Ինչո՞ւ են միայնակ մարդիկ այսքան շատ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ հասարակության մեջ միայնությունը տարածված երևույթ է։ Այս զգացումը ապրում են բոլոր տարիքի մարդիկ՝ անկախ իրենց ազգային, սոցիալական կամ կրոնական պատկանելության։ Իսկ դուք երբևէ միայնություն ապրե՞լ եք։ Արդյոք հիմա միայնակ չե՞ք զգում ձեզ։ Իրականում, յուրաքանչյուրս էլ երբեմն զգացել է ընկերոջ կարիք, ցանկացել է, որ ինչ–որ մեկը կարեկցանքով լսի, մխիթարի կամ գուցե իր համաձայնությունն արտահայտի մեզ հուզող մտքերի ու զգացմունքների կապակցությամբ։ Մենք կարիք ունենք, որ ինչ–որ մեկը վերաբերվի մեզ որպես անհատականության և ուշադիր լինի մեր զգացմունքների հանդեպ։
Մենակ լինելը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, թե մենք միայնակ ենք։ Մարդը կարող է մենակ լինել երկար ժամանակ և ուրախություն ստանալ իր գործերից՝ առանց իրեն միայնակ զգալու։ Սակայն կան նաև այնպիսի անհատներ, ովքեր չեն դիմանում մենակությանը։ Այս առնչությամբ մի բառարանում ասվում է. «Մենակությունը ուրիշներից առանձնացած լինելն է, սակայն պարտադիր չէ, որ դժբախտ լինելու իմաստ կրի իր մեջ։ .... Միայնության տակ սովորաբար հասկացվում է մենակությունը գիտակցելու տանջալի զգացում»։ Նույն բառարանում նաև նշվում է, որ «միայնակությունը մտերիմ անձնավորության ընկերակցությունն ունենալու թախծալի փափագն է», այսինքն՝ տրտմության, տխրության կամ վհատվածության վիճակ («The American Heritage Dictionary»)։ Մարդու սիրտը պետք է մխիթարվի անկեղծ, սիրառատ բարեկամի ընկերակցությունից, որպեսզի նա վերագտնի իր ուրախությունը։
Միայնությունը ուժեղ զգացում է և կարող է մեծ ցավ պատճառել։ Մարդու մեջ այն դատարկություն է առաջ բերում՝ մեկուսացած, ուրիշներից կտրված լինելու զգացողություն։ Մենք կարող ենք դառնալ խոցելի և վախեցած։ Երբևէ նման զգացում ապրե՞լ եք։ Ո՞րն է դրա առաջացման պատճառը։
Տարբեր մարդկանց վրա տարբեր ձևով են անդրադառնում խնդիրներն ու հանգամանքները։ Հնարավոր է, որ հասակակիցների կողմից ձեզ մերժված եք զգում ձեր արտաքինի, ռասայի կամ կրոնի պատճառով։ Միջավայրի փոփոխությունը, ինչպես օրինակ՝ նոր դպրոցը, նոր աշխատանքը կամ բնակության վայրը, նոր քաղաքը կամ երկիրը, կարող են միայնություն առաջ բերել հին ընկերներից հեռու լինելու պատճառով։ Ծնողի կամ կողակցի մահը նույնպես կարող է միայնության զգացում առաջացնել մարդու մեջ, և հնարավոր է, որ այն չլքի նրան երկար ժամանակ։ Նաև մենք ծերանում ենք, մեր շրջապատը փոխվում է, ավելի նեղ է դառնում կամ էլ բոլորովին անհետանում է։
Միշտ չէ, որ միայնությունից կարելի է ազատվել ամուսնական կապի մեջ մտնելով։ Տարաձայնություններն ու փոխըմբռնման բացակայությունը կարող են սթրեսի, անորոշության և նույնիսկ կողակցից ու երեխաներից առանձնանալու պատճառ դառնալ։ Սակայն գոյություն ունի միայնության այնպիսի տեսակ, որը տարբերվում է հարազատի մահվան, ամուսնալուծության, ֆիզիկական կամ էմոցիոնալ մեկուսացման հետևանքով առաջացած միայնությունից և որը կարող է խորապես ազդել մեզ վրա։ Դա Աստծուց կտրված լինելու զգացումն է, որ կարող է առաջանալ այն դեպքում, երբ վնասվեն մեր փոխհարաբերությունները նրա հետ։
Երբևէ հայտնվե՞լ եք վերը հիշատակված իրավիճակներից որևէ մեկում։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել միայնության զգացումը։
[Նկար 4–րդ էջի վրա]
Կյանքում տեղի ունեցող փոփոխությունները՝ լինի դա նոր դպրոց տեղափոխվելը թե կողակցին կորցնելը, կարող են միայնության զգացում առաջացնել