«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈՒՆԻՍԻ 1–7
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 44–45
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 813
Հանդերձները պատռել
Հանդերձները պատռելը վիշտ արտահայտելու ժեստ էր, որն ընդունված էր հրեաների, նաև արևելքի այլ ժողովուրդների մեջ։ Այդպես անում էին հատկապես մոտ ազգականի մահվան լուր լսելիս։ Շատ դեպքերում պատռում էին հանդերձի միայն առջևի մասը՝ կրծքի հատվածը, ոչ թե ամբողջ հանդերձը՝ վերից վար, այնպես որ այն այլևս պիտանի չլիներ հագնելու համար։
Աստվածաշնչում այս ժեստի մասին առաջին հիշատակումն այն է, որ Ռուբենը՝ Հակոբի ավագ որդին, վերադառնալով ու տեսնելով, որ Հովսեփը փոսի մեջ չէ, պատռեց իր հանդերձները՝ ասելով. «Տղան անհետացել է։ Հիմա ի՞նչ եմ անելու»։ Որպես առաջնեկ՝ Ռուբենն էր գլխավորաբար պատասխանատվություն կրում իր կրտսեր եղբոր համար։ Նրա հայրը՝ Հակոբը, լսելով իր որդու կարծեցյալ մահվան լուրը, նույնպես պատռեց իր հանդերձը՝ թիկնոցը, նաև քուրձ հագավ՝ ի նշան վշտի (Ծն 37։29, 30, 34)։ Հովսեփի եղբայրներն էլ վիշտ արտահայտեցին՝ պատռելով իրենց հանդերձները, երբ Եգիպտոսում Բենիամինին գողի տեղ դրեցին (Ծն 44։13)։
ՀՈՒՆԻՍԻ 8–14
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 46–47
«Օգնություն սովի ժամանակ»
w87 5/1, էջ 15, պրբ. 2
Սովի ժամանակ կյանքը փրկելու միջոցներ
2 Առատության յոթ տարիներն ավարտվեցին և սով սկսեց, ինչպես Եհովան էր կանխագուշակել, ու այն տարածվեց ոչ միայն Եգիպտոսում, այլև «ամբողջ երկրի երեսով»։ Երբ Եգիպտոսի սովատանջ ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա իրենց, վերջինս ասաց նրանց. «Գնացե՛ք Հովսեփի մոտ, և ինչ որ նա ասի ձեզ, արե՛ք»։ Հովսեփը եգիպտացիներին հացահատիկ վաճառեց այնքան ժամանակ, մինչև որ նրանց փողը վերջացավ։ Հետո նա ասաց, որ որպես վճար իրենց անասունները բերեն։ Ի վերջո, ժողովուրդն ասաց Հովսեփին. «Հացի դիմաց գնիր մեզ ու մեր երկիրը, և մեր երկրով հանդերձ մենք փարավոնի ստրուկները կլինենք»։ Եվ այդպես Հովսեփը փարավոնի համար գնեց Եգիպտոսի ողջ երկիրը (Ծննդոց 41։53–57; 47։13–20)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 220, պրբ. 1
Վերաբերմունք և ժեստեր
Ձեռքը մահացածի աչքերին դնելը։ Հակոբին ասած Եհովայի հետևյալ խոսքերը՝ «Հովսեփն իր ձեռքը քո աչքերին կդնի» (Ծն 46։4), նշանակում էին, որ Հովսեփը փակելու էր Հակոբի աչքերը նրա մահից հետո։ Սովորաբար դա առաջնեկ որդու պարտականությունն էր։ Հետևաբար, ըստ ամենայնի, դրանով Եհովան Հակոբին ցույց տվեց, որ առաջնեկության իրավունքն անցնելու էր Հովսեփին (1Տգ 5։2)։
nwtsty Գրծ 7։14-ի լրացուցիչ տեղեկությունը
75 հոգու։ Այստեղ նշելով, որ Եգիպտոս եկած Հակոբի գերդաստանի անդամների թիվը 75 էր՝ Ստեփանոսը, հնարավոր է, չի մեջբերել Եբրայերեն Գրություններից որևէ կոնկրետ համար։ Այս թիվը չի հանդիպում Եբրայերեն Գրությունների մասորեթական տեքստում։ Ծննդոց 46։26-ում ասվում է. «Հակոբի երանքից դուրս եկած բոլոր հոգիները, որոնք նրա հետ եկան Եգիպտոս, վաթսունվեց հոգի էին՝ չհաշված նրա հարսներին»։ Իսկ 27-ում ասվում է. «Հակոբի տան բոլոր անդամները, որ եկան Եգիպտոս, յոթանասուն հոգի էին»։ Փաստորեն այս համարներում մարդիկ երկու տարբեր կերպով են հաշվվում. առաջին թիվը, ըստ ամենայնի, ընդգրկում է միայն հենց Հակոբից սերած մարդկանց, իսկ երկրորդ թիվը՝ առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր նրա հետ եկան Եգիպտոս։ Հակոբի հետնորդների թիվը հիշատակվում է նաև Ելք 1։5 և 2 Օրենք 10։22 համարներում, և երկուսում էլ նշվում է «70» թիվը։ Ըստ երևույթին, Ստեփանոսի նշած թիվը հաշվման բոլորովին այլ՝ երրորդ տարբերակ է, որը Հակոբի ընդլայնված գերդաստանի մի քանի այլ անդամների էլ է ներառում։ Ոմանք կարծում են, որ այն ներառում է Հովսեփի որդիների՝ Մանասեի ու Եփրեմի որդիներին ու թոռներին, որոնք «Յոթանասնից» թարգմանության մեջ հիշատակվում են Ծննդոց 46։20 համարում։ Ոմանք էլ ենթադրում են, որ այդ թվի մեջ ընդգրկված են Հակոբի որդիների կանայք, որոնք Ծննդոց 46։26-ում նշված թվի մեջ ներառված չեն։ Այնպես որ, «75» թիվը թերևս համընդհանուր բարձրագույն թիվն է։ Եվ այնուամենայնիվ, այս թիվը, հավանական է, հիմնված է եղել Եբրայերեն Գրությունների՝ առաջին դարում գործածության մեջ եղող օրինակների վրա։ Արդեն տարիներ է, ինչ աստվածաշնչագետներին հայտնի է, որ հունարեն «Յոթանասնից»-ում Ծննդոց 46։27 և Ելք 1։5 համարներում նշված թիվը «75» է եղել։ Բացի այդ, 20-րդ դարում հայտնաբերված Մեռյալ ծովի ձեռագրերի մեջ կային Ելք 1։5 համարի՝ եբրայերեն երկու պատառիկ ձեռագրեր, որոնցում նույնպես նշված է «75» թիվը։ Ուստի Ստեփանոսի նշած թիվը կարող է նաև հիմնված լինել այս հին տեքստերից որևէ մեկի վրա։ Որ վարկածն էլ որ ճիշտ լինի, հստակ է, որ Ստեփանոսի նշած թիվը պարզապես Հակոբի գերդաստանի անդամների ընդհանուր քանակը հաշվելու մեկ այլ տարբերակ է։
ՀՈՒՆԻՍԻ 15–21
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 48–50
«Տարեցները շատ բան ունեն պատմելու»
it-1, էջ 1246, պրբ. 8
Հակոբ
Իր մահից կարճ ժամանակ առաջ Հակոբն օրհնեց իր երկու թոռներին՝ Հովսեփի որդիներին, և Աստծու տված առաջնորդությամբ՝ կրտսերին՝ Եփրեմին, ավագից՝ Մանասեից առաջ դասեց։ Ապա Հովսեփին, ով ստանալու էր առաջնեկին հասանելիք կրկնակի բաժին ժառանգություն, այսպիսի խոսքեր ասաց. «Ես երկրից քեզ մի մաս ավել եմ տալիս, քան քո եղբայրներին։ Ես իմ սրով ու իմ աղեղով եմ այն վերցրել ամորհացիների ձեռքից» (Ծն 48։1–22; 1Տգ 5։1)։ Հակոբը Սյուքեմի մոտակայքում գտնվող հողակտորը խաղաղ ճանապարհով էր ձեռք բերել՝ գնելով այն Եմորի որդիներից (Ծն 33։19, 20)։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Հովսեփին տված այս խոստումով Հակոբն, ըստ ամենայնի, իր հավատն էր արտահայտում՝ մարգարեաբար խոսելով իր սերունդների կողմից Քանանի երկրի ապագա նվաճման մասին այնպես, ասես դա արդեն իրագործվել էր իր սրով ու աղեղով (տես՝ ԱՄՈՐՀԱՑԻ)։ Այդ նվաճված երկրից Հովսեփի կրկնակի բաժին ժառանգությունը այն երկու բաժինն էր, որ ստացան Եփրեմի ու Մանասեի ցեղերը։
it-2, էջ 206, պրբ. 1
Վերջին օրեր
Հակոբի մարգարեությունը իր մահից առաջ։ Երբ Հակոբն իր որդիներին ասաց՝ «Հավաքվեք մեկտեղ, որ ձեզ ասեմ, թե ինչ է ձեզ պատահելու վերջին օրերում» կամ «գալիք օրերում» (AT), նա նկատի ուներ ապագայում մի ժամանակ, երբ իր խոսքերը կսկսեին կատարվել (Ծն 49։1)։ Դրանից ավելի քան երկու դար առաջ Եհովան Հակոբի պապին՝ Աբրամին (Աբրահամ), ասել էր, որ նրա հետնորդները 400 տարի չարչարանքներ էին կրելու (Ծն 15։13)։ Հետևաբար գալիք ժամանակաշրջանը, որի մասին խոսեց Հակոբը՝ ասելով՝ «վերջին օրերում», չէր կարող սկսել, մինչև որ չավարտվեին չարչարանքների 400 տարիները (Ծննդոց 49-րդ գլխի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ իմանալու համար տես Հակոբի որդիների վերաբերյալ հոդվածները նրանց անունների տակ)։ Տրամաբանական է մտածել, որ այդ մարգարեական խոսքերը ավելի ուշ էլ էին կատարվելու, այս անգամ արդեն հոգևոր Իսրայելի՝ «Աստծու Իսրայելի» առնչությամբ (Գղ 6։16; Հռ 9։6)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 289, պրբ. 2
Բենիամին
Բենիամինի հետնորդների մարտական ունակությունները նկարագրվում են մահամերձ Հակոբի ասած մարգարեական խոսքերում։ Իր սիրելի որդու մասին նա ասաց. «Բենիամինը գայլի պես կպատառոտի։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի» (Ծն 49։27)։ Բենիամինի ցեղի մարտիկները հայտնի էին պարսատիկով քար նետելու իրենց վարպետությամբ. նրանք դա անում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով և անգամ մազի վրա նետելիս անվրեպ դիպչում էին նշանակետին (Դտ 20։16; 1Տգ 12։2)։ Բենիամինի ցեղից էր նաև ձախլիկ դատավոր Ավոդը, որը սպանեց Իսրայելին կեղեքող մովաբացի Եգլոն թագավորին (Դտ 3։15–21)։ Ուշագրավ է նաև, որ «առավոտյան», այսինքն՝ Իսրայելի թագավորության սկզբնավորման ժամանակ, առաջին թագավորը՝ Կիսի որդի Սավուղը, ընտրվեց հենց Բենիամինի ցեղից, թեև այն «Իսրայելի ամենափոքր ցեղն» էր։ Սավուղը փղշտացիների դեմ քաջաբար մարտնչող անվեհեր ռազմիկ էր (1Սմ 9։15–17, 21)։ Իսկ «երեկոյան»՝ Իսրայելի թագավորության մայրամուտին, Բենիամինի ցեղից ասպարեզ եկան Եսթեր թագուհին և գլխավոր իշխան Մուրթքեն, որոնք մեծ դեր խաղացին Պարսկական տիրապետության տակ գտնվող իսրայելացիներին բնաջնջումից փրկելու գործում (Եսթ 2։5–7)։
ՀՈՒՆԻՍԻ 22–28
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 1–3
Փնտրենք հոգևոր գանձեր
g04 4/8, էջ 6, պրբ. 5
Մովսես. իրական անձնավորությո՞ւն, թե՞ առասպելական կերպար
Բայց մի՞թե անհավանական չէր, որ Եգիպտոսի արքայադուստրը իր խնամքի տակ կառներ այդպիսի երեխայի։ Ո՛չ, քանի որ եգիպտական կրոնը սովորեցնում էր, որ բարի գործերը անհրաժեշտ նախապայման են երկինք գնալու համար։ Իսկ բուն որդեգրության առնչությամբ հնագետ Ջոյս Թիլձլին նշում է. «Եգիպտոսում կանայք հասել էին իրենց ու տղամարդկանց միջև իրավահավասարության։ Նրանք իրավական ու տնտեսական հարցերում ունեին նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, համենայն դեպս տեսականորեն, և.... կանայք կարող էին երեխա որդեգրել»։ Որդեգրության փաստաթուղթ հանդիսացող մի հայտնի հին պապիրուսում արձանագրված է եգիպտացի մի կնոջ մասին, որը որդեգրել է իր ստրուկներին։ Ինչ վերաբերում է Մովսեսի մորը որպես ստնտու վարձելուն, աստվածաշնչյան մի բառարան ասում է. «Այն, որ Մովսեսին կերակրելու համար վարձեցին նրա մորը.... ինչ-որ նոր բան չէր. նույնատիպ դրույթներ կային նաև Միջագետքում կիրառվող որդեգրության պայմանագրերում» (The Anchor Bible Dictionary)։
ՀՈՒՆԻՍԻ 29–ՀՈՒԼԻՍԻ 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 4–5
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 12, պրբ. 5
Եհովա
«Ճանաչել» բառը միշտ չէ, որ նշանակում է պարզապես ծանոթ լինել ինչ-որ մեկին կամ տեղյակ լինել ինչ-որ բանից։ Անմիտ Նաբաղը գիտեր Դավթի անունը, բայց, այնուամենայնիվ, հարցրեց՝ «Ո՞վ է Դավիթը»՝ նկատի ունենալով, թե «Դավիթն իրենից ինչ է ներկայացնում» (1Սմ 25։9–11; համեմատիր 2Սմ 8։13)։ Նմանատիպ բան նաև փարավոնն ասաց Մովսեսին. «Եհովան ո՞վ է, որ հնազանդվեմ նրա ձայնին ու արձակեմ Իսրայելին։ Ես Եհովային չե՛մ ճանաչում և Իսրայելին էլ չե՛մ արձակի» (Ելք 5։1, 2)։ Փարավոնն, ակներևաբար, նկատի ուներ, որ չի ընդունում Եհովային որպես ճշմարիտ Աստված, ով իշխանություն ունի Եգիպտոսի թագավորի վրա և իրավունք ունի միջամտելու նրա գործերին։ Դրանով նաև փարավոնն ուզում էր ասել, թե Եհովան ի զորու չէ իրականացնելու իր կամքը, որի մասին հայտնել էին Մովսեսն ու Ահարոնը։ Բայց հասել էր ժամը, որ փարավոնն ու ողջ Եգիպտոսը, ինչպես նաև իսրայելացիները հասկանային Եհովայի անվան նշանակությունը և ճանաչեին այդ անունը կրող անձնավորությանը։ Ինչպես Եհովան ասաց Մովսեսին, նրանք դա կհասկանային, երբ Նա իրականացներ Իսրայելի առնչությամբ ունեցած իր նպատակը, այսինքն՝ ազատագրեր նրանց և տար Ավետյաց երկիրը՝ կատարելով այն ուխտը, որը կապել էր նրանց նախահայրերի հետ։ Այդ ժամանակ կկատարվեին Աստծու հետևյալ խոսքերը. «Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը» (Ելք 6։4–8; տես ԱՄԵՆԱԿԱՐՈՂ)։