Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
ԴՈՒՔ հավատո՞ւմ եք Երրորդությանը։ Քրիստոնեական աշխարհին պատկանողների մեծամասնությունը հավատում է։ Չէ՞ որ այն դարերից ի վեր եկեղեցիների հիմնական ուսմունքն է եղել։
Այդ իսկ պատճառով, գուցե դուք մտածում եք, որ Երրորդությունն անվիճելի բան է։ Սակայն այդպես չէ. վերջերս նույնիսկ Երրորդության պաշտպաններից մի քանիսը վեճի կրակի վրա յուղ են լցրել։
Ինչո՞ւ է դա լրջմտորեն հետաքրքրվելու նյութ։ Որովհետև Հիսուսն ինքն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»։ Ուստի, մեր ամբողջ ապագան կախված է Աստծո ճշմարիտ էությունը ճանաչելուց, իսկ դա պահանջում է, որ մենք Երրորդության վերաբերյալ վեճի արմատների մեջ թափանցենք։ Ուրեմն, ինչո՞ւ դուք ինքներդ չքննեք այդ հարցը (Յովհաննէս 17։3, Արարատ)։
Գոյություն ունեն Երրորդության տարբեր գաղափարներ։ Սակայն, ընդհանուր առմամբ, Երրորդությունը այն ուսմունքն է, ըստ որի Աստվածության մեջ կա երեք անձ՝ Հայրը, Որդին և Սուրբ հոգին. բայց և այնպես նրանք միասին միայն մեկ Աստված են կազմում։ Այդ տեսության համաձայն երեքն էլ համահավասար, ամենակարող ու անստեղծ են և Աստվածության մեջ հավերժաբար են գոյություն ունեցել։
Ուրիշների կարծիքով, սակայն, Երրորդության ուսմունքը սխալ է. Ամենակարող Աստվածը միակն է որպես առանձին, հավերժ ու ամենազոր էակ։ Նրանք ասում են, որ Հիսուս Քրիստոսը մարդ դառնալուց առաջ, Աստծո կողմից ստեղծված, առանձին հոգևոր անձ էր, ինչպես հրեշտակները, ուստի նա պիտի սկիզբ ունեցած լինի։ Նրանք սովորեցնում են, որ Հիսուսը երբեք Ամենակարող Աստծուն որևէ իմաստով հավասար չի եղել, միշտ Աստծուն ստորադաս է եղել մինչև օրս։ Նրանք հավատում են նաև, որ սուրբ հոգին Աստծո գործուն ուժն է և ո՛չ թե անձ։
Իսկ Երրորդության պաշտպաններն ասում են, թե ուսմունքը հիմնվում է ոչ միայն եկեղեցական ավանդության, այլ նաև Աստվածաշնչի վրա։ Սակայն տեսությունը քննադատողներն ասում են, որ Երրորդությունը աստվածաշնչային ուսմունք չէ, և մի պատմական աղբյուր նույնիսկ հայտարարում է. «[Երրորդության գաղափարի] ծագումը լիովին հեթանոսական է» (The Paganism in Our Christianity [«Հեթանոսությունը մեր քրիստոնեության մեջ»])։
Եթե Երրորդությունը ճիշտ է, ուրեմն Հիսուսին աստիճանազրկում են, ասելով, թե նա երբեք Աստծուն հավասար չի եղել իբրև Աստվածության մի մաս։ Իսկ եթե Երրորդությունը սխալ է, ուրեմն Ամենակարող Աստծուն են աստիճանազրկում, երբ մեկին կոչում են Աստծուն հավասար և, առավել ևս, երբ Մարիամին անվանում են «Աստվածածին» կամ «Աստվածամայր»։ Եթե Երրորդությունը սխալ է, ապա անպատվություն է Աստծո մասին ասել այն, ինչ նշված է Catholicism («Կաթոլիկություն») գրքում. «Եթե [Ժողովուրդը] այս Հավատը լրիվ ու անարատ չպահի, [նա] անկասկած հավիտյան կկործանվի։ Եվ այս է Կաթոլիկական Հավատը՝ մենք պաշտում ենք մեկ Աստծուն Երրորդության մեջ»։
Ուստի, Երրորդության նկատմամբ ճշմարտությունը փնտրելու լուրջ պատճառներ կան։ Բայց նախքան Երրորդության ծագումն ու ճշմարտացի լինելու պնդումը քննելը, օգտակար կլինի այն ավելի որոշակիորեն սահմանել։ Ի՞նչ է Երրորդությունն ըստ էության։ Ինչպե՞ս են կողմնակիցներն այն բացատրում։
[նկար 2-րդ էջի վրա]
Ձախից՝ եգիպտական խմբաքանդակ, մ. թ. ա. II հազարամյակ. Ամոն–Ռա, Ռամզես II և Մուտ աստվածների եռյակ։ Աջից՝ Հիսուս Քրիստոսի, Հոր և սուրբ հոգու Երրորդության խմբաքանդակ, մ. թ. XIV դար։ Նկատվում են՝ երեք դեմք, սակայն միայն չորս ոտք։