Դիտում ենք աշխարհը
Սերբիայում Կրոնի գործերի նախարարությունը ընդունել է Եհովայի վկաների՝ որպես իրավաբանական անձ գրանցվելու համար ներկայացված դիմումը։ Ըստ կառավարության տվյալների՝ Եհովայի վկաները այդ տարածքում ակտիվ գործունեություն են ծավալել՝ սկսած մոտ 1930թ.-ից։
Հաշվարկվել է, որ ամբողջ աշխարհում 2009թ.-ին կայքերից բեռնած երաժշտության 95 տոկոսն ապօրինի է եղել։ («ԹԱՅՄ», ԱՄՆ)
Երկրաշարժ՝ «ամենամահաբեր աղետը»
«Անցյալ տասնամյակում երկրաշարժերը ամենամահաբեր աղետն են եղել»,— ասում է «ՄԱԿ-ի աղետների նվազեցման մարտավարությունը», որի կենտրոնակայանը գտնվում է Ժնեվում (Շվեյցարիա)։ Այս ժամանակահատվածում աղետների պատճառով մահացած մարդկանց գրեթե 60 տոկոսը մահացել է երկրաշարժերից։ Քանի որ ամենաշատ բնակչություն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են սեյսմիկ գոտիներում, այս «բնական վտանգը» շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Անցյալ տասը տարիների ընթացքում 3852 աղետների հետևանքով ավելի քան 780000 մարդ է մահացել։
Վտանգավոր մասնագիտություն
«2009թ.-ին իրենց աշխատանքի պատճառով ընդհանուր առմամբ 110 լրագրողներ են սպանվել։ Անցյալ տարին դարձավ ամենամահաբերը վերջին տասնամյակում» այս մասնագիտության համար,— ասում է Մամուլի միջազգային ինստիտուտը, որի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում (Ավստրիա)։ Ինչպես նշվում է, վերջին տարիներին Աֆղանստանի, Իրաքի, Պակիստանի և Սոմալիի նման պատերազմական երկրներում «լրագրողները թիրախ են դարձել»։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ նվազել է լրատվությունը, «անհանգստություն պատճառող վակուում է ստեղծվել և դժվար է հասկանալ.... բարդ դեպքերը», որոնք տեղի են ունենում այդ տարածքներում։ Անցյալ տասնամյակում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Իրաքն էր, որին հաջորդում են Ֆիլիպինները, Կոլումբիան, Մեքսիկան և Ռուսաստանը։
Էժան ներմուծումներ, քիչ կողոպտիչներ
«Էժան էլեկտրոնային ապրանքների ներհոսքի պատճառով Բրիտանիայի կողոպտիչները ասես «կորցրել են իրենց աշխատանքը»»,— հայտնում է Լոնդոնի «Ռեյթեր» տեղեկատվական գործակալությունը, որը մեջ է բերում Լեսթերի համալսարանի (Անգլիա) քրեաբանության դասախոս Ջեյմս Թրեդվելի խոսքերը։ Օրինակ՝ նոր DVD նվագարկիչների ցածր գները արդեն իսկ խոսում են այն մասին, որ դրանց վերավաճառքի գինը գրեթե զրո է։ Թրեդվելն ասում է. «Գողություն անելն անիմաստ է դառնում»։ Չնայած դրան՝ գների իջեցումը վերջ չդրեց հանցագործությանը։ Ընդհակառակը՝ գողերը այժմ կենտրոնացած են ավելի թանկ և ավելի շատ պահանջարկ ունեցող ապրանքների, «ինչպես օրինակ՝ բջջային հեռախոսների ու iPod-ների վրա, որոնք մարդիկ իրենց մոտ են պահում»։ Նախկին տուն կողոպտողները այսօր հանցագործության այլ ձև են ընտրել՝ կողոպտում են մարդկանց հասարակական վայրերում։