Գիրք, որին կարող եք վստահել. մաս 3
Բաբելոնը աստվածաշնչյան պատմության մեջ
Այս հոդվածը աստվածաշնչյան պատմության մեջ ներկայացվող աշխարհակալ ուժերի մասին յոթ հոդվածներից երրորդն է։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ Աստվածաշունչը արժանահավատ է, ներշնչված է Աստծուց և հույս է տալիս մեզ, որ վերջ է դրվելու մարդկային դաժան կառավարման հետևանքով գոյություն ունեցող տառապանքին։
ՆԵՐԿԱՅԻՍ Բաղդադ քաղաքից մոտ 80 կիլոմետր դեպի հարավ՝ բարեբեր հարթավայրում, փառահեղորեն բազմած էր Բաբելոն քաղաքը։ Հսկայական կրկնակի պարիսպները և քաղաքն իր արծաթափայլ օղակի մեջ առնող գետը նրան անառիկ տեսք էին հաղորդում։ Բաբելոնը հայտնի էր իր բարձրաբերձ ու հոյակերտ տաճարներով և կախովի այգիներով։ Այն հին աշխարհի մեծ ու հզոր քաղաքներից մեկն է, որը ստացել է հրաշալիքների քաղաք անվանումը։
Աստվածաշնչյան պատմության մեջ այն երրորդ աշխարհակալ տերության մայրաքաղաքն է և կոչվում է «Թագավորությունների տիրուհի» (Եսայիա 47։5)։ Իրեն նախորդող տերությունների՝ Եգիպտոսի և Ասորեստանի պես՝ Բաբելոնը նշանակալից ազդեցություն թողեց աստվածաշնչյան պատմության մեջ, ինչը հնարավորություն է տալիս մեզ համեմատելու Սուրբ Գրքի արձանագրությունները աշխարհիկ աղբյուրների հաղորդած տեղեկությունների հետ։
Արժանահավատ պատմություն
Աստվածաշնչի «Դանիել» գիրքը հայտնում է, որ Բաբելոնում մի ժամանակ իշխել է Բաղդասար անունով թագավոր (Դանիել 5։1)։ Սակայն որոշ աշխարհիկ աղբյուրներում նշվել է, որ թեև Բաղդասարը շատ հզոր էր, սակայն երբեք թագավոր չի եղել։ Արդյոք Աստվածաշունչը սխա՞լ տեղեկություն է հաղորդում։ Հնէաբանները մի շարք կավե գլանակներ են գտել Միջագետքում՝ Ուր քաղաքի ավերակներում։ Այդ գլանակներից մեկի վրա արված սեպագիր արձանագրությունը պարունակում է Բաբելոնի Նաբոնիդ թագավորի աղոթքը իր «ավագ որդի Բել-սար-ուսսուրի [հայտնի է նաև Բաղդասար անունով]» համար։ Հետագա գտածոները հաստատեցին, որ «իր հոր գահակալության տարիների կեսից ավելին [Բաղդասարն] է իշխել՝ որպես ժամանակավոր կառավարիչ,— ասվում է աստվածաշնչյան մի բառարանում,— որի ընթացքում նրա դիրքը բոլոր առումներով հավասար էր թագավորի ունեցած դիրքին» (New Bible Dictionary)։
Պատմությունը ցույց է տալիս նաև, որ հնագույն Բաբելոնը եղել է անթիվ ու բազմազան կուռքերին նվիրված տաճարներով հարուստ քաղաք, որտեղ տարածված էին գուշակության տարբեր ձևեր, այդ թվում նաև աստղագուշակությունը։ Օրինակ՝ Եզեկիել 21։21 համարում կարդում ենք, որ Բաբելոնի թագավորը դիմեց գուշակության՝ որոշելու՝ հարձակվի Երուսաղեմի վրա, թե ոչ։ Աստվածաշունչն ասում է, որ թագավորը «նայեց լյարդին»։ Իսկ ինչո՞ւ լյարդին։ Պատճառն այն է, որ բաբելոնացիները գուշակություններ անելու համար օգտագործում էին այս օրգանը։ «Աստղագուշակությունը Միջագետքում» գրքում ասվում է, որ Բաբելոնի տարածքը պեղելու ժամանակ միայն մի փոքր տեղանքում հնէաբանները գտել են «32 [կավե] լյարդեր, որոնց վրա փորագրված էին» գուշակության խոսքեր (Mesopotamian Astrology)։
Ճանաչված հնէաբան Նելսոն Գլուկն ասել է. «Ես երեսուն տարի պեղումներ եմ արել մի ձեռքումս Աստվածաշունչը, մյուսում՝ գործիքները, և երբեք չի եղել այնպես, որ պատմական փաստերի առնչությամբ Աստվածաշունչը սխալված լինի»։
Արժանահավատ մարգարեությունների գիրք
Ի՞նչ կմտածեիր, եթե մեկը քեզ ասեր, որ մի այնպիսի խոշոր քաղաք, ինչպիսին Բեյջինը, Մոսկվան կամ Վաշինգտոնն է, կդառնա անմարդաբնակ ու ամայի։ Հավանաբար խիստ կկասկածեիր։ Սակայն հնագույն Բաբելոն քաղաքի հետ հենց այդպես եղավ։ Դրանից մոտ 200 տարի առաջ՝ մ.թ.ա. 732-ին, Եհովա Աստված իր եբրայեցի մարգարե Եսայիային գրել տվեց մի մարգարեություն, որի համաձայն՝ Բաբելոն հզոր քաղաքը դադարելու էր գոյություն ունենալուց։ Մարգարեն գրեց. «Բաբելոնը՝ թագավորությունների զարդարանքը.... կդառնա այնպիսին, ինչպիսին որ Սոդոմն ու Գոմորը դարձան, երբ Աստված կործանեց դրանք։ Նա այլևս երբեք բնակեցված չի լինի և սերնդեսերունդ իր համար բնակության տեղ չի ունենա» (Եսայիա 13։19, 20)։
Ինչո՞ւ էր Աստված կանխագուշակել Բաբելոնի կործանման մասին։ Մ.թ.ա. 607-ին բաբելոնական զորքը ավերեց Երուսաղեմը և կենդանի մնացածներին գերեվարեց Բաբելոն, որտեղ նրանց հետ դաժանորեն էին վարվում (Սաղմոս 137։8, 9)։ Աստված ասել էր, որ իր ժողովուրդը այդ ծանր վիճակում կմնա 70 տարի իրենց չար գործերի պատճառով։ Դրանից հետո Աստված նրանց կազատեր, ու նրանք կվերադառնային իրենց երկիր (Երեմիա 25։11; 29։10)։
Աստծու մարգարեական խոսքերի համաձայն՝ մ.թ.ա. 539-ին, երբ հրեաների գերության 70 տարիները արդեն ավարտվում էին, անառիկ թվացող Բաբելոն քաղաքը տապալվեց Մարա-պարսկական զորքերի ձեռքով։ Ժամանակի ընթացքում, ինչպես որ մարգարեացված էր, այն դարձավ ավերակների կույտ։ Ինչ խոսք, ոչ ոք երբևէ չէր կարող նման բան կանխատեսել։ Անկասկած, ապագա իրադարձությունների մասին հայտնելը Աստվածաշնչի Հեղինակին՝ ճշմարիտ Աստված Եհովային, առանձնահատուկ է դարձնում մյուս բոլոր աստվածներից (Եսայիա 46։9, 10)։
Խոստում, որին կարելի է վստահել
Մեկ այլ մարգարեություն ակնհայտ կերպով իրականանում է մեր օրերում։ Այդ մարգարեությունը Աստված հայտնել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին երազի միջոցով։ Թագավորը տեսնում է մի հսկա արձան, որի մարմնի հինգ հատվածները՝ գլուխը, կուրծքն ու ձեռքերը, որովայնն ու ազդրերը, սրունքները, ոտնաթաթերը տարբեր մետաղներից են կազմված (Դանիել 2։31–33)։ Այս հատվածներից յուրաքանչյուրը ներկայացնում է իրար հաջորդող թագավորությունների, կամ՝ աշխարհակալ ուժերի՝ սկսած Բաբելոնից մինչև Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, որը յոթերորդն է աստվածաշնչյան պատմության մեջ (Դանիել 2։36–41)։
Դանիելը հայտնում է, որ ոտնաթաթերի և մատների հատվածում նկատելիորեն փոխվում է նյութի բաղադրությունը։ Մաքուր մետաղին փոխարինում է երկաթի ու թաց կավի խառնուրդը։ Մեկնելով երազը՝ Դանիելը Նաբուգոդոնոսորին ասում է. «Եվ այն, որ երկաթը թաց կավի հետ խառնած տեսար, ցույց է տալիս, որ նրանք խառնվելու են մարդկային սերնդի հետ, բայց չեն միաձուլվելու, ինչպես որ երկաթը կավի հետ չի խառնվում» (Դանիել 2։43)։ Երկաթի ու կավի խառնուրդից փխրուն զանգված է ստացվում, քանի որ դրանք չեն միաձուլվում։ Որքա՜ն համապատասխան է այս նկարագիրը այսօր աշխարհում տիրող պառակտված քաղաքական իրավիճակին։
Դանիելը բացահայտում է նաև իրավիճակի նշանակալից զարգացում։ Իր երազում Նաբուգոդոնոսոր թագավորը տեսավ մի քար, որ պոկվեց հսկա լեռից։ Այդ քարը «հարվածեց արձանի ոտնաթաթերին, որոնք երկաթից ու կավից էին, և ջարդուփշուր արեց դրանք» (Դանիել 2։34)։ Ի՞նչ է դա նշանակում։ Դանիելը բացատրում է. «Այն թագավորների օրերում [վերջին աշխարհակալ ուժի տիրապետության ժամանակ] երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։ Այդ մարգարեությունը մատնանշում է գալիք Թագավորությունը, որը նման չէր լինելու մարդկությանը հայտնի որևէ կառավարության։ Այդ Թագավորության Թագավորը Հիսուս Քրիստոսն է՝ Մեսիան։ Ինչպես խոսվել է այս խորագրի նախորդ հոդվածներում, Հիսուսը ոչնչացնելու է Սատանային ու նրա հետևորդներին՝ լինեն մարդ թե ոգեղեն էակ, և այդպիսով լիակատար խաղաղություն և ներդաշնակություն է հաստատելու ողջ տիեզերքում (1 Կորնթացիներ 15։25)։
[մեջբերում 13-րդ էջի վրա]
«Ես երեսուն տարի պեղումներ եմ արել.... և երբեք չի եղել այնպես, որ պատմական փաստերի առնչությամբ Աստվածաշունչը սխալված լինի» (Նելսոն Գլուկ)
[նկար 12-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Time line: Egyptian wall relief and bust of Nero: Photograph taken by courtesy of the British Museum; Persian wall relief: Musée du Louvre, Paris
[նկար 12-րդ էջի վրա]
Հնագույն Բաբելոն քաղաքը՝ նկարչի պատկերացմամբ
[նկար 13-րդ էջի վրա]
Կավե գլանակ, որի վրա գրված է Բաղդասար անունը
[նկար 13-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Photograph taken by courtesy of the British Museum
[շրջանակ 14-րդ էջի վրա]
ՄԱՐԳԱՐԵՑՎԱԾ ԷՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՈՒՆԸ
Բաբելոնի կործանման վերաբերյալ ամենացնցող մարգարեությունը այն գրավողի՝ պարսից Կյուրոս թագավորի մասին էր։ Կյուրոսի գահ բարձրանալուց գրեթե երկու դար առաջ Եհովա Աստված հայտնել էր վերջինիս անունը և կանխագուշակել էր, որ նա է գրավելու Բաբելոնը։
Կյուրոսի՝ քաղաքը գրավելու վերաբերյալ Եսայիա մարգարեն ներշնչմամբ գրեց. «Այսպես է ասում Եհովան իր օծյալին՝ Կյուրոսին, որի աջ ձեռքից նա բռնում է, որպեսզի ազգերը նրան հպատակեցնի.... նրա առաջ բացի երկփեղկ դռները, այնպես որ նույնիսկ դարպասները չփակվեն»։ Աստված նաև կանխագուշակեց, որ Եփրատ գետը կչորանա (Եսայիա 45։1–3; Երեմիա 50։38)։
Հույն պատմաբաններ Հերոդոտոսը և Քսենոփոնը հաստատում են այս ապշեցուցիչ մարգարեության կատարումը։ Նրանք հայտնում են, որ Կյուրոսը փոխեց Եփրատ գետի հունը, ինչի արդյունքում ջուրը ցամաքեց։ Կյուրոսի զինվորները այդպիսով կարողացան մոտենալ պարիսպներին և բաց թողնված դարպասներով մտան քաղաք։ Եվ ինչպես որ մարգարեացված էր, հզոր Բաբելոնը ընկավ «հանկարծակի»՝ մի գիշերվա մեջ (Երեմիա 51։8)։
[շրջանակ 14-րդ էջի վրա]
ՄԵԾ ԲԱԲԵԼՈՆ
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում նշվում է խորհրդանշական պոռնիկ կնոջ մասին, որը կոչվում է «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17։5)։ Ի՞նչ է ներկայացնում այս պոռնիկ կինը։ Փաստերը ցույց են տալիս, որ այն կրոնական կայսրություն է։
Հնագույն Բաբելոնը չափազանց կրոնական քաղաք էր, որտեղ կային ավելի քան 50 տաճարներ, որոնք նվիրված էին տարբեր աստվածությունների։ Բաբելոնացիները հավատում էին եռյակ աստվածությունների և անմահ հոգու գոյությանը, որը մարդու մահից հետո գնում էր խավար անդրաշխարհ։ «Գերեզմանից այն կողմ մարդու գոյությունը ընդամենը երկրային կյանքի խղճուկ ու մռայլ արտացոլանքն է»,— ասվում է մի հանրագիտարանում (Funk & Wagnalls New Encyclopedia)։
Ժամանակի ընթացքում այս հավատալիքները տարածվեցին ամբողջ աշխարհում։ Այսօր դրանք կամ դրանց ձևափոխված տարբերակները տեղ են գտել քրիստոնեական աշխարհի կրոններում, որոնք միասին կազմում են Մեծ Բաբելոնի համաշխարհային կայսրության մեծ մասը։
[նկար 15-րդ էջի վրա]
Բաբելոնացիները երկրպագում էին եռյակ աստվածությունների։ Այսպիսի երրորդություն էին կազմում Սին, Շամաշ և Իշտար աստվածները
[նկար 15-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Both images: Photograph taken by courtesy of the British Museum