«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈՒՆԻՍԻ 3–9
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 4–6
«Խորհրդանշական պատմություն. ի՞նչ նշանակություն ունի մեզ համար»
it-1, էջ 1018, պրբ. 2
Հագար
Պողոս առաքյալի խոսքերի համաձայն՝ Հագարը նաև խորհրդանշական իմաստ ունեցող պատմության կերպար էր և ներկայացնում էր մարմնավոր Իսրայելին, որը Եհովայի հետ փոխհարաբերություններ էր հաստատել Սինա լեռան մոտ կնքված Օրենքի ուխտի միջոցով։ Այդ ուխտի ներքո առաջ եկան «երեխաներ.... ստրկության համար»։ Լինելով մեղավոր՝ այդ ժողովուրդը անկարող էր պահել ուխտի պայմանները։ Դրա ներքո նրանք դատապարտվեցին որպես մահվան արժանի մեղավորներ և այդպես էլ չդարձան ազատ ժողովուրդ, հետևաբար, կարելի էր ասել, որ նրանք ստրուկներ էին (Հվ 8։34; Հռ 8։1–3)։ Պողոսի օրերի Երուսաղեմը համապատասխանում էր Հագարի կերպարին, քանի որ մարմնավոր Իսրայելին ներկայացնող այդ մայրաքաղաքը, իր զավակներով հանդերձ, գտնվում էր ստրկության մեջ։ Իսկ ոգով օծված քրիստոնյաները «վերին Երուսաղեմի»՝ Աստծու փոխաբերական կնոջ զավակներն են։ Այս Երուսաղեմը, «ազատ կնոջ»՝ Սառայի պես, երբեք չի եղել ստրկության մեջ։ Եվ ճիշտ ինչպես Իսահակը հալածվում էր Իսմայելի կողմից, այնպես էլ «վերին Երուսաղեմի» երեխաները, որոնց ազատել էր Որդին, հալածվում էին ստրկացած Երուսաղեմի զավակների կողմից։ Բայց Հագարն ու նրա որդին դուրս վռնդվեցին, ինչը խորհրդանշում էր Իսրայել ազգի մերժվելը Եհովայի կողմից (Գղ 4։21–31; տես նաև Հվ 8։31–40)։
ՀՈՒՆԻՍԻ 10–16
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 1–3
«Եհովայի «տնօրինությունը». ինչ է այն իրականացնում»
it-2, էջ 837, պրբ. 4
Սրբազան գաղտնիք
Մեսիական Թագավորություն։ Պողոսը իր գրած նամակներում լիարժեք պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է բացահայտվել Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը։ Եփեսացիներ 1։9–11-ում նա գրում է, որ Աստված հայտնել է «իր կամքի սրբազան գաղտնիքը», և ապա շարունակում է. «Այն ներդաշնակ է իր ցանկությանն ու նպատակին, այն է՝ նշանակված ժամանակները լրանալուն պես հաստատել մի տնօրինություն, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները։ Այո՛, ամեն ինչ պիտի համախմբվի Քրիստոսում, որի հետ միության մեջ լինելով՝ մենք նաև նշանակվեցինք ժառանգներ (քանի որ նախապես որոշված էինք նրա նպատակի համաձայն, ով ամեն ինչ իրագործում է այնպես, ինչպես իր կամքն է թելադրում)»։ Այդ «սրբազան գաղտնիքը» կապ ունի մի կառավարության՝ Աստծու Մեսիական Թագավորության հետ։ «Երկնքում եղողները», որոնց մասին նշեց Պողոսը, այն մարդիկ են, ովքեր Քրիստոսի հետ ժառանգելու էին այդ երկնային Թագավորությունը։ Իսկ «երկրի վրա եղողները» այդ Թագավորության երկրային հպատակներն են։ Հիսուսն ինքն էլ աշակերտներին ուղղված հետևյալ խոսքերում ցույց տվեց, որ սրբազան գաղտնիքը կապված է Թագավորության հետ. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը» (Մկ 4։11)։
ՀՈՒՆԻՍԻ 17–23
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 4–6
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 1128, պրբ. 3
Սրբություն
Սուրբ ոգի։ Եհովայի գործուն ուժը, կամ՝ ոգին գտնվում է նրա վերահսկողության տակ և միշտ իրականացնում է նրա նպատակը։ Այն մաքուր է, անաղարտ, սուրբ և առանձնացված՝ Աստծու նպատակներին ծառայելու համար։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է «սուրբ ոգի» (Սղ 51։11; Ղկ 11։13; Հռ 1։4; Եփ 1։13)։ Երբ սուրբ ոգին ներգործում է մարդու վրա, մղում է նրան սուրբ և մաքուր լինելու։ Եթե մարդը շարունակաբար անմաքուր կամ սխալ վարքագիծ է դրսևորում, այդպիսով հակառակվում է այդ ոգուն կամ «տրտմեցնում» է այն (Եփ 4։30)։ Թեև սուրբ ոգին ինքնին անձ չէ, բայց այն գործում է Աստծու կամքին ու նրա սուրբ էությանը ներդաշնակ, հետևաբար հնարավոր է «տրտմեցնել» այդ ոգին։ Շարունակաբար սխալ վարքագիծ դրսևորելը «հանգցնում է ոգու կրակը» (1Թղ 5։19)։ Այդպես վարվող մարդը «վշտացնում է» Աստծու սուրբ ոգին, և հետևանքը կարող է լինել այն, որ Աստված դառնա այդ ըմբոստ մարդու թշնամին (Ես 63։10)։ Աստծու սուրբ ոգին տրտմեցնող անհատը գուցե այնքան հեռուն գնա, որ սկսի «հայհոյել սուրբ ոգու դեմ», մի մեղք, որը, համաձայն Հիսուսի խոսքերի, չի ներվի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում (Մթ 12։31, 32; Մկ 3։28–30; տես ՈԳԻ)։
it-1, էջ 1006, պրբ. 2
Ագահություն
Երևում է գործերից։ Ագահությունը վաղ թե ուշ դրսևորվում է ինչ-որ արարքով, որը բացահայտում է մարդու սրտում եղած ուժգին, սխալ ցանկությունը։ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Հակոբոսը, գրում է, որ սխալ ցանկությունը հղիանալով մեղք է ծնում (Հկ 1։14, 15)։ Պարզ է ուրեմն, որ ագահ մարդու էությունը բացահայտվում է նրա արարքներով։ Պողոս առաքյալը նշում է, որ ագահ մարդը, ըստ էության, կռապաշտ է (Եփ 5։5)։ Ագահորեն մի բան ցանկանալով՝ անհատը իր բաղձանքի առարկան դարձնում է իր աստվածը՝ Արարչին ծառայելուց ու երկրպագելուց ավելի բարձր դասելով այն (Հռ 1։24, 25)։
ՀՈՒՆԻՍԻ 24–30
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 1–4
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 528, պրբ. 5
Ընծաներ
Ըմպելիքի ընծաներ։ Ըմպելիքի ընծաները մատուցվում էին մյուս զոհաբերությունների մեծ մասի հետ մեկտեղ, այդպես էր հատկապես այն բանից հետո, երբ իսրայելացիները բնակություն հաստատեցին Խոստացյալ երկրում (Թվ 15։2, 5, 8–10)։ Այդ ընծան սովորաբար լինում էր գինի («ոգելից խմիչք») և թափվում էր զոհասեղանի վրա (Թվ 28։7, 14; համեմատիր Ելք 30։9; Թվ 15։10)։ Պողոս առաքյալը Փիլիպպեի քրիստոնյաներին գրեց. «Եթե ես իմ անձը մատուցում եմ այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան է թափվում ծառայության զոհի վրա, դեպի որը առաջնորդել է ձեզ հավատը, ես ուրախ եմ»։ Այստեղ նա ըմպելիքի ընծայի օրինակով նկարագրում է, հանուն հավատակիցների, իր անձը ծախսելու՝ լիովին տրամադրելու իր պատրաստակամությունը (Փպ 2։17)։ Իր մահից կարճ ժամանակ առաջ նա գրեց Տիմոթեոսին. «Ես իմ անձն արդեն մատուցում եմ այնպես, ինչպես ըմպելիքի ընծան է թափվում, և իմ ազատվելու ժամանակը մոտ է» (2Տմ 4։6)։