Ծառայության ժամանակ զգույշ եղիր
1. Ինչո՞ւ է անհրաժեշտ ծառայության ժամանակ զգույշ լինել։
1 «Իբրև ոչխարներ գայլերի մեջ»՝ Աստծու ծառաները քարոզում են «ծռված ու ապականված սերնդի մեջ» (Մատթ. 10։16; Փիլիպ. 2։15)։ Քաղաքացիական խռովությունների, բռնությունների և դաժան առևանգումների մասին տագնապալի տեղեկատվությունը սովորական բան է դարձել. այս ամենը խոսում է այն մասին, որ չար մարդիկ «ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ» (2 Տիմոթ. 3։13)։ Ո՞ր սուրբգրային սկզբունքները կօգնեն մեզ «զգույշ լինելու» ծառայության ժամանակ (Մատթ. 10։16)։
2. Ո՞ր հանգամանքները կարող են ստիպել մեզ հեռանալ և քարոզել այլ վայրում։
2 Եղիր խորագետ։ Առակներ 22։3-ը շեշտում է, որ իմաստուն է այն մարդը, ով «թաքնվում է փորձանքից»։ Ուստի զգոն եղիր։ Այնտեղ, որտեղ սովորաբար հանդարտ է, ամեն ինչ անսպասելիորեն կարող է փոխվել։ Ծառայության ժամանակ գուցե տեսնես, որ ինչ-որ տեղ սովորականից ավելի շատ ոստիկաններ կան կամ փողոցում ամբոխ է հավաքվում։ Կամ մի բարի տանտեր քեզ զգուշացնում է վտանգի մասին։ Այդ ամենը կարող է քո հետաքրքրությունը խիստ շարժել, բայց խելացի կլինես, եթե արագորեն հեռանաս և ծառայությունդ շարունակես ուրիշ տեղ (Առակ. 17։14; Հովհ. 8։59; 1 Թեսաղ. 4։11)։
3. Ժողովող 4։9-ում գրված սկզբունքն ինչպե՞ս կարող ենք կիրառել ծառայության մեջ։
3 «Երկուսով ավելի լավ է»։ «Երկուսով ավելի լավ է, քան մենակ»,— գրված է Ժողովող 4։9-ում։ Հնարավոր է՝ մինչև հիմա ոչինչ չի խանգարել քեզ մենակ ծառայելու տնետուն, որովհետև ոչ մի վտանգ չի եղել։ Իսկապես, որոշ տարածքներում այսօր էլ կարելի է ապահով քարոզել։ Բայց կան տարածքներ, որտեղ խելամիտ չի լինի, եթե քույրը կամ երիտասարդը գնա տնետուն մենակ, հատկապես արևամուտից հետո։ Փորձը ցույց է տալիս, որ լավ կլինի ծառայության գնալ այնպիսի քարոզչի հետ, ով ուշադիր է (Ժող. 4։10, 12)։ Եթե խմբով եք գնացել ծառայության, ուշադիր եղիր խմբի անդամների հանդեպ։ Եթե մտադիր ես բաժանվել նրանցից, լավ կլինի սովորություն դարձնես միշտ տեղեկացնել խմբի անդամներից որևէ մեկին, որ հեռանում ես։
4. Ի՞նչ կարող ենք անել, որ պաշտպանենք ժողովի անդամներին։
4 Երեցները, որոնք «անդադար հոգ են տանում մեր հոգիների մասին», պետք է գործնական առաջնորդություն ցույց տան՝ ելնելով տեղի հանգամանքներից (Եբր. 13։17)։ Եհովան անպայման կօրհնի մեզ, եթե համեստ լինենք և լիարժեքորեն համագործակցենք եղբայրների ու քույրերի հետ (Միք. 6։8; 1 Կորնթ. 10։12)։ Թող որ Աստծու բոլոր ծառաները ամեն ինչ անեն, որ արդյունավետ վկայություն տան իրենց քարոզչական տարածքներում, բայցև չմոռանան զգուշության մասին։