Ինչու ցանկացա ավելին իմանալ Եհովայի վկաների մասին
ՊԱՏՄՈՒՄ Է ԹՈՄԱՍ ՕՌՈՍԿՈՆ
Առաջին անգամ, երբ գնացի Եհովայի վկաների Թագավորության սրահ, մի փոքր տղա հանդես եկավ հրաշալի ելույթով։ Թեև հազիվ էր կարողանում բեմից տեսնել մարդկանց, սակայն նրա կեցվածքը, ինչպես նաև ընդունակությունները ապշեցրին ինձ։
ՆԵՐԿԱՆԵՐԸ տպավորված լսում էին ելույթը։ Երբ տեսա, թե ինչ հարգանքի է արժանանում այդ երեխան, ազդվեցի. որոշեցի վերանայել իմ ծրագրերն ու նպատակները։ Ես ծառայել եմ որպես Բոլիվիայի պաշտպանության դեսպան Միացյալ Նահանգներում, եղել եմ զինված ուժերի հրամանատար, ինչպես նաև նախագահի անձնական օգնական։
Հայրս մահացավ 1934–ին՝ Չակո Բորեալ նավթաբեր մարզին տիրելու համար Պարագվայի և Բոլիվիայի միջև տեղի ունեցող պատերազմի ժամանակ։ Շատ չանցած՝ ինձ ուղարկեցին կաթոլիկական գիշերօթիկ դպրոց։ Տարիներ շարունակ ամեն օր հաճախել եմ պատարագների, որոնց ժամանակ հիմներ էինք երգում, քարոզներ էինք լսում և անգիր արած աղոթքներ էինք ասում։ Ես նույնիսկ ծառայել եմ եկեղեցում և երգել եմ եկեղեցական երգչախմբում։ Այդուհանդերձ, երբեք չէի կարդացել Աստվածաշունչ գիրքը, նույնիսկ չէի էլ տեսել այն։
Ինձ դուր էին գալիս կրոնական տոները, քանի որ դրանք ավելի շատ ինձ համար ուրախության առիթներ էին։ Սակայն չէի հավանում քահանաներին և այն մարդկանց, ովքեր կրոնական քարոզներ էին կարդում։ Նրանք ինձ վանում էին։ Իմ կյանքում անգամ մի պահ եղավ, որ այլևս չէի ուզում որևէ առնչություն ունենալ կրոնի հետ։
Ուզում եմ սպա դառնալ
Գեղեցիկ արևային օր էր։ Կոկիկ հագնված երկու երիտասարդ սպա այցելեցին իմ ծննդավայր՝ Տարիխա քաղաք։ Նրանք արձակուրդի մեջ էին, եկել էին Լա Պասից՝ Բոլիվիայի մայրաքաղաքից։ Գլխավոր հրապարակով հանգիստ քայլում էին։ Հիշում եմ, շատ էի տպավորվել նրանց արժանավայել, կոկիկ և վեհաշուք արտաքին տեսքով։ Նրանք կրում էին կանաչ համազգեստ և համապատասխան գլխարկ, որը շրջանաձև շողշողուն եզր ուներ։ Հենց այդ պահին որոշեցի, որ ես էլ պետք է սպա դառնամ։ Կարծում էի, որ նրանց կյանքը լի է հետաքրքիր դեպքերով և բարեգործություններով։
1949 թվականին, երբ 16 տարեկան էի, ընդունվեցի Բոլիվիայի ռազմական քոլեջ։ Առաջին օրը ավագ եղբայրս ինձ հետ էր եկել. մենք կանգնած էինք երկար հերթի մեջ, որը ձգվում էր մինչև զորանոցի դարպասը։ Նա ծանոթացրեց ինձ լեյտենանտի հետ ու խնդրեց նրան, որ ինձ լավ նայի։ Այնուհետև գովասանքի խոսքեր ասաց նրան իմ հասցեին։ Երբ հեռացավ, զորակոչիկները իրենց «ողջույնի խոսքերն» ասացին ինձ։ Հետո գետին տապալեցին ինձ ու ասացին. «Դեռ կտեսնենք, թե այստեղ ո՛վ է գովեստի արժանի»։ Ահա այսպես ծանոթացա բանակի կյանքին և դաստիարակությանը։ Բայց ուրախ էի, ընդամենը հպարտությունս էր մի քիչ խոցվել։
Ժամանակի ընթացքում սովորեցի, թե ինչպես պետք է պատերազմներ մղել ու այսպիսով դարձա հարգված սպա։ Սակայն անձնական փորձից հասկացա, որ ռազմական աշխարհը արտաքինից կարող է խաբուսիկ լինել։
Մեծ դիրք եմ ձեռք բերում
Իմ կարիերայի սկզբում մարզումս ստացա «Գեներալ Բելգրանո» ռազմանավում, որը ավելի քան հազար հոգիանոց անձնակազմ ուներ։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը այն պատկանում էր Միացյալ Նահանգներին և կոչվում էր «Փյունիկ»։ Ավելի ուշ այն նույնիսկ դիմակայեց 1941 թ. ճապոնացիների հարձակմանը Փերլ Հարբոր ծոցում (Հավայան կղզիներ)։
Ի վերջո, դարձա Բոլիվիայի ռազմածովային նավատորմի երկրորդ հրամանատարը։ Այն հսկում էր Բոլիվիայի սահմանները կազմող ջրային ուղիները՝ Ամազոնի ավազանը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ նավարկվող լիճը՝ Տիտիկական։
1980 թ. մայիսին նշանակվեցի ռազմական պատվիրակության անդամ, և մեզ ուղարկեցին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Յուրաքանչյուր ծառայության բաժնից՝ զինվորականից, օդային ուժերից, ռազմածովային նավատորմից, ընտրվեց մի բարձրաստիճան սպա, իսկ ինձ ընտրեցին որպես խմբի կոորդինատոր, քանի որ բարձր ստաժ ունեի։ Գրեթե երկու տարի ապրեցի Միացյալ Նահանգներում, ավելի ուշ, երբ վերադարձա Բոլիվիա, դարձա նախագահի անձնական օգնական։
Լինելով հրամանատար՝ պարտավորված էի ամեն կիրակի հաճախել եկեղեցի։ Սակայն խոր հիասթափություն ապրեցի՝ տեսնելով, թե ինչպես են քահանաները մասնակցում հեղափոխություններին ու պատերազմներին։ Գիտեի, որ նման արյունահեղություններում եկեղեցիների մասնակցությունը դատապարտելի է։ Այդուհանդերձ, եկեղեցականների կեղծավորությունը ոչ թե ինձ հեռացրեց կրոնից, այլ մղեց փնտրելու հոգևոր ճշմարտությունը։ Երբեք չէի կարդացել Աստվածաշունչը, ուստի որոշեցի ժամանակ առ ժամանակ ցանկացած հատվածից կարդալ այն։
Մեծ փոփոխություն իմ կյանքում
Կինս՝ Մանուելան, սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Ջանեթ անունով Եհովայի վկայի օգնությամբ, որը միսիոներ էր։ Ավելի ուշ նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Թեև անձամբ ցանկություն չունեի ներկա գտնվելու այդ հանդիպումներին, սակայն մեքենայով կնոջս սիրով տանում էի Թագավորության սրահ։ Ինձ թվում էր, թե այնտեղ մարդիկ աղմկում են, լացուկոծ են անում։
Մի օր Մանուելան ասաց ինձ, որ Ջանեթի ամուսինը ուզում է զրուցել ինձ հետ և խնդրեց, որ չմերժեմ նրան։ Սկզբում հակառակվեցի, հետո մտածեցի, որ ինչու չէ, գուցե կարողանամ նույնիսկ հերքել այն ամենը, ինչ նա կասի։ Երբ առաջին անգամ հանդիպեցի Իենին, ավելի շատ տպավորվեցի նրա վերաբերմունքից, քան խոսքերից։ Նա չփորձեց ինձ զարմացնել իր ստացած կրթությամբ ու աստվածաշնչային գիտելիքներով։ Նա բարի էր ու հարգալից։
Ի վերջո, որոշեցի հաջորդ շաբաթ գնալ Թագավորության սրահ, որտեղ էլ, ինչպես նշեցի սկզբում, լսեցի այդ փոքրիկ տղայի հրաշալի ելույթը։ Երբ լսեցի, թե ինչպես է նա կարդում և բացատրում «Եսայիա» գրքից որոշ համարներ, հասկացա, որ առանձնահատուկ մի կազմակերպություն եմ գտել։ Ծիծաղելի է՝ փոքր տարիքից ցանկացել եմ սպա դառնալ, իսկ այժմ ուզում էի այդ փոքր տղայի նման լինել և աստվածաշնչային գիտելիքներ փոխանցել ուրիշներին։ Սիրտս ասես մի ակնթարթում փափկեց. ես պատրաստ էի ընդունելու ճշմարտությունը։
Ինձ տպավորել էր նաև այն, որ Եհովայի վկաները ճշտապահ էին, մաքուր և կոկիկ հագնված։ Նրանք միշտ ջերմորեն ողջունում էին ինձ։ Սակայն ամենից շատ ինձ գրավեց նրանց ժողովների կազմակերպվածությունը. եթե ծրագրի համաձայն այդ օրը կոնկրետ թեմայով ելույթ պետք է ներկայացվի, ապա հենց դա էլ կլսես։ Ինձ նաև զարմացրել էր այն, որ այս կազմակերպության մեջ մարդիկ հնազանդվում են կարգուկանոնին ոչ թե վախից, այլ սիրուց մղված։
Առաջին անգամ Թագավորության սրահ գնալուց հետո Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնեցի Իենին։ Ուսումնասիրությունս անցկացվում էր «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գրքի միջոցովa։ Չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ տեսա երրորդ գլխում պատկերված նկարը. եպիսկոպոսը օրհնում է զինվորներին նախքան կռվի գնալը։ Ոչ մի կասկած չունեի, որ դա իրոք ճշմարտություն է, քանի որ աչքովս էի նման բաներ տեսել։ Թագավորության սրահում ձեռք բերելով «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը՝ իմացա Աստվածաշնչի տեսակետը չեզոքության վերաբերյալ և հասկացա, որ որոշ փոփոխություններ պետք է անեմ իմ կյանքում։ Որոշեցի այլևս չվերադառնալ կաթոլիկ եկեղեցի ու սկսեցի կանոնավորաբար մասնակցել ժողովի հանդիպումներին։ Մտածեցի նաև, որ պետք է պաշտոնաթող լինեմ։
Քայլեր դեպի մկրտություն
Մի քանի շաբաթ անց լսեցի, որ մեր ժողովը պետք է մասնակցի մարզադաշտի մաքրությանը, որտեղ համաժողով է անցկացվելու։ Շատ ոգևորվեցի և նույնպես ցանկացա մասնակցել մաքրության աշխատանքներին։ Իսկապես մեծ բավականություն ստացա այդ գործից, ինչպես նաև այն մարդկանց ընկերակցությունից, ում հետ համագործակցեցի։ Մաքրության ընթացքում հետաքրքիր մի բան տեղի ունեցավ. երբ ավլում էի հատակը, մի երիտասարդ տղամարդ մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք ես նավատորմի հրամանատար եմ եղել։
— Այո՛,— պատասխանեցի ես։
«Աչքերիս չեմ հավատում,— զարմացած ասաց նա,— հրամանատարը հատակ է ավլում»։ Բարձրաստիճան հրամանատարը անգամ թղթի կտոր չէր վերցնի հատակից, էլ ուր մնաց հատակը մաքրեր։ Այդ մարդը եղել էր իմ վարորդը, իսկ այժմ դարձել էր Եհովայի վկա։
«Դուք բոլորդ եղբայրներ եք»
Սովորաբար բանակում քեզ կրթում են, որ հարգես նրանց, ովքեր քեզնից բարձր պաշտոն են զբաղեցնում, և այս գաղափարը լավ արմատացած էր իմ մեջ։ Հիշում եմ, որ հաճախ էի հարցնում, թե արդյոք պատասխանատվություն ունեցող որոշ Եհովայի վկաներ ավելի բարձր են մյուս Վկաներից։ Սակայն շուտով մտածելակերպս փոխվեց։
Հենց այդ համաժողովին (1989 թ.) Նյու Յորքից Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկն էր այցելելու Բոլիվիա և մարզադաշտում ելույթ էր ներկայացնելու։ Անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ տեսնելու այս կազմակերպության «բարձր խավի» ներկայացուցչին, և թե ինչպիսի ընդունելության է նա արժանանալու։ Կարծում էի, որ այդպիսի անձնավորությանը մեծ շուքով պիտի դիմավորեն։
Սակայն ապշել էի. երբ համաժողովը սկսվեց, ոչ մի նշան չկար, որ «կարևոր անձնավորություն» է ժամանել։ Իմ և կնոջս կողքին մի տարեց զույգ էր նստած։ Մանուելան նկատեց, որ կնոջ ձեռքում անգլերեն լեզվով երգարան կա, ուստի ընդմիջման ժամանակ սկսեց զրուցել նրա հետ։ Հետո այդ զույգը հեռացավ։
Մենք զարմացանք, երբ տեսանք, որ այդ կնոջ ամուսինը քայլում է դեպի բեմ՝ ներկայացնելու ծրագրի գլխավոր ելույթը։ Հենց այդ պահին ամեն բան փոխվեց, անգամ իմ վերաբերմունքը դիրքի, հարգանքի, հեղինակության և պաշտոնի հանդեպ։ «Պատկերացնո՞ւմ ես, այդ անհարմար նստարանների վրա նստած եղբայրը Կառավարիչ մարմնի անդամ էր»,— ասացի կնոջս։
Հիմա դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ, թե քանի անգամ էր Իենը փորձում օգնել ինձ հասկանալու Հիսուսի խոսքերը՝ գրված Մատթեոս 23։8–ում. «Դուք բոլորդ եղբայրներ եք»։
Քարոզում եմ առաջին անգամ
Մի օր Իենը ինձ հրավիրեց տնետուն ծառայության (Գործեր 20։20)։ Այն տարածքում, որտեղ պետք է քարոզեինք, զինվորականներ էին ապրում։ Հույս ունեի, որ ծանոթների չենք հանդիպի։ Ինչևէ, թակեցինք առաջին դուռը։ Հանկարծ դուռը բացեց այն գեներալը, ում ընդհանրապես չէի ցանկանա տեսնել այդ պահին։ Ես նյարդայնացած էի ու վախեցած, հատկապես երբ նա նայեց իմ պայուսակին ու Աստվածաշնչին և հեգնանքով հարցրեց. «Ի՞նչ է քեզ պատահել»։
Կարճ աղոթքից հետո վստահությամբ լցվեցի և հանգստացա։ Գեներալը լսեց իմ մատուցումը և նույնիսկ աստվածաշնչային գրականություն վերցրեց։ Այդ դեպքը շատ քաջալերեց ինձ։ Որոշեցի կյանքս նվիրել Եհովային։ 1990 թ. հունվարի 3–ին նվիրումս խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։
Ժամանակի ընթացքում կինս, տղաս և աղջիկս նույնպես դարձան Եհովայի վկաներ։ Այժմ ծառայում եմ որպես երեց և Աստծու Թագավորության բարի լուրի լիաժամ քարոզիչ։ Իրոք, ամենամեծ առանձնաշնորհումը Եհովային ճանաչելը և, անշուշտ, նրա կողմից ճանաչված լինելն է։ Այս առանձնաշնորհումը գերազանցում է ցանկացած դիրք կամ պաշտոն, որին մարդ կարող է հասնել։ Ես հասկացա, որ իշխանությունը չպետք է գործադրվի դաժանորեն, այլ սիրով ու հոգատարությամբ։ Եհովան կարգուկանոնի Աստված է, և ամենակարևորը, նա սեր է (1 Կորնթացիներ 14։33, 40; 1 Հովհաննես 4։8)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
[նկար 29-րդ էջի վրա]
Եղբորս՝ Ռենատոյի հետ (1950)
[նկար 29-րդ էջի վրա]
Հանդիպում, որին ներկա են զինվորական պատվիրակներ Չինաստանից և այլ երկրներից