Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում նրանց, ովքեր մի ժամանակ իրենց կրոնից են եղել
Մենք՝ Եհովայի վկաներս, ձգտում ենք բոլորի հանդեպ սեր, բարություն ու հարգանք ցույց տալ։ Եթե Եհովայի վկաներից մեկը առաջվա պես կանոնավոր չի մասնակցում կամ ընդհանրապես դադարում է մասնակցել պաշտամունքին, մենք փորձում ենք կապ հաստատել ու խոսել նրա հետ, հավաստիացնում ենք, որ սիրում ենք, և ամեն ինչ անում ենք, որ ոգևորենք նրան ու նրա մեջ բոցավառենք Աստծուն ծառայելու եռանդը (Ղուկաս 15։4-7)։
Որոշ դեպքերում մարդը հեռացվում է ժողովից իր արարքների պատճառով (1 Կորնթացիներ 5։13)։ Սակայն նախքան դա ջանքեր են գործադրվում նրան օգնելու համար, որպեսզի հեռացման կարիք չլինի։ Այդ ամենն արվում է, քանի որ խորապես սիրում ենք մեր յուրաքանչյուր հավատակցին։ Եվ եթե անգամ մարդը հեռացվում է, մենք, Աստվածաշնչի տված հորդորի համաձայն, շարունակում ենք սեր ու հարգանք ցույց տալ նրա նկատմամբ (Մարկոս 12։31; 1 Պետրոս 2։17)։
Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ մարդը հեռացվի ժողովից
Աստվածաշնչում հստակ գրված է, որ եթե քրիստոնյան լուրջ մեղք է գործում և չի ուզում փոխել իր վարմունքը, պետք է հեռացվի ժողովիցa (1 Կորնթացիներ 5։11-13)։ Աստվածաշունչն է սահմանում, թե որ մեղքերն են այնքան լուրջ, որ դրանց պատճառով մարդը կարող է հեռացվել ժողովից։ Այնտեղ նշված արարքներից են ամուսնական դավաճանությունը, հարբեցողությունը, սպանությունը, ընտանեկան բռնությունը և գողությունը (1 Կորնթացիներ 6։9, 10; Գաղատացիներ 5։19-21; 1 Տիմոթեոս 1։9, 10)։
Բայց լուրջ մեղք գործած մարդուն միանգամից չեն հեռացնում։ Ժողովում ծառայող երեցներըb նախ փորձում են օգնել նրան, որ փոխի իր վարվելակերպը (Հռոմեացիներ 2։4)։ Ձգտում են նրա սիրտը շարժել մեղմ, նրբանկատ ու բարի վերաբերմունքով (Գաղատացիներ 6։1)։ Այսպիսի մոտեցումը սխալ գործած անհատին օգնում է հասկանալ իր սխալը և զղջալ (2 Տիմոթեոս 2։24-26)։ Սակայն եթե նա համառորեն շարունակում է խախտել Աստվածաշնչի բարոյական չափանիշները և չի զղջում՝ չնայած իրեն օգնելու բազմաթիվ ջանքերին, ուրեմն պետք է հեռացվի ժողովից։ Այդ դեպքում ժողովին տեղեկացնելու համար երեցները պարզապես հայտարարում են, որ այդ մարդն այլևս Եհովայի վկա չէ։
Երեցները ձգտում են մեղմ, նրբանկատ ու բարի վերաբերմունքով շարժել սխալ գործողի սիրտը
Ի՞նչ արդյունքներ են լինում, երբ համառորեն մեղք գործող մարդը հեռացվում է ժողովից։ Նախ՝ ժողովում պահպանվում են բարոյական մաքրության վերաբերյալ Աստծու չափանիշները, երկրորդ՝ ժողովը պաշտպանված է լինում այդ անհատի բացասական ազդեցությունից (1 Կորնթացիներ 5։6; 15։33; 1 Պետրոս 1։16)։ Բացի դրանից՝ այդ ձեռնարկված միջոցը գուցե մեղք գործած անհատին օգնի թողնել իր սխալ վարմունքը և փոփոխություններ անել (Եբրայեցիներ 12։11)։
Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում նրանց, ովքեր հեռացվել են ժողովից
Աստվածաշնչում ասվում է, որ քրիստոնյաները պետք է ժողովից հեռացված անհատի հետ «այլևս որևէ շփում չունենան» և «այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեն» (1 Կորնթացիներ 5։11)։ Ուստի մենք չենք շփվում ժողովից հեռացված մարդու հետ։ Բայց մենք նրան լիովին չենք անտեսում, այլ հարգանքով ենք վերաբերվում։ Նա կարող է մասնակցել մեր կրոնական միջոցառումներին, որտեղ ներկաները կարող են իրենց նախընտրությամբ ողջունել նրան։c Հեռացված անհատը նաև կարող է հոգևոր օգնություն խնդրել երեցներից։
Ժողովից հեռացված մարդիկ կարող են մասնակցել մեր կրոնական հանդիպումներին
Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդը հեռացվում է ժողովից, բայց նրա կողակիցն ու երեխաները շարունակում են մնալ Եհովայի վկաներ։ Ընտանիքի հետ նրա կրոնական կապերի մեջ փոփոխություն իհարկե լինում է, բայց արյունակցական կապերը պահպանվում են։ Քանի որ նրանք ապրում են նույն տանը, ամուսնական հարաբերությունները, ներընտանեկան նորմալ հաղորդակցությունը և սիրով լի վերաբերմունքը շարունակվում են։
Ժողովից հեռացված անհատը կարող է խնդրել, որ երեցները այցելեն իրեն։ Նրանք այդ մարդուն սիրով ու ջերմությամբ աստվածաշնչյան խորհուրդներ կտան և կքաջալերեն, որ զղջա ու վերադառնա Աստծու մոտ (Զաքարիա 1։3)։ Եթե նա դադարեցնի իր սխալ վարքը և անկեղծորեն ցանկանա ապրել աստվածաշնչյան բարոյական չափանիշներով, կկարողանա կրկին ժողովի մաս կազմել։ Ժողովը «սրտանց կների ու կմխիթարի նրան», ճիշտ ինչպես Կորնթոսի ժողովի քրիստոնյաները վարվեցին, երբ նախկին մեղսագործը փոխեց իր վարքը (2 Կորնթացիներ 2։6-8)։
Ի՞նչ զգացումներ ունեն նրանք, ովքեր մի ժամանակ հեռացված են եղել ժողովից
Տեսնենք, թե ինչ են ասել նախկինում ժողովից հեռացված որոշ Եհովայի վկաներ, ովքեր հետո որոշել են վերադառնալ Աստծու մոտ։
«Երբ որոշեցի վերադառնալ ժողով, մտածում էի, որ երեցները կփորձեն պարզել, թե ինչեր եմ արել ժողովից հեռացվելուց հետո բոլոր այդ տասնյակ տարիների ընթացքում։ Բայց նրանք պարզապես ասացին. «Ուզում ենք, որ ուղղակի առաջ գնաս. հիմա դրա վրա կենտրոնացիր»։ Այդ խոսքերից այնքան թեթևացած զգացի» (Մարիա, Միացյալ Նահանգներ)։
«Ժողովը սիրով սպասում էր իմ վերադարձին։ Ես զգացի, որ արժեք ունեմ նրանց աչքում։ Հոգևոր եղբայրներս ու քույրերս օգնեցին՝ զգամ, որ ներվել եմ, ու կարողանամ անցյալը հետևում թողնել։ Երեցները միշտ պատրաստ էին հարկ եղած օգնությունը ցույց տալ, որ վերականգնեմ Եհովայի հետ իմ հարաբերությունները։ Նրանք մխիթարում էին ինձ, օգնում՝ հասկանամ, որ Եհովան շարունակում է թանկ համարել ու սիրել ինձ» (Մալքոմ, Սիեռա Լեոնե)։
«Ես ուրախ եմ, որ Եհովան իր ժողովրդին այդքան շատ է սիրում և հոգ է տանում, որ իր կազմակերպությունը միշտ մաքուր մնա։ Եվ այն, ինչ դրսի մարդկանց աչքին խիստ է թվում, իրականում անհրաժեշտ քայլ է և սիրո դրսևորում։ Շնորհակալ եմ իմ երկնային Հորը, որ այդքան սիրող է ու ներող» (Սանդի, Միացյալ Նահանգներ)։
a Չզղջացող մեղավորի վերաբերյալ նախկինում օգտագործում էինք «ընկերակցությունից զրկված» արտահայտությունը։ Բայց այժմ պարզապես օգտագործում ենք Աստվածաշնչում գործածված բառը և ասում ենք «ժողովից հեռացված»։
b Երեցները Աստծուն հավատարիմ, փորձառու տղամարդիկ են, ովքեր Աստվածաշնչի հիման վրա ուսուցանում են Աստծու ծառաներին և հոգատար հովվի պես հոգ են տանում, օգնում ու քաջալերում նրանց։ Իրենց կատարած ծառայության համար նրանք չեն վարձատրվում (1 Պետրոս 5։1-3)։
c Լինում են ծայրահեղ դեպքեր, երբ մարդը ժողովից հեռանում է և ակտիվորեն ջանում է քայքայել ու վարկաբեկել այն կամ բացեիբաց սխալ վարք է խրախուսում։ Նման դեպքերում մենք հետևում ենք Աստվածաշնչի այն հորդորին, համաձայն որի՝ նման մարդուն չպետք է «բարևենք» (2 Հովհաննես 9-11)։