«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»
Նախկինում և հիմա. Աստծո Խոսքի ազդեցությունը
ԵԹԵ հանդիպեիք Թոնիին այն ժամանակ, երբ նա դեռ պատանի էր, դուք կտեսնեիք կոպիտ և ագրեսիվ մի տղայի, որ հաճախ լինում էր Սիդնեյի (Ավստրալիա) անվայելուչ վայրերում։ Նրա ընկերների թվում նույնիսկ բանդայի անդամներ կային։ Նրանք հաճախ կողոպուտներ էին կազմակերպում, ուրիշ բանդաների հետ պայքարի մեջ մտնում և կռիվներ ստեղծում փողոցներում, որոնք ուղեկցվում էին կրակոցներով։
Թոնին սկսեց ծխել ինը տարեկան հասակում։ Մոտ 14 տարեկանում նա կանոնավորաբար մարիխուանա էր օգտագործում և անբարո կյանք վարում։ Մոտ 16 տարեկան հասակում տրվեց հերոինի գործածությանը, որից հետո սկսեց կոկաին և ԼՍԴ օգտագործել։ Նա ասում է. «Ես պատրաստ էի ընդունել ցանկացած բան, որն ինձ կկարողանար թմրեցնել»։ Հետագայում նա սկսեց համագործակցել թմրանյութերի առևտրով զբաղվող երկու հայտնի խմբերի հետ։ Շուտով Թոնին Ավստրալիայի արևելյան ափերի շրջանում թմրանյութեր մատակարարող հուսալի անձնավորություն դարձավ։
Թոնին հերոինի ու մարիխուանայի համար օրական վճարում էր 160–320 ամերիկյան դոլլար։ Սակայն այդ վատ սովորության դիմաց նրա ընտանիքը ավելի թանկ էր վճարում։ «Մի քանի անգամ,— ասում է նա,— հանցագործները ինձ ու կնոջս սպառնացել են՝ մեր դեմքին ատրճանակ ու դանակ պահելով, և պահանջել մեր տանը եղած թմրանյութն ու գումարը»։ Երեք անգամ բանտարկվելուց հետո Թոնին սկսեց մտածել իր վարած կյանքի մասին։
Չնայած Թոնին հաճախում էր եկեղեցի, սակայն նրան չէր գրավում Աստված, որը, ինչպես նա էր կարծում, մեղավորներին պատժում է՝ դժոխքում հավիտյան այրելով։ Երբ նրան այցելում են երկու Եհովայի վկաներ, նա զարմանում է՝ իմանալով, որ Աստված իրականում այդպիսին չէ։ Նրա ուրախությանը չափ չկար. նա կարող էր բարեփոխել իր կյանքը և օրհնություններ ստանալ Աստծուց։ Թոնիին հուզել էին Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ» (Մարկոս 10։27)։ Եվ հատկապես այս ոգևորիչ խոսքերը. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։
Այժմ Թոնին պետք է իր կյանքը ներդաշնակեցներ Աստվածաշնչի չափանիշներին, ինչը նրա համար հեշտ գործ չէր։ Նա ասում է. «Առաջին բանը ծխախոտից հրաժարվելն էր, մի բան, որ մինչ այդ ինձ երբեք չէր հաջողվել, չնայած որ շատ անգամ էի փորձել։ Եհովայից ուժ ստանալով՝ ես կարողացա վերջ տալ հերոին և մարիխուանա օգտագործելու սովորությանը. սովորություն, որի գերին եմ եղել 15 տարի։ Ես չէի կարծում, որ երբևիցե հնարավոր կլիներ վերջ տալ այդ սովորություններին»։
Փոխարեն վախենալու մի Աստծուց, որը մարդկանց հավիտյան չարչարում է դժոխքում (ուսուցում, որը բացակայում է Աստվածաշնչում), Թոնին և իր կինը երկրային դրախտում հավիտյան ապրելու հույս ստացան (Սաղմոս 37։10, 11; Առակաց 2։21)։ «Ինձանից մեծ ջանքեր և ժամանակ պահանջվեց կյանքս Աստծո չափանիշներին ներդաշնակեցնելու համար,— ասում է Թոնին,— սակայն Եհովայի օգնությամբ ես հաջողության հասա»։
Այո, այս նախկին թմրամոլը դարձավ քրիստոնյա։ Նվիրաբերելով իրենց ժամանակն ու միջոցները՝ Թոնին և իր կինը հազարավոր ժամեր են տրամադրել՝ մասնակցելով Աստվածաշնչի կրթական ծրագրին։ Նրանք նաև դաստիարակում են երկու աստվածավախ երեխաների։ Այս կտրուկ փոփոխությունը հնարավոր դարձավ Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի անհաղթելի ուժի օգնությամբ։ Ինչպես նշում է Պողոսը՝ «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։
Հակառակ այսպիսի հրաշալի օրինակների՝ ոմանք անարդարացիորեն պնդում են, թե Եհովայի վկաների կրթական աշխատանքը, որի հիմքը հանդիսանում է Աստվածաշունչը, քայքայում է ընտանիքները, իսկ երիտասարդների մեջ աղավաղում լավ արժեքները։ Թոնիի օրինակը հերքում է այդ պնդումը։
Թոնիի նման, այսօր շատերն են հասկացել, որ հնարավո՛ր է վերջ տալ կործանարար սովորություններին։ Ինչպե՞ս։ Աստծո հանդեպ հավատ դրսևորելով, նրան ու նրա Խոսքին ապավինելով, ինչպես նաև քրիստոնյա հավատակիցների հոգատար և սիրալիր աջակցությունն ընդունելով։ Ուրախության զգացումով Թոնին ավարտում է իր խոսքը. «Ես տեսա, թե ինչպես են սուրբգրային սկզբունքները պաշտպանում իմ երեխաներին։ Աստվածաշնչի ուսուցումները փրկեցին ընտանիքս քայքայումից, իսկ հարևաններս գիշերները հանգիստ քնում են, քանի որ իմ հարևանությունը նրանց համար այլևս վտանգ չի հանդիսանում»։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Եհովայի զորությամբ ինձ հաջողվեց ազատվել թմրանյութերից, որոնց գերին եմ եղել տասնհինգ տարի շարունակ»։
[շրջանակ 9–րդ էջի վրա]
Աստվածաշնչի սկզբունքները ներգործուն են
Աստվածաշնչի տարբեր սկզբունքներ օգնել են բազմաթիվ թմրամոլների վերջ տալ այդ կործանարար սովորությանը։ Այդ սկզբունքներից են.
«Մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը» (Բ Կորնթացիս 7։1)։ Թմրանյութերի գործածությունը դեմ է Աստծո օրենքին։
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9։10)։ Եհովայի հանդեպ երկյուղը հիմնված է նրա մասին ճշգրիտ գիտության վրա, իսկ նրա ուղիները օգնել են շատ–շատերին վերջ տալ թմրամոլությանը։
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Կործանարար սովորություններին կարելի է վերջ տալ ամբողջ սրտով Եհովային վստահելով և ամբողջությամբ նրան ապավինելով։