Սերը արդյունավետ ծառայության բանալին է
1 «Ինձ մօտ եկէք, .... եւ ես հանգիստ կ’տամ ձեզ» (Մատթ. 11։28)։ Այս սիրալիր խոսքերն արտացոլում են Հիսուսի խոր սերը մարդկանց հանդեպ։ Լինելով քրիստոնյա ծառայողներ՝ մենք ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին և սեր դրսևորել մարդկանց հանդեպ, որոնք ուժասպառ են եղել սիրուց զուրկ այս աշխարհում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մեր սերը ցույց տալ բարի լուրը քարոզելիս։
2 Խոսքերով։ Մարդկանց հանդեպ սերը մղում էր Հիսուսին օգտագործել ցանկացած հնարավորություն բարի լուրը քարոզելու համար (Յովհ. 4։7–14)։ Սերը կօգնի նաև մեզ, որ չվարանենք ոչ պաշտոնական վկայություն տալ։ Վեց տարեկան մի աղջիկ հրաշալի վկայություն տվեց բժշկի սպասասենյակում իր կողքին նստած մի կնոջ։ Ի՞նչը մղեց նրան դա անելու։ Աղջիկն ասում է. «Այդ տիկինը այնպես էր նայում, ասես ուզում էր Եհովայի մասին իմանալ»։
3 Մենք կարող ենք մարդկանց հանդեպ մեր հետաքրքրությունն արտահայտել անկեղծ, ջերմ ժպիտով և մեր ձայնի սիրալիր տոնով։ Մեր սերը կարող ենք արտահայտել նաև՝ ուշադրությամբ լսելով մյուսներին, հասկանալով նրանց մտահոգությունները և անկեղծ հետաքրքրվածություն դրսևորելով (Առակ. 15։23)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրենք Թագավորության ուրախ լուրի և նրանց հանդեպ Եհովայի գթասրտության վրա (Մատթ. 24։14; Ղուկ. 4։18)։
4 Գործերով։ Հիսուսն անչափ ուշադիր էր մարդկանց կարիքների հանդեպ և դա ցույց էր տալիս գործերով (Մատթ. 15։32)։ Մենք նույնպես կարող ենք ծառայության ժամանակ գործերով դրսևորել մեր սիրառատ բարությունը։ Մի քույր նկատեց, որ մի կին մեծ դժվարությամբ փորձում էր հասկանալ կարևոր մի հեռախոսազանգ։ Քույրն առաջարկեց թարգմանել զանգահարողի խոսքերը։ Այս սիրալիր արարքը առիթ ստեղծեց Աստվածաշնչի շուրջ զրույց սկսելու, որի արդյունքում կինը համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մեկ այլ դեպքում մի եղբայր վերայցելություն կատարելիս տեսավ, որ տանտերը ջանում էր ծանր բազմոցը ներս տանել։ Տանտիրոջն օգնելուց հետո եղբայրը նստեց այդ բազմոցին և սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել այդ մարդու հետ, որն անչափ զգացված էր նրա վերաբերմունքից։
5 Քարոզչական ծառայությանը մասնակցելով՝ մենք մեր սերն ենք ցուցաբերում ինչպես Աստծու, այնպես էլ մեր մերձավորի հանդեպ (Մատթ. 22։36–40)։ Խոսքերով և գործերով արտահայտված այդ սերը օգնում է անկեղծ սիրտ ունեցող անհատներին հասկանալ, որ մենք ճշմարտությունն ունենք։