Որ ձեր ժպիտը գեղեցիկ լինի
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԿԱՆԱԴԱՅԻՑ
ԵՐԲ նայում եք հայելու մեջ, ինչի՞ն եք ուշադրություն դարձնում առաջին հերթին։ Թերևս ձեր մազերին կամ ձեր դեմքի վրա ինչ–որ բանի։ Իսկ ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք ձեր ժպիտին։ Նկատե՞լ եք, որ ձեր ժպիտը գեղեցիկ է շնորհիվ ձեր ատամների։ Իհարկե, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է ձեր ժպիտը, ապա կհետաքրքրի նաև այն, թե ինչ վիճակում են ձեր ատամները։ Մնայուն ատամները, որոնք ստեղծված են, որ պահպանվեն ողջ կյանքի ընթացքում, հատուկ խնամքի կարիք ունեն։ Բացի այդ, սնունդը ծամելն ու բառերը ճիշտ արտասանելը կատարվում են ատամների շնորհիվ, որոնք ձեր շուրթերին ու այտերին գեղեցիկ, փայլուն ժպիտ են պարգևում։ Ինչ խոսք, ատամները շատ արժեքավոր դեր ունեն մեր կյանքում։
Ինչպե՞ս պահպանել ատամները
Ատամների առողջ վիճակը նախևառաջ պայմանավորված է սննդով։ Հավասարակշռված սննդակարգը, որն ընդգրկում է կալցիում, A, C և D խմբի վիտամիններ, նպաստում է ատամների աճին՝ սկսած մոր արգանդում դրանց ձևավորվելուց մինչև նրանց լիակատար կազմավորումը։a Ճիշտ սնվելու շնորհիվ առողջ ատամներ ձեռք կբերեք, սակայն հարկավոր է զգուշանալ շաքարով հարուստ սննդակարգից։ Դրա պատճառով կարող է ավելանալ ատամի խոռոչների քանակը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հյուսիսային Ամերիկայի միջին տարիքի բնակիչը օգտագործում է տարեկան 50–60 կիլոգրամ շաքար՝ չնայած հաճախակի կրկնվող նախազգուշացումներին այն մասին, որ շաքարը նպաստում է ատամների քայքայմանը։ Իսկ ինչո՞ւ է շաքարը վնասում մեր ատամները։
Ատամի փափուկ նստվածքը գոյանում է բերանի խոռոչում եղող մանրէների միջոցով։ Այդ պրոցեսում հատկապես մեծ դեր են խաղում ստրեպտոկոկերն ու լակտոբացիլները։ Այդ փափուկ նստվածքը ատամի վրայի մանրէների և սննդի մնացորդների տգեղ շերտն է։ Նստվածքի մեջ եղող մանրէները առաջանում են շաքարից՝ այն վերածելով վնասակար թթուների, որոնք էլ քայքայում են ատամը։ Որոշ տեսակի շաքարներ հեշտությամբ վերածվում են թթուների կամ կպչում են ատամներին։ Արդյունքում ատամներին կպած նստվածքը քայքայում է այն։b Եթե նստվածքը չմաքրվի, այն կարող է, կարծրանալով ատամների շուրջ՝ լնդերի մոտ, վերածվել ատամնաքարի։
Ատամների քայքայումը կանխելու համար խիստ կարևոր է հետևել, որ դրանց վրա չառաջանա փափուկ նստվածք, և հատկապես այն տեսակի ստրեպտոկոկը, որը նպաստում է ատամնափուտին։ Այսպիսով, եթե դուք ցանկանում եք պահպանել ձեր ատամներն ու գեղեցիկ ժպիտը, ապա ամեն օր պարտադիր հետևեք ձեր բերանի խոռոչի հիգիենային։ «Ատամները խոզանակով մաքրելուց բացի, խիստ կարևոր է նաև ատամնաթելով դրանք մաքրել՝ ապահովելով ատամների և նրանց շրջապատող հյուսվածքների առողջ վիճակն ու դիմացկունությունը»,— հայտնում է Կոլումբիայի համալսարանի ստոմատոլոգիական կենտրոնը։ Խոզանակով և ատամնաթելով մաքրելը արդյունավետ մեթոդներ են, որոնք ներկայացված են այս և հաջորդ էջերում։ Ձեր ատամնաբույժը կարող է այլ միջոցներ ու մեթոդներ առաջարկել, որոնք կօգնեն մանրակրկիտ կերպով մաքրել ձեր ատամները և այդպիսով պահպանել ձեր ժպիտը։
Թթուների ազդեցության տակ ատամի արծնը (էմալը) փափկում է, և առաջ է գալիս ապամիներալացում։ Այնուամենայնիվ, ամեն օր նման վնասվածքները վերականգնվում են։ Ինչպե՞ս։ Պարզվել է, որ ֆտորիդները կանխում են ոսկրափուտը՝ այդպիսով նպաստելով վերականգնման պրոցեսին։ Փաստորեն, թեպետ ատամների քայքայումը վարակիչ է, սակայն այն հնարավոր է կանխել՝ շնորհիվ որոշակի գործոնների, ինչպես օրինակ՝ ֆտորիդների։ Այո՛, ատամները կարող են բուժել իրենք իրենց։
Չվախենանք ատամնաբույժից
Երբ մի խումբ մարդկանց խնդրեցին հերթով թվարկել, թե ամենաշատը ինչից են վախենում, պարզվեց, որ այդ ցուցակում ատամնաբույժին այցելելը երկրորդ տեղն էր զբաղեցնում հասարակության առջև ելույթ ունենալուց հետո։ Բայց արդյո՞ք նման վախը տեղին է։ Հարուստ երկրներում արագաշարժ շաղափների ու տեղային ցավազրկող միջոցների օգնությամբ ատամնաբույժներն այսօր կարողանում են կատարել գործի զգալի մասը՝ առանց հիվանդին ցավ կամ անհանգստություն պատճառելու։ Ատամների բուժման յուրաքանչյուր փուլին ծանոթ լինելով՝ կկարողանաք նվազեցնել ձեր վախը։
Որոշ երկրների ատամնաբուժարաններում բուժքույրերը սովորաբար մանրազնին կերպով մաքրում են հիվանդների ատամները։ Այդ ժամանակ ատամնաքարերն ու ատամի փափուկ նստվածքը մաքրվում են այն տեղերից, որտեղ դժվար է մաքրել ատամի խոզանակով և ատամնաթելով։ Ապա ատամները փայլեցվում են, որպեսզի ատամի քարեր չառաջանան, իսկ բծերը մաքրվում են, որ չաղավաղվի ձեր ժպիտը։
Քանի որ ֆտոր պարունակող նյութերը նվազեցնում են ատամնափուտը, շատ երկրներում երեխաների ատամները պաշտպանելու նպատակով դրանք օգտագործվում են ատամի գելի կամ լուծույթի տեսքով։ Ատամնաբուժարաններում դրանցով փայլեցնում են երեխաների ատամները։ Բազմաթիվ երկրներում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացրել, իսկ ատամի մածուկների մեջ ավելացրել են ֆտորի քանակը՝ ատամնափուտից պաշտպանելու նպատակով։
Ի՞նչ կարող է անել ատամնաբույժը
Այսօր ատամնաբույժների ուշադրությունը հրավիրվում է կանխարգելիչ միջոցների օգտագործման վրա, որպեսզի նվազեցվեն ապամիներալացման հետ կապված վնասները։ Ատամների վնասված հյուսվածքները ժամանակին բուժելով՝ հաճախ հնարավոր է կանխել ոսկրափուտի առաջացումը։ Այսպիսով՝ ելնելով ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներից՝ ատամնաբույժի մոտ գնալը չպետք է տհաճ լինի ձեզ համար։
Այնուամենայնիվ, եթե ատամի փափուկ նստվածքից առաջացած թթուները մնում են ատամների վրա, արդյունքում ատամնափուտ է առաջանում։ Ոսկրափուտը չկանխելու դեպքում ատամի վրա խոռոչ է գոյանում։ Այդ դեպքում բժշկի միջամտության կարիք է առաջանում։ Եթե ատամնափուտը դեռ չի հասել կակղենուն, որտեղ գտնվում են ատամնանյարդերը, սովորաբար հնարավոր է լինում փրկել ատամը՝ պատելով այն ատամնալիցքով։
Ատամնաբույժը բժշկական շաղափի օգնությամբ մաքրում է խոռոչը և տեղ ազատում ատամնալիցքի համար։ Ապա վերջինս լցվում է այդ անցքի մեջ։ Ամալգամից պատրաստված ատամնալիցքերը արագ են կարծրանում, ուստի հարկավոր է ատամները անմիջապես սեղմել, որպեսզի նրանք ընդունեն համապատասխան ձևը։ Իսկ բուսախեժից պատրաստված լիցքերը կարծրանում են միայն լուսային ատամնալիցքի օգնությամբ։ Եթե խոռոչը մնա առանց բուժման, ու ատամնափուտը հասնի ատամի կակղենուն, ապա հարկ կլինի բուժել արմատային խողովակը կամ նույնիսկ հեռացնել ատամը։ Սակայն եթե արմատային խողովակը բուժվի և ատամնալիցք դրվի, ապա գուցե ատամը չհեռացվի։ Ատամի լուրջ վնասված մասը պատում են արհեստական պսակով, իսկ հեռացված ատամի փոխարեն օգտագործում են կամրջակային պրոթեզներ։c
Արժե ջանք թափել
Գուցե դեռ վախենո՞ւմ եք գնալ ատամնաբույժի մոտ։ Եթե այո, ապա զրուցեք ձեր ատամնաբույժի հետ ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ։ Նախքան բուժումը սկսելը, որոշեք, թե որևէ ցավ զգալու դեպքում ինչ նշան պիտի ցույց տաք (օրինակ՝ կբարձրացնեք ձեր ձեռքը)։ Խնդրեք ատամնաբույժին, որ բացատրի, թե ինչ է ընդգրկվում բուժման յուրաքանչյուր փուլում։ Եթե երեխաներ ունեք, կարող եք նրանց մոտ դրական տրամադրվածությամբ արտահայտվել ատամների խնամքի մասին։ Նաև չպետք է երեխային վախեցնել, որ եթե իրեն լավ չպահի, ապա նրան, որպես պատիժ, կտանեն ատամնաբույժի մոտ։ Մոնրեալի համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դոկտոր–պրոֆեսոր Դենիել Կանդելմանը հայտնում է. «Այսօր ատամնաբուժության մեջ հնարավոր է հասնել այս կարևոր նպատակին. դուք կարող եք պահպանել ձեր առողջ, բնական ատամներն ու գեղեցիկ, փայլուն ժպիտը ողջ կյանքի ընթացքում»։ Ուրեմն, արժե՛ ջանք թափել։
[Ծանոթագրություններ]
a Լիակատար կազմավորված ատամը վկայում է այն մասին, թե սնուցման ինչպիսի սովորություններ է ունեցել մայրը իր հղիության, ինչպես նաև երեխայի վաղ մանկության շրջանում։ Ատամների աճը կանգ է առնում մոտ քսան տարեկան հասակում։
b Ատամնաբույժները հայտնաբերել են, որ քսիլիտը (քաղցրավուն նյութ, շաքարի փոխարինիչ) չեզոքացնում է նստվածքի մեջ եղող վնասակար մանրէները, որոնք քայքայում են ատամը։ Քսիլիտ կա որոշ մաստակների բաղադրության մեջ։
c Պրոթեզների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1993 թ. փետրվարի 22 համարի «Ձեզ հարկավո՞ր են արհեստական ատամներ» հոդվածը, էջ 18–22, անգլ.։
[Շրջանակ/նկարներ 29–րդ էջի վրա]
Ինչպես մաքրել
Գոյություն ունեն ատամները խոզանակով մաքրելու զանազան մեթոդներ։ Սակայն հարկավոր է մի փոքր զգույշ լինել ատամի մածուկի օգտագործման հարցում. օգտագործեք այն քիչ քանակությամբ։ Ատամի մածուկը հղկող նյութ է և կարող է «հարյուր անգամ ավելի կոշտ լինել, քան ատամի բնական կառուցվածքը»։
1 Խոզանակը մոտ 45 աստիճան թեքությամբ շարժեք ատամնաշարի երկայնքով։ Շրջանաձև շարժումներով, զգուշությամբ մաքրեք ատամը՝ սկսած լնդային եզրից դեպի ծամող մակերևույթը։ Անպայման մաքրեք ատամի մակերեսը և՛ ներսից, և՛ դրսից։
2 Շրջանաձև կարճ շարժումներով մաքրեք ծամող մակերևույթը։
3 Առջևի ատամների ներսի հատվածը մաքրելու համար խոզանակը պահեք ուղղահայաց դիրքով։ Սկսեք մաքրել լնդի եզրից դեպի ատամի ծամող մակերևույթը։
4 Խոզանակով մաքրեք ձեր լեզուն և քիմքը։
[Թույլտվությամբ]
Steps 1-4: Courtesy www.OralB.com
[Շրջանակ/նկարներ 30–րդ էջի վրա]
Մաքրեք ատամի թելով
Ատամնաբույժները խորհուրդ են տալիս ամեն օր մաքրել ատամները դրանց համար նախատեսված հատուկ թելով, իսկ ամեն ուտելուց հետո՝ խոզանակով։
1 Ատամի թելը փաթաթեք ձեր երկու ձեռքերի միջնամատերին՝ նրանց միջև մի փոքր հատված թողնելով։
2 Մի ձեռքի բութ մատով և մյուս ձեռքի ցուցամատով ձգեք թելը։ Հետ ու առաջ շարժումներ անելով՝ այն մտցրեք ատամների արանքը։
3 Պահեք թելը կիսալուսնաձև և վերուվար շարժումներով մաքրեք ատամի յուրաքանչյուր կողմը։ Զգուշությամբ սահեցրեք թելը լնդային եզրով, բայց այն մի սեղմեք լնդերին կամ հետ ու առաջ մի շարժեք դրանց վրայով։
[Թույլտվությամբ]
Source։ The Columbia University School of Dental and Oral Surgery’s Guide to Family Dental Care
Steps 1-3: Courtesy www.OralB.com