Արդյունավե՛տ եղիր ծառայության մեջ
1 Երկինքը խավարում է. ահարկու ձայն է լսվում և խլացուցիչ աղմուկ բարձրանում, ապա մի ծխանման ամպ է իջնում։ Սա ի՞նչ է նշանակում։ Դա միլիոնավոր մորեխներից կազմված բանակն է, որ գալիս է ամայացնելու ողջ երկիրը։ Հովել մարգարեի նկարագրած այս տեսարանն այսօր իր կատարումն ունի քարոզչական գործունեության մեջ, որին մասնակցում են Աստծո օծյալ ծառաները և նրանց ընկերակիցները՝ մեծ բազմությունը։
2 «Դիտարան» ամսագրի 1998 թ. մայիսի 1–ի համարի 21–րդ էջի 19–րդ պարբերության մեջ նշվում էր. «Աստծո՝ ներկայիս մորեխների բանակը քրիստոնեական աշխարհի «քաղաքումը» ամբողջական վկայություն է տվել (Յովէլ 2։9).... Եհովայի պատգամը հռչակելու նպատակով նրանք շարունակում են հաղթահարել բոլոր խոչընդոտները, այցելում են միլիոնավոր տներ, մոտենում մարդկանց փողոցում, զրուցում նրանց հետ հեռախոսով և ամեն հնարավոր առիթի դեպքում կապ հաստատում նրանց հետ»։ Մի՞թե մեծ առանձնաշնորհում չէ մասնակցել Աստծո կողմից կարգադրած այս գործում։
3 Ի տարբերություն իսկական մորեխներին, որոնք միայն իրենք են սնվում, մենք՝ Եհովայի ծառաներս, նաև մեծապես մտահոգված ենք ծառայության մեջ հանդիպող անհատների կյանքով։ Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց ծանոթանալու Աստծո Խոսքում գրված հիանալի ճշմարտության հետ և քաջալերել քայլեր ձեռնարկելու, որոնք նրանց հավիտենական փրկության կառաջնորդեն (Յովհ. 17։3; Ա Տիմոթ. 4։16)։ Հետևաբար, ցանկանում ենք արդյունավետ ծառայել։ Քարոզչության մեջ ինչպիսի ձևեր էլ որ կիրառենք, անհրաժեշտ է նկատի առնել, թե արդյո՞ք այնպես ենք ծառայում և քարոզում այն ժամանակ, որ մեր աշխատանքը լավագույն պտուղներ բերի։ Քանի որ «այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է, անցնելու վրայ է», տեղին է քննել քարոզչական ծառայության մեր մեթոդները և մոտեցումը՝ համոզվելու, որ հնարավորին չափով արդյունավետ ենք ծառայում (Ա Կորնթ. 7։31)։
4 Թեև մարդկանց հետ զրուցելու տարբեր առիթներ ենք փնտրում, սակայն տնետուն քարոզչությունը մեր ծառայության գլխավոր կերպն է։ Երբ այցելում ես մարդկանց, հաճա՞խ է պատահում, որ նրանց տանը չես հանդիպում կամ քնած են լինում։ Որքան ցավալի է, երբ չի հաջողվում նրանց հայտնել բարի լուրը։ Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը։
5 Եղեք ճկուն և խոհեմ։ Առաջին դարում հրեաները գիշերն էին ձկնորսություն անում։ Ինչո՞ւ։ Թեև նրանց համար սա ամենահարմար ժամանակը չէր, սակայն ձուկ որսալու ամենալավ պահն էր՝ ամենաարդյունավետ ժամը։ Այս հարցը մեկնաբանելով՝ 1992 թ. սեպտեմբերի 15–ի «Դիտարանում» ասվում է. «Մեզ նույնպես հարկավոր է ուսումնասիրել մեր տարածքը, որպեսզի «ձկնորսության» դուրս գանք այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը տանն է և տրամադրված է լսելու բարի լուրը»։ Մարդկանց առօրյայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքամերձ շատ վայրերում և քաղաքում բնակվողները սովորաբար չեն ցանկանում զրուցել, երբ նրանց այցելում են շաբաթ և կիրակի օրերին՝ առավոտյան վաղ ժամերին, թեև շատերն այդ ժամին տանն են լինում։ Եթե նման իրավիճակ է առաջանում քո տարածքում, ի վիճակի կլինե՞ս այցելել ավելի ուշ՝ գուցե կեսօրին։ Այսպես վարվելով՝ կավելացնենք մեր ծառայության արդյունավետությունը, ինչպես նաև կընդառաջենք մարդկանց՝ ցուցաբերելով մեր ճշմարիտ քրիստոնեական սերը (Մատթ. 7։12)։
6 «Փիլիպպեցիս» նամակի 4։5–ի խոսքերում Պողոս առաքյալն անհրաժեշտ կերպով հիշեցնում է, որ մեր «հեզութիւնը («խոհեմությունը», ՆԱ) յայտնի լինի բոլոր մարդկանց»։ Այս ներշնչված հրահանգի համաձայն վարվելով՝ ցանկանում ենք հավասարակշռված լինել և խոհեմությամբ իրագործել մեր ծառայության մեթոդները, երբ ջանասիրությամբ և եռանդորեն կատարում ենք մեր հանձնարարությունը։ Մենք չենք ցանկանում ‘վարանել՝ ուսուցանելու հրապարակներում և տանը’, այլ ուզում ենք վստահ լինել, որ տնետուն ծառայությունն անցկացնում ենք հարմար և արդյունավետ ժամանակ (Գործք 20։20)։ Ինչպես առաջին դարի հրեա ձկնորսները, այնպես էլ մենք ուզում ենք «ձկնորսությամբ» զբաղվել այն ժամանակ, երբ կարող ենք արդյունավետ լինել, ոչ թե մեզ հարմար պահին։
7 Ի՞նչ փոփոխություններ կարելի է անել։ Շատ հաճախ հանգստյան օրերին դաշտի ծառայության հանդիպումը անցկացվում է առավոտյան ժամը իննին կամ իննանց երեսունին, որից հետո քարոզիչներն անմիջապես գնում են տնետուն ծառայության։ Սակայն որոշ ժողովներում երեցների խորհուրդները ծառայությունն այնպես են կազմակերպել, որ տնետուն գնալուց առաջ քարոզիչները մասնակցում են ծառայության այլ ոլորտներում, օրինակ՝ դաշտի ծառայության, ինչպես նաև քարոզում են առևտրական տարածքներում կամ կրկնակի այցելություններ կատարում։ Մյուս ժողովներում նման հանդիպումներն անցկացվում են ավելի ուշ՝ ժամը տասին, տասնմեկին կամ տասներկուսին։ Այնուհետև քարոզիչներն անմիջապես գնում են տնետան ծառայության՝ քարոզելով մինչև հետկեսօրյա ժամանակը։ Որոշ տարածքներում հետկեսօրյա ժամերին դաշտի ծառայության հանդիպումն անցկացնելը կարող է ամենահարմարը լինել, քան առավոտյան ժամերին։ Այս փոփոխությունները կնպաստեն տնետան ծառայության արդյունավետությունն ավելացնելու հարցում։
8 Եղեք խորագետ և վայելուչ վարմունքով։ Տնետան ծառայության ժամանակ մարդկանց հետ զրուցելիս տարբեր արձագանքներ ենք ստանում մեր հաղորդած լուրի համար։ Որոշ մարդիկ տրամադրված են լսելու, ուրիշներն անտարբեր են, իսկ ոմանք էլ վիճում են կամ հակառակվում։ Մենք չենք փորձում ապացուցել, որ ճիշտ ենք այն մարդկանց, ովքեր չեն հարգում ճշմարտությունը։ Եթե տանտերը թշնամաբար է տրամադրված, ավելի լավ է հեռանալ։ Երբեք չպետք է հակառակվենք մարդկանց՝ պնդելով, որպեսզի մեր հետ զրուցեն կամ ընդունեն մեր տեսակետը։ Մենք չենք ստիպում մարդկանց բարի լուրն ընդունել։ Դա անխոհեմություն կլինի և դժվարությունների առջև կկանգնեցնի մյուս Վկաներին և մեր քարոզչական գործունեությանն ընդհանրապես։
9 Մինչև տարածքում ծառայությունը սկսելը, իմաստուն կլիներ տարածքի քարտերում ստուգել հասցեների կողքին արված նշումները չայցելելու համար այն բնակիչներին, ովքեր մերժել են լսել բարի լուրը։ Եթե նման հասցեներ գոյություն ունեն, այդ տարածքում ծառայող յուրաքանչյուր քարոզչին պետք է հաղորդվի այդ մասին։ Ոչ ոք չպետք է այցելի նման մարդկանց սեփական նախաձեռնությամբ՝ առանց ծառայողական վերակացուի համապատասխան ցուցումների (տես 1994 թ. «Մեր թագավորական ծառայության» հունվար ամսվա «Հարցերի արկղը»)։
10 Արդյունավետությունը կարելի է ավելացնել, եթե տնետան ծառայության ժամանակ խորագիտություն ցուցաբերենք։ Օրինակ՝ ծառայությունից առաջ քո տարածքի շենքին կամ տանը մոտենալիս՝ ուշադրություն դարձրու, թե արդյոք պատուհանները վարագույրներով ծածկվա՞ծ են, կամ տանից որևէ ձայն լսվո՞ւմ է։ Այսպիսով կարելի է կռահել, որ տանտերերը, միգուցե, քնած են։ Հավանաբար, նրանց հետ զրույցն ավելի օգտավետ կլինի՝ մի փոքր ուշ վերադառնալիս։ Թերևս, լավ կլիներ չայցելել այդ տունը՝ նշելով նրա համարը, այնուհետև, տարածքից հեռանալիս, կրկին վերադառնալ այնտեղ կամ էլ ավելի ուշ նորից այցելել։
11 Բայց և այնպես, պատահականորեն կարող ենք արթնացնել կամ ինչ–որ ձևով անհանգստացնել որևէ մեկին։ Վերջինս կարող է սրտնեղվել կամ նույնիսկ բարկանալ։ Ինչպե՞ս վարվել նման դեպքում։ «Առակաց» գրքի 17։27 (ԷԹ) խոսքը հետեվյալն է ասում. «Համբերատարը՝ խելացի [է]»։ Թեև մենք ներողություն չենք խնդրում մեր ծառայության համար, սակայն, իհարկե, կարող ենք ներողություն խնդրել անհարմար պահին այցելելու համար։ Կարելի է քաղաքավարի ձևով հարցնել նրանց այցելելու հարմար ժամը։ Մեղմ ձայնով արտահայտված անկեղծ պատասխանը հաճախ հանգստացնում է մարդկանց բարկությունը (Առակ. 15։1)։ Եթե տանտերը գիշերային հերթապահություն ունի աշխատավայրում, ապա տարածքի քարտի հետ միասին կարելի է երկտող կցել, որպեսզի հետագայում՝ համապատասխան ժամին նրան այցելեն։
12 Խորագիտություն ցուցաբերելն անհրաժեշտ է նաև տարածքը հիմնովին մշակելու համար։ Քանի որ մեր առաջին այցի ժամանակ շատերին տանը չենք հանդիպում, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր թափել փրկության մասին բարի լուրը նրանց էլ հաղորդելու համար (Հռովմ. 10։13)։ Ըստ լուրերի՝ երբեմն քարոզիչները միևնույն օրը մի քանի անգամ են հաճախում նույն բնակարանը տանտերերին հանդիպելու համար։ Սա չի վրիպում նրանց հարևանների ուշադրությունից և կարող է անբարեհաճ տպավորություն ստեղծվել, թե Եհովայի վկաները «անընդհատ գալիս են» իրենց փողոց։ Ի՞նչ կարելի է անել դրանից խուսափելու համար։
13 Խորագիտություն ցուցաբերեք։ Կրկին այցելելով այն տունը, որտեղ նախկինում բացակայում էր տանտերը՝ այժմ նկատո՞ւմ եք ներկայության նշաններ։ Նամակներով կամ թերթերով լի փոստարկղը հուշում է այն մասին, որ բնակիչը բացակայում է տնից և անօգուտ է այդ ժամին թակել նրա դուռը։ Եթե այդ օրը՝ տարբեր ժամերի ընթացքում, մի քանի փորձերից հետո չի հաջողվում տանտիրոջը հանդիպել, գուցե, փորձեք զանգահարել նրան։ Իսկ եթե չստացվի, բրոշյուր կամ թերթիկ կարելի է զգուշությամբ թողնել դռան արանքում, հատկապես, եթե տարածքը բավականին հաճախ է մշակվում։ Հավանաբար, կհաջողվի այդ անհատին հանդիպել տարածքի հաջորդ մշակման ժամանակ։
14 Անբարենպաստ եղանակի դեպքում հարկավոր է խուսափել տանտիրոջ հետ երկար խոսելուց։ Երբ ներս են հրավիրում, ուշադիր եղեք, որպեսզի հատակը չկեղտոտեք։ Զգուշացե՛ք, եթե տանտերը կատաղի շուն ունենա։ Բարձրահարկ շենքում քարոզելիս աշխատեք ցածր խոսել և չաղմկել՝ բնակիչներին չանհանգստացնելու և ձեր վրա ուշադրություն չգրավելու համար։
15 Եղեք կազմակերպված և արժանավայել պահվածք ունեցեք։ Լավ կազմակերպվածությունը կօգնի խուսափելու մեծ, աչքի զարնող խմբերով տարածքում հավաքվելուց։ Որոշ բնակիչներ կարող են անհանգստանալ՝ տեսնելով քարոզիչների մեքենաների շարասյունն իրենց շենքի առջև։ Մենք չենք ցանկանում տները «ներխուժողների» տպավորություն ստեղծել։ Տարածքներում քարոզելու նախապատրաստությունները լավ է անել դաշտի ծառայության հանդիպման ժամանակ։ Մի քանի քարոզիչները կամ քարոզիչների մի ընտանիքը հազիվ թե բնակիչներին անհանգստացնեն և կարիք չկա տարածքի մշակման ժամանակահատվածում ավելորդ անգամ զույգերին բաշխել։
16 Հարկավոր է կազմակերպվածություն ցուցաբերել, որպեսզի ծնողները, տարածքում ծառայելիս, ուշադրություն դարձնեն իրենց երեխաների վարքին։ Ծնողների հետ եղող երեխաները պետք է իրենց պատշաճ պահեն։ Ծնողները չպետք է թույլ տան, որպեսզի նրանք դեսուդեն վազվզեն՝ շեղելով բնակիչների և անցորդների ուշադրությունը։
17 Հարկավոր է նաև հավասարակշռվածություն դրսևորել ընդմիջումներ անելու հարցում։ «Մեր թագավորական ծառայության» թերթիկում (1995 թ., հունիս, էջ 3) ասվում է. «Ծառայության ընթացքում կարող ենք թանկարժեք ժամանակ կորցնել ընդմիջումների վրա, երբ սնվում ենք։ Ճիշտ է, վատ եղանակին այսպիսի ընդմիջումը նույնիսկ կօգնի մեզ թարմանալու և շարունակելու ծառայությունը։ Սակայն շատերը նախընտրում են չընդմիջել ծառայության ընթացքում՝ ժամանակ կորցնելով եղբայրների հետ շփվելու վրա, քանի որ այդ ժամանակը հատկացված է ծառայությանը։ Թեև անհատը անձամբ է որոշում իր հանգստի ժամանակը, նկատվել է, որ երբեմն եղբայրներն ու քույրերը մեծ խմբով հավաքվում են սրճարաններում կամ ռեստորաններում։ Բացի այն, որ այդ դեպքում շատ ժամանակ է ծախսվում նրանց մատակարարելու համար, այդպիսի մեծ խմբի ներկայությունը կարող է անհանգստացնել հաճախորդներին։ Երբեմն բարձր ձայնով քննարկվում են ծառայության ընթացքում պատահած դեպքերը, ինչը կարող է արժեքազրկել մեր ծառայությունը և ազդել արդյունավետության վրա։ Խորագիտությունը կօգնի քարոզիչներին խուսափել մեծ խմբով սրճարաններն ու ռեստորանները ծանրաբեռնելուց և ծառայությունից անտեղի ժամանակ խլելուց։
18 Շատերը լավ պտուղներ են բերել՝ մոտենալով մարդկանց փողոցներում, զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում, որտեղ հնարավոր է մարդկանց գտնել։ Մեր ցանկությունն է՝ լավ վկայություն տալ ոչ միայն խոսքերով, այլ նաև խոհեմություն ցուցաբերելով։ Յուրաքանչյուր ժողովի քարոզիչ պետք է վստահ լինի, որ չի խախտում իր ժողովին հատկացրած տարածքի սահմանները՝ խանգարելով մարդկանց, օրինակ, առևտրական կետերում, մետրոյի մուտքի մոտ, ինչպես նաև օրուգիշեր աշխատող բենզինի լցակայաններում։ Որպեսզի մեր ծառայությունը կազմակերպված և արժանավայել կերպով կատարենք, եկեք չքարոզենք մեր տարածքին չվերաբերվող տերիտորիայում։ Դա կարող ենք անել միայն այն դեպքում, եթե այդ տարածքի ժողովի կոմիտեն խնդրի մեր ժողովին օգնելու իրենց և այդ կապակցությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկվեն (համեմատեք Բ Կորնթ. 10։13—15)։
19 Որոշ ժողովներ, որոնց տերիտորիաների մեջ մտնում են շատ հասարակական վայրեր, որտեղ կարելի է քարոզել, դրանք տարածքների են բաժանում։ Այնուհետև տարածքի քարտը տրվում է քարոզիչներից մեկին կամ մի խումբ քարոզիչների։ Սա կնպաստի ավելի արդյունավետ կերպով տարածքը մշակելուն, ինչպես նաև մեծ թվով քարոզիչներ միևնույն վայրում նույն ժամին չեն քարոզի։ Այսպես վարվելով՝ հարազատ կմնանք Ա Կորնթացիս 14։40 խոսքում գրված հետևյալ սկզբունքին. «Ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի»։
20 Մեր արտաքին տեսքը պիտի արժանավայել ձևով մեզ ներկայացնի՝ որպես Եհովայի անունը կրող ծառաներ։ Դա վերաբերվում է ոչ միայն հագուստին, այլ նաև մեր ձեռքի տակ եղած «գործիքներին», որոնցից օգտվում ենք ծառայության ժամանակ։ Մաշված պայուսակները և ծալված էջերով կամ կեղտոտված թերթերով Աստվածաշնչերը մարդկանց ուշադրությունը շեղում են Թագավորության բարի լուրից։ Մեր հագնվածքն ու սանրվածքը «մի այցետոմս է, որը մարդկանց հաղորդում է, թե ովքե՛ր ենք մենք, ինչո՛վ ենք զբաղվում և հասարակության մեջ ինչպիսի՛ տեղ ենք զբաղեցնում»։ Ուստի, պիտի խուսափենք թափթփված, չսանրված, ինչպես նաև աչքի ընկնող տեսքից, այլ միշտ «Աւետարանին արժանի» կերպով հագնվենք (Փիլիպ. 1։27; Ա Տիմոթ. 2։9, 10)։
21 Պողոս առաքյալը Ա Կորնթացիս 9։26 խոսքում ասում է. «Ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի»։ Պողոսի նման մենք նույնպես ցանկանում ենք «պտղաբեր» և արդյունավետ ծառայություն կատարել։ Եկե՛ք, ուրեմն, քրիստոնյաներին հատուկ խոհեմությամբ և խորագիտությամբ հաղորդենք փրկության այս բարի լուրը մեր տարածքում բնակվող բոլոր մարդկանց՝ եռանդորեն վկայություն տալով որպես Եհովայի՝ ժամանակակից «մորեխների բանակի» մի մաս։