Խնայիր ժամանակդ
1 Բոլորս էլ շաբաթվա ընթացքում միևնույն քանակությամբ ժամանակն ունենք մեր տրամադրության տակ։ Բարի լուրը քարոզելուն հատկացված ժամանակը հատկապես արժեքավոր է, քանի որ այն ուղղված է մարդկանց կյանքերը փրկելուն (Հռովմ. 1։16)։ Այդ ժամանակի հանդեպ մեր գնահատանքը ցույց ենք տալիս՝ պլանավորված քարոզչական ծառայությանը լավ նախապատրաստվելով, ժամանակին գալով քարոզչական ծառայության հանդիպումներին և հանդիպումից անմիջապես հետո քարոզելու մեր տարածքը գնալով։ Եվ հապաղելու փոխարեն՝ ավելի լավ է ժամանակը ծախսել քարոզելու վրա։ Քանի որ Եհովան սովորեցրել է մեզ, որ «ամեն բանի ժամանակ կայ», ուստի, իրոք որ, պետք է խնայենք ծառայությանը հատկացված ժամանակը (Ժող. 3։1)։
2 Ժամանակդ իմաստությամբ օգտագործիր։ Մեծ օրհնություններ են սպասվում մեզ, եթե կանոնավորաբար հետևենք քարոզչական ծառայությանը մասնակցելու ծրագրին։ Ինչ խոսք, քարոզչության մեջ քաղած լավ արդյունքները կախված են ծառայությանը հատկացված ժամանակի քանակից։ Կարո՞ղ ենք արդյոք մեր առօրյա ծրագրերի մեջ որոշ փոփոխություններ մտցնելով, ավելի շատ ժամանակ հատկացնել քարոզչական ծառայությանը։ Օրինակ՝ շաբաթ օրերին անցկացվող ամսագրերով ծառայությունից հետո կարո՞ղ ենք հավելյալ ժամանակ տրամադրել մի քանի վերայցելություններ անելու համար։ Եթե կիրակի օրն արդեն եղել ենք դաշտի ծառայությանը, կարո՞ղ ենք փոքր–ինչ ավել ժամանակ հատկացնել վերայցելություններ կատարելուն կամ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուն։ Հնարավոր չէ՞ արդյոք տնետուն ծառայությանը որոշ ժամանակ էլ գումարել փողոցում վկայություն տալու համար։ Այս և ուրիշ կերպերով մենք կկարողանանք բարելավել մեր ծառայությունը։
3 Եթե ծառայության ժամանակ ուշադիր չենք, կարող ենք անտեղի վատնել մեր ունեցած թանկագին ժամանակը։ Իհարկե, անբարենպաստ եղանակի դեպքում կարճատև դադարը թարմացուցիչ կլինի և նոր լիցք կտա՝ ծառայությունը շարունակելու։ Այնուհանդերձ, հավասարակշռված եղիր, քանի որ նման ընդմիջումները միշտ չէ, որ կարող են անհրաժեշտ լինել։
4 Վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մարդկանց տանը գտնելը։ Այս իրավիճակի հետ հարմարվելու համար շատ քարոզիչներ իրենց տնետուն ծառայությունը անց են կացնում օրվա տարբեր ժամերին։ Ինչո՞ւ չփորձես քարոզել կեսօրից հետո կամ վաղ երեկոյան։
5 Ցանկալի է, որ քարոզիչները փողոցում՝ ծառայության ժամանակ, զրույցի չբռնվեն միմյանց հետ։ Փոխարենը՝ կարելի է որոշակի տարածության վրա գտնվել մեկը մյուսից և, մոտենալով մարդկանց, նրանց հետ զրույց սկսել։ Այդպես ժամանակն ավելի արդյունավետ կօգտագործեք և ավելի շատ ուրախություն կստանաք ձեր աշխատանքից։
6 Օգտվիր քարոզելու հնարավորություններից։ Երբ մի տանտիկին ասաց, որ իրեն չի հետաքրքրում հաղորդվող լուրը, նրա հետ զրուցող քույրը հարցրեց, թե կա՞ տանը ուրիշ մեկը, ում հետ կարող է խոսել։ Ուստի, հնարավորություն առաջացավ զրուցելու տանտիրոջ հետ, որը երկար տարիներ հիվանդ էր ու հիմնականում մահճակալին գամված։ Հույսը, որն ամփոփված է Աստծո Խոսքում, նրա մեջ հետաքրքրություն արթնացրեց դեպի կյանքը։ Շուտով նա ոտքի կանգնեց, սկսեց հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին և իր գտած հույսը ուրիշներին հաղորդել։
7 Մի դեռահաս քույր որոշում է կիրառել ժողովի Գրքի ուսումնասիրությունից մեկ ժամ առաջ քարոզելու խորհուրդը։ Քարոզելիս առաջին դռան մոտ հանդիպում է տասներեքամյա մի աղջկա։ Վերջինս ուշադրությամբ լսում է նրան և գրականություն վերցնում։ Հաջորդ օրը դպրոցում այդ քույրը հանդիպում է նույն աղջկան։ Կարճ ժամանակ անց նա Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկում նրան, իսկ աղջիկն ընդունում է այդ առաջարկը։
8 Լավագույն կերպով գործածիր ժամանակը։ Դաշտի ծառայությանը կանոնավորաբար մասնակցելը հնարավորություն է ընձեռում բարի լուրը հաղորդելու մեր ընդունակությունները զարգացնելուն։ Կարո՞ղ ես բարելավել տնետուն ծառայության ժամանակ խոսակցություն սկսելու կարողությունդ՝ ավելի հաջող նախաբան գործածելով։ Կարո՞ղ ես ավելի հմտանալ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելու մեջ։ Ամեն անգամ բարելավվելով՝ իսկապես ժամանակ կխնայես և ծառայությունդ ավելի արդյունավետ կդարձնես (Ա Տիմոթ. 4։16)։
9 Քանի որ «ժամանակը կարճ» է, մեր կյանքը պետք է առատ լինի քրիստոնեավայել գործերով (Ա Կորնթ. 7։29)։ Մեզ համար առաջնահերթը միշտ պետք է լինի քարոզչական գործունեությանը ժամանակ հատկացնելը։ Եկեք եռանդով մեր մասնակցությունը բերենք ծառայության մեջ։ Ժամանակը, որ Եհովան տվել է մեզ, հիանալի պարգև է։ Ուստի միշտ իմաստուն կերպով գործածիր այն և անտեղի մի վատնիր։
[4 էջի վրայի շրջանակը]
Նկատի առ ներքոհիշյալ խորհուրդները.
◼ Ժամանակին ներկայացիր դաշտի ծառայության համար անցկացվող հանդիպումներին։
◼ Ողջամիտ սահմաններում՝ քարոզեք փոքր խմբերով։
◼ Մի հապաղիր տարածք գնալիս։
◼ Տարածքումդ քարոզիր այն ժամերին, երբ մարդիկ մեծամասամբ տանն են։
◼ Եթե վտանգավոր չէ, երբեմն կարող ես ծառայության մենակ գնալ։
◼ Կրկնակի այցելություններ արա մոտիկ գտնվող տարածքներում։
◼ Շարունակիր ծառայությունդ, մինչ մյուսները դեռ զրուցում են դռների մոտ։
◼ Հնարավորության դեպքում, հանգամանքներից կախված, աշխատիր մեկ ժամից ավել ծառայել։