ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եհովան ուշադրություն դարձրեց իմ աղոթքներին
ՀԻՇՈՒՄ եմ՝ մի գիշեր հիանում էի աստղերի շլացուցիչ փայլով։ Այդ տեսարանով տպավորված՝ ծնկի իջա ու սկսեցի աղոթել։ Ես ընդամենը տասը տարեկան էի և նոր էի իմացել Եհովայի մասին, բայց պատմեցի նրան այն ամենը, ինչը խորապես մտահոգում էր ինձ։ Այդ օրվանից սկսվեց իմ երկար ճամփորդությունը «աղոթքներ Լսողի»՝ Եհովա Աստծու հետ (Սաղ. 65։2)։ Թույլ տվեք պատմել, թե ինչու աղոթեցի այն Աստծուն, որի մասին դեռ շատ բան չգիտեի։
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ
Ծնվել եմ 1929 թ. դեկտեմբերի 22-ին Նովիլ գյուղում, որը Բաստոնի մոտակայքում գտնվող ինը ֆերմաներից բաղկացած մի փոքր բնակավայր է (Բելգիայի Արդեններ)։ Ծնողներիս հետ ֆերմայում անցկացրած տարիներից շատ հաճելի մանկության հուշեր ունեմ։ Ես ու կրտսեր եղբայրս՝ Ռայմոնդը, ամեն օր կթում էինք կովերին և օգնում հնձի գործում։ Մեր փոքր գյուղում համերաշխության ոգի էր տիրում, և բոլորս միշտ պատրաստ էինք օգնելու իրար։
Ընտանիքիս հետ ֆերմայում աշխատելիս
Հայրս՝ Էմիլը, և մայրս՝ Ալիսը, նվիրյալ կաթոլիկներ էին։ Ամեն կիրակի նրանք գնում էին պատարագի։ 1939 թ.-ին մեր գյուղ ռահվիրաներ եկան Անգլիայից և հորս «Մխիթարություն» ամսագրի (այժմ՝ «Արթնացե՛ք») բաժանորդագրություն առաջարկեցին։ Հայրս շատ արագ ճանաչեց ճշմարտության ձայնը և սկսեց Աստվածաշունչ կարդալ։ Երբ նա դադարեց գնալ պատարագների, մեր հարևանները, ովքեր մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ էին մեզ հետ, կատաղի հակառակորդներ դարձան։ Նրանք ճնշում էին բանեցնում հորս վրա, որ չթողնի կաթոլիկ կրոնը, և նրա հետ այդ թեմայով բազմաթիվ թեժ քննարկումներ էին ունենում։
Ցավ էի ապրում՝ տեսնելով, որ հայրս այդպիսի մեծ ճնշման է ենթարկվում։ Դա էր պատճառը, որ ի սրտե աղոթեցի Աստծուն։ Ժամանակի ընթացքում մեր հարևանները հանգիստ թողեցին հորս։ Դա տեսնելով՝ ես շատ ուրախացա և համոզվեցի, որ Եհովան «աղոթքներ Լսող» է։
ԿՅԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
1940 թ. մայիսի 10-ին նացիստական Գերմանիան ներխուժեց Բելգիա, ինչի պատճառով ժողովուրդը տեղահանվեց երկրից։ Մեր ընտանիքը փախավ Ֆրանսիայի հարավ։ Փախուստի ճանապարհին երբեմն հայտնվում էինք այնպիսի վայրերում, որտեղ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կատաղի մարտեր էին ընթանում։
Երբ որոշ ժամանակ անց վերադարձանք մեր ֆերմա, տեսանք, որ մեր ունեցվածքի մեծ մասը գողացել են։ Միայն մեր շունը՝ Բոբին էր մնացել, որը ուրախ դիմավորեց մեզ։ Մեր շուրջը կատարվող տագնապալի դեպքերը մղեցին ինձ մտածելու մի կարևոր հարցի մասին. «Ինչո՞ւ աշխարհում պատերազմ ու տառապանք կա»։
Պատանեկան տարիքում խորացրի մտերմությունս Եհովայի հետ
Այդ ժամանակ մեզ այցելում էր Էմիլ Շրանցը,a ով ռահվիրա էր ու երեց։ Այս հավատարիմ եղբոր այցելությունները շատ քաջալերական էին մեզ համար։ Աստվածաշնչի միջոցով նա բացատրեց, թե ինչու գոյություն ունի տառապանքը, և կյանքին առնչվող շատ այլ հարցերի պատասխաններ տվեց։ Դա մտերմացրեց ինձ Եհովայի հետ և համոզվածությամբ լցրեց, որ նա սիրո Աստված է։
Անգամ նախքան պատերազմի ավարտը մեր ընտանիքը սկսել էր ավելի հաճախ շփվել եղբայրների ու քույրերի հետ։ 1943 թ. օգոստոսին Ժոզե Նիկոլա Մինե անունով մի եղբայր եկավ մեր ֆերմա՝ ելույթ ներկայացնելու։ Նա հարցրեց. «Ո՞վ է ուզում մկրտվել»։ Հայրս ձեռք բարձրացրեց. ես հետևեցի նրա օրինակին։ Մենք մկրտվեցինք մեր ֆերմայի մոտակայքում գտնվող մի փոքր գետում։
1944 թ. դեկտեմբերին գերմանական բանակը իր վերջին լայնածավալ հարձակումը ձեռնարկեց Արևմտյան ճակատում։ Այդ հարձակումը հայտնի է որպես Արդենների օպերացիա։ Ռազմական գործողությունները մեր բնակավայրին մոտ էին ընթանում, ուստի ստիպված էինք մոտ մեկ ամիս մնալ նկուղում։ Մի օր, երբ դուրս էի եկել կենդանիներին կերակրելու, թնդանոթի արկեր ընկան մեր ֆերմա և ավերեցին ամբարի տանիքը։ Մոտակայքում գտնվող ախոռից մի ամերիկացի զինվոր բղավեց. «Պառկի՛ր»։ Ես վազեցի նրա մոտ ու պառկեցի նրա կողքին։ Նա իր սաղավարտը իմ գլխին դրեց, որ պաշտպանի ինձ։
ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ ԵՄ
Մեր հարսանիքի օրը
Պատերազմից հետո մենք կանոնավորաբար կապ էինք պահում մեզանից մոտ 90 կիլոմետր (56 մղոն) հյուսիս գտնվող Լիեժ քաղաքի ժողովի հետ։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվեց Բաստոնում փոքր խումբ հիմնել։ Որոշ ժամանակ հետո ես սկսեցի աշխատել հարկային մարմնում և իրավաբանություն սովորեցի։ Հետագայում աշխատեցի որպես նոտարի օգնական։ 1951 թ.-ին Բաստոնում փոքր շրջանային համաժողով կազմակերպեցինք, որին ներկա էր մոտ 100 հոգի, այդ թվում՝ Էլլի Ռոյտեր անունով մի շատ եռանդուն ռահվիրա քույր։ Նա հեծանվով 50 կիլոմետր (31 մղոն) ճանապարհ էր անցել, որպեսզի մասնակցեր համաժողովին։ Շատ չանցած՝ ես ու Էլլին սիրահարվեցինք ու նշանվեցինք։ Էլլին «Գաղաադ» դպրոցում սովորելու հրավեր էր ստացել, սակայն նամակ գրեց գլխավոր վարչություն՝ նշելով, որ չի կարող ընդունել հրավերը, և բացատրեց, թե ինչու։ Եղբայր Նաթան Նորը, ով այդ ժամանակ առաջնորդում էր Եհովայի ժողովրդի գործունեությունը, պատասխան նամակում նշեց, որ մի օր Էլլին թերևս իր ամուսնու հետ կարողանա մասնակցել այդ դպրոցին։ Մենք ամուսնացանք 1953 թ. փետրվարին։
Էլլին մեր որդու՝ Սերժի հետ
Նույն տարի Էլլիի հետ մասնակցեցինք «Նոր աշխարհի հասարակությունը» խորագրով համաժողովին, որն անցկացվում էր «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք)։ Այնտեղ մի եղբոր հետ ծանոթացա, ով ինձ լավ աշխատանք առաջարկեց և հրավիրեց տեղափոխվել ԱՄՆ։ Ես ու Էլլին Եհովայից առաջնորդություն խնդրելուց հետո որոշեցինք մերժել նրա առաջարկը և վերադառնալ Բելգիա ու շարունակել աջակցել Բաստոնում գտնվող մոտ տասը հոգանոց մեր փոքր խմբին։ Շատ ուրախացանք, երբ հաջորդ տարի ծնվեց մեր տղան՝ Սերժը։ Սակայն, ցավոք, յոթ ամիս անց նա հիվանդացավ ու մահացավ։ Մենք խոր վշտի մեջ էինք։ Բայց այդ մասին աղոթեցինք Եհովային և զորացանք հարության ամուր հույսով։
ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1961 թ. հոկտեմբերին ես կես դրույքով աշխատանք գտա, ինչի շնորհիվ կարող էի ռահվիրայություն սկսել։ Նույն օրը հեռախոսազանգ ստացա Բելգիայի մասնաճյուղի ծառայողից։ Նա ինձ հարցրեց, թե կարող եմ արդյոք ծառայել որպես շրջանային ծառայող (այժմ՝ շրջանային վերակացու)։ Ես էլ հարցրի. «Կարո՞ղ ենք նախքան նշանակումը ընդունելը մի որոշ ժամանակ ռահվիրա ծառայել»։ Եղբայրները համաձայնվեցին, և ութ ամիս ռահվիրա ծառայելուց հետո՝ 1962 թ. սեպտեմբերին, մենք շրջանային ծառայություն սկսեցինք։
Երկու տարի շրջանային ծառայություն անելուց հետո՝ 1964 թ. հոկտեմբերին, հրավիրվեցինք Բրյուսելի Բեթել։ Այս նոր նշանակումը մեզ շատ օրհնություններ բերեց։ 1965 թ.-ին եղբայր Նորը այցելեց մեր Բեթել, և նրա այցելությունից կարճ ժամանակ անց, ի զարմանս ինձ, ես նշանակվեցի մասնաճյուղի ծառայող։ Ավելի ուշ ես ու Էլլին հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 41-րդ դասարանում. փաստորեն եղբայր Նորի խոսքերը 13 տարի անց իրականություն դարձան։ Դպրոցն ավարտելուց հետո մենք վերադարձանք Բելգիայի Բեթել։
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել իրավաբանական ոլորտում ունեցած իմ գիտելիքներն օգտագործել, որպեսզի օգնեմ պաշտպանել Եհովայի ժողովրդի կրոնի ազատության իրավունքը Եվրոպայում և այլուր (Փիլիպ. 1։7)։ Առիթ եմ ունեցել առնչվելու ավելի քան 55 երկրների պաշտոնատար անձանց հետ։ Այդ երկրներում մեր գործունեությունը սահմանափակված էր կամ արգելված։ Իրավագիտության մեջ իմ փորձը շեշտելու փոխարեն ես ներկայանում էի որպես «Աստծու մարդ»։ Եհովայից միշտ առաջնորդություն էի խնդրում, քանի որ գիտակցում էի, որ «թագավորի [կամ՝ դատավորի] սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է։ Դեպի ուր որ նա ուզում է, ուղղում է այն» (Առակ. 21։1)։
Ինձ անչափ տպավորել է մի զրույց, որ ունեցել եմ Եվրոպական խորհրդարանի անդամներից մեկի հետ։ Բազմաթիվ խնդրանքներից հետո նա համաձայնվեց ընդունել ինձ՝ ասելով. «Ընդամենը հինգ րոպե կարող եմ տրամադրել Ձեզ, ոչ ավել»։ Ես գլուխս կախեցի ու սկսեցի աղոթել։ Խորհրդարանականը նյարդայնացած հարցրեց, թե ինչ եմ անում։ Ես բարձրացրի գլուխս ու ասացի. «Շնորհակալություն էի հայտնում Աստծուն. չէ՞ որ դուք նրա ծառայողներից մեկն եք»։ Նա հարցրեց. «Ի՞նչ նկատի ունեք»։ Ես նրան ցույց տվեցի Հռոմեացիներ 13։4-ը։ Նա բողոքական եկեղեցու անդամ էր, ուստի աստվածաշնչյան այդ համարը գրավեց նրա ուշադրությունը։ Արդյունքում մենք 30 րոպե զրուցեցինք, և մեր հանդիպումը շատ արդյունավետ անցավ։ Նա նույնիսկ ասաց, որ հարգանքով է վերաբերվում Եհովայի վկաների գործունեությանը։
Տարիներ շարունակ Եհովայի ժողովուրդը իրավական պայքարներ է մղել Եվրոպայում։ Այդ գործերը վերաբերում էին մեր քրիստոնեական չեզոքությանը, երեխաների խնամակալությանը, հարկեր վճարելուն և շատ այլ հարցերի։ Պատիվ եմ ունեցել անձամբ մասնակցելու այդ գործերից շատերին և տեսնելու, թե ինչպես է Եհովան մեզ հաղթանակներ շնորհում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եհովայի վկաները ավելի քան 140 դատական գործով հաղթանակ են տարել։
ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ԿՈՒԲԱՅԻ ԴՌՆԵՐԸ
1990-ականներին համագործակցել եմ գլխավոր վարչությունում ծառայող եղբայր Ֆիլիպ Բրամլիի և Իտալիայի մասնաճյուղում ծառայող եղբայր Վալտեր Ֆարնետիի հետ։ Մենք ջանք չէինք խնայում, որ Կուբայում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված էր, եղբայրներն ու քույրերը ավելի շատ ազատություն ստանային։ Ես նամակ գրեցի Բելգիայում Կուբայի դեսպանատուն և հանդիպում ունեցա մի պաշտոնյայի հետ, ով նշանակված էր զբաղվելու այդ հարցով։ Առաջին մի քանի հանդիպումների ընթացքում մենք չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ այն հարցերի վերաբերյալ, որոնց պատճառով մեր գործունեությունը սահմանափակվել էր։
Ֆիլիպ Բրամլիի և Վալտեր Ֆարնետիի հետ 1990-ականներին Կուբա կատարած մեր այցելություններից մեկի ժամանակ
Մենք աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրեցինք և դիմեցինք Կուբայի կառավարությանը, որ մեզ թույլ տան 500 Աստվածաշունչ ներմուծել։ Մեր խնդրանքը բավարարվեց։ Երբ Աստվածաշնչերը ապահով տեղ հասան, և մեր եղբայրները ստացան դրանք, մենք հասկացանք, որ Եհովան օրհնում է մեր ջանքերը։ Դրանից հետո կրկին դիմեցինք կառավարությանը, այս անգամ 27 500 Աստվածաշունչ ներմուծելու խնդրանքով։ Մեր այս խնդրանքը նույնպես բավարարվեց։ Ինձ մեծ ուրախություն է պատճառել այն, որ կարողացել ենք օգնել Կուբայում ապրող մեր սիրելի եղբայրներին ու քույրերին Աստվածաշնչի իրենց անձնական օրինակը ունենալ։
Բազմաթիվ անգամներ այցելել եմ Կուբա, որ օգնեմ պաշտպանել մեր իրավունքները այդ երկրում։ Այդ ընթացքում հնարավորություն եմ ունեցել լավ հարաբերություններ հաստատելու տեղի շատ պաշտոնյաների հետ։
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ՌՈՒԱՆԴԱՅՈՒՄ
1994 թ.-ին Ռուանդայում տուտսիների ցեղասպանության ժամանակ ավելի քան 1 000 000 մարդ դաժանորեն սպանվեց։ Ցավոք, մեր եղբայրներից ու քույրերից ոմանք նույնպես սպանվեցին։ Այդ ժամանակ մի խումբ եղբայրներ նշանակվեցին, որպեսզի մարդասիրական օգնություն ցուցաբերեն այնտեղի մեր հավատակիցներին։
Երբ մեր խումբը ժամանեց մայրաքաղաք Կիգալի, մենք տեսանք, որ թարգմանչական գրասենյակի և գրականության պահեստի պատերին ամենուրեք փամփուշտներից առաջացած անցքեր էին։ Ցավալի էր իմանալ, որ շատ եղբայրներ ու քույրեր սպանվել էին մաչետեներով։ Բայց քաջալերական էր լսել բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են հավատակիցները իսկական քրիստոնեական սեր դրսևորել։ Օրինակ՝ հանդիպեցինք տուտսի ցեղից մի եղբոր, ում հուտու ցեղին պատկանող մի Վկա ընտանիք 28 օր թաքցրել էր գետնի տակ։ Կիգալիում կազմակերպված մի հանդիպման ժամանակ մենք առիթ ունեցանք քաջալերելու և մխիթարելու ավելի քան 900 եղբայրների ու քույրերի։
Ձախ նկարում։ Թարգմանչական գրասենյակում փամփուշտից վնասված մի գիրք
Աջ նկարում։ Զբաղվում ենք հումանիտար օգնության կազմակերպման աշխատանքներով
Այնուհետև մենք հատեցինք Զաիրի սահմանը (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), որպեսզի փնտրեինք այն մեծ թվով ռուանդացի Վկաներին, ովքեր ապաստան էին գտել Գոմա քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարներում։ Սկզբում չէինք կարողանում գտնել նրանց, ուստի աղոթեցինք Եհովային, որ առաջնորդի մեզ նրանց մոտ։ Հետո տեսանք մի մարդու, ով քայլում էր մեր ուղղությամբ, և հարցրինք նրան, թե արդյոք ճանաչում է որևէ Վկայի։ Նա ասաց. «Այո՛, ճանաչում եմ, ինքս էլ Եհովայի վկա եմ։ Եկեք, ձեզ ցույց տամ, թե որտեղ են օգնության կոմիտեի եղբայրները»։ Այդ կոմիտեի հետ քաջալերական հանդիպում ունենալուց հետո մենք հանդիպեցինք մոտ 1 600 փախստականների, որպեսզի հոգևորապես զորացնենք ու մխիթարենք նրանց։ Մենք նրանց համար նաև կարդացինք իրենց ուղղված Կառավարիչ մարմնի նամակը։ Եղբայրներն ու քույրերը խորապես տպավորվել էին նամակում նշված հետևյալ խոսքերից. «Մենք շարունակ աղոթում ենք ձեզ համար։ Վստահ ենք, որ Եհովան ձեզ չի թողնի»։ Որքա՜ն ճշմարիտ էին Կառավարիչ մարմնի այս խոսքերը։ Այսօր Ռուանդայում ավելի քան 30 000 Վկա է ապրում։
ՎՃՌԱԿԱՆ ԵՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՒ
Գրեթե 58 տարի համատեղ կյանքից հետո՝ 2011 թ.-ին, իմ սիրելի Էլլին մահացավ։ Վշտիս մասին պատմում էի Եհովային, և նա մխիթարում էր ինձ։ Բարի լուրը մարդկանց հայտնելը նույնպես շատ էր օգնում։
Այժմ ես 90-ն անց եմ, բայց շարունակում եմ ամեն շաբաթ մասնակցել ծառայությանը։ Նաև ուրախ եմ, որ կարողանում եմ աջակցել Բելգիայի մասնաճյուղի իրավաբանական բաժնին, փոխանցել իմ փորձը ուրիշներին և հովվել Բեթելի ընտանիքի երիտասարդ անդամներին։
Մոտ 84 տարի առաջ ես առաջին անգամ աղոթեցի Եհովային։ Այդպես սկիզբ դրվեց մի հրաշալի ճամփորդության, որը օրեցօր ինձ ավելի է մտերմացնում նրա հետ։ Անչափ շնորհակալ եմ Եհովային, որ իմ ողջ կյանքի ընթացքում ուշադրություն է դարձրել իմ աղոթքներին (Սաղ. 66։19)։b
a Եղբայր Շրանցի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 1973 թ. սեպտեմբերի 15-ի համարում (էջ 570-574, անգլ.)։
b Մինչ այս հոդվածը պատրաստվում էր, եղբայր Մարսել Ժիլլեն 2023 թ. փետրվարի 4-ին մահացավ։