«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
Մարտի 4–10
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12–14
«Ի՞նչ է նշանակում քրիստոնեական սեր դրսևորել»
it-1, էջ 55
Կապվածություն
Եղբայրական սեր (հուն.՝ ֆիլադելֆիա, բառացի՝ «սեր եղբոր հանդեպ») պետք է լինի քրիստոնեական ժողովի բոլոր անդամների միջև (Հռ 12։10; Եբ 13։1; տես նաև 1Պտ 3։8)։ Դա նշանակում է, որ ժողովի անդամների միջև պետք է լինի այնպիսի ամուր, մտերիմ ու ջերմ փոխհարաբերություն, ինչպիսին լինում է իսկական ընտանիքում։ Թեև ժողովի անդամները արդեն իսկ դրսևորում են եղբայրական սեր, բայց նրանց հորդոր է տրվում անել դա ավելի մեծ չափով (1Թղ 4։9, 10)։
Հունարեն ֆիլոստորգոս բառը, որը նշանակում է «ջերմ կապվածություն ունեցող», վերաբերում է այն անձնավորությանը, ով ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ ունի մեկ ուրիշի հետ։ Այս բարդ բառի արմատներից մեկը՝ ստերգո, հաճախ գործածվում է բնական կապվածության իմաստով, ինչպիսին լինում է ընտանիքի անդամների միջև։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց մշակել այդ հատկությունը (Հռ 12։10)։ Նա նաև գրեց, որ վերջին օրերի բնորոշ նշաններից մեկը լինելու էր այն, որ մարդիկ կլինեին «բնական կապվածությունից զուրկ» (հուն. աստորգոյ), և նշեց, որ այդպիսի մարդիկ արժանի են մահվան (2Տմ 3։3; Հռ 1։31, 32)։
Մարտի 11–17
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 15–16
Փնտրենք հոգևոր գանձեր
w89 12/1, էջ 24, պրբ. 3
Ստուգվում է ձեր սիրո անկեղծությունը
Ինչ խոսք, Երուսաղեմի քրիստոնյաների այլազգի եղբայրները կմղվեին օգնության հասնելու՝ իմանալով նրանց ծանր կացության մասին։ Չէ՞ որ նրանք որոշակի առումով «պարտական» էին Երուսաղեմի քրիստոնյաներին։ Բանն այն է, որ բարի լուրը Երուսաղեմից էր տարածվել այլազգիների մեջ։ Պողոս առաքյալը ուշադրություն հրավիրեց այս իրողության վրա՝ ասելով. «Եթե հրեա քրիստոնյաները իրենց հոգևոր գանձերը կիսեցին այլազգիների հետ, ապա հստակ է, որ այլազգիների պարտքն է աջակցել նրանց նյութական կարիքները հոգալու հարցում» (Հռոմեացիներ 15։27, The New English Bible)։
Մարտի 18–24
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 1–3
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 1193, պրբ. 1
Իմաստություն
Աշխարհը իր իմաստությամբ մերժեց Քրիստոսի միջոցով Աստծու տրամադրած փրկության միջոցը՝ համարելով դա հիմարություն, իսկ աշխարհի ղեկավարները, թեև որպես կառավարիչներ գուցե բանիմաց և խելամիտ էին, բայց «փառավոր Տիրոջը ցցին» գամեցին (1Կթ 1։18; 2։7, 8)։ Իսկ այժմ Աստված փաստում է, որ աշխարհի իմաստությունը հիմարություն է։ Նա ամոթով է թողնում աշխարհի իմաստուն մարդկանց՝ իր անխախտ նպատակի իրականացման համար օգտագործելով այն միջոցը, ինչը նրանք հիմարություն՝ «Աստծու հիմար» էին համարում, և այն մարդկանց, ում նրանք համարում էին «հիմարներ», «թույլեր», «անտոհմներ» (1Կթ 1։19–28)։ Պողոսը Կորնթոսի քրիստոնյաներին հիշեցրեց, որ այս աշխարհի և նրա իշխանների իմաստությունը ոչնչանալու էր, ուստի և այդպիսի իմաստությունը տեղ չուներ առաքյալի հոգևոր նամակների մեջ (1Կթ 2։6, 13)։ Նա Կողոսայի քրիստոնյաներին զգուշացրեց, որ չմոլորվեն «փիլիսոփայությամբ [ֆիլոսոֆիաս, բառացի՝ սեր իմաստության հանդեպ] և դատարկ խաբեությամբ», որոնք «մարդկանց ավանդույթների.... վրա են հիմնված» (Կղ 2։8; հմմտ. 2։20–23)։
Մարտի 25–31
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 4–6
«Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը»
it-2, էջ 230
Թթխմոր
Պողոս առաքյալը այդ բառը օգտագործեց նույն փոխաբերական իմաստով, երբ Կորնթոսի ժողովին պատվիրեց անբարո մարդուն հեռացնել իրենց միջից։ Նա գրեց. «Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը։ Հեռացրեք հին թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք՝ խմորումից զերծ, ինչպես որ կաք, որովհետև Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը, զոհաբերվեց»։ Իր հաջորդ խոսքերով առաքյալը հստակ ցույց տվեց՝ ինչ նկատի ուներ «թթխմոր» ասելով. «Հետևաբար եկեք տոնը նշենք ո՛չ հին թթխմորով, ո՛չ էլ չարության ու ամբարշտության թթխմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով» (1Կթ 5։6–8)։ Պողոսը այստեղ խոսում է անմիջապես Պասեքին հաջորդող Անթթխմոր հացերի հրեական տոնի խորհրդանշական նշանակության մասին։ Ճիշտ ինչպես մի փոքր թթխմորը կարճ ժամանակում խմորում է հացի խմորի ամբողջ զանգվածը, այդպես էլ ժողովը՝ որպես մեկ մարմին, Եհովայի աչքին անմաքուր կդառնար, եթե իր միջից չհեռացներ այդ անբարո մարդու ապականիչ ազդեցությունը։ Քրիստոնյաները պետք է վճռականորեն գործեին և իրենց միջից հեռացնեին «թթխմորը», ճիշտ ինչպես իսրայելացիները պետք է հոգ տանեին, որ իրենց տանը թթխմոր չլիներ այդ տոնի ժամանակ։
it-2, էջ 869–870
Սատանա
Ի՞նչ է նշանակում «մարդուն հանձնել Սատանային՝ մարմնի կործանման համար»
Երբ Պողոսը Կորնթոսի ժողովին ուղղված իր նամակում հրահանգ էր տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկեն ժողովի մի անդամի նկատմամբ, ով անամոթաբար արյունապիղծ կապի մեջ էր իր հոր կնոջ հետ, այսպիսի խոսքեր գրեց. «Այդ մարդուն հանձնեք Սատանային՝ մարմնի կործանման համար» (1Կթ 5։5)։ Սրանով նա հրահանգ տվեց ժողովից հեռացնել այդ մարդուն և խզել ամեն շփում նրա հետ (1Կթ 5։13)։ Նրան Սատանային հանձնել կնշանակեր հանել ժողովից, որտեղից դուրս գալով՝ նա կհայտնվեր աշխարհում, որի աստվածն ու ղեկավարը Սատանան է։ Ինչպես «մի փոքր թթխմորը» խմորի «ողջ զանգվածի» մեջ, այդ մարդը «մարմին», կամ՝ մարմնավոր տարր էր ժողովի մեջ, և այդ անբարո մարդուն հեռացնելով՝ հոգևոր մտածելակերպ ունեցող ժողովը կկործաներ, իր միջից կվերացներ «մարմինը»՝ մարմնավոր տարրը (1Կթ 5։6, 7)։ Այդ նույն կերպով Պողոսը Հիմենեոսին ու Ալեքսանդրոսին հանձնեց Սատանային, քանի որ նրանք չէին պահել իրենց հավատն ու մաքուր խիղճը, և նրանց հավատը նավաբեկության էր ենթարկվել (1Տմ 1։20)։
lvs 241, Ծանոթագրություն
Ընկերակցությունից զրկել
Երբ լուրջ մեղք գործած անհատը չի զղջում և չի ցանկանում հետևել Եհովայի չափանիշներին, նա այլև չի կարող ժողովի անդամ լինել։ Նա պետք է զրկվի ընկերակցությունից։ Երբ մարդ զրկվում է ընկերակցությունից, մենք այլևս ոչ մի շփում չենք ունենում և չենք խոսում նրա հետ (1 Կորնթացիներ 5։11; 2 Հովհաննես 9–11)։ Ընկերակցությունից զրկելու կարգը Եհովայի անունը և նրա ժողովը պաշտպանում է արատավորումից (1 Կորնթացիներ 5։6)։ Դա նաև խրատի մի ձև է, որ մարդուն կարող է օգնել զղջալու, որպեսզի նա կարողանա վերադառնալ Եհովայի մոտ (Ղուկաս 15։17)։
▸ Գլուխ 3, պրբ. 19
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 211
Օրենք
Օրենքներ, որոնց ենթակա են հրեշտակները։ Հրեշտակները, որոնք ավելի բարձր դիրք ունեն, քան մարդիկ, ենթակա են Աստծու սահմանած օրենքներին և պատվիրաններին (Եբ 1։7, 14; Սղ 104։4)։ Եհովան անգամ իր հակառակորդին՝ Սատանային, հրահանգներ տվեց և սահմանափակումներ դրեց նրա առջև (Հոբ 1։12; 2։6)։ Միքայել հրեշտակապետը ցույց տվեց, որ ընդունում ու հարգում է Եհովայի դիրքը՝ որպես Գերագույն Դատավորի, երբ Բանսարկուի հետ վիճելիս ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի» (Հդ 9; հմմտ Զք 3։2)։ Եհովա Աստված փառավորված Հիսուս Քրիստոսին իշխանություն է տվել բոլոր հրեշտակների վրա (Եբ 1։6; 1Պտ 3։22; Մթ 13։41; 25։31; Փպ 2։9–11)։ Այդպես, օրինակ, Հիսուսի հրահանգով Հովհաննեսի մոտ մի հրեշտակ ուղարկվեց որպես պատգամաբեր (Հտն 1։1)։ Իսկ Քրիստոսի եղբայրների մասին Պողոս առաքյալը 1 Կորնթացիներ 6։3-ում ասում է, որ նրանց իրավասություն է տրված դատելու հրեշտակներին. ըստ ամենայնի այդպես է ասվում, քանի որ նրանք որոշակի առումով մասնակցելու են չար ոգեղեն արարածների դեմ դատաստան իրականացնելու գործին։
Հմտանանք քարոզչական ծառայության մեջ
lvssm, Ամփոփում 3, կետ 4
ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԻՑ ՎԵՐ Է
«Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում.... սակայն հետո.... բերում [է].... արդարություն» (Եբրայեցիներ 12։11)
Ի՞նչ պետք է անենք, եթե մեր ընկերը որոշում է հեռանալ Եհովայից։
1 Կորնթացիներ 5։11–13; 2 Հովհաննես 9–11
Եթե մեր ընկերը դիտավորյալ սխալներ է գործում և մերժում է օգնությունը, դրանով ցույց է տալիս, որ այլևս չի ցանկանում լինել ժողովի անդամ։
Ընկերակցությունից զրկելու կարգը սիրո դրսևորում է Եհովայի, նրա սուրբ անվան և չափանիշների հանդեպ։