Ինչպե՞ս պատրաստել «ախորժաբեր» առաջաբան
1. Որքանո՞վ է կարևոր լավ առաջաբան անելը։
1 Ինչպես որ համեղ նախուտեստն է ախորժակ առաջացնում ուտելու դրան հաջորդող ուտեստը, այնպես էլ լավ առաջաբանն է սուրբգրային արդյունավետ քննարկում անցկացնելու հիմք նախապատրաստում։ Արդյունավետ առաջաբանները կարող են տարբերվել իրենց երկարությամբ և բովանդակությամբ։ Բայց ամեն դեպքում հարկավոր է նախապես մտածել և պատրաստվել, ինչպես որ համեղ ուտելիք պատրաստելու համար է անհրաժեշտ նախօրոք մտածել և պատրաստվել (Առակ. 15։28)։ Իսկ ի՞նչն է առաջաբանը արդյունավետ դարձնում։
2. Ինչպե՞ս կարող ենք մարդկանց հետաքրքրող առաջաբան պատրաստել։
2 Ընտրիր մարդկանց հետաքրքրող թեմաներ։ Առաջաբանը պետք է հետաքրքրություն առաջացնի։ Հակառակ դեպքում՝ տանտերը գուցե չցանկանա շարունակել զրույցը։ Ուստի նախապատրաստվելիս մտածիր, թե որ թեմաները կհետաքրքրեն քո տարածքում ապրող մարդկանց, օրինակ՝ լավ կառավարություն, երջանիկ ընտանեկան կյանք, պատերազմից զերծ աշխարհ։ Սովորաբար մարդիկ սիրում են արտահայտել իրենց կարծիքը, ուստի պատրաստիր մտածելու տեղիք տվող և տեսակետ բացահայտող մի հարց։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից կարող ես ընտրել որևէ առաջաբան և այն հարմարեցնել քո տարածքին։ Երբեմն ընտանեկան երկրպագության ժամանակ կարելի է մի քանի առաջաբան փորձել։
3. Ինչպե՞ս կարող ենք առաջաբանը հարմարեցնել մարդկանց մշակույթին և ծագմանը։
3 Հաշվի առ մարդու մշակույթն ու ծագումը։ Որոշ վայրերում ընդունված է, որ այցելուն անմիջապես հայտնի իր գալու նպատակը։ Իսկ այլ վայրերում անքաղաքավարություն է համարվում, երբ նախքան բուն թեմային անցնելը չես հետաքրքրվում բնակչի բարօրությամբ կամ քո մասին որևէ բան չես ասում։ Որոշ վայրերում մարդկանց կրոնական պատկանելությունը հնարավորություն է տալիս առաջաբանում հիշատակելու Աստվածաշնչի մասին (Գործ. 2։14–17)։ Բայց այն տարածքներում, որտեղ մարդիկ ոչ քրիստոնեական կրոն են դավանում կամ ընդհանրապես ոչ մի կրոն չեն դավանում, գուցե ավելի լավ լինի Աստվածաշնչի մասին խոսել ոչ թե առաջին հանդիպմանը, այլ վերայցելության ժամանակ (Գործ. 17։22–31)։
4. Ինչպիսի՞ն է լինում «ախորժաբեր» առաջաբանը։
4 Լավ առաջաբանը։ Առաջաբանի խոսքերը ընտրիր հանգամանորեն։ Սովորաբար ամենալավը կարճ և պարզ նախադասություններն են։ Կարևոր է նաև այն, թե ինչպե՛ս ենք անում առաջաբանը։ Խոսիր խանդավառությամբ։ Եթե անկեղծ և բարյացակամորեն ժպտաս, անձնական հետաքրքրություն ցույց տված կլինես բնակչի հանդեպ։ Հետևելով այս առաջարկներին՝ մենք կկարողանանք պատրաստել «ախորժաբեր» առաջաբաններ, որոնք կմղեն տարածքի մարդկանց սնվելու «Եհովայի սեղանից» (1 Կորնթ. 10։21)։