Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/13 էջ 8–11
  • Երեք բան, որ փողով չես գնի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երեք բան, որ փողով չես գնի
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 2. ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչպես տնօրինել փողը
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Փող
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 10/13 էջ 8–11

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Երեք բան, որ փողով չես գնի

ՊԱՐԱԴՈՔՍ է. շատերը, նույնիսկ երբ կանգնած են լինում աշխատանքը, տունը կամ նպաստը կորցնելու վտանգի առաջ, շարունակում են տարված լինել տարբեր ապրանքներ գնելով։

Նման մարդիկ հեշտությամբ դառնում են գովազդատուների թիրախը, որոնք գայթակղիչ գովազդներ են անում, թե պետք է ունենալ ավելի մեծ տուն, շքեղ մեքենա կամ բրենդային հագուստ։ Եվ դրանց համար պարտադիր չէ կանխիկ վճարել։ Այս ամենը կարելի է ձեռք բերել վարկով։ Շատերն ուզում են ցույց տալ, թե հարուստ են, սակայն իրականում խրված են պարտքերի մեջ։

Վաղ թե ուշ դառը իրականությունը ջրի երես է դուրս գալիս։ Մի գրքում ասվում է. «Հարուստ երևալու համար վարկով ապրանքներ գնելը նման է տրամադրությունը բարձրացնելու նպատակով կոկաին ծխելուն։ Սկզբում թվում է, թե երկուսի համար էլ մեծ գումար չես վճարում։ Սակայն շատ չանցած՝ հասկանում ես, որ մնացել ես առանց լումայի և անելանելի վիճակում ես» (The Narcissism Epidemic)։

Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան անմիտ է «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը» (1 Հովհաննես 2։16)։ Փաստն այն է, որ ունեցվածքով տարվելը շեղում է մեզ ավելի կարևոր բաներից, որոնք փողով չենք կարող գնել։

1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգներում ապրող 17-ամյա Բրիանըa կարծում է, որ իր հայրը չափից շատ է կարևորում աշխատանքն ու փող վաստակելը։ Նա ասում է. «Մենք ունենք անհրաժեշտ բոլոր բաները, նույնիսկ ավելին, բայց վատն այն է, որ իմ հայրը երբեք տանը չի լինում, քանի որ միշտ գործուղման մեջ է։ Գիտեմ, որ դա իր աշխատանքն է, բայց չէ՞ որ նա պատասխանատվություններ ունի նաև ընտանիքում»։

Մտածիր։ Ինչի՞ համար Բրիանի հայրը հետագայում գուցե ափսոսա։ Մեծ ուշադրություն դարձնելով նյութականին՝ ինչպե՞ս է նա վտանգի տակ դնում աղջկա հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Փողից առավել նրա ընտանիքը ինչի՞ կարիք ունի։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով խոցել» (1 Տիմոթեոս 6։10)։

  • «Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին» (Առակներ 15։17)։

Ամփոփում։ Ընտանեկան միասնությունը փողով գնել չես կարող։ Քո տանը միասնություն կլինի, եթե ժամանակ անցկացնես ընտանիքիդ հետ ու բավականաչափ սեր և հոգատարություն դրսևորես նրանց հանդեպ (Կողոսացիներ 3։18–21)։

2. ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

«Մայրս միշտ ասում է, որ ես պետք է հարուստ մարդու հետ ամուսնանամ և այնպիսի մասնագիտություն ձեռք բերեմ, որ ինքս էլ լավ աշխատանք ունենամ, որպեսզի, ինչ էլ լինի, մինչև կյանքիս վերջը ապահովված լինեմ։ Նրան միայն փողն է հետաքրքրում»,— ասում է 17-ամյա Սառան։

Մտածիր։ Ի՞նչն է քեզ անհանգստացնում, երբ խորհում ես ապագայիդ մասին։ Ե՞րբ է մտածմունքդ վերածվում մտահոգության։ Ինչպե՞ս կարող է Սառայի մայրը հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են» (Մատթեոս 6։19)։

  • «Չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հակոբոս 4։14)։

Ամփոփում։ Փող կուտակելով՝ չես կարող ապագադ ապահով դարձնել։ Փողը կարող են գողանալ, այն ի զորու չէ հիվանդություն բուժելու կամ մահը կանխելու (Ժողովող 7։12)։ Աստվածաշունչն ասում է, որ իսկական ապահովություն հնարավոր է ունենալ Աստծուն ճանաչելու և նրա նպատակների մասին իմանալու շնորհիվ (Հովհաննես 17։3)։

3. ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

«Ծնողներս սովորեցրել են ինձ պարզ կյանքով ապրել,— ասում է 24-ամյա Տանյան։— Իմ ու քրոջս մանկությունը ուրախ է անցել, թեև ունեցել ենք միայն ամենաանհրաժեշտ բաները»։

Մտածիր։ Ինչո՞ւ գուցե դժվար լինի անհրաժեշտ բաներով բավարարվել։ Փողի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունես և այդ հարցում ի՞նչ օրինակ ես ընտանիքիդ անդամների համար։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։

  • «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

Ամփոփում։ Կյանքում փողից և իրերից ավելի կարևոր բաներ կան։ Աստվածաշունչն ասում է. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Իսկական բավարարվածություն կգտնես այն ժամանակ, երբ ստանաս այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.

  • ո՞րն է կյանքի իմաստը,

  • ինչպիսի՞ն է լինելու ապագան,

  • ինչպե՞ս կարող եմ բավարարել իմ հոգևոր կարիքները։

Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, ուրախությամբ կօգնեն քեզ ստանալու վերոնշյալ հարցերի պատասխանները։

a Այս հոդվածում անունները փոխված են։

Երջանկության բանալի՞

Մի գրքում ասվում է. «Նյութապաշտ մարդիկ դժբախտ են և ճնշված։ Նույնիսկ նրանք, ովքեր պարզապես ձգտում են ավելի շատ փող ունենալ, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը, առողջական շատ խնդիրներ են ունենում, օրինակ՝ կոկորդի, մեջքի և գլխի ցավեր։ Նման մարդիկ հաճախ են չարաշահում ալկոհոլը և թմրադեղեր օգտագործում։ Փողի հետևից ընկնելով՝ մարդը թշվառ է դառնում» (The Narcissism Epidemic)։

Արժեքների փոփոխություն

«Երբ 1960-ականներին և 70-ականներին ուսանողներին հարցնում էին, թե ինչու են նրանք ուզում համալսարան ընդունվել, շատերը պատասխանում էին, որ ցանկանում են կրթված մարդ դառնալ կամ էլ հասկանալ կյանքի փիլիսոփայությունը։ Քչերն էին մտածում, որ պետք է համալսարան ընդունվեն շատ փող աշխատելու համար։ Սակայն 1990-ականների սկզբներին շատ ուսանողներ ասում էին, որ բարձրագույն կրթություն ստանալու նրանց գլխավոր նպատակը հետագայում շատ փող աշխատելն է.... Արժեքների նման փոփոխության հետևանքով ուսանողների շրջանում կտրուկ աճում է դեպրեսիայով տառապողների, այլ հոգեբանական խնդիրներ ունեցողների և ինքնասպանության դեպքերի թիվը»,— գրում է դոկտոր Մադլեն Լվինը (The Price of Privilege)։

Գնումներ անելու «թերապիա»

Բժիշկ Մադլեն Լվինի խոսքերով՝ մարդկանց համար փող ծախսելը կարող է դառնալ «թերապիա»։ Դրա շնորհիվ նրանք որոշակի հանգստություն են զգում, ինչը չեն ստանում ո՛չ ընտանիքում, ո՛չ շրջապատում, ո՛չ էլ եկեղեցում։ «Գնումներ անելը մարդու կյանքի այն ոլորտն է, որը, իր կարծիքով, նա կարող է վերահսկել,— գրում է Մադլենը։— Դա գնորդին այնպիսի զգացում է տալիս, թե ինքն իշխանություն ունի։ Սակայն դա միայն թվացյալ է։ Իսկական իշխանությունը մեծ կորպորացիաների ու նրանց գովազդատուների ձեռքերում է։ Վերջիններիս հսկա գումարներ են վճարում, որպեսզի համոզեն գնորդներին, թե վաճառվող ապրանքները հրաշքներ են գործում»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը