«Դա ինձ չի հետաքրքրում»
1 Որոշ վայրերում հաճախ են մարդիկ այսպես արձագանքում մեր հաղորդած լուրին։ Ի՞նչը կօգնի մեզ չընկճվել, երբ ծառայության ժամանակ անտարբերության հանդիպենք։ Ինչպե՞ս կարող ենք հետաքրքրություն առաջացնել բարի լուրի նկատմամբ։
2 Պահպանենք մեր ուրախությունը։ Եթե հիշենք, թե ինչու են շատերն անտարբեր, դա կօգնի մեզ պահպանել մեր ուրախությունը։ Այն մարդիկ, ովքեր սովորել են էվոլյուցիոն տեսությունը կամ մեծացել են աթեիստական հասարակության մեջ, թերևս Աստվածաշունչը չհամարեն արժեքավոր գիրք։ Մյուսները գուցե հիասթափված լինեն՝ տեսնելով կրոնների մեջ եղած կեղծավորությունը։ Ոմանց անտարբերության պատճառը նրանց վհատված և հուսալքված վիճակն է (Եփես. 2։12)։ Ուրիշներն էլ ուշադրություն չեն դարձնում մեր հաղորդած լուրին, քանի որ ծանրաբեռնված են կյանքի հոգսերով (Մատթ. 24։37–39)։
3 Չնայած ոմանց բացասական արձագանքին՝ մենք կարող ենք ուրախություն գտնել ծառայության մեջ՝ հիշելով, որ մեր ջանքերը փառք են բերում Եհովային (Ա Պետ. 4։11)։ Բացի այդ, երբ մարդկանց հետ զրուցում ենք ճշմարտության մասին, նույնիսկ նրանց հետ, ովքեր դեռ չեն գնահատում այն, մեր հավատն ամրանում է։ Եկեք մեր տարածքում ապրող մարդկանց վերաբերվենք այնպես, ինչպես Եհովան։ Նա խղճաց Նինվեի բնակիչներին, որոնք «իրանց աջ ու ձախ ձեռքը» չէին տարբերում (Յովն. 4։11)։ Մեր տարածքում ապրող մարդիկ ունե՛ն բարի լուրի կարիքը։ Ուստի մենք չպետք է թևաթափ լինենք, այլ կերպեր փնտրենք զարգացնելու նրանց հետաքրքրությունն Աստվածաշնչի պատգամի հանդեպ։
4 Խոսիր մարդկանց մտահոգող խնդիրների մասին։ Զրույցը սկսելիս կարող ես հիշատակել մի խնդիր, որն անհանգստացնում է ձեր տեղանքում ապրող մարդկանց, և հարցնել տանտիրոջ կարծիքը։ Ուշադիր լսիր նրան, այնուհետև ցույց տուր, թե ինչ մխիթարական հույս է տալիս Աստվածաշունչն այդ խնդրի հետ կապված։ Մի Վկա տնից տուն ծառայության ժամանակ յուրաքանչյուր անհատի հետ զրուցելիս հիշատակում էր իրենց տեղանքում պատահած մի ողբերգության մասին և արտահայտում իր անկեղծ ցավակցությունը։ Նա պատմում է. «Հանկարծ մարդիկ սկսեցին խոսել։ Այդ օրը ես կարողացա շատ լավ զրույցներ ունենալ, քանի որ անկեղծ հետաքրքրվածություն էի ցույց տալիս նրանց նկատմամբ»։
5 Աստծու Թագավորությունը կլուծի ցանկացած խնդիր, որ դիմագրավում են մարդիկ։ Փորձիր հասկանալ, թե ինչն է ամենից շատ մտահոգում տանտիրոջը։ Նա գուցե համաձայնի լսել Աստվածաշնչի հուսադրող պատգամը։ Եթե ոչ, ապա գուցե ցանկանա մեկ «ուրիշ անգամ» լսել (Գործք 17։32, ԱԱ)։