայտառակություն կամ մոտալուտ կործանում։ Ամենայն հավանականությամբ երեսը ծածկելը առաջին քայլն էր, որ կատարվում էր նախքան մահվան դատավճիռը իրականացնելը։ [1, w86–U 15.08, էջ 22]
12. Ի՞նչ ոգի էր ազդել Եղիփազի մտածելակերպի վրա (Յոբ 4։15, 16)։ [2, w05 15.09, էջ 26, պարբ. 2] Եղիփազի քննադատական խոսքերի երանգը պարզորոշ ցույց է տալիս, որ այդ ոգին Աստծու արդար հրեշտակներից չէր (Յոբ 4։17, 18)։ Եղիփազը դիվային ազդեցությամբ էր խոսում։ Նրա դատողությունները հոգևոր մտածելակերպ չէին արտահայտում։ Այլապես ինչո՞ւ պետք է Եհովան հանդիմաներ Եղիփազին և նրա երկու ընկերներին սուտ խոսելու համար (Յոբ 42։7)։
13. Արդյո՞ք Հոբի խոսքերից, որ արձանագրված են Յոբ 7։9, 10 և 10։21 համարներում, կարելի է եզրակացնել, որ նա չէր հավատում հարությանը։ Ո՛չ։ Այդ համարներում արձանագրված Հոբի խոսքերը վերաբերում էին նրա անմիջական ապագային։ Հնարավոր է, նա նկատի ուներ այն, որ եթե ինքը մահանար, ապա իր ժամանակակիցներից ոչ մեկն այլևս չէր տեսնելու իրեն։ Վերջիններիս տեսանկյունից՝ Հոբը ‘ետ չէր դառնալու իր տունը, և իր տեղը իրեն չէր ճանաչելու’, մինչև որ գար Աստծու նշանակած ժամանակը։ Հոբը գուցե նկատի ուներ, որ ոչ ոք ինքնուրույն չի կարող վերադառնալ «շեոլից» (ՆԱ)՝ մարդկության ընդհանուր գերեզմանից։ Այն, որ Հոբը հավատում էր ապագա հարությանը, պարզ երևում է Յոբ 14։13–15 խոսքերից։ [3, w06 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից»]
14. Ի՞նչ ի նկատի ուներ Հոբը՝ ասելով՝ «մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել» (Յոբ 19։20)։ Հարկ չկա ձգտելու բացատրել Հոբի խոսքերը այն հայտնագործությունների հիման վրա, որ գիտնականները վերջերս կատարել են մանրադիտակների օգնությամբ (it–2–E, էջ 977)։ Ասելով, որ ինքը պրծել է իր ատամների կաշվով (մի բան, որն իրականում գոյություն չունի)՝ նա գուցե ուզում էր ասել, որ մնացել է առանց որևէ բանի։ [5, w06 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից»]
15. Ի՞նչ ի նկատի ուներ Հոբը՝ ասելով՝ «մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը», և ի՞նչ կարող ենք մենք սովորել դրանից (Յոբ 27։5)։ Միայն Հոբը կարող էր պղծել կամ պահպանել իր անարատությունը, քանի որ այդ հատկությունը հիմնված է Աստծու հանդեպ անհատի ունեցած սիրո վրա։ Ուստի մենք պետք է խոր սեր զարգացնենք Եհովայի հանդեպ, որպեսզի կարողանանք պահել մեր անարատությունը։ [6, w06 15.03, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից»]