Երիտասարդները հարցնում են...
Պարտադի՞ր է հարսանիք անել
«Դա Սինդիի՝ իմ հարսնացուի մտահղացումն էր. նա առաջարկեց, որ մեր ամուսնությունը նշենք նեղ շրջանակում՝ առանց բոլոր հարազատներին ու ընկերներին տեղյակ պահելու։ Խորհրդակցելուց հետո երկուսս էլ եկանք այն եզրակացության, որ այդպես վարվելով՝ կխնայենք մեր ուժերն ու ժամանակը և կխուսափենք ավելորդ սթրեսներից» (Ալեն)։a
ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ բավականաչափ մեծ ես և ուզում ես ամուսնանալ ու նույնիսկ արդեն կատարել ես քո ընտրությունը։ Սակայն քեզ և քո ընտրյալին գրավում է գաղտնի ամուսնանալու միտքը։ Երբեմն սիրահարված զույգերը հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ ցանկություն են ունենում միասին փախչելու և ամուսնանալու՝ այդ մասին տեղյակ չպահելով նույնիսկ իրենց ծնողներին։ Եթե հայտնվել ես նման իրավիճակում, ո՞ր սկզբունքները կարող են օգնել քեզ ճիշտ վարվելու։
Ի՞նչն է կարևոր
Թեպետ ամուսնությունը նշելու սովորություն ունեն գրեթե բոլոր ժողովուրդները, հարսանեկան արարողությունները երկրեերկիր մեծապես տարբերվում են։ Սակայն քրիստոնյա զույգը կարևորություն չի տա այն բանին, որ իրենց հարսանեկան արարողությունն անցնի տեղի բոլոր սովորությունների համաձայն (Հռովմայեցիս 12։2)։ Փոխարենը՝ նրանց գլխավոր ցանկությունը կլինի իրենց մտերմության շրջանն ու հարսանիքը անցկացնել այնպես, որ դա փառք բերի Եհովա Աստծուն (Ա Կորնթացիս 10։31)։
Քանի որ ամուսնությունը պատվավոր բան է, մեծամասամբ մարդիկ չեն ուզում գաղտնի պահել այն։ Օրինակ՝ արևմտյան երկրներում Եհովայի վկաները իրենց հարսանեկան արարողությունը սովորաբար անցկացնում են տեղի Թագավորության սրահում։b Դրանից հետո որոշ զույգեր իրենց հարազատներին ու ընկերներին հրավիրում են ճաշկերույթի, որի ժամանակ մի փոքր զվարճանում են։ Նման դեպքերում կարիք չկա չափազանց ճոխ հավաքույթներ կազմակերպելու։ Պետք է ընդունել նաև, որ ամուսնական արարողության ու խնջույքի կազմակերպումը լարվածություն է առաջ բերում և կապված է մեծ ծախսերի հետ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում հարսանիք կազմակերպելու համար սովորաբար պահանջվում են հազարավոր դոլարներ։
Երբեմն զույգը, փորձելով նվազեցնել հարսանիքի հետ կապված լարվածությունն ու ծախսերը, ավելի պարզ ելք է գտնում։ Սինդին պատմում է. «Մենք ասացինք մեր ծնողներին, որ չենք պատրաստվում մեծ հարսանիք անել, այլ ուզում ենք, որ ամեն բան լինի շատ պարզ, և քիչ գումար ծախսվի։ Իմ ծնողները հավաստիացրին, որ մտնում են մեր դրության մեջ. նրանք տվեցին իրենց համաձայնությունը»։ Սակայն երբ Սինդիի փեսացուն՝ Ալենը, որի խոսքերը մեջբերված են վերևում, իր ծնողներին հայտնեց իրենց որոշման մասին, վերջիններս չկարողացան հասկանալ նրանց։ «Ծնողներս սկսեցին իրենց մեղադրել դրանում,— պատմում է Ալենը։— Նրանց կարծիքով՝ մենք այդպիսի որոշում էինք կայացրել այն պատճառով, որ իրենք էին ինչ–որ սխալ թույլ տվել մեր հանդեպ։ Բայց դա ամենևին էլ այդպես չէր»։
Հնարավոր է, որ քո ծնողներին նույնպես դուր չգա հարսանիքը նեղ շրջանակում անելու որոշումը. նրանք միգուցե ցանկանան, որ այդ առանձնահատուկ օրը իրենց ուրախությունը կիսեն հնարավորին չափ շատ մարդկանց հետ։ Իսկ եթե ուզում ես ամուսնանալ՝ առանց ծնողներիդ տեղյակ պահելո՞ւ, քանզի գիտես, որ քո ամուսնության միտքն անգամ նրանց դժգոհությունը առաջ կբերի։
Հաշվի առ ծնողներիդ զգացմունքները
Թերևս ծնողներդ դեմ լինեն քո ամուսնությանը այն պատճառով, որ դու, իրենց կարծիքով, դեռ չափազանց երիտասարդ ես, որպեսզի կարողանաս նման կարևոր որոշում կայացնել։ Միգուցե նրանք վախենում են, որ հայացքներդ տարիքի հետ կփոխվեն, և դու կարճ ժամանակ անց կզղջաս քո կատարած ընտրության համար։ Կամ գուցե նրանք ոչ թե քեզ են փոքր համարում, այլ լուրջ թերություններ են տեսնում քո ընտրյալի բնավորության մեջ։ Հնարավոր է նաև՝ նրանք արգելում են քեզ ամուսնանալ այն պատճառով, որ ընտրյալդ չի ընդունում քո հավատը։
Եթե ծնողներդ ճշմարիտ քրիստոնյաներ են, ապա նրանց առարկությունները, ամենայն հավանականությամբ, աստվածաշնչյան հիմքեր ունեն։ Բացի դրանից, միանգամայն տեղին է, որ նրանք արտահայտեն իրենց բոլոր մտավախությունները։ Իրականում, Եհովան նրանց անտարբեր և անուշադիր ծնողներ կհամարեր, եթե նրանք այդպես չվարվեին։ Լսելով նրանց կարծիքը՝ դու օգուտներ կստանաս (Առակաց 13։1, 24)։
Օրինակ՝ երբ հագուստ ես գնում, երևի հարցնում ես որևէ մեկին, թե արդյոք այն հարմար է քեզ։ Դու միգուցե չհամաձայնվես նրա հետ, սակայն միևնույն է կակնկալես, որ եթե մտերիմ ընկերդ նկատի, որ ընտրածդ հագուստը քեզ չի համապատասխանում, ապա կասի այդ մասին։ Եվ դու շնորհակալ կլինես դրա համար, քանզի զուր տեղը փող ծախսած չես լինի։ Ուրեմն առավել ևս պետք է շնորհակալ լինես այն բանի համար, որ ծնողներդ իրենց կարծիքն են հայտնում քո ընտրյալի մասին։ Եթե անհամապատասխան հագուստը կարող ես փոխել կամ մի կողմ նետել, ապա կողակիցդ, Եհովայի տեսանկյունից, քեզ հետ պետք է լինի ողջ կյանքիդ ընթացքում (Մատթէոս 19։5, 6)։ Ավելին, եթե քո և ընտրյալիդ բնավորությունն ու հոգևոր հասունությունը ‘հարմար’ չլինեն իրար, ապա ձեր միությունը անհամեմատ ավելի մեծ տհաճություն կպատճառի քեզ, քան անհարմար հագուստը (Ծննդոց 2։18; Առակաց 21։9)։ Եվ արդյունքում դու միգուցե զրկվես իսկական երջանկություն գտնելու հնարավորությունից (Առակաց 5։18; 18։22, ԱԱ)։
Ճիշտ է, կան ծնողներ, որ դեմ են իրենց զավակի ամուսնությանը՝ եսասիրական նկատառումներից դրդված, օրինակ՝ որպեսզի շարունակեն իրենց հսկողության տակ պահել նրան։ Սակայն ծնողներիդ եսասիրական մղումներ վերագրելուց և քո ընտրյալի հետ ամուսնության նպատակով փախչելուց առաջ ինչո՞ւ չխորհես նրանց առարկության պատճառների մասին։
Եղիր շրջահայաց
Իրողությունն այն է, որ քո հայացքները տարիքի հետ իսկապես կփոխվեն։ «Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի»,— գրում է Պողոս առաքյալը (Ա Կորնթացիս 13։11)։ Ուստի երբ մեծանաս, մարդկանց մեջ քեզ գուցե գրավեն բնավորության այնպիսի գծեր, որոնք պատանեկան հասակում չեն գրավել։ Այդ պատճառով Աստվածաշունչը խորհուրդ է տալիս սպասել, մինչև անցնի «երիտասարդության ծաղկուն շրջանը» (ՆԱ)՝ այն ժամանակը, երբ սեռական ցանկությունները հասնում են իրենց գագաթնակետին, ու հետո միայն կայացնել կողակցի ընտրության հետ կապված լուրջ որոշումը (Ա Կորնթացիս 7։36)։
Իսկ ինչպե՞ս կարող ես վարվել, եթե ծնողներդ թերություններ են տեսնում ընտրյալիդ մեջ։ Քանի որ հայրդ և մայրդ կյանքի մեծ փորձ ունեն, նրանց ‘զգայարանները’ ավելի լավ են վարժված բարին ու չարը զանազանելու հարցում (Եբրայեցիս 5։14)։ Ուստի միանգամայն հնարավոր է, որ նրանք քո ընտրյալի մեջ լուրջ թերություններ տեսնեն, որոնք դու գուցե չես նկատում։ Խորհիր, օրինակ, այն մասին, թե ինչ է գրել իմաստուն Սողոմոն թագավորը. «Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը դուրս է գալիս եւ քննում նորան» (Առակաց 18։17)։ Նմանապես, քո ընտրյալը միգուցե վստահեցրել է քեզ, որ նա է ամենահարմար անձնավորությունը քեզ համար։ Բայց այն բանից հետո, երբ ծնողներդ ‘քննեն նրան’, գուցե քո ուշադրությունը հրավիրեն այնպիսի փաստերի վրա, որոնք արժե հաշվի առնել։
Օրինակ՝ նրանք գուցե հաստատակամորեն հիշեցնեն քեզ, որ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին խորհուրդ է տալիս ամուսնանալ ‘միայն Տերով’ (Ա Կորնթացիս 7։39)։ Դու հնարավոր է առարկես՝ ասելով, որ գիտես այնպիսի դեպքեր, երբ մարդն ամուսնացել է իր քրիստոնեական հավատը չընդունող անհատի հետ, և հիմա նրանք երկուսով ուրախությամբ ծառայում են Եհովային։ Ինչ խոսք, նման դեպքեր լինում են։ Սակայն դրանք չնչին փոքրամասնություն են կազմում։ Եթե ամուսնանաս այնպիսի անձնավորության հետ, որը չի կիսում քո հավատը, ոչ միայն ոտնահարած կլինես Եհովայի սկզբունքները, այլև մեծ սպառնալիք կստեղծես հոգևորիդ համար (Բ Կորնթացիս 6։14)։c
Ամուսնություն սխալ դրդապատճառով
Որոշ երիտասարդներ փախել են և ամուսնացել այն պատճառով, որ անբարոյություն են գործել իրենց ընտրյալի հետ։ Նրանք կարծել են, որ այդ անհատի հետ ամուսնանալով՝ կլռեցնեն իրենց խղճի ձայնը։ Կամ էլ գուցե հույս են ունեցել, որ այդպես կթաքցնեն իրենց գործած մեղքի հետևանքները, օրինակ՝ հղիությունը։
Եթե ամուսնանաս՝ քո գործած մեղքը թաքցնելու ցանկությունից դրդված, ապա է՛լ ավելի կբարդացնես վիճակդ՝ ևս մեկ սխալ գործելով։ «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ,— զգուշացնում է Սողոմոնը,— բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ» (Առակաց 28։13)։ Սողոմոնի հայրն ու մայրը՝ Դավիթն ու Բերսաբեն, սեփական օրինակով էին համոզվել, որ անիմաստ է թաքցնել անբարո արարքը (Բ Թագաւորաց 11։2–12։25)։ Քո գործած մեղքը գաղտնի պահելու փոխարեն՝ խոսիր ծնողներիդ, ինչպես նաև ժողովի երեցների հետ։ Այդ քայլը կատարելու համար քեզնից քաջություն կպահանջվի, սակայն կարող ես վստահ լինել, որ եթե զղջաս, Եհովան կների քեզ (Եսայիա 1։18)։ Եվ երբ խիղճդ վերստին մաքուր դառնա, ի վիճակի կլինես ավելի հավասարակշռված որոշում կայացնել ամուսնության հարցում։
Քննիր քայլերդ
Հիշելով իր հարսանիքը՝ Ալենն ասում է. «Փոքր հարսանիք անելու մեր որոշումը իսկապես ազատեց մեզ բազմաթիվ սթրեսներից։ Միակ բանը, որի համար զղջում եմ, այն է, որ չօգնեցի ծնողներիս հասկանալ մեր կայացրած որոշման պատճառները»։
Փաստորեն, հարսանիք անելու կամ չանելու որոշումը պետք է կայացնի ամուսնացող, հասուն զույգը։ Այնուամենայնիվ, երբ ամուսնության հետ կապված որևէ վճիռ ես ուզում կայացնել, մի շտապիր, խորհրդակցիր ծնողներիդ հետ և ‘քննիր քո քայլերը’։ Եթե այդպես վարվես, հետագայում գրեթե ոչ մի պատճառ չես ունենա զղջալու (Առակաց 14։15)։
[Ծանոթագրություններ]
a Անունները փոխված են։
b Երկրպագության այդ սրահները հոյակապ վայրեր են Եհովայի վկաների հարսանեկան արարողությունների անցկացման համար։ Արարողությունը շատ պարզ է. համառոտակի քննարկվում են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք հանդիսանում են երջանիկ ամուսնության հիմքը։ Եվ, ինչ խոսք, Թագավորության սրահում այդ միջոցառումն անցկացնելու դիմաց որևէ վարձ չի պահանջվում։
c Այս թեման ավելի մանրամասն քննարկվում է «Դիտարանի»՝ 2004 թ. հուլիսի 1–ի համարում, էջ 30, 31 և 1989 թ. նոյեմբերի 1–ի համարում, էջ 18–22, անգլ. (1990 թ. ապրիլի 1, էջ 16–20, ռուս.)։
[Նկար 15–րդ էջի վրա]
Ամուսնության հետ կապված որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցիր ծնողներիդ հետ