Օրհնվում ենք Թագավորությունն առաջին տեղում դնելու համար
ՊԱՏՄՈՒՄ Է ՊԻԵՌ ՎՈՐՈՒՆ
«Բոնժուղ»։ Այսպես ողջունել եմ մարդկանց իմ ողջ կյանքում։ 1975 թ. նոյեմբերին, սակայն, ինձ ձերբակալեցին այդպես ողջունելու համար։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես դա եղավ։
ԾՆՎԵԼ եմ 1944 թ. հունվարին Սավե քաղաքի արվարձաններից մեկում՝ Մալետեում (Բենին)a։ Ծնողներս ինձ տվեցին յորուբա ցեղում տարածված մի անուն՝ Աբիոլա։ Հետագայում փոխեցի անունս և ընտրեցի ավելի ժամանակակից մի անուն՝ Պիեռ։
Մեր քաղաքում բոլոր երիտասարդները մականուններ ունեին։ Մականունս Քահանա էին դրել, քանի որ փոքր ժամանակ ինձ նմանեցնում էին մեր քաղաքի քահանային։ Բայց ես ավելի շատ սիրում էի ֆուտբոլ խաղալ, քան կաթոլիկ եկեղեցու դասերին հաճախել։
1959 թ.–ին ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվեցի հարավ՝ Սակետե քաղաք։ Ապրում էի հորեղբորս որդու՝ Սիմոնի հետ, որն ուսուցիչ էր և վերջերս էր սկսել Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սկզբում ինձ համար ուսումնասիրությունը հետաքրքիր չէր։ Սակայն որոշ ժամանակ անց ես և հորեղբորս մյուս որդին՝ Միշելը, սկսեցինք կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցի Աստծու անունը՝ Եհովա։
Մի կիրակի օր Սիմոնը, Միշելը և ես որոշեցինք եկեղեցի հաճախելու փոխարեն՝ գնալ Վկաների ժողով։ Ասեմ, որ մեծ հիասթափություն ապրեցինք, քանի որ ընդամենը երկու Վկա էր ներկա ժողովին։ Ինչևէ, մենք հասկացել էինք, որ գտել ենք ճշմարտությունը, և շարունակեցինք մեր ուսումնասիրությունը։ Միշելն առաջինը նվիրվեց Աստծուն և մկրտվեց։ Այսօր նա ծառայում է որպես ռահվիրա (Եհովայի վկաները այսպես են կոչում լիաժամ ծառայողներին)։
Հետագայում Սիմոնը և ես տեղափոխվեցինք հյուսիս՝ Կոկորո։ 1961 թ. սեպտեմբերի 15–ին Հվանսուգո գյուղում համաժողով էր տեղի ունենալու։ Սիմոնը երթուղային տաքսիով գնաց այնտեղ, իսկ ես հեծանվով, թեև պետք է անցնեի 220 կիլոմետր։ Այդ օրը երկուսս էլ մկրտվեցինք։
Դժվարություններ լիաժամ ծառայության մեջ
Կարիքներս հոգալու համար նկարում էի և վաճառում նկարներս, ինչպես նաև մշակում էի տարբեր կուլտուրաներ։ Մի անգամ երբ շրջանային վերակացուն՝ Ֆիլիպ Զանուն, այցելեց մեր ժողով, հարցրեց ինձ, թե երբևէ մտածել եմ լիաժամ ծառայության մասին։ Որոշ հարցեր միասին քննարկելուց հետո ես ու ընկերս՝ Էմանուել Ֆատունբին, որոշեցինք 1966 թ. փետրվարից ծառայել լիաժամ։ Հետագայում դարձա շրջագայող վերակացու։ Ես այցելում էի այնպիսի ժողովներ, որտեղ խոսում էին ֆոն, գան, յորուբա և ֆրանսերեն լեզուներով։
1971 թ. օգոստոսի 12–ին ամուսնացա Ջուլիենի հետ։ Նա մի հմայիչ քույր էր և ինձ նման սիրում էր պարզ կյանքով ապրել։ 1972 թ. օգոստոսի 18–ին ծնվեց մեր տղան՝ Բոլան։ Ժողովները այցելելու համար ճանապարհորդում էինք հեծանվով. կինս նստում էր հետևում՝ երեխային մեջքին կապած։ Իսկ մեր իրերը սովորաբար տեղի Վկաներից մեկը տեղափոխում էր իր հեծանվով։ Չորս տարի շարունակ մենք այսպես ենք ծառայել։
Մի օր Ջուլիենը հիվանդացավ և ամբողջ գիշեր ցավից չկարողացավ քնել։ Առավոտյան դուրս եկա փողոց՝ փնտրելու մեկին, ով կարող էր մեզ օգնել։ Հանկարծ նկատեցի, որ երթուղային տաքսի է անցնում, ինչը հազվադեպ է պատահում այդ տարածքում։ Շատ զարմանալի էր նաև այն, որ տաքսին դատարկ էր։ Ես վարորդին բացատրեցի իրավիճակը և խնդրեցի նրան մեզ տանել մայրաքաղաք՝ Պորտո Նովո, որը 25 կիլոմետր հեռու էր։ Նա համաձայնվեց։ Երբ տեղ հասանք, վարորդը ժպտալով ասաց. «Իջեք, փող պետք չէ»։
Երկու շաբաթ Ջուլիենը մնաց մեր հավատակիցներից մեկի տանը՝ անկողնում պառկած։ Ամեն օր բժիշկը գալիս էր նրան տեսնելու և իր հետ բերում էր անհրաժեշտ դեղորայք։ Երբ վերջին անգամ բժիշկը ստուգեց Ջուլիենին, վախով հարցրի նրան, թե ինչքան պետք է վճարեմ։ Ես ապշեցի, երբ նա ասաց. «Ոչ մի բան»։
Ամեն ինչ փոխվում է
1975 թ.–ին Դահոմեայում կառավարությունը փոխվեց։ Երկիրը կոչվեց Բենինի Ժողովրդական Հանրապետություն։ Ինչ խոսք, այդ փոփոխությունը ազդեց նաև մեր կյանքի վրա։ Պետությունը սահմանեց ողջունելու նոր ձև՝ «պուր լա ռեվոլուսիոն» (նշանակում է «պատրա՞ստ ես հեղափոխության»)։ Ողջույնին պետք էր պատասխանել՝ «պրե՛տ» («պատրա՛ստ եմ»)։ Աստվածաշնչով դաստիարակված մեր խիղճը թույլ չէր տալիս այդպես ողջունել։ Այդ պատճառով մեր դեմ թշնամանքի մեծ ալիք բարձրացավ։
Մի կիրակի օր տնետուն ծառայության ժամանակ ձերբակալվեցի։ Ինչպես արդեն նշեցի հոդվածի սկզբում, երբ ողջունեցին ինձ, ես ասացի՝ բոնժուղ։ Այդ իսկ պատճառով ինձ տարան ոստիկանության բաժանմունք և ծեծեցին։ Սակայն նույն օրը երեք Վկա կարողացան ինձ ազատել։
Ես առաջին Եհովայի վկան էի, որ ձերբակալվեցի։ Շուտով բանտարկվեցին շատ Վկաներ։ Կառավարությունը իր հսկողության տակ վերցրեց Թագավորության սրահները, իսկ միսիոներները երկրից վտարվեցին։ Փակվեց նաև մասնաճյուղը։ Շատ Վկաներ ստիպված էին հեռանալ երկրից և ապաստան գտնել Տոգոյում կամ Նիգերիայում։
Մեր ընտանիքը մեծանում է
Մեր երկրորդ տղան՝ Կոլան, ծնվեց 1976 թ. ապրիլի 25–ին։ Երկու օր անց կառավարությունը արգելքի տակ դրեց Եհովայի վկաների գործունեությունը։ Մենք տեղափոխվեցինք Նիգերիա։ Երբ հասանք Թագավորության սրահ, շատ փախստականների հանդիպեցինք։ Շուտով բոլորիս նշանակեցին հարևան ժողովներ։ Փախստականների մի խումբ գնում էր, մեկ ուրիշ խումբ գալիս էր։ Նոր եկածներին նույնպես մեքենաներով տանում էին ուրիշ ժողովներ։
Նիգերիայի Եհովայի վկաների մասնաճյուղը խնդրեց ինձ այցելել Բենինից եկած բոլոր Վկաներին։ Նորից ստացա շրջագայող վերակացուի նշանակում։ Ես պետք է այցելեի Նիգերիայի յորուբախոս ժողովները։ Ավելի ուշ սկսեցի այցելել նաև գանախոս ժողովները։ Մենք ճանապարհորդում էինք մոտոցիկլով։ Բոլան նստում էր իմ առաջ, իսկ Կոլան տեղավորվում էր իմ և Ջուլիենի մեջտեղում։
1979 թ.–ին իմացանք, որ աղջիկ ենք ունենալու։ Այս անգամ ստիպված պետք է թողնեինք մեր նշանակումը։ Շուտով Ջուլիենի քույրը՝ Պեպեն, Բենինից տեղափոխվեց մեզ հետ ապրելու։ Մեր ընտանիքը մեծանում էր։ 1983 թ.–ին ծնվեց մեր երրորդ տղան՝ Քալեբը, իսկ 1987 թ.–ին՝ Սիլասը։ Ջուլիենը և ես մեծ ջանքեր էինք թափում լավ ծնող լինելու համար, սակայն չէինք ուզում թողնել լիաժամ ծառայությունը։ Ուստի որոշեցինք մի դաշտ վարձել և տարբեր կուլտուրաներ մշակել՝ մանիոկ, եգիպտացորեն և այլն։ Ժամանակի ընթացքում մի փոքր տուն կառուցեցինք Իլոգբոարամի գյուղում։
Քարոզում էինք հիմնականում առավոտյան, երբ երեխաներին դպրոց էինք ուղարկում։ Կեսօրին բոլորս տուն էինք վերադառնում և միասին ճաշում։ Այնուհետև մի փոքր հանգստանալուց հետո աշխատում էինք դաշտում։ Ջուլիենը և Պեպեն նաև բերքը վաճառում էին շուկայում։ Բոլորս էլ ծանր էինք աշխատում։ Բարեբախտաբար, այդ տարիներին քիչ ենք հիվանդացել։
Մեր օրհնությունները
Ես ու կինս երբեք չենք խրախուսել երեխաներին բարձրագույն կրթություն ստանալ։ Գիտեինք, որ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու, քրիստոնեական հատկություններ մշակելու և աշխատասեր լինելու շնորհիվ միայն նրանք կհասնեն հաջողությունների։ Այսօր մենք երջանիկ ծնողներ ենք, քանի որ մեր երեխաները նվիրել են իրենց կյանքը Եհովային, ծառայում են նրան ու շատ են սիրում են իրենց Աստծուն։
Կնոջս քույրը՝ Պեպեն, չէր ավարտել դպրոցը։ Երբ տեղափոխվեց մեզ հետ ապրելու, ես սովորեցրի նրան կարդալ։ Նա հոգևորապես առաջադիմեց և սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Հետագայում ամուսնացավ Մընդա Ակինրայի հետ, որը շրջագայող վերակացու էր։ Պեպեն սիրով ուղեկցում էր իր ամուսնուն։ Այժմ նրանք մի տղա ունեն, որին Տիմոթեոս են անվանել։ Պեպեն և Մընդան շարունակում են իրենց լիաժամ ծառայությունը։ Մընդան նաև մասնակցում է համաժողովներ կազմակերպելու գործին։
Մեծ որդիս՝ Բոլան, մի մեծ ընկերությունում դարձավ խոհարարի օգնական։ Ժամանակի ընթացքում տնօրենը նկատեց, որ նա լավ աշխատող է, վստահելի է և լավ հատկություններ ունի։ Այսօր Բոլան այդ ընկերությունում պատասխանատու դիրք է զբաղեցնում։ Ամենակարևորը, նա հոգատար ամուսին է իր կնոջ՝ Ջեյնի համար։ Նրանք ունեն երեք երեխա։ Բոլան նաև ծառայում է որպես երեց Լագոսի ժողովներից մեկում (Նիգերիա)։
Իսկ Կոլան դարձավ դերձակի օգնական։ Միևնույն ժամանակ, սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Քանի որ Նիգերիայում անգլերեն էր սովորել, 1995 թ.–ին հրավիրվեց ծառայելու Բենինի մասնաճյուղում՝ թարգմանչական բաժնում։ Արդեն 13 տարի է, ինչ նա ծառայում է այնտեղ։
Վերադառնում ենք Բենին
1990 թ. հունվարին 23–ին կառավարությունը հանեց Եհովայի վկաների գործունեության վրա դրված արգելքը։ Մենք անչափ ուրախացանք։ Փախստականներից շատերը վերադարձան իրենց բնակավայր։ Նոր միսիոներներ ուղարկվեցին Բենին, իսկ մասնաճյուղը նորից սկսեց գործել։ 1994 թ.–ին մեր ընտանիքը նույնպես վերադարձավ Բենին, սակայն Պեպեն, Բոլան և նրանց ընտանիքները որոշեցին մնալ Նիգերիայում։
Բենինում գտա կես դրույքով աշխատանք։ Նիգերիայի մեր տան վարձավճարով և Բոլայի առատաձեռն օգնության շնորհիվ կարողացանք մասնաճյուղի մոտակայքում մի տուն կառուցել մեզ համար։ Մեր աղջիկը՝ Ջեմիման, արդեն վեց տարի է, ինչ ծառայում է որպես ռահվիրա։ Այդ ընթացքում նա կարողացել է հոգալ իր կարիքները՝ աշխատելով որպես դերձակ։ Այսօր նա իր ամուսնու՝ Կոկու Ահումենուի հետ ծառայում է մասնաճյուղում։ Քալեբն ու Սիլասը շուտով կավարտեն դպրոցը։ Աստծու օգնության և մեր ընտանիքի համագործակցության շնորհիվ ես ու կինս 40 տարի է, ինչ գտնվում ենք լիաժամ ծառայության մեջ։
Եհովա Աստված առատապես օրհնել է քարոզչական գործունեությունը Բենինում։ 1961 թ.–ին, երբ ես նոր էի մկրտվել, ընդամենը 871 Եհովայի վկա կար երկրում։ Այն տարի, երբ ինձ ձերբակալեցին, այդ թիվը հասել էր 2 381–ի։ Իսկ 1994 թ.–ին 3 858 Վկա կար, չնայած որ 14 տարի երկրում արգելված է եղել քարոզչական գործունեությունը։ Այսօր Բենինում ավելի քան 9 000 Վկա կա։ Հետաքրքիր է նաև, որ 2008 թ. Հիշատակի երեկոյին ներկա է գտնվել 35 752 հոգի։
Երբեմն գնում եմ այն վայրը, որտեղ 30 տարի առաջ ինձ ձերբակալեցին, և վերհիշում եմ կյանքիս անցած–գնացած օրերը։ Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ օրհնել է իմ ընտանիքը։ Մենք երբեք որևէ բանի պակասություն չենք զգացել։ Այսօր էլ, երբ հանդիպում եմ մարդկանց, նրանց ողջունելիս ասում եմ՝ «բոնժուղ»։
[Ծանոթագրություն]
a Այդ ժամանակ Բենինը կոչվում էր Դահոմեա և Արևմըտյան Աֆրիկայի ֆրանսիական մասի մեջ էր մտնում։
[Մեջբերում 13–րդ էջի վրա]
Նա ժպտալով ասաց. «Իջեք, փող պետք չէ»
[Մեջբերում 14–րդ էջի վրա]
Մենք երբեք չենք խրախուսել երեխաներին բարձրագույն կրթություն ստանալ
[Նկար 15–րդ էջի վրա]
Ծառայում եմ որպես շրջագայող վերակացու (1970)
[Նկար 15–րդ էջի վրա]
Մեր որդիների՝ Բոլայի և Կոլայի հետ (1976)
[Նկար 15–րդ էջի վրա]
Իմ ընտանիքը այսօր՝ կինս, հինգ երեխաներս, հարսս, երեք թոռներս և Պեպեի ընտանիքը