Երբ անսպասելիորեն կորցնում ես աշխատանքդ
«Երբ իմացա, որ ինձ հեռացրել են աշխատանքից, գլխիս կարծես սառը ջուր լցրեցին։ Ես կորցրեցի ինքնահարգանքս» (Տոնի, Գերմանիա)։
«Այնպիսի զգացում ունեի, ասես մի մեծ բեռ էր դրվել ուսերիս։ Քանի որ երկու զավակներիս միայնակ էի մեծացնում, առավել ևս մտահոգված էի այն մասին, թե ինչպես եմ կերակրելու նրանց և վճարելու մեր բոլոր վարձերը» (Մերի, Հնդկաստան)։
«Երբ կորցրի աշխատանքս, շատ հուսալքվեցի։ Ամբողջ ժամանակ անհանգստանում էի, թե կկարողանամ արդյոք ուրիշ աշխատանք գտնել» (Հայմե, Մեքսիկա)։
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ են բախվում այն խնդրին, որի առջև կանգնել էին Տոնին, Մերին և Հայմեն։ Դեռևս 21–րդ դարի սկզբին հետազոտությունները ցույց էին տվել, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատունակ բնակչության 10 տոկոսը՝ մոտ 23 միլիոն մարդ, աշխատանք չունի։ Որոշ նվազ զարգացած երկրներում գործազուրկ է աշխատունակ բնակչության ավելի քան մեկ քառորդը։ Ինչպես նշվում էր «Նյու Յորք Թայմսի»՝ 2003 թ. հուլիսյան համարներից մեկում, Միացյալ Նահանգներում «վերջին 28 ամիսներին փակվել [էին] գրեթե երկու միլիոն վեց հարյուր հազար աշխատատեղեր»։
Աշխատանք գտնելը մեծ խնդիր է շատ երկրներում։ Ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները հեղեղում են աշխատանքի շուկան։ Ավելին, գիտական կոչումը կամ լավ մասնագիտությունը դեռ երաշխիք չեն, որ մարդը համապատասխան աշխատանք կգտնի։ Ուստի այսօր սովորական երևույթ է, որ անհատը իր կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխի իր աշխատանքը։ Ոմանք նույնիսկ ստիպված են լինում ընդհանրապես փոխել իրենց մասնագիտությունը։
Եթե գործազուրկ եք, ինչպե՞ս կարող եք աշխատանք գտնել։ Իսկ եթե արդեն գտել եք, ինչպե՞ս կարող եք պահպանել այն։