Սովորեցրու երեխաներիդ փառաբանելու Եհովային
1. Կարո՞ղ են երեխաները փառաբանել Եհովային։
1 Սաղմոս 148։12, 13 համարները քաջալերում են պատանի տղաներին ու աղջիկներին, որ նրանք «օրհնեն Տիրոջ անունը»։ Աստվածաշնչում շատ պատանիների օրինակներ կան, որոնք այդպես են վարվել։ Օրինակ՝ «Սամուէլ մանուկը.... ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին» (Ա Թագ. 2։18)։ Իսկ մի «փոքր աղջիկ» ասաց Նեեմանի կնոջը, որ Եհովայի մարգարեն, որն ապրում է Իսրայելում, կարող է բուժել Նեեմանի բորոտությունը (Դ Թագ. 5։1–3)։ Երբ Հիսուսը մտավ տաճար և զորավոր գործեր արեց, «տղաները» աղաղակեցին՝ ասելով. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն» (Մատթ. 21։15)։ Ինչպե՞ս կարող են ծնողները սովորեցնել իրենց երեխաներին, որ փառաբանեն Եհովային։
2. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները լավ օրինակ լինեն իրենց երեխաների համար։
2 Ծնողների օրինակը։ Իսրայելացի հայրերին պատվեր էր տրված, որ նախքան իրենց երեխաների սրտում ճշմարտությունը սերմանելը նրանք նախևառաջ սովորեին սիրել Եհովային և նրա պատվիրանները իրենց սրտում պահեին (Բ Օրին. 6։5–9)։ Եթե դուք դրականորեն արտահայտվեք ծառայության մասին և ամեն շաբաթ մասնակցեք ծառայությանը, ապա ձեր երեխաների համար այն կլինի կարևոր և բավականություն պատճառող գործ։
3. Ի՞նչ օգուտ քաղեց մի քույր իր ծնողների օրինակից։
3 Մի քույր հաճույքով հիշում է. «Երբ ես փոքր էի, մեր ընտանեկան գրաֆիկում ժամանակ էր հատկացված հանգստյան օրերին քարոզչական ծառայությանը մասնակցելու համար։ Ես տեսնում էի, որ իմ ծնողներն իսկապես սիրում էին քարոզել։ Մեզ համար քարոզչությունը միշտ հաճելի գործ է եղել»։ Այս քույրը չմկրտված քարոզիչ է դարձել յոթ տարեկան հասակում և արդեն 33 տարի է, ինչ ծառայում է լիաժամ։
4. Ի՞նչ է նշանակում աստիճանական կրթություն տալ երեխաներին։
4 Աստիճանական կրթություն։ Քարոզելիս հնարավորություն տվեք ձեր երեխաներին մասնակցություն ունենալու ծառայության մեջ։ Նրանք գուցե դռան զանգը տան, տանտիրոջը թերթիկ առաջարկեն կամ սուրբգրային համար կարդան։ Դա կօգնի նրանց ավելի մեծ հաճույք ստանալ ծառայությունից և ավելի համարձակ կդարձնի նրանց Թագավորության պատգամը հաղորդելու գործում։ Մեծանալով նրանք պետք է ավելի շատ մասնակցեն ծառայությանը։ Ուստի օգնեք նրանց առաջադիմել և հոգևոր նպատակներ դնել իրենց առջև։
5. Ի՞նչ է անհրաժեշտ, որ երեխան համապատասխանի չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։
5 Երբ տեսնես, որ քո երեխան համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին և ցանկանում է դառնալ քարոզիչ, խոսիր երեցների հետ։ Դառնալով քարոզիչ՝ նրանք անձամբ պատասխանատվություն են ունենում Եհովային փառաբանելու։ Հիշիր, որ քարոզիչ դառնալու համար երեխան կարիք չունի այնքան գիտելիքներ ունենալու, որքան ունի չափահաս մկրտված քարոզիչը։ Քո երեխան հասկանո՞ւմ է Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Ապրո՞ւմ է Աստվածաշնչի բարոյական չափանիշներով։ Ցանկանո՞ւմ է մասնակցել ծառայությանը և ճանաչվել որպես Եհովայի վկա։ Եթե այո, այդ դեպքում երեցները գուցե որոշեն, որ նա համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին (տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 79–82)։
6. Ինչո՞ւ արժե, որ ծնողները կրթեն իրենց երեխաներին։
6 Ջանքեր են անհրաժեշտ, որ սովորեցնենք մեր երեխաներին սրտանց փառաբանել Եհովային։ Սակայն քիչ բաներ կան, որ կարող են ավելի մեծ ուրախություն պատճառել ծնողներին, քան այն, որ իրենց երեխաները հոգևոր առաջադիմություն են կատարում։ Իսկ ավելի կարևորն այն է, որ Եհովան է ուրախանում, երբ տեսնում է, որ երեխաները պատմում են իր հրաշալի գործերի մասին։