Ինչո՞ւ դիմել ատամնաբույժին
ՆԱԽՔԱՆ ժամանակակից ատամնաբուժության զարգացումը մարդիկ մանկուց տառապել են ատամնացավից և կորցրել են իրենց ատամները։ Սևացած, ծուռ ատամները կամ ատամների բացակայությունը ազդել են շատերի արտաքին գեղեցկության վրա։ Տարեցները ատամ չունենալու պատճառով չեն կարողացել ծամել կերակուրը, տառապել են թերսնումից կամ վաղաժամ մահացել են։ Իսկ այսօր շատերը, ովքեր այցելում են ատամնաբույժին, կարող են ձերբազատվել ատամնացավից, պահպանել իրենց ատամները ողջ կյանքի ընթացքում և միշտ գեղեցիկ ժպիտ ունենալ։ Ինչպե՞ս է ժամանակակից ատամնաբուժությունը հասել այս երեք հատկանշական նպատակներին։
Ատամնացավի և ատամի կորստի դեմ պայքարում կարևոր դեր է խաղում կանխարգելիչ ատամնաբուժությունը, որի նպատակն է ատամների մասին գիտելիքներ տալ և շեշտել կանոնավորաբար բժշկին այցելելու կարևորությունը։ Հիսուսն ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն» (Ղուկաս 5։31)։ Ոմանց մեծապես օգնել են բերանի խոռոչի հիգիենայի մասին գիտելիքները։ Դրանց շնորհիվ նրանք այժմ հազվադեպ են կարիք ունենում դիմելու բժշկի։a Իսկ շատերն էլ խուսափում են դիմել ատամնաբույժի, քանի որ վախենում են, անտարբեր են այդ հարցում կամ անտեսում են բուժօգնության կարևորությունը։ Մյուսներին վանում են բարձր գները։ Ինչպիսին էլ որ լինի քո վերաբերմունքը, հարց տուր ինքդ քեզ. «Ի՞նչ կարող է անել ատամնաբույժը ինձ համար, արժե՞ դիմել նրան»։ Կանխարգելիչ ատամնաբուժության կարևորությունը հասկանալու համար նախ պետք է պարզել, թե ինչ են փորձում կանխել ատամնաբույժները։
Ինչպե՞ս է վնասվում ատամը
Ատամնաբույժը կարող է կանխել ատամի ցավն ու կորուստը։ Եթե դիմեք նրան, ապա նա կկարողանա վերացնել ատամների փառը՝ մանրէների փափուկ նստվածքը, որը կպչում է ատամներին։ Մանրէները սնվում են ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով։ Նրանք շաքարը վերածում են թթվի, որը քայքայում է ատամի էմալը, դրանից էլ ատամի վրա անհարթություններ են գոյանում։ Ժամանակի ընթացքում անհարթությունը վերածվում է խոռոչի, և ատամնափուտ (կարիես) է սկսվում։ Սկզբնական շրջանում այն անհանգստություն չի պատճառում, բայց երբ ատամնափուտը հասնում է կակղենուն, ապա սուր ցավ է առաջանում։
Փառ առաջացնող մանրէները նաև այլ խնդիր են հարուցում։ Եթե ատամների փառը խոզանակով ինչպես հարկն է չի մաքրվում, ապա կարծրանում է և վերածվում ատամնաքարի, որը վարակում է լնդերը։ Դրա հետևանքով լնդային հյուսվածքը կարող է առանձնանալ ատամից։ Առաջացած ճեղքվածքում հավաքված սննդի մնացորդները մանրէների բուն են դառնում, որոնք էլ իրենց հերթին վարակում են լնդերը։ Ատամնաբույժը կարող է կանխարգելել այս երևույթը։ Բայց եթե այդ մասին հոգ չտարվի, ապա լինդը թերևս այնքան վնասվի, որ ատամն ընկնի։ Դրա հետևանքով ավելի շատ ատամ են կորցնում, քան փչանալու հետևանքով։
Թուքը որոշ չափով պաշտպանում է ատամները մանրէների վերոհիշյալ «հարձակումներից»։ Անկախ այն բանից՝ ճաշել ես, թե մի կտոր խմորեղեն ես կերել՝ 15–45 րոպեների ընթացքում թուքը պետք է մաքրի սննդի մնացորդները բերանի խոռոչից և չեզոքացնի ատամի փափուկ նստվածքի վրայի թթուն։ Թե որքան ժամանակում թուքը կկատարի իր ֆունկցիան, կախված է այն բանից, թե որքան շաքար կամ սննդի մնացուկներ են կպած ատամներին։ Ըստ երևույթին, ատամները վնասվում են այս րոպեների ընթացքում։ Ուստի վնասի աստիճանը կախված է ոչ թե ձեր օգտագործած շաքարի քանակից, այլ սնունդ և շաքար պարունակող մթերքներ ուտելու հաճախականությունից։ Քնած ժամանակ քիչ է թուք արտադրվում։ Ուստի շատ վնասակար է քաղցր բան ուտել կամ խմել ու հետո, առանց ատամները խոզանակով մաքրելու, քնել։ Կարծիք կա, որ ուտելուց հետո շաքար չպարունակող ծամոն ծամելը արագացնում է թքարտադրությունը և պաշտպանում ատամները։
Կանխարգելիչ ատամնաբուժություն
Կախված այն բանից, թե ինչ վիճակում են ձեր ատամները՝ ատամնաբույժները խորհուրդ են տալիս տարին մեկ կամ երկու անգամ ստուգել դրանք։ Ստուգման ժամանակ բժիշկը գուցե ատամնային ճառագայթագրություն (ռենտգեն) անի և ուշադրությամբ զննի ձեր ատամները՝ տեսնելու համար, թե արդյոք ատամնափուտ չի առաջացել։ Օգտագործելով տեղային անզգայացման միջոց և արագաշարժ շաղափ՝ նա կարող է լիցք անել բոլոր խոռոչները՝ առանց ցավ պատճառելու։ Որոշ ատամնաբույժներ գործածում են լազերներ կամ ատամի փչացած մասը քայքայող նյութ, որի շնորհիվ նվազում է կամ նույնիսկ անհրաժեշտություն չի լինում օգտագործելու շաղափ կամ տեղային անզգայացման միջոց։ Ատամնաբույժը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների՝ նոր դուրս եկող ատամներին՝ տեսնելու համար, թե արդյոք դրանց վրա կան ճեղքվածքներ կամ անհարթություններ, որոնք դժվար կլինի մաքրել խոզանակով։ Որպեսզի ատամի մակերեսը լինի հարթ և հեշտությամբ մաքրվի, ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ անհարթությունները պատել սիլանտով (sealant)։ Այդպիսով այն չի քայքայվի։
Չափահասների մոտ հաճախ առաջանում են լնդային հիվանդություններ, ուստի ատամնաբույժները հատկապես մտահոգված են դրանք կանխելու հարցով։ Եթե բժիշկը գտնում է ատամնաքարեր, ապա հեռացնում է դրանք։ Շատերը չեն կարողանում խոզանակով մաքրել իրենց ատամների որոշ մասեր, ուստի ատամնաբույժը կարող է ցույց տալ, թե ինչպես է հարկավոր դա անել։ Որոշ ատամնաբույժներ իրենց այցելուներին այդ նպատակով ուղարկում են ատամնաբույժ–հիգիենիստի մոտ։
Վնասված ատամները վերականգնելը
Եթե ունեք վնասված, ծուռ ատամներ կամ եթե չունեք որոշ ատամներ, ձեզ համար հաճելի կլինի իմանալ, որ ատամնաբույժները բազմաթիվ նոր մեթոդներ ունեն դրանք վերականգնելու համար։ Սակայն վերականգնողական բուժումը թանկ արժե, ուստի պետք է զգույշ լինեք, որ կարողությունից վեր գումարներ չծախսեք։ Այնուամենայնիվ, շատերը մտածում են, որ արժե միջոցներ տրամադրել վերականգնողական բուժմանը։ Ատամնաբույժը թերևս կարողանա օգնել ձեզ վերականգնելու ծամելու ունակությունը, և, քանի որ վնասված ատամների պատճառով գուցե ձեզ վատ զգաք, ապա նա կարող է այնպես անել, որ ձեր լավ ինքնազգացողությունը վերականգնվի և ձեր ժպիտը գրավիչ դառնա։
Եթե դիմացի ատամները կոտրված են կամ պատված են բծերով, բժիշկը կարող է առաջարկել տեղադրելու արտաքին շերտ, որը պատրաստված է լուսանցիկ ճենապակուց։ Այն շատ նման է բնական ատամին։ Այդ արտաքին շերտը ամրացվում է վնասված ատամի մակերեսին, որը ատամին տալիս է նոր տեսք ու ձև։ Եթե ատամը շատ է վնասված, բժիշկը կարող է խորհուրդ տալ ատամնապսակ դնել։ Այն ամբողջովին ծածկում է ատամը։ Պսակը սովորաբար պատրաստվում է ոսկուց կամ բնական տեսք ունեցող նյութից։
Ի՞նչ կարող է անել ատամնաբույժը, եթե որոշ ատամներ բացակայում են։ Նա կարող է մասնակի շարժական ատամնային պրոթեզ կամ կամրջակային պրոթեզ դնել, որը միացնում է արհեստական ատամը բնական ատամներին և ամուր պահում այն։ Գնալով ավելի մեծ տարածում են գտնում իմպլանտատները։ Ատամնաբույժը տիտանից պատրաստված արմատ է տեղադրում ծնոտի մեջ՝ ատամի նախկին տեղում, և երբ ոսկորն ու լինդը աճում են, նա արհեստական ատամ է տեղադրում այդ արմատի վրա։ Դա գրեթե հավասարազոր է իսկական ատամ ունենալուն։
Ծուռ ատամների պատճառով անհատը կարող է ամաչել։ Դրանք դժվար են մաքրվում և շուտ են վնասվում։ Եթե ատամնակծվածքը ուղիղ չէ, ապա խնդիրներ են առաջանում։ Սնունդը ծամելը կարող է դժվար լինել և ցավ պատճառել։ Բարեբախտաբար, այսօր ատամնաբույժները կարող են ուղղել այդ խնդիրը բրեկետների (braces) միջոցով։ Բժշկության ձեռքբերումների շնորհիվ բրեկետները դարձել են տարատեսակ։ Նոր ոճի բրեկետներն այնքան էլ նկատելի չեն, բացի այդ կարիք չի լինում հաճախակի գնալ բժշկի՝ դրանք ուղղելու համար։
Որոշ ատամնաբույժներ մեծ ուշադրություն են դարձնում բերանի վատ հոտը վերացնելուն։ Մարդկանց մեծ մասի բերանից հազվադեպ է տհաճ հոտ գալիս, իսկ ոմանց համար դա մշտական խնդիր է։ Պատճառները տարբեր են, և որոշ ատամնաբույժներ կարող են կոնկրետ նշել դրանք։ Շատ հաճախ բերանի վատ հոտը առաջանում է լեզվի ետնամասում կուտակված մանրէների հետևանքով։ Եթե լեզուն մաքրեք խոզանակով կամ հատուկ հարմարանքով, ինչպես նաև թքարտադրությունը շատացնեք՝ առանց շաքարի ծամոն ծամելով, ապա ինչ–որ չափով հնարավոր է ձերբազատվել հոտից։ Բերանի խոռոչը մաքրելը շատ կարևոր է հատկապես կաթնամթերք, միս կամ ձուկ ուտելուց հետո։
Հաղթահարել վախը
Եթե ատամնաբույժին այցելելու միտքն անգամ անհանգստություն է պատճառում ձեզ, կարող եք վստահ լինել, որ նա կօգնի ձեզ հաղթահարելու այդ զգացումը։ Ուստի ասացեք նրան, թե ինչ եք զգում։ Պայմանավորվեք նրա հետ, թե ձեռքով ինչ նշան կանեք ցույց տալու համար, որ ցավ եք զգում կամ էլ վախենում եք։ Շատերը նկատել են, որ այդպես վարվելով՝ իրենց ավելի ինքնավստահ են զգացել։
Գուցե վախենում եք կամ անհանգստանում եք, որ բժիշկը ձեզ նկատողություն կանի ատամները լավ չխնամելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, ձեր վախն անհիմն է, քանի որ նման վերաբերմունքը կարող է բացասաբար ազդել բժշկի հեղինակության վրա։ Շատ ատամնաբույժներ շահագրգռված են այն հարցում, որ հնարավորինս բարյացակամ լինեն հիվանդների նկատմամբ։
Մեծ մասամբ մարդիկ խուսափում են գնալ ատամնաբուժարան, քանի որ նրանց վանում են բարձր գները։ Բայց եթե հիմա հնարավորություն ունեք, ստուգեք ձեր ատամները։ Այդպիսով հետագայում կխուսափեք բարդություններից և ավելի մեծ ծախսերից։ Շատ երկրների ատամնաբուժարաններում միևնույն ծառայությունը կարող է տարբեր գների լինել, որն էլ հնարավորություն է տալիս տարբեր միջոցներ ունեցող մարդկանց օգտվելու դրանցից. նույնիսկ ամենահասարակ ատամնաբուժարանում կան ռենտգեն սարքավորումներ և արագաշարժ շաղափներ։ Ատամնաբույժը կարող է շատ գործողություններ կատարել՝ նվազագույն անհանգստություն պատճառելով հիվանդին։ Տեղային անզգայացման գինը բավականին մատչելի է, ուստի շատերը, նույնիսկ սահմանափակ միջոցներ ունեցողները, կարող են օգտվել դրանից։
Ատամնաբույժի նպատակն է ոչ թե ցավ պատճառել, այլ թեթևացնել այն։ Ատամները բուժելն այլևս այնքան ցավոտ երևույթ չէ, ինչպես որ նախկինում՝ մեր տատերի և պապերի ժամանակներում էր։ Քանի որ առողջ ատամները նպաստում են ընդհանուր առողջությանը, և դրանց շնորհիվ կարողանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա արժե՛ դիմել ատամնաբույժին։ Ամենայն հավանականությամբ, դա ձեզ հաճելի կլինի։
[Ծանոթագրություն]
a Այս հոդվածում հիմնականում քննարկվում է այն, թե ինչպես կարող է ատամնաբույժն օգնել իր այցելուին։ Իսկ թե դուք ինչ կարող եք անել ձեր ատամները պաշտպանելու համար, կարդացե՛ք «Որ ձեր ժպիտը գեղեցիկ լինի» հոդվածը («Արթնացե՛ք», 2006, հունվար–մարտ)։
[Նկարներ 20–րդ էջի վրա]
Առողջ ատամի կառուցվածքը
Պսակ
Էմալ (արծն)
Դենտին
Կակղենու խոռոչը՝ նյարդաթելիկներով և արյունատար անոթներով
Արմատ
Լնդային հյուսվածք (լինդ)
Ոսկոր
[Նկարներ 20–րդ էջի վրա]
Վնասված ատամ
Խոռոչ
Ատամնալիցքը թույլ չի տալիս, որ խոռոչը մեծանա
[Նկարներ 20–րդ էջի վրա]
Լնդային հիվանդություն
Փառը հարկավոր է մաքրել խոզանակով կամ ատամնաթելով
Ատամնաքարը դժվար է հեռացնել. այն նպաստում է լնդի հետաճին
Հետաճած լինդ
[Նկարներ 21–րդ էջի վրա]
Ատամի վերականգնում
արտաքին շերտն ամրացվում է ատամին
Պսակ
Իմպլանտատ
Կամրջակը կապում է ատամները և ամուր պահում արհեստական ատամը