Հաղթահարել միայնությունը
ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ ձերբազատվելը հեշտ չէ։ Մարդը պետք է պայքարի զորավոր զգացմունքների դեմ։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը։ Ի՞նչ են արել ոմանք այդ ապրումներից ազատվելու համար։
Դիմակայել միայնության զգացումին
Որոշումներ կայացնելիս Հելենըa սիրում է մենակ լինել, սակայն միայնության մեջ նա վտանգ է տեսնում։ Երբ Հելենը փոքր էր, ծնողները քիչ ժամանակ էին տրամադրում նրան։ Չիմանալով ինչպես գրավել նրանց ուշադրությունը՝ աղջիկը փակվում էր իր սենյակում։ Նա պատմում է. «Ես սնուցման խանգարումներ ստացա։ Ընկա դեպրեսիայի մեջ։ Ինքս ինձ ասում էի. «Ինչո՞ւ պետք է մտահոգվեմ ծնողներիս խնդիրների մասին, եթե նրանք իմ խնդիրների մասին չեն մտահոգվում»։ Հետո սկսեցի մտածել, թե ամուսնությունը կլրացնի այն դատարկությունը, որ գալիս է միայնությունից։ Կարծում էի, թե ամուսնությունը ելք է։ Սակայն կարճ ժամանակ անց ասացի ինքս ինձ. «Ինչո՞ւ քայքայեմ ուրիշի կյանքը։ Նախ պետք է իմ մտածելակերպը շտկեմ»։ Ես օգնություն էի խնդրում Եհովայից՝ պատմելով նրան իմ ցավը։
Աստվածաշնչում գտա շատ մխիթարական խոսքեր։ Օրինակ՝ Եսայիա 41։10–ում ասվում էր. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը»։ Այս խոսքերն ինձ անչափ օգնեցին, քանի որ այնպիսի զգացում ունեի, թե առանց հայր եմ մեծացել։ Այժմ կանոնավորապես կարդում եմ Աստվածաշունչը և աղոթում եմ իմ երկնային Հորը։ Ես սովորել եմ դիմագրավել միայնությանը»։
Հարազատի մահը մեծ տխրություն է պատճառում, որը կարող է հանգեցնել միայնության։ Նկարագրելով իր սրտի ցավը՝ 16–ամյա Լուիզան պատմում է. «Հորս սպանեցին, երբ ես հինգ տարեկան էի։ Կարծում էի, թե տատիկս ինձ կօգնի մխիթարություն գտնել, սակայն երբեք չէի զգում, որ նա սիրում է ինձ։ Երեխա ժամանակ սեր այնքան էլ չեմ տեսել, մինչդեռ այդ տարիքում ամենից շատ ունեի դրա կարիքը։ Ութ–ինը տարեկան հասակում երեք անգամ փորձեցի ինքնասպանություն գործել։ Ես կարծում էի, թե դրանով լավագույն օգնությունը ցույց տված կլինեմ մեր ընտանիքին. մայրս չարչարանքով էր հաց վաստակում ինձ և երեք քույրերիս համար։ Հետո մենք սկսեցինք շփվել Եհովայի վկաների հետ։ Մի երիտասարդ ամուսնական զույգ հետաքրքրություն ցուցաբերեց իմ հանդեպ։ Նրանք հաճախ կրկնում էին. «Մենք գնահատում ենք քեզ և շատ ենք զգում քո կարիքը»։ «Շատ ենք զգում քո կարիքը». այս խոսքերը ինձ մեծ ուժ էին հաղորդում։ Պատահում է, որ դժվարանում եմ ինչ–որ մեկի հետ խոսել իմ զգացմունքների մասին, սակայն երբ կարդում եմ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում տպագրված հոդվածները, շնորհակալություն եմ հայտնում Եհովային, քանի որ այդ հրատարակությունների միջոցով զգում եմ նրա սերը։ Ես շատ եմ փոխվել։ Հիմա կարողանում եմ ժպտալ և իմ ուրախության ու տխրության մասին պատմել մայրիկիս։ Երբեմն անցյալի հուշերը վերադառնում են, սակայն ոչ այնպիսի ուժգնությամբ, որ ինքնասպանության փորձ կատարեմ կամ դադարեմ խոսել հարազատներիս հետ։ Ես միշտ հիշում եմ սաղմոսերգու Դավիթի խոսքերը. «Խաղաղութիւն լինի քեզանում» (Սաղմոս 122։8)»։
Արդեն 22 տարի է, ինչ Մարթան ամուսնալուծված է։ Առանց կողակցի նա մի զավակ է մեծացրել։ Մարթան ասում է. «Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ կյանքում ինչ–որ բան եմ կորցրել, ինձ պարուրում են անարժեքությունն ու միայնությունը»։ Ինչպե՞ս է նա հաղթահարում այս զգացմունքները։ Մարթան բացատրում է. «Ես հասկացա, որ դրանցից ազատվելու լավագույն եղանակը Եհովա Աստծո հետ անմիջապես խոսելն է։ Աղոթելիս զգում եմ, որ մենակ չեմ։ Եհովան ինձ ավելի լավ է հասկանում, քան ես ինձ։ Աղոթելուց բացի, առիթներ եմ փնտրում մարդկանց հանդեպ ուշադրություն ցուցաբերելու։ Բացասական զգացմունքների դեմ պայքարում ուժեղ զենք է հատկապես լիաժամ ծառայությունս։ Երբ ուրիշների հետ խոսում եմ Աստծո Թագավորության օրհնությունների մասին և տեսնում եմ, որ նրանք ընդհանրապես հույս չունեն ու իրենց խնդիրները անլուծելի են համարում, հասկանում եմ, որ հիմնավոր պատճառներ կան ապրելու և պայքարելու»։
93–ամյա Էլբայի միակ զավակը ուրիշ երկրում ծառայում է որպես միսիոներ։ Ահա թե ինչ է պատմում նա այն մասին, թե ինչպես է հաղթահարում միայնության զգացումը. «Երբ աղջիկս ու փեսաս ստացան «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում սովորելու հրավերը, նրանց դեմքը փայլում էր ուրախությունից, և ես ուրախանում էի նրանց հետ։ Ավելի ուշ, երբ երեխաներիս ուղարկեցին ուրիշ երկիր, իմ մեջ որոշ եսասիրական զգացումներ առաջացան։ Ես գիտեի, որ նրանք այլևս իմ կողքին չեն լինի, և այդ միտքը տխրեցնում էր ինձ։ Հիշեցի Հեփթայեի ու նրա միակ դստեր դեպքը, որ նկարագրված է «Դատաւորաց» գրքի 11–րդ գլխում։ Արցունքները աչքերիս՝ աղոթեցի Եհովային ու ներողություն խնդրեցի նրանից։ Իմ երեխաները չեն մոռանում ինձ։ Գիտեմ, որ շատ զբաղված են, սակայն ուր էլ որ գնում են, միշտ կապ են պահպանում ինձ հետ և պատմում են իրենց ծառայության մեջ տեղի ունեցած դեպքերի մասին։ Նորից ու նորից կարդում եմ նրանց նամակները։ Կարծես նրանք ամեն շաբաթ խոսում են ինձ հետ։ Այնքան երախտապարտ եմ դրա համար։ Ժողովի երեցները նույնպես շատ ուշադիր են մեր՝ մեծահասակ և վատառողջ անհատներիս հանդեպ։ Նրանք միջոցներ են ձեռնարկում, որ մենք ոտքով չգնանք հանդիպումներին, ինչպես նաև հոգ են տանում մեր մյուս կարիքների մասին։ Հոգևոր եղբայրներս ու քույրերս Եհովայի կողմից տրված իսկական օրհնություն են»։
Դուք նույնպես կարող եք հաղթահարել միայնությունը
Անկախ այն բանից՝ երիտասարդ եք թե ծեր, ամուրի եք թե ամուսնացած, ծնողներ ունեք թե ոչ, հարազատ եք կորցրել թե միայնություն եք զգում որևէ այլ պատճառով՝ դուք կարող եք հաղթահարել այդ զգացումը։ Խուկաբեդը՝ 18 տարեկան մի աղջիկ, որի հայրը լքել է վեց հոգուց բաղկացած իրենց ընտանիքը և գնացել ուրիշ երկիր, ասում է. «Մենք պետք է անկեղծ լինենք։ Շատ կարևոր է, որ խոսենք մեզ հուզող մտքերի ու զգացմունքների մասին։ Հակառակ դեպքում՝ ոչ ոք մեզ չի հասկանա»։ Նա խորհուրդ է տալիս. «Չափից շատ մի մտածեք ձեր մասին։ Օգնություն խնդրեք հասուն անհատներից և ոչ թե երիտասարդներից, որոնք կարող է ձեզանից ավելի վատ վիճակում լինեն»։ Լուիզան, որի մասին խոսք գնաց վերևում, ասում է. «Եհովային ի սրտե աղոթելով՝ կստանանք հենց այն օգնությունը, որն անհրաժեշտ է անելանելի թվացող դրությունից դուրս գալու համար»։ Իսկ Ջորջը, որի կինը մահացել է, պատմում է, թե ինչպես է հաղթահարում միայնության զգացումը. «Այս հարցում հաստատակամություն է հարկավոր։ Ինձ շատ է օգնում ուրիշների հանդեպ ուշադրություն ցուցաբերելը։ Եթե դիմացինի հետ զրուցելիս կարեկցանք դրսևորենք, խոսակցությունը կդառնա ավելի իմաստալից, և մենք կբացահայտենք նրա գեղեցիկ հոգին» (Ա Պետրոս 3։8)։
Միայնությունից ձերբազատվելու ձևերը շատ են։ Բայց կգա՞ արդյոք մի օր, երբ միայնությունը կանցնի անցյալի գիրկը։ Եթե այո, ապա ինչպե՞ս դա տեղի կունենա։ Այս հարցերի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
[Ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
[Մեջբերում 8–րդ էջի վրա]
«Եհովային ի սրտե աղոթելով՝ կստանանք հենց այն օգնությունը, որն անհրաժեշտ է անելանելի դրությունից դուրս գալու համար»
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
Ինչպե՞ս հաղթահարել միայնությունը
◼ Հիշեք, որ ձեր հանգամանքները կարող են փոխվել, որ այդ իրավիճակը հավիտյան չի մնա, և որ շատերն են հայտնվում նման դրության մեջ։
◼ Ձեր հանդեպ շատ պահանջկոտ մի՛ եղեք։
◼ Ընդհանուր առմամբ, գոհ եղեք ձեզանից։
◼ Աշխատեք լավ սնվել, բավականաչափ քնել և կանոնավորապես զբաղվել մարմնամարզությամբ։
◼ Երբ մենակ եք, զբաղվեք որևէ ստեղծագործական աշխատանքով, նոր բաներ սովորեք։
◼ Զգույշ եղեք, որ չդատեք ձեզ հանդիպող մարդկանց ձեզ հետ անցյալում պատահածի հիման վրա։
◼ Գնահատեք ձեր ընկերներին, նրանց հատկանիշները։ Աշխատեք լավ ընկերական շրջապատ ստեղծել։ Խորհրդակցեք տարիքով ավելի մեծ, փորձառու անհատների հետ։
◼ Որևէ բան արեք ուրիշների համար՝ պարգևեք նրանց ձեր ժպիտը, բարի խոսք ասեք, Աստվածաշնչից ինչ–որ բան պատմեք։ Ուրիշների համար օգտակար լինելու զգացումը միայնության «հակաթույնն» է։
◼ Մի՛ երազեք կինոյի ու հեռուստատեսության աստղերի կամ էլ Ինտերնետում և գրականության մեջ հանդիպող հերոսների մասին՝ պատկերացնելով, թե մտերիմ հարաբերություններ ունեք նրանց հետ։
◼ Եթե ամուսնացած եք, մի ակնկալեք, որ ձեր կողակիցը կբավարարի ձեր բոլոր զգացական կարիքները։ Սովորեք համագործակցել և զիջել, օգնել և աջակցել միմյանց։
◼ Սովորեք խոսել ուրիշների հետ և ուշադրությամբ լսել նրանց։ Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ուրիշ մարդկանց և նրանց կարիքների վրա։ Եղեք կարեկից։
◼ Ինքներդ ձեզ խոստովանեք, որ միայնություն եք զգում, և խոսեք հասուն ընկերոջ հետ կամ էլ այնպիսի անձնավորության, որին վստահում եք։ Լուռ մի՛ տառապեք։
◼ Մի՛ օգտագործեք չափից ավելի ալկոհոլային խմիչքներ կամ էլ ընդհանրապես հրաժարվեք դրանցից։ Ալկոհոլը չի լուծի ձեր խնդիրները, որոշ ժամանակ անց նրանք նորից կհիշեցնեն իրենց մասին։
◼ Մի կողմ դրեք հպարտությունը։ Ներեցեք նրանց, ովքեր վիրավորել են ձեզ, և քայլեր ձեռնարկեք ձեր հարաբերությունները լավացնելու։ Ավելի հասանելի եղեք։
[Նկար 6–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարելի է հաղթահարել միայնությունը