«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2–8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 7–8
«Հավիտենական քահանա.... Մելքիսեդեկի կարգի պես»
it-2, էջ 366
Մելքիսեդեկ
Հին Սաղեմ քաղաքի թագավորը և Եհովայի՝ «Բարձրյալ Աստծու քահանան» (Ծն 14։18, 22)։ Նա Աստվածաշնչում հիշատակված առաջին քահանան է. քահանայական պաշտոն է զբաղեցրել մ. թ. ա. 1933 թ.-ից մի որոշ ժամանակ առաջ։ Քանի որ նա Սաղեմի թագավորն էր, իսկ «Սաղեմ» անունը նշանակում է «խաղաղություն», Պողոս առաքյալը նրան անվանում է «Խաղաղության Թագավոր», իսկ Մելքիսեդեկ անձնանվան նշանակության հիման վրա՝ Պողոսը նրան կոչում է նաև «Արդարության Թագավոր» (Եբ 7։1, 2)։ Ենթադրվում է, որ հին Սաղեմը եղել է հետագայում հիմնադրված Երուսաղեմի պատմական կորիզը, և «Սաղեմ» անունը դարձել է Երուսաղեմ անվան մի մաս։ Որոշ դեպքերում էլ Երուսաղեմը պարզապես անվանվում է «Սաղեմ» (Սղ 76։2)։
Երբ Քոդողագոմորին և նրա դաշնակից թագավորներին հաղթելուց հետո Աբրամը (Աբրահամը) եկավ Շավեի հովիտ, կամ՝ Թագավորի հովիտ, Մելքիսեդեկը հաց ու գինի բերեց և օրհնեց նրան՝ ասելով. «Թող օրհնվի՛ Աբրամը Բարձրյալ Աստծուց, երկինքն ու երկիրը Ստեղծողից։ Եվ օրհնյա՛լ լինի Բարձրյալ Աստված, որը քեզ հարստահարողներին քո ձեռքը մատնեց»։ Այդ ժամանակ Աբրահամը «ամեն ինչի տասներորդ մասը», այսինքն՝ դաշնակից թագավորների դեմ իր բարեհաջող մարտից ձեռք բերած «լավագույն ավարի տասներորդ մասը» տվեց այդ քահանա-թագավորին (Ծն 14։17–20; Եբ 7։4)։
it-2, էջ 367, պրբ. 4
Մելքիսեդեկ
Գրված չէ, թե Մելքիսեդեկը «երբ է ծնվել ու մահացել»։
Պողոսը Մելքիսեդեկի մասին ասում է. «Հայտնի չէ, թե ովքեր են նրա հայրը, մայրը, գրված չէ նրա տոհմաբանության մասին, թե երբ է ծնվել ու մահացել [բռց.՝ ոչ օրերի սկիզբ ունի, ոչ կյանքի վերջ], բայց Աստծու Որդուն նմանեցվելով՝ նա մշտնջենապես քահանա է մնում» (Եբ 7։3)։ Ինչ խոսք, ինչպես ցանկացած մարդ, Մելքիսեդեկը ծնվել է ու մահացել։ Բայց նրա հոր և մոր անունները նշված չեն, Աստվածաշնչում չկա տեղեկություն ո՛չ նրա նախնիների ու նրա սերունդների մասին, ո՛չ էլ նրա օրերի սկզբի ու կյանքի վերջի մասին։ Ուստի Մելքիսեդեկը շատ համապատասխան էր՝ համարվելու Հիսուս Քրիստոսի նախապատկերը, որը մշտնջենական քահանա է։ Ճիշտ ինչպես Մելքիսեդեկը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իր քահանայության պաշտոնում չի ունեցել ո՛չ նախորդ, ո՛չ հաջորդ, այդպես էլ Քրիստոսը. նրանից առաջ նրա նման քահանայապետ երբևէ չի եղել և, ինչպես Աստվածաշունչն է ցույց տալիս, ոչ ոք երբևէ չի հաջորդի նրան։ Բացի դրանից, թեև Հիսուսը սերում էր Հուդայի ցեղից և Դավթի թագավորական շառավղից, բայց նրա տոհմական ծագումը որևէ կերպ չի անդրադարձել քահանա նշանակվելու վրա։ Նրա թագավոր ու քահանա լինելը բոլորովին էլ մարդկային տոհմաբանությամբ չէր պայմանավորված։ Այդ ամենը Հիսուսը ստացել է Եհովայի տված երդման հիման վրա։
it-2, էջ 366
Մելքիսեդեկ
Քրիստոսի քահանայության նախապատկերը։ Մեսիային առնչվող մի ուշագրավ մարգարեության մեջ կարդում ենք, թե Եհովան ինչ էր երդվել Դավթի «Տիրոջը»՝ Մեսիային։ Այնտեղ ասվում է. «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես» (Սղ 110։1, 4)։ Աստծու ներշնչմամբ գրված այս սաղմոսը եբրայեցիներին հիմք էր տալիս ակնկալելու, որ խոստացյալ Մեսիան լինելու էր և՛ քահանա, և՛ թագավոր։ Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր նամակում փարատեց ամեն կասկած կապված այն բանի հետ, թե ով էր այդ խոստացված անձնավորությունը։ Առաքյալը, խոսելով Հիսուսի մասին, գրեց, որ նա «հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես» (Եբ 6։20; 5։10, տես ՈՒԽՏ)։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9–15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 9–10
«Գալիք օրհնությունների ստվերը»
it-2, էջ 602–603
Կատարելություն
Մովսիսական օրենքի կատարելությունը։ Մովսեսի միջոցով Իսրայելին տրված Օրենքը իր այլ դրույթների թվում սահմանում էր նաև քահանայության կարգը և զանազան կենդանական զոհաբերությունների արարողակարգը։ Թեև Մովսիսական օրենքը Աստծուց էր և հետևաբար կատարյալ էր, ո՛չ այդ Օրենքը, ո՛չ դրանով սահմանված քահանայությունը, ո՛չ էլ զոհաբերությունները կատարելություն չբերեցին դրա ենթակայության տակ գտնվողներին, ինչպես երևում է Պողոս առաքյալի խոսքերից, որոնք նա գրել է Աստծու ներշնչմամբ (Եբ 7։11, 19; 10։1)։ Մեղքից ու մահից ազատելու փոխարեն՝ այդ Օրենքը մեղքն ավելի ակնհայտ դարձրեց (Հռ 3։20; 7։7–13)։ Այդուհանդերձ, Աստծու տրամադրած այդ միջոցները ծառայեցին հենց այն նպատակին, որ նախատեսել էր Աստված. Օրենքը եղավ «դաստիարակ» մարդկանց համար՝ առաջնորդելով նրանց դեպի Քրիստոսը, և հանդիսացավ «գալիք օրհնությունների» կատարյալ ստվերը (Գղ 3։19–25; Եբ 10։1)։ Հետևաբար, երբ Պողոսը խոսում էր այն մասին, ինչը «Օրենքը անկարող էր անել (քանի որ տկար էր մարմնի պատճառով)» (Հռ 8։3), ըստ ամենայնի նկատի ուներ, որ Իսրայել ազգի մարմնավոր քահանայապետը (որն, ըստ Օրենքի, նշանակվում էր՝ զոհաբերությունների հետ կապված ծառայությունների մասին հոգ տանելու, և որը Քավության օրը մտնում էր Սրբությունների Սրբություն՝ մատուցելու զոհաբերված կենդանիների արյունը) անկարող էր «լիակատար փրկություն տալ» նրանց, ում ինքը ծառայում էր, ինչպես երևում է Եբրայեցիներ 7։11, 18–28 համարներից։ Թեև Ահարոնի ու նրա սերնդի քահանայության միջոցով մատուցվող զոհերի շնորհիվ մարդիկ Աստծու աչքին արդար էին համարվում, բայց լիովին կամ կատարելապես չէին ազատվում մեղավորության զգացումից։ Առաքյալը հենց սա նկատի ուներ, երբ ասաց, որ քավության համար արվող զոհաբերությունները չէին կարող «կատարյալ դարձնել նրանց, ովքեր մոտենում են Աստծուն», այսինքն՝ «կատարելապես մաքուր խիղճ տալ» նրանց (Եբ 10։1–4; համեմատիր Եբ 9։9)։ Քահանայապետն անկարող էր տալ այն փրկագինը, որ անհրաժեշտ էր մեղքից լիովին ազատվելու համար։ Այդ ազատումը հնարավոր է միայն Քրիստոսի հարատև քահանայական ծառայության և մեծարժեք զոհի շնորհիվ (Եբ 9։14; 10։12–22)։
Փնտրենք հոգևոր գանձեր
w92 3/1, էջ 31, պրբ. 4–6
Ընթերցողների հարցերը
Պողոսը նշում է, որ Աստծու և մարդկանց միջև կապվող ցանկացած ուխտ վավերացնելու համար մահ էր անհրաժեշտ։ Այդպիսի մի օրինակ է Օրենքի ուխտը։ Մովսեսը այդ ուխտի միջնորդն էր, նա, ով պետք է կնքեր այդ համաձայնագիրը Աստծու և մարմնավոր Իսրայելի միջև։ Մովսեսը առանցքային դեր ունեցավ այս հարցում. նա այն մարդն էր, ով սերտորեն առնչվում էր իսրայելացիների հետ, երբ վերջիններս մտան այդ ուխտի մեջ։ Ուստի կարելի էր ասել, որ մարդկանց կողմից Մովսեսն էր հանդիսանում Օրենքի ուխտը կապողը, որի հիմնադիրը, սակայն, Եհովան էր։ Բայց մի՞թե պետք է Մովսեսի արյունը թափվեր, որպեսզի Օրենքի ուխտը ուժի մեջ մտներ։ Ո՛չ։ Դրա փոխարեն՝ կենդանիներ զոհաբերվեցին, և նրանց արյունը մատուցվեց՝ Մովսեսի արյան փոխարեն (Եբրայեցիներ 9։18–22)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի և հոգևոր Իսրայելի միջև կնքված նոր ուխտի մասին։ Եհովայի ու հոգևոր Իսրայելի միջև Միջնորդի փառավոր դերը կատարեց Հիսուս Քրիստոսը։ Այդ ուխտի հիմնադիրը Եհովան է, բայց Հիսուսը առանցքային դեր ունեցավ դրա մեջ։ Ուխտի Միջնորդը լինելուց բացի՝ Հիսուսը մարմնում եղած ժամանակ անմիջականորեն առնչվում էր այն մարդկանց հետ, ովքեր այդ ուխտի առաջին մասնակիցներն էին լինելու (Ղուկաս 22։20, 28, 29)։ Ավելին, նա համապատասխան էր ուխտի վավերացման համար անհրաժեշտ զոհը տրամադրելու համար։ Այս դեպքում զոհը ոչ թե կենդանիներն էին, այլ կատարյալ մարդկային կյանք։ Ուստի, ինչպես երևում է Պողոս առաքյալի խոսքերից, Հիսուսը իրավամբ կարող էր հանդիսանալ մարդկանց կողմից նոր ուխտը կապողը։ Նոր ուխտը վավերացվեց այն ժամանակ, երբ «Քրիստոսը մտավ.... բուն երկինք, որպեսզի հիմա մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբրայեցիներ 9։12–14, 24)։
Մովսեսի ու Հիսուսի մասին խոսելով որպես ուխտ կապողների՝ Պողոսը նկատի չուներ, որ նրանք էին նշված ուխտերի հիմնադիրները, քանի որ այդ ուխտերի հիմնադիրը իրականում Աստված էր։ Նա նկատի ուներ, որ այդ երկու մարդիկ անմիջականորեն ներգրավված են եղել որպես միջնորդներ՝ նշված ուխտերը կապելու համար։ Եվ յուրաքանչյուր դեպքում մահ էր անհրաժեշտ. Օրենքի ուխտի դեպքում, Մովսեսի փոխարեն, կենդանիներ զոհաբերվեցին, իսկ նոր ուխտի մասնակիցների համար Հիսուսը զոհաբերեց իր իսկ կյանքը։
it-1, էջ 249–250
Մկրտություն
Ղուկասը նշում է, որ Հիսուսը իր մկրտության ժամանակ աղոթք էր անում (Ղկ 3։21)։ Բացի այդ, Պողոսը եբրայեցիներին ուղղված իր նամակում նշում է, թե Հիսուս Քրիստոսը ինչ խոսքեր ասաց, երբ «աշխարհ մտավ» (սա չի վերաբերում այն ժամանակին, երբ նա ծնվեց, քանի որ այդ ժամանակ նա չէր կարող կարդալ և ասել ներքոհիշյալ խոսքերը, այլ սա վերաբերում է այն ժամանակին, երբ նա ներկայացավ, որ մկրտվի ու սկսի իր ծառայությունը)։ Այդ ժամանակ Հիսուսը, մեջբերելով Սաղմոս 40։6–8-ի խոսքերը (LXX), ասաց. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար.... Ահա ես եկել եմ (գրքում գրված է իմ մասին), որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված» (Եբ 10։5–9)։ Հիսուսը ծնվել էր որպես հրեա ազգի ներկայացուցիչ, իսկ այդ ազգը Աստծու հետ ուխտի մեջ էր՝ Օրենքի ուխտի (Ելք 19։5–8; Գղ 4։4)։ Ուստի երբ Հովհաննեսի մոտ մկրտվելու եկավ, Հիսուսը արդեն իսկ առանձնահատուկ փոխհարաբերություններ ուներ Եհովա Աստծու հետ այդ ուխտի հիման վրա։ Գալով մկրտվելու՝ Հիսուսը Օրենքով պահանջվածից ավելին արեց։ Նա իր անձը ներկայացրեց իր Հորը՝ Եհովային, որ կատարի նրա «կամքը», համաձայն որի, պետք է մատուցեր իր «պատրաստված» մարմինը և վերջ դներ ըստ Օրենքի մատուցվող կենդանական զոհերին։ Պողոս առաքյալը դրա հետ կապված ասում է. «Այդ «կամքով» էլ մենք սրբացվեցինք, քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ մատուցեց իր մարմինը» (Եբ 10։10)։ Հոր կամքը Հիսուսի առնչությամբ նաև այն էր, որ վերջինս քարոզեր Թագավորության մասին, ուստի Հիսուսը իր անձը ներկայացրեց նաև այդ ծառայությունը սկսելու համար (Ղկ 4։43; 17։20, 21)։ Եհովան հավանություն տվեց Հիսուսի այդ պատրաստակամ քայլին՝ օծելով նրան իր սուրբ ոգով և ասելով հետևյալ խոսքերը. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Մկ 1։9–11; Ղկ 3։21–23; Մթ 3։13–17)։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23–29
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 12–13
«Խրատ՝ Եհովայի սիրո դրսևորում»
it-1, էջ 629
Խրատ
Հալածանքը, որ Եհովան թույլ է տալիս, որ կրեն իր ծառաները, նույնպես կարող է ծառայել որպես խրատ, կամ՝ ուսուցում, ինչը բերում է արդարության ցանկալի պտուղ, որ նրանք կարող են վայելել խաղաղության մեջ, երբ այդ փորձությունն արդեն ավարտված լինի (Եբ 12։4–11)։ Անգամ Աստծու Որդին բացառություն չէր։ Աստված թույլ տվեց, որ նա տառապանքներ կրի, որպեսզի դրանց շնորհիվ կարողանա լինել ավելի կարեկից ու ցավակից քահանայապետ (Եբ 4։15)։
Փնտրենք հոգևոր գանձեր
w89 12/15, էջ 22, պրբ. 10
Եհովային հաճելի զոհեր մատուցիր
10 Ուստի եբրայեցիները պետք է զգույշ լինեին, որ չշեղվեին հուդայականությունից եկող «զանազան և օտար ուսմունքներով» (Գաղատացիներ 5։1–6)։ Ոչ թե այդպիսի ուսմունքներով, այլ Աստծու անզուգական բարությամբ է «սիրտը ամրապնդվում», որ ամուր մնա ճշմարտության մեջ։ Ըստ ամենայնի, ոմանք վիճաբանում էին ուտեստների և զոհաբերությունների հետ կապված, քանի որ Պողոսը նշում է, որ սիրտը չի ամրապնդվում «ուտեստներով, որոնք անօգուտ են նրանց համար, ովքեր չափից շատ կարևորում են դրանք»։ Հոգևոր օգուտներ ստանալու համար հարկավոր է նվիրված լինել Աստծուն և գնահատել փրկանքը, ոչ թե անտեղի մտահոգվել որոշակի կերակուրներ ուտելու կամ որոշակի օրեր նշելու մասին (Հռոմեացիներ 14։5–9)։ Ի վերջո ղևտացիների կողմից մատուցվող զոհերը անվավեր դարձան Քրիստոսի զոհաբերությամբ (Եբրայեցիներ 9։9–14; 10։5–10)։
ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
19 Սիրով լի միասնական ընտանիքում յուրաքանչյուր անդամ իր ձեռքից եկածն անում է մյուսներին ուրախացնելու համար։ Բայց պատկերացրու՝ ընտանիքի անդամներից մեկը սկսում է իրեն շատ հանդուգն պահել։ Ընտանիքի մյուս անդամները բազմիցս փորձում են օգնել նրան, բայց նա մերժում է այդ օգնությունը։ Հնարավոր է՝ այդ անհատը որոշի հեռանալ տնից, կամ ընտանիքի գլուխը խնդրի նրան հեռանալ։ Նման բան կարող է լինել նաև ժողովում։ Անհատը գուցե շարունակ անի բաներ, որոնք տհաճ են Եհովային ու վնասում են ժողովին, և հրաժարվի օգնությունից՝ իր գործերով ցույց տալով, որ այլևս չի ուզում լինել ժողովում։ Հնարավոր է՝ այդ անհատը անձամբ որոշի հեռանալ ժողովից կամ զրկվի ընկերակցությունից։ Նման դեպքում Աստվածաշունչը հստակ ասում է, որ մենք պետք է «այլևս շփում չունենանք» նրա հետ (կարդա 1 Կորնթացիներ 5։11–13; 2 Հովհաննես 9–11)։ Դա կարող է շատ դժվար լինել, եթե այդ անձնավորությունը մեր ընկերն է կամ ընտանիքի անդամը։ Բայց այսպիսի իրավիճակներում մենք պետք է առավել նվիրված լինենք Եհովային, քան ուրիշ որևէ մեկի (տես Ծանոթագրություն 8)։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30–ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱԿՈԲՈՍ 1–2
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 253–254
Լույս
Եհովան «երկնային լույսերի Հայրն» է (Հկ 1։17)։ Նա ոչ միայն ֆիզիկական լույսի Աղբյուրն է, ով մեզ տվել է արևը՝ «ցերեկը լուսավորելու համար, և լուսնին ու աստղերին կանոններ է հաստատել գիշերը լուսավորելու համար» (Եր 31։35), այլև հոգևոր լույսի Աղբյուրը (2Կթ 4։6)։ Նրա օրենքը, դատավճիռները ու խոսքերը լուսավորում են բոլոր նրանց ճանապարհը, ովքեր առաջնորդվում են դրանցով (Սղ 43։3; 119։105; Առ 6։23; Ես 51։4)։ Սաղմոսերգուն գրեց. «Քո լույսի շնորհիվ ենք մենք լույս տեսնում» (Սղ 36։9; համեմատիր Սղ 27։1; 43։3)։ Ինչպես լուսաբացին ծագած արևի լույսն է գնալով ավելի ու ավելի պայծառանում, «մինչև որ օրը լրիվ լուսավորվում» է, այնպես էլ արդարների ճանապարհը, որը լուսավորվում է Աստծուց եկող իմաստությամբ, ավելի ու ավելի լուսավոր է դառնում (Առ 4։18)։ Եհովայի ցույց տված ճանապարհով քայլել նշանակում է ընթանալ նրա լույսի մեջ (Ես 2։3–5)։ Իսկ երբ մարդը ամեն ինչին նայում է անմաքուր ձևով, վատ մտադրությամբ, ապա նշանակում է, որ նա թանձր հոգևոր խավարի մեջ է։ Հիսուսը դրա վերաբերյալ ասաց. «Եթե աչքդ չար է, ամբողջ մարմինդ խավար կլինի։ Եվ եթե քո մեջ եղող լույսը իրականում խավար է, ուրեմն որքա՜ն մեծ է այդ խավարը» (Մթ 6։23; համեմատիր 2Օր 15։9; 28։54–57; Առ 28։22; 2Պտ 2։14)։
it-2, էջ 222, պրբ. 4
Օրենք
«Թագավորական օրենքը»։ «Թագավորական օրենքը» մարդկային փոխհարաբերություններին առնչվող մյուս բոլոր օրենքների մեջ իրավամբ զբաղեցնում է ամենակարևոր և ամենակարկառուն տեղը, ինչպես թագավորը՝ մարդկանց մեջ (Հկ 2։8)։ Օրենքի ուխտի առանցքը սերն է, և «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» պատվիրանը (թագավորական օրենքը) երկրորդն է այն պատվիրաններից, որոնց վրա հիմնված են «ամբողջ Օրենքը և Մարգարեները» (Մթ 22։37–40)։ Թեև քրիստոնյաները Օրենքի ուխտի տակ չեն, բայց նոր ուխտի հիման վրա՝ պարտավոր են ենթարկվել Թագավոր Եհովայի և նրա Որդու՝ Թագավոր Հիսուս Քրիստոսի օրենքին։