Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/05 էջ 5–8
  • Բժշկի սթրեսները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բժշկի սթրեսները
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բժշկական կրթություն՝ ցնցումնալի ճանապարհ
  • Կարեկցանքից ուժասպառ եղած
  • Երբ հիվանդը քմահաճ է
  • Բուժում, որն ազատում է պատասխանատվությունից
  • Բժիշկները փոփոխական աշխարհում
    2005 Արթնացե՛ք
  • Դուք ունեք ընտրելու իրավունք
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Երբ ձեր մտերիմը հիվանդ է
    2015 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2005 Արթնացե՛ք
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 4/05 էջ 5–8

Բժշկի սթրեսները

«Մի երիտասարդ զույգ մեծ հույսով սպասում էր, որ կկարողանամ որևէ ձևով օգնել նրանց նորածին զավակին։ Երբ փոքրիկին զննեցի, սիրտս նվաղեց։ Նրա հիվանդությունն անբուժելի էր։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ապրեցի, երբ վերջերս ծնող դարձած այդ երիտասարդներին հայտնեցի, որ իրենց որդին երբեք չի տեսնի։ Նրանցից բաժանվեցի սրտի ցավով։ Սակայն մի ակնթարթ անց ինձ մոտ էր հաջորդ հիվանդը՝ ակնկալելով, որ ժպիտով ողջունեմ նրան։ Այսպիսի բաները մեծ սթրես են պատճառում ինձ»։ (ակնավիրաբույժ, որն աշխատում է Հարավային Ամերիկայում)

ՍՈՎՈՐԱԲԱՐ հիվանդը բժշկի սենյակ չի մտնում նրա խնդիրները քննարկելու նպատակով։ Հիվանդին մտահոգում են իր խնդիրները։ Ուստի քչերն են գիտակցում, թե ամեն օր որքան սթրեսներ են տանում բժիշկները։

Ինչ խոսք, բոլորն էլ ընկնում են սթրեսի մեջ, և բժշկությունը միակ սթրեսային մասնագիտությունը չէ։ Բայց քանի որ գրեթե բոլոր մարդիկ հանդես են գալիս կա՛մ հիվանդի դերում, կա՛մ բժշկի, միանգամայն տեղին է պարզել, թե ինչ սթրեսներ են տանում բժիշկները, և թե ինչպես է դա ազդում նրանց վրա։

Բժիշկները սթրեսների են ենթարկվում իրենց կյանքի արդեն իսկ վաղ շրջանում, երբ ահռելի ջանքեր են թափում ընդունվելու որևէ բարձրագույն բժշկական հաստատություն։ Սակայն դասընթացների սկսվելուց հետո նրանք սովորաբար էմոցիոնալ այնպիսի հարվածներ են ստանում, որ մեկընդմիշտ դրոշմվում են իրենց հիշողության մեջ։ Դրանով սկսվում է մի ուղի, որը կարող է անդրադառնալ ապագա բժշկի զգացումների վրա և անգամ փոխել նրա բնավորությունը։

Բժշկական կրթություն՝ ցնցումնալի ճանապարհ

Առաջին հարվածը նրանք ստանում են դիահերձման դահլիճ այցելելիս, որ կարող է տեղի ունենալ դասերի առաջին իսկ շաբաթվա ընթացքում։ Հնարավոր է, որ ուսանողներից շատերը մինչ այդ երբեք դիակ չէին տեսել։ Թորշոմած մերկ մարմինները, որոնց տարբեր մասերում կտրվածքներ են արված օրգանիզմի կառուցվածքը ցույց տալու համար, կարող են զզվանք առաջացնել։ Ուսանողները պետք է սովորեն տիրապետել իրենց զգացումներին։ Հաճախ նրանք դիմում են հումորի՝ յուրաքանչյուր դիակին որևէ ծիծաղելի անուն դնելով։ Այն, ինչը կարող է անզգամության սարսափելի դրսևորում և հարգանքի բացակայություն թվալ դրսի մարդուն, անչափ կարևոր է ուսանողների համար, որոնք ջանք են թափում չմտածել այն մասին, որ տվյալ մարմինը ժամանակին կենդանի անձ է եղել։

Հետագայում սկսվում են նրանց գործնական դասընթացները, որ անցկացվում են հիվանդանոցներում։ Սովորաբար մարդը կյանքի վաղանցիկության մասին խորհում է միջին տարիքում։ Մինչդեռ բժշկական ոլորտի ուսանողը երիտասարդ հասակում է բախվում անբուժելի հիվանդությունների ու մահվան խնդրին։ Մի ուսանողի խոսքերով՝ սկզբնական շրջանում իր հիվանդանոցային պրակտիկան «այնքան գարշելի էր, որ սրտխառնոց էր առաջացնում»։ Ե՛վ հարուստ, և՛ աղքատ երկրներում ապրող ուսանողներին կարող է մեծապես ցնցել նաև այն բանի գիտակցումը, թե որքան հաճախ են օգնության կարիք ունեցող հիվանդները մերժվում այն պատճառով, որ նրանց բուժելու համար բավականաչափ միջոցներ չկան։

Ինչպե՞ս են նոր բժիշկները պայքարում սթրեսի դեմ։ Բժշկական ոլորտի աշխատողները սովորաբար ձգտում են էմոցիոնալ առումով չկապվել հիվանդների հետ։ Այդ նպատակով նրանք աշխատում են վերջիններիս չդիտել իբրև անհատների։ Օրինակ՝ փոխանակ խոսելու օգնության կարիք ունեցող մարդու մասին՝ նրանք կարող են ասել. «Բժի՛շկ, երկրորդ պալատ կոտրված ոտք են բերել»։ Այս խոսքերը ծիծաղելի կթվան, եթե չհասկանանք երևույթը նման ձևով ներկայացնելու պատճառը։

Կարեկցանքից ուժասպառ եղած

Բժիշկներին կրթում են գիտնականների պես, սակայն իրենց գործի մեծ մասը նրանք անցկացնում են հիվանդների հետ զրուցելով։ Որոշ բժիշկներ տեսնում են, որ զգացական առումով պատրաստ չեն այդ փոխհարաբերություններին։ Ինչպես նշվեց այս հոդվածի նախաբանում, բժշկի համար ամենածանր իրավիճակներից մեկը վատ լուր հայտնելն է։ Ոմանք ստիպված են դա անել ամեն օր։ Բացի այդ, ծայրահեղ իրավիճակում գտնվող մարդը սովորաբար իր վիշտն արտահայտելու կարիք է զգում, և ակնկալում է, որ բժիշկը պատրաստակամորեն լսի իրեն։ Հուզված, վախեցած մարդկանց հետ գործ ունենալը այնքան հոգնեցուցիչ է, որ բժիշկներից ոմանք ուժասպառ են լինում՝ անընդհատ կարեկցանք դրսևորելով նրանց հանդեպ։

Կանադայում ապրող մի ընտանեկան բժիշկ իր կարիերայի վաղ շրջանի մասին գրում է. «Աշխատանքը խեղդում էր ինձ. օգնության կարիք ունեցող մարդիկ, որոնց հարկավոր էր ժամանակ հատկացնել, ընկճված մարդիկ, որոնք ցանկանում էին թեթևացնել իրենց ցավը, հիվանդ մարդիկ, որոնց անհրաժեշտ էր իմ օգնությունը, խարդախ մարդիկ, որ ճնշում էին բանեցնում և իրենց պահանջներն էին ներկայացնում, ինձ տեսնելու եկած մարդիկ, մարդիկ, որ ստիպում էին այցելել իրենց, մարդիկ, որ հեռախոսով հանգիստ չէին տալիս ինձ նույնիսկ տանս, անգամ մահճակալիս մեջ։ Մարդիկ, մարդիկ, մարդիկ...։ Ես ցանկանում էի օգնել բոլորին, բայց դա խենթություն էր» («A Doctor’s Dilemma», Ջոն Հոլանդ)։

Արդյոք այդ սթրեսը չի՞ մեղմանում տարիների ընթացքում։ Աշխատանքային ստաժը սովորաբար ավելի մեծ պատասխանատվություն է դնում բժշկի ուսերին։ Կյանքի և մահվան հետ կապված վճիռները հաճախ պետք է անհապաղ կայացվեն, երբեմն գուցե ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա։ «Երբ երիտասարդ էի, դա ինձ չէր անհանգստացնում,— ասում է բրիտանացի մի բժիշկ,— ինչպես որ պատանին չի անհանգստանում, երբ չափից արագ է վարում մեքենան։ Սակայն տարիքի հետ մեկտեղ դու ավելի ես գնահատում կյանքը։ Այժմ բուժման հետ կապված որոշումներ կայացնելիս ավելի շատ եմ հուզվում, քան նախկինում»։

Ինչպե՞ս է այդ սթրեսը անդրադառնում բժիշկների վրա։ Հիվանդների հետ զգացական առումով չկապվելու հակվածությունը կարող է արտահայտվել նաև ընտանեկան փոխհարաբերություններում։ Հնարավոր է, որ դրանից շատ դժվար լինի խուսափել։ Որոշ բժիշկներ անչափ կարեկից են հիվանդներին օգնելիս։ Բայց նրանք որքա՞ն կարող են այդպես շարունակել և ուժասպառ չլինել։ Սա է այն խնդիրը, որին բախվում են բժիշկները։

Երբ հիվանդը քմահաճ է

Երբ բժիշկներին հարցնում են, թե հիվանդների հետ գործ ունենալիս ինչ սթրեսներ են տանում նրանք, վերջիններս հաճախ խոսում են քմահաճ հիվանդների մասին։ Թերևս ձեզ ծանոթ լինեն ստորև ներկայացված խառնվածքները։

Կան հիվանդներ, որոնք վատնում են բժշկի ժամանակը՝ երկար–​բարակ խոսելով ու կոնկրետ չբացատրելով, թե ինչում է իրենց խնդիրը։ Կան նաև այնպիսիները, որ հրատապ օգնության կարիք չունենալով հանդերձ՝ բժշկին կանչում են գիշերը կամ հանգստյան օրերին կամ էլ պահանջում են բուժել իրենց այնպիսի եղանակով, որին բժիշկը նախապատվություն չի տալիս։ Կան նաև կասկածամիտ հիվանդներ։ Ոմանք իրենց հիվանդության մասին որոշակի ինֆորմացիա են գտնում, օրինակ՝ Ինտերնետում, և դա կարող է օգտակար լինել։ Սակայն նման հետազոտությունների հետևանքով նրանք գուցե կորցնեն իրենց վստահությունն այն բժշկի հանդեպ, որի մոտ եկել են խորհրդակցելու։ Հնարավոր է, որ բժիշկը այնքան ժամանակ չունենա, որպեսզի բացատրի հիվանդին նրա գտած տեղեկությունների բոլոր դրական ու բացասական կողմերը։ Եվ երբ անվստահության պատճառով հիվանդը չի հետևում նրա խորհուրդներին, բժիշկն իրեն անբավարարված է զգում։ Կան նաև անհամբեր հիվանդներ։ Նրանք կիսատ են թողնում բուժումը՝ չհամբերելով, մինչև այն սկսի արդյունք տալ, ու փորձում են ուրիշ տեղ խորհուրդներ փնտրել։

Աշխարհի որոշ մասերում, սակայն, բժիշկը ավելի շատ սթրեսներ է տանում ոչ թե հիվանդի, այլ իրավաբանի պատճառով։

Բուժում, որն ազատում է պատասխանատվությունից

Շատ երկրներում մեծանում է բժիշկների դեմ հարուցված դատավարությունների թիվը։ Որոշ փաստաբաններ հանուն շահի անհիմն հայցեր են ներկայացնում։ «Դրա հետևանքով ավելանում է բժշկական ապահովագրման վարձը,— ասում է Ամերիկյան բժշկական ընկերության նախագահը։— Դատական այս քաշքշուքները պատճառում են այլ դժվարություններ ևս։ Անարդար դատավարությունները կարող են մեծ վնաս հասցնել բժշկին, ընկճել նրան, ժամանակի կորստյան պատճառ դառնալ.... հանգեցնել սթրեսի և անհանգստության»։ Այս ամենի հետևանքով որոշ բժիշկներ նույնիսկ ինքնասպանություն են գործել։

Ուստի շատ բժիշկներ ստիպված են լինում պաշտպանվել. հիվանդին բուժելիս նրանք կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք ոչ թե լավագույնս կնպաստեն վերջինիս կազդուրմանը, այլ կօգնեն ազատվել պատասխանատվությունից։ «Այսօր սովորական երևույթ է հիվանդին բուժել այնպես, որ հնարավոր լինի խուսափել մեղադրանքներից» («Physician’s News Digest»)։

Քանի որ բժիշկների վրա գործադրվող ճնշումը գնալով մեծանում է, նրանցից շատերը այսպիսի հարց են տալիս իրենց. «Ի՞նչ կբերի ապագան»։ Նույն հարցն են տալիս նաև շատ հիվանդներ, քանզի նկատում են, որ չնայած բժշկագիտության հաջողություններին՝ որոշ հիվանդություններ ավելի ու ավելի մեծ տառապանք են պատճառում մարդկանց։ Հաջորդ հոդվածում իրատեսորեն կներկայացվի, թե ինչ ապագա է սպասում բժիշկներին և հիվանդներին։

[Շրջանակ 6–րդ էջի վրա]

ԵՐԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՔ ԲԺՇԿԻ ՀԵՏ

1. Բժշկի հետ խորհրդակցելիս արդյունավետ օգտագործեք ժամանակը. նախապես մտածեք, թե ինչպես կարող եք հանգամանորեն ու կոնկրետ ներկայացնել ձեր խնդիրը՝ սկսելով մտահոգություն պատճառող ամենագլխավոր հարցից։

2. Եթե հրատապ օգնության կարիք չկա, աշխատանքային ժամերից հետո ձեր բժշկին մի կանչեք։

3. Համբերատար եղեք։ Լավ ախտորոշումն ու բուժումը ժամանակ են պահանջում։

[Շրջանակ 7–րդ էջի վրա]

ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՍԱՐԱԿ ԲՈՒԺՈՒՄԸ

«Այստեղի և զարգացած շրջանների բժշկության միջև ահռելի անդունդ գոյություն ունի։ Մասնագիտություն ձեռք բերելը այս վայրերում համարվում է չքավորությունից ձերբազատվելու միջոց, և բժշկական կրթությունը մեծ հեղինակություն է վայելում։ Սակայն բժիշկները շատ են, իսկ աշխատանքը՝ քիչ։ Արդյունքում՝ նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Քչերի հնարավորություններն են թույլ տալիս այցելել բժշկի։ Ես աշխատում եմ մի հին հիվանդանոցում, որի տանիքը կաթում է, և որտեղ կան միայն ամենատարրական սարքավորումները։ Մեր անձնակազմը բաղկացած է երկու բժշկից և հինգ բուժքրոջից։ Մինչդեռ մենք սպասարկում ենք 14 000 հոգու։

Երբեմն հիվանդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ինչպես հարկն է չեմ զննում նրանց։ Բայց երբ քեզ 25 հիվանդ է սպասում, պարզապես չես կարող երկար զրուցել մեկի հետ։ Այնուամենայնիվ, մարդկանց բուժելը բավականություն է պատճառում ինձ, նույնիսկ եթե այդ բուժումը շատ հասարակ է։ Օրինակ՝ մայրերը հաճախ ինձ մոտ են բերում փորլուծություն ունեցող իրենց թերսնված երեխաներին, որոնց օրգանիզմը ջրազրկված է։ Նրանց աչքերը խամրած են, իսկ դեմքը՝ տագնապով լի։ Ես ընդամենը բացատրում եմ մորը, թե ինչպես օգտագործել ջրի պաշարը վերականգնող աղերը, մակաբույծներին ոչնչացնող պատրաստուկները և հակաբիոտիկները։ Հենց որ բուժումը օգուտ է բերում, փոքրիկը նորից սկսում է ուտել։ Մի շաբաթ անց նա արդեն կարծես ուրիշ երեխա լինի՝ փայլուն աչքերով, ժպտերես և աշխույժ։ Նման հաճելի պահեր վայելելու ակնկալիքն է բժիշկ լինելու ցանկություն առաջացրել իմ մեջ։

Դեռ մանուկ հասակից երազել եմ օգնել հիվանդներին։ Բայց բժշկական կրթությունը աննկարագրելիորեն փոխեց ինձ։ Ես տեսա, թե ինչպես են մարդիկ մահանում սոսկ այն պատճառով, որ չնչին գումար անգամ չունեն իրենց անհրաժեշտ բուժման դիմաց վճարելու համար։ Որպեսզի տխրությունը չհամակեր ինձ, ստիպված էի սպանել իմ մեջ ամեն մի զգացմունք։ Սակայն երբ Աստվածաշնչի օգնությամբ ինձ բացատրեցին տառապանքի պատճառը, այդ ժամանակ միայն հասկացա, որ Աստված գթառատ է ու կարեկից, և վերագտա ուրիշներին կարեկցելու իմ ունակությունը։ Ես նորից կարող էի լաց լինել»։

[Նկար]

Բժիշկ Մարկո Բիագասը աշխատում է Ամազոնի ավազանում գտնվող մի մեկուսացած բոլիվիական քաղաքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը