Ճգնաժամային իրավիճակներում խելամտորեն տնօրինեք ձեր ապրուստի միջոցները՝ հետևելով այս գործնական քայլերին
ԿՐՃԱՏԵՔ ԾԱԽՍԵՐԸ
Կրճատեք ծախսերը
Որոշ ժամանակ մի՛ գնեք նոր հագուստ կամ նոր մոդելի սարք, եթե իրականում դրանց կարիքը չունեք։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինձ իսկապես անհրաժե՞շտ է մեքենա։ Կարո՞ղ եմ ինքս աճեցնել բանջարեղենը»։
Նախքան ինչ-որ բան գնելը հարցրեք ինքներդ ձեզ. «Ես իսկապես ունե՞մ դրա կարիքը։ Ի վիճակի՞ եմ գնելու այն»։
Եթե պետական կամ հումանիտար աջակցության ծրագրեր կան, մի՛ վարանեք դիմել։
«Մենք ընտանիքով նստեցինք և քննարկեցինք մեր կենսակերպը։ Որոշեցինք կրճատել զվարճությունների վրա ծախսվող գումարը։ Նաև սկսեցինք այնպիսի ճաշեր պատրաստել, որոնք ծախսատար չեն» (Գիֆթ)։
ԲՅՈՒՋԵ ԿԱԶՄԵՔ
Բյուջե կազմեք
Աստվածաշնչում ասվում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Բյուջեն կօգնի, որ ձեր եկամտից ավել ծախսեր չանեք։
Նախ նշեք, թե ամսվա ընթացքում որքան եկամուտ եք ստանալու։
Այնուհետև նշեք ձեր ամսական ծախսերը և մտածեք, թե ինչ փոփոխություններ կարող եք անել։
Հետո եկամուտը համեմատեք ծախսերի հետ և անհրաժեշտության դեպքում ստուգեք, թե արդյոք կարող եք կրճատել ծախսերը, որպեսզի չգերազանցեք բյուջեն։
«Ամեն ամիս մենք գրի ենք առնում մեր եկամուտներն ու ծախսերը։ Փորձում ենք որոշակի գումար մի կողմ դնել հետագա ամիսների, ինչպես նաև չնախատեսված ծախսերի համար։ Դրա շնորհիվ մեր սթրեսը նվազում է, քանի որ նախօրոք գիտենք, թե ինչպես ենք օգտագործելու մեր եկամուտը» (Կառլոս)։
ԽՈՒՍԱՓԵՔ ՊԱՐՏՔԵՐԻՑ / ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵՔ
Խուսափեք պարտքերից / գումար խնայեք
Ծրագրեք, թե ինչպես եք կրճատելու ձեր պարտքերը։ Հնարավորության դեպքում պարտք մի՛ արեք։ Եթե ինչ-որ բան եք ուզում գնել, գումար խնայեք։
Պլանավորված կամ չնախատեսված ծախսերի համար ամեն ամիս փոքր գումար մի կողմ դրեք։
ՋԱՆԱՍԵՐ ԵՂԵՔ / ՁԳՏԵՔ ՉԿՈՐՑՆԵԼ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Աստվածաշնչում ասվում է. «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա, բայց սոսկ շուրթերի խոսքերը կարիքի մեջ են գցում» (Առակներ 14։23)։
Ջանասեր եղեք / ձգտեք չկորցնել ձեր աշխատանքը
Դրական վերաբերմունք ունեցեք ձեր աշխատանքի հանդեպ։ Եթե նույնիսկ դա ձեր երազած աշխատանքը չէ, միևնույն է, ձեր ապրուստի միջոցն է։
Ձգտեք լինել ջանասեր և հուսալի անձնավորություն։ Դա կօգնի ձեզ չկորցնել աշխատանքը, իսկ այն կորցնելու դեպքում՝ հեշտությամբ նորը գտնել։
«Ինչ գործ էլ որ լինի, անում եմ, եթե նույնիսկ չեմ սիրում այդ աշխատանքը, կամ աշխատավարձը այնքան չէ, որքան կուզեի։ Ձգտում եմ միշտ բարեխիղճ լինել և որակյալ գործ անել, այնպես անել, ինչպես ինձ համար կանեի» (Դմիտրի)։
Եթե աշխատանք եք փնտրում
Նախաձեռնող եղեք։ Կապ հաստատեք տարբեր ընկերությունների հետ, նույնիսկ եթե նրանք աշխատանքի առաջարկ չեն տեղադրել։ Տեղեկացրեք ձեր ընկերներին ու բարեկամներին, որ աշխատանք եք փնտրում։
Հարմարվող եղեք։ Դժվար թե այնպիսի աշխատանք գտնեք, որը կբավարարի ձեր բոլոր պահանջները։