Ժամանակ հատկացրե՞լ ես Աստվածաշնչի ուսումնասիրությանը
ԱՆՑՅԱԼ տարի Կառավարիչ մարմինը հայտարարեց, որ ժողովի հանդիպումների գրաֆիկում փոփոխություն է տեղի ունեցել։ Դրա նպատակն է օգնել ընտանիքներին ավելի շատ ժամանակ տրամադրելու Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Եթե ընտանիքի գլուխ ես, ջանա կանոնավորաբար քննել Աստծու Խոսքը կնոջդ ու երեխաներիդ հետ։ Ուսումնասիրությունն անցկացրու այնպես, որ օգուտներ քաղեն բոլորը։ Այն զույգերը, որոնք երեխաներ չունեն այդ ժամանակը կտրամադրեն Գրությունները միասին ուսումնասիրելուն, իսկ ամուրի քրիստոնյաները՝ անձնական ուսումնասիրությանը։
Շատերն են իրենց երախտագիտությունը հայտնել այս նորամուծության համար։ Օրինակ՝ Քևին անունով մի երեց գրում է. «Միայն «շնորհակալություն» բառով հնարավոր չէ արտահայտել ժողովի անդամների զգացումները։ Երեցների հետ միասին քննարկեցինք, թե ինչպես ենք օգտագործում ազատ երեկոն, որպեսզի հստակորեն հետևենք Կառավարիչ մարմնի խորհրդին և ընտանիքով ուսումնասիրենք Աստվածաշունչը»։
Ջոդին, որի ամուսինը երեց է, գրում է. «Մենք երեք աղջիկ ունենք՝ 15, 11 և 2 տարեկան։ Վերջերս տեղափոխվեցինք ժեստերի լեզվով անցկացվող ժողով։ Ուստի հանդիպումներին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ և ջանք էր պահանջվում։ Սակայն այս փոփոխությունը հնարավորություն տվեց ազատ երեկո ունենալու ընտանեկան երկրպագության համար»։
Ամուսիններ Ջոնն ու Ջոանը ընդհանուր ռահվիրաներ են։ Նրանք գրում են. «Մենք առիթից առիթ էինք ընտանեկան ուսումնասիրություն անցկացնում, քանի որ ստիպված էինք «խցկել» այն ժողովի տարբեր գործերի արանքը։ Այս նոր փոփոխությունը Եհովայի նվերն է, որը հոգևոր թարմություն է տալիս, եթե դրան ժամանակ ես տրամադրում»։
Թոնի անունով 20–ամյա ամուրի մի եղբայր իր անձնական ուսումնասիրության համար հատկացրել է երեքշաբթի օրը։ Իսկ շաբաթվա մյուս օրերին նա պատրաստվում է ժողովի հանդիպումներին։ Թոնին ասում է. «Ես անհամբերությամբ սպասում եմ երեքշաբթի օրվան, որովհետև այդ երեկոն ես անցկացնում եմ Եհովայի հետ»։ Նա նաև նշում է. «Մոտ երկու ժամ տարբեր նյութեր եմ ուսումնասիրում, որոնք ամրացնում են իմ փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Քանի որ հիմա ավելի շատ ժամանակ ունեմ, ավելի շատ եմ կարողանում խորհրդածել կարդացած սուրբգրային համարների շուրջ։ Դրա շնորհիվ Եհովայի խոսքերը հիմա ավելի խորն են հասնում սրտիս, քան նախկինում։ Օրինակ՝ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում կարդացի Դավթի և Հովնաթանի ընկերության մասին։ Ինձ շատ տպավորեց Հովնաթանի անձնուրաց սերը։ Նրա օրինակը օգնեց ավելի լավ հասկանալու, թե ինչ է նշանակում իսկական ընկեր լինել։ Ես անհամբերությամբ եմ սպասում անձնական ուսումնասիրության իմ երեկոյին, քանի որ ամեն անգամ ճշմարտության նոր մարգարիտներ եմ գտնում։
Անկասկած, Եհովայի բոլոր ծառաները մեծ օգուտներ կքաղեն, եթե արդյունավետորեն օգտագործեն այն ժամանակը, որը նրանք այժմ ունեն՝ կատարելով Աստվածաշնչի իմաստալից անձնական և ընտանեկան ուսումնասիրության։